ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ «ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ»

11.04.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ «ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ»

Եվ այսպես, ԱԺ նախագահը պաշտոնապես հայտարարեց, որ ՀՀ վարչապետի ընտրությունը տեղի է ունենալու ԱԺ նիստում, որը Սահմանադրության զորությամբ գումարվելու է ապրիլի 17-ին: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ արձանագրեց, որ արդեն ամբողջովին խորհրդարանական համակարգում ենք:

ԼԵՎՈՆԻԶՄ-ՀՀՇ-ԻԶՄԻ ՌԵՎԱՆՇԻ ՍՏՎԵՐԸ

Ու որ վարչապետ ընտրվելու է Սերժ Սարգսյանը` դրանում ոչ մի կասկած չկա: Ըստ Շարմազանովի. «Սերժ Սարգսյանը որեւէ տեղ չի գնացել, որ վերադառնա, մենք ապրում ենք խորհրդարանական կառավարման համակարգում: Անցյալ տարի` ապրիլի 2-ի ընտրություններին, հասարակությունը ձայն էր տվել Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժին... Ուզենք, թե չուզենք, մինչեւ 2022 թ.-ը Սերժ Սարգսյանն ունենալու է վճռորոշ դերակատարում, որովհետեւ նա իշխող ուժի ղեկավարն է»: Ինչ վերաբերում է ընդդիմադիր շահարկումներին` վերարտադրության վերաբերյալ, ապա. «Եթե վերարտադրությունը օրինական է, որեւէ խնդիր չեմ տեսնում, տիկին Մերկելը 4 անգամ վերարտադրվել է եւ կարող է 14 անգամ էլ դեռ վերարտադրվի»:

 

Գործնականում արդեն ուրվագծվում է, թե ով է լինելու առաջին փոխվարչապետը, ովքեր կարող են փոխվարչապետների եւ նախարարների հնարավոր թեկնածու լինել: Այդ հարցերի վերաբերյալ արտահայտվում են ինչպես փորձագետները, այնպես էլ տարբեր խմբավորումների լոբբինգն առաջ տանող քարոզչամիջոցները: Բայց փաստը մնում է փաստ, որ խորհրդարանական կառավարման համակարգի շրջանակներում ամեն ինչ ընթանալու է բնականոն հունով: Այդ բնականոն հունը առաջացնում է ջղակծկումներ իրենց քիթը մեր երկրի ներքին գործերի մեջ  խոթող արտաքին խաղացողների եւ նրանց տեղական էմիսարների մոտ: 5-րդ շարասյուները եւ նրանց տերերը հասկանում են, որ եւս մեկ ամիս ու այլեւս ոչնչնով հնարավոր չի լինի ներազդել իշխանության կոնֆիգուրացիայի վրա: Նաեւ իրենց մաշկով կամ այլ նուրբ զգայարանով զգում են, որ օտարների կամակատարներին պատասխանատվության ենթարկելու ժամանակներն էլ հեռու չեն: Եվ ահա Նիկոլ Փաշինյանն իր կուսակցությունով աղմակարար երթեր ու ցույցեր է անում, ձեռքի հետ էլ սկոչով փակելով արագաչափերի տեսախցիկները, ՀՀԿ գործիչներին սնիկերս ուղարկելով ու պատրաստվելով ամսի 17-ին շրջափակել ԱԺ-ն, որպեսզի, իբր թե, խանգարեն պատգամավորների մուտքը եւ «տապալեն» վարչապետի ընտրությունը: 

ՀԱՍԱՆՔ ՀԱՏԱԿԻՆ, ԲԱՅՑ ՆԵՐՔԵՎԻՑ ՉԽԿՉԽԿԱՑՆՈՂ ԿԱ

Դե, իսկ ՊՊԾ գունդը գրաված զինյալների աջակիցները, ինչպես նաեւ «մերժենք Սերժին» գոռացող գրանտակերները նույնիսկ Ազատության հրապարակում տոնածառ  զետեղելու ցնդաբանության են հասել: Բայց առավել ուշագրավ է հետեւյալը` այդ զինյալների արտերկրյա համակարգող PFA Policy Forum Armenia կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է նիկոլենց` արագաչափերը սկոչով փակելու տեսանյութը ու որակելով դա «քաղաքացիական անհնազանդության լավ օրինակ»` կոչ է անում միանալ դրան:

Փաստորեն, խորհրդարանական եւ արտախորհրդարանական սադրիչները միանում են իրար` փորձելով խանգարել անխանգարելին: Վերջերս Սերժ Սարգսյանն ասել էր. «Քաղաքական գործիչը երբեք չպետք է իր առջեւ անհաղթահարելի նշաձող դնի, որովհետեւ այդպես ինքն իրեն է վնասում»: Ու թեեւ նրա խոսքը վերաբերում էր մազութային սուլթանատի առաջնորդներին, բայց միանգամայն ճիշտ է եւ մեր վայ-ընդդիմադիրների պարագայում: Ի դեպ, բավականին սթափ ՔՊ-ի գործողությունները գնահատել է «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը, ով պատասխանելով այն հարցին, թե փողոցային տարբերակի դեպքում վախենո՞ւմ է մարտի 1-ի կրկնությունից, ասել է.  «Հարցը վախենալը չէ, բայց, այո՛, պետք է դրանից միշտ զգուշավոր լինել, եւ թող չլինի մեկը, որը կասի` «ես դրանից չեմ վախենում», կամ «որեւէ մարդու կյանք ինձ համար գին չունի», դա շատ սխալ մոտեցում է: Այո՛, ես անհանգիստ եմ եւ խորը պատասխանատվություն ունեմ յուրաքանչյուր ձերբակալված, բանտարկված եւ սպանված մարդու համար… Ճանապարհներ փակել մենք տեսել ենք, սահմանադրական կարգի խախտումը որեւէ մեկը չի չեղարկել, որ դա հնարավոր է, եւ այդ պարագայում շատ ավելի խնդիրներ են առաջանալու»:

ԻՆՉՈՒ ԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԹԱՎՇԱԿՐՈՆ ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԸ

Այսինքն` կան եւ անպատասխանատու գործելակերպից խուսափող ընդդիմադիրներ, որոնց հենց Նիկոլի տերմինով կարելի է կոչել «ինստիտուցիոնալ ընդդիմություն»: Իսկ ծայրահեղականների գործողությունները բավականին դիպուկ բանաձեւել է մեր գործընկեր, քաղաքական մեկնաբան Կարեն Վարդանյանը. «Երբ ծռերի էջը գովազդում է ՔՊ-ի ակցիան ու կոչ է անում միանալ, դա կոչվում է ինստիտուցիոնալ ահաբեկչություն»: Սակայն  այդ ծայրահեղականությունն էլ փրփուրի պես անհետանալու է ու բավականին շուտով:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА