ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

17.04.2018 21:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Մեր այսօրվա զարմանքը պետք է սկսենք ընթերցողի ներողամտությունը հայցելուց, քանզի օգտագործելու ենք հայհոյական ՍԱՔՈՒՆՑ բառը: Իսկ պատճառն այն է, որ այս կերպարանքը կեղծիք է տարածել, իբրեւ թե Արցախից Երեւան ուղղաթիռներով պատժիչ ոստիկանական ուժեր են տեղափոխում: Առաջինը այդ զազրելի ստին արձագանքել են ազատամարտիկները, ում  արձագանքից տպագիր բառապաշարով է թերեւս միայն այն, որ այդպիսի սադրանքներ իրականացնողները ավելի շուտ կգերադասեն ոստիկանության հետ առնչվել, քան` իրենց: Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանն էլ մասնավորապես նշում է. «Պարոն Սաքունց, այս լարված վիճակում նման գրառում չէր կարող իրեն թույլ տալ անգամ սկսնակ իրավապաշտպանը: Կոչ եմ անում իրավապաշտպան համայնքի ներայացուցիչներին անարձագանք չթողնել պարոն Սաքունցի կողմից ներազգային թշնամանքի փաստացի հարուցման փորձը»: Ի դեպ, այդ կերպարանքի սադրանքն այն աստիճանի զազրելի էր, որ դա դատապարտեց անգամ Ռիչարդ Գիրագոսյանի կինը` Մարինե Մանուչարյանը...

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ էլ զարմանալիորեն որոշել է  դրսից «տղա» կանչել ՀՀ իշխանությունների վրա` հայտարարելով. «Իմ քայլը» եւ «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունները` ունենալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների լայն աջակցությունը, օրեր շարունակ իրականացնում են քաղաքացիական անհնազանդության ոչ բռնի գործողություններ` ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Ժամեր առաջ ոստիկանությունը կիրառել է ուժ խաղաղ ցուցարարների նկատմամբ, որոնց մի մասը, այդ թվում` Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հոսպիտալացվել են»: Նախ` եթե որեւէ մեկը դրսից «տղա» է կանչում երկրի վրա, ապա ինչ էլ արած լինեն ոստիկանները, քիչ են արել: Իսկ երկրորդը, զարմանալի է, թե ինչպես է Փաշինյանը այդպիսի բաներ տարածում, երբ բոլորս տեսել ենք, որ անցնում է փշալարը եւ անձամբ հրահրում բախումը:

Ի դեպ, քննադատության արժանի է նաեւ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ: Կարծում ենք, որ երթեւեկությունը կազմալուծելը չկասեցնելու համար դրանից տուժած քաղաքացիները պետք է դատական կարգով հենց ոստիկանությունից փոխհատուցում պահանջեն: Էլ ավելի անընդունելի էր, որ ոստիկանները խիստ միջոցներ չգործադրեցին ռազմավարական օբյեկտի` Հանրային ռադիոյի վրա հարձակում գործածների նկատմամբ: Եվ, ի դեպ, զարմանալիորեն ռադիոյում կրկնվել է եւ Երվանդ Օտյանի նկարագրած փանջունիական դրվագը, այն է` որ հեղափոխականը, թեեւ դուռը բաց է, մուտք է գործում` անպայման դուռը կոտրելով: Եվ վերջապես, հատուկ միջոցներից 46 քաղաքացու (այդ թվում եւ ոստիկանների) տուժելը ցույց է տալիս, որ 2016-ի Սարի թաղի իրադարձություններից հետո համապատասխան պաշտոնյաները չեն բարեհաճել կազմակերպել ոստիկանների վարժանքներ` հատուկ միջոցները գրագետ կիրառելը սովորեցնելու համար...

ԶԱՐՄԱՆՔ

Եվ վերջապես, հայրենի սադրիչները բավականին մեծ աղմուկ բարձրացրին, երբ Արշակունյաց պողոտայում երեւաց զինվորական շարասյուն: Ու պահանջվեց, որպեսզի ՀՀ ՊՆ մամլո խոսնակ ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ հատուկ տեղեկացնի, որ շարասյունը պլանային միջոցառումներից վերադարձող խաղաղապահ բրիգադինն է. «Զինվորական շարասյունը պատկանում է խաղաղապահ բրիգադին, որը վերադառնում է պլանային միջոցառումներից եւ Արշակունյացով վեր է բարձրանում ձախ գծով, որից հետո թեքվում է ձախ` դեպի զորամասի մշտական տեղակայման վայր»: Զարմանալի է, մի՞թե արդեն զորքի տեղաշարժերը պետք է զեկուցվեն ցուցարարներին:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА