o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՈՒՂԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ` ՆԵՐԱՌԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ

10.04.2018 21:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՈՒՂԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ`  ՆԵՐԱՌԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ

2018թ. ապրիլի 4-ին տեղի ունեցավ խորհրդակցություն Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մոտ, որտեղ քննարկվեց «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» նախագծի (այսուհետ` Ռազմավարություն) լրամշակված տարբերակը: Ռազմավարության լայն քննարկումը դեռ առջեւում է, բայց այսօր արդեն, ըստ իս, շատ կարեւոր է իմաստավորել կայացած քննարկման ընթացքում բարձրաձայնված առանձին սկզբունքային հարցերը եւ դրույթները: Այստեղ, առաջին հերթին, կուզենայի ուշադրություն հրավիրել Հայաստանի զարգացման հեռանկարային նպատակներին հասնելու ուղիների վերաբերյալ Սերժ Սարգսյանի որակապես նոր մոտեցման վրա: «Մասնավորապես, ցանկանում եմ ընդգծել կայուն եւ բարձր ներառական տնտեսական աճի ապահովումը, որը զգալի պետք է լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, ինչպես նաեւ մեր համազգային նպատակներին հասնելու համար»,- ասաց նախագահ Ս.Սարգսյանը: Այն, որ պետության ղեկավարը համազգային նպատակներին հասնելը կապում է ներառական տնտեսական աճի հետ, դրանց իրականացման հանդեպ վստահություն է ներշնչում: Ուստի, մի փոքր ավելի հանգամանալիորեն կանգ առնենք այն հարցի վրա, թե ինչ պետք է հասկանալ ներառական տնտեսական զարգացում ասելով:

«Առաքելական եկեղեցին վարկաբեկողները, ազգային արժեքները ծաղրողները կամա թե ակամա հող են ստեղծում ադրբեջանական նմանատիպ հարվածների համար». Արմեն Աշոտյան

 

Այսպես, Համաշխարհային տնտեսական ֆորումի (այսուհետ` WEF) հաշվետվությունում, որը տեղի է ունեցել ս.թ. հունվարի 23-25-ին Դավոսում, փորձագետները հետևյալ հարցն են բարձրացրել. որքանո՞վ է օբյեկտիվ «տնտեսության առողջությունը» որոշել լոկ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի ցուցանիշով, որն իրականում թաքցնում է առկա սուր խնդիրները, այդ թվում և անհավասարությունը: WEF հաշվետվությունում ոչ երկիմաստորեն ասվում է, որ ՀՆԱ-ն տնտեսական ձեռքբերումների բավարար ցուցանիշ չէ: «Սոցիալական հավասարության հանդեպ պարզ տնտեսական աճը որպես գնահատման միջոց գերադասելու տասնամյակները հանգեցրին եկամուտների մեջ անհավասարության պատմականորեն ամենաբարձր մակարդակների»,- ասվում է WEF հաշվետվությունում:

Այս առնչությամբ առաջարկվեցին մի շարք նոր ցուցիչներ, որոնք առավել օբյեկտիվ են բնութագրում տնտեսական դրությունը, ներառյալ այսպես կոչված զարգացման ներառական ինդեքսը (Inclusive development index, IDI): WEF այս մոտեցումը, իմ կարծիքով, օբյեկտիվորեն պահանջված է նաև մեզ համար, այսինքն` անհրաժեշտ է վերանայել տնտեսական զարգացման գնահատման մոտեցումները, քանի որ ՀՆԱ-ի` որպես հիմնական տնտեսական ցուցանիշի օգտագործումն արտացոլում է լոկ ապրանքների և ծառայությունների ընթացիկ արտադրությունը, այլ ոչ թե այն աստիճանը, որում տնտեսությունը նպաստում է ավելի լայն սոցիալ-տնտեսական առաջընթացին: Այս հարցերն են եղել իմ նախորդ հրապարակումների քննարկման առարկան: Այսպես, «Արտաշես Գեղամյան. Իմաստնության որոնումը հակադրությունների հարթման միջոցով և հավասարակշռությունը Հայաստանի բարգավաճման չափանիշներն են» և «Արտաշես Գեղամյան. Հասունացել է պարտքային պարտավորությունների հաշվառմամբ տնտեսական վերլուծություն կատարելու անհրաժեշտությունը» հոդվածներում, որոնք հրապարակվել են «Արմենպրես» պետական լրատվական գործակալության կողմից, արդեն գրել եմ այն մասին, որ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպիսին են իրական այն գործոնները, որոնցով որոշվում է Հայաստանի Հանրապետության բնակչության բարեկեցության իրական աճը: Այս հարցերը մեր երկրի համար հատուկ սրություն են ձեռք բերում թեկուզև այն պատճառով, որ սոցիալ-տնտեսական զարգացման բարձր ցուցանիշների պայմաններում (նկատի ունեմ ՀՆԱ աճը) ՀՀ-ն 2017թ., ինչպես նաև 2018թ. հունվար-փետրվարին (ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017թ. հունվար-դեկտեմբերին, 2016թ. նույն ժամանակամիջոցի համեմատ, կազմել է 107,2%, իսկ 2018թ. հունվար-փետրվարին, 2017թ. նույն ժամանակամիջոցի համեմատ, համապատասխանաբար` 108,6%), այնուամենայնիվ, Հայաստանի բնակչության այնքան էլ փոքր մասը չէ, որ էական դրական փոփոխություններ չի զգում իր ամենօրյա կյանքում: Եվ սա` այն դեպքում, երբ նկատվել է զգալի աճ արդյունաբերությունում, առևտրում և սպասարկումների ոլորտում: Կրկնում եմ, ՀՀ-ում ՀՆԱ-ի աճի պատկառելի ցուցանիշների պարագայում դեռևս պահպանվում է աղքատության բարձր մակարդակը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ` ՀՀ ԱՎԾ) տվյալներով` 2016թ., 2015թ. համեմատ, աղքատության մակարդակը Հայաստանում կրճատվել է լոկ 0,4%-ով և կազմել է 29,4%: Այստեղ կարելի է հիշել մեկ այլ բանի մասին ևս: «Հռոմի ակումբի» «Come On! Կապիտալիզմը, կարճատեսությունը, բնակչությունը և մոլորակի կործանումը» Հոբելյանական զեկույցի (ներկայացված 2017թ. նոյեմբերին) հեղինակները նույնպես կասկածի տակ են առել երկրների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակը բնութագրող ՀՆԱ-ի` որպես գլխավոր մակրոտնտեսական ցուցանիշի, ունիվերսալությունը: Իսկ հայտնի քոնսալթինգային Award Group ընկերությունը, որը խորհրդատվական ծառայություններ է մատուցում բազմաթիվ բիզնես-հարցերի վերաբերյալ, ինչպիսին են` ներդրումավորումը, բիզնես բացելը և նրա ռազմավարական զարգացումը, մենեջմենթը և ֆինանսական կառավարումը, տեղեկատվական տեխնոլոգիաները, միանգամայն օրինաչափորեն խորհուրդ է տալիս ՀՆԱ աճի ցուցանիշները շաղկապել սույն պետության տնտեսությունում արտաքին փոխառությունների հետ: Հետո արդեն, միայն այդ վերլուծության հիման վրա գալիս է այն եզրահանգման, որ բոլորի կողմից ընդունված մեթոդաբանությամբ հաշվարկված ՀՆԱ-ն չի արտացոլում տնտեսության իսկական իրավիճակը, ընդ որում` անպատասխան է թողնում այն հարցը, թե այդ աճի որ մասն է հնարավոր դարձել շնորհիվ նոր փոխառությունների: Եվ կարծում եմ, որ սա նույնպես միանգամայն արդարացված մոտեցում է: Եվ ահա, կրկին դիմելով WEF-ին, որի ընթացքում ներկայացվեց աշխարհի երկրների տնտեսական զարգացման գնահատման այլընտրանքային համակարգը` մի շարք այնպիսի ցուցանիշների հիման վրա, որոնք հայտնի են, կրկնում եմ, որպես ներառական զարգացման ինդեքս (Inclusive Development Index, IDI), նշենք, որ IDI-ն հաշվի է առնում ոչ միայն ՀՆԱ ցուցանիշը, այլև 11 բնութագրիչներ նույնպես, որոնք, այս մոտեցման հեղինակների կարծիքով, առավել լիովին են արտացոլում այս կամ այն երկրի իրական տնտեսական վիճակը: IDI այդ 12 ցուցանիշները (բնութագրիչները) բաժանվում են երեք խմբի:

«Իրատես». Փաշինյանի եւ «Իմ քայլի» որոշ պատգամավորների միջեւ ընդգծված անջրպետ կա. ի՞նքն է ասել՝ «չգաք նիտերին»

Բնութագրիչների առաջին խումբը միավորված է «Աճ և զարգացում» խորագրի ներքո և ներառում է չորս ցուցանիշ, որոնք են. 1. բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն (ԱՄՆ դոլարը 2010թ. արժեքով), 2. աշխատանքի արտադրողականությունը` մեկ աշխատողին բաժին ընկնող ՀՆԱ-ն (ԱՄՆ դոլարով), 3. առողջ կյանքի ակնկալվող միջին տևողությունը (տարի), 4. աշխատունակ տարիքի բնակչության զբաղվածությունը (նշվում է տոկոսներով):

Բնութագրիչների երկրորդ խմբում, որը վերնագրված է «Ներառականություն», նշվում են` 1. հասարակությունում եկամուտների շերտավորման (բաշխվածության) գործակիցը (0-լիակատար հավասարություն, 100-լիակատար անհավասարություն), 2. աղքատության մակարդակը, 3. հասարակության շերտատման գործակիցն ըստ հարստության բաշխման (0-լիակատար հավասարություն, 100-լիակատար անհավասարություն), 4. միջին եկամուտ (գնողունակության վրա հիմնված ցուցանիշը, սա եկամուտի այն մակարդակն է, որը բնակչության ամբողջությունը բաժանում է երկու հավասար մասի. բնակչության կեսն ունի մեկ շնչին ընկնող միջինից ցածր, մյուս կեսը` միջինից բարձր եկամուտ):

Բնութագրիչների երրորդ` վերջին խմբում, որի ընդհանուր խորագիրն է «Սերունդների հաջորդականությունը և զարգացման կայունությունը», ներկայացված են. 1. բնակչության ճշգրտված զուտ խնայողությունները (հաշվարկվում են բնական հարստությունների պաշարներ` գումարած կրթության ծախսեր` հանած ռեսուրսների սպառում, էներգիայի պաշարների սպառում, վնասներ արտանետումներից սխեմայով, նշվում են համախառն ներքին արդյունքի տոկոսներով), 2. ՀՆԱ ջերմոցային էֆեկտը (CO2-ի արտանետումների ցուցանիշը ներքին համախառն արդյունքի յուրաքանչյուր մեկ դոլարի դիմաց, որն արտադրում է երկրի տնտեսությունը), 3. պետական պարտքի չափը (ՀՆԱ տոկոսով), 4. ժողովրդագրական ծանրաբեռնվածությունը (1-15 և 64-ից բարձր տարիքի խնամառու քաղաքացիների հարաբերակցությունը աշխատունակ բնակչության ընդհանուր թվաքանակի հետ):

37 ԹՎԱԿԱՆԻ ՈՃՈՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Վերոնշյալ 12 ցուցանիշներից սկզբում կազմվում են 3 խմբային բնութագրիչներ, և դրանց գումարումից հետո արդեն ստացվում է ամփոփ ցուցանիշը` որպես միջին թվաբանական: Միանգամայն գիտակցված այսքան մանրամասն կանգ առա ներառական զարգացման ինդեքսի ցուցանիշների վրա, քանի որ, եթե վերլուծենք Հայաստանի տնտեսական դրությունը դրանց համատեքստում, ապա պետք է նշենք, որ ներառական զարգացման ինդեքսին համապատասխան` առանձին տնտեսական ցուցանիշներ, որոնք այսօր ՀՀ գործադիր իշխանության մարմինների կողմից բնորոշվում են որպես տնտեսական աճի գործոններ, փոքր-ինչ այլ, ավելի շուտ` բացասական, քան թե դրական նշանակություն են ստանում: Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված է ներառական տնտեսական զարգացման անցնելու անհրաժեշտությունը, ինչը դրված էր Ռազմավարություն-2030-ի քննարկման ժամանակ Սերժ Ազատի Սարգսյանի ելույթում առաջադրված խնդիրների կիզակետում: «Մենք պայմանավորվեցինք, որ մինչև 2030 թվականը ջանքեր ենք գործադրելու մարդկային կապիտալի զարգացման համար, այսինքն` զգալիորեն պետք է ավելացնենք կրթությանն ու առողջապահությանը հատկացվող գումարները: Մենք մեզ վրա պարտավորություն ենք վերցրել, և ծրագրում (նկատի է առնվում Ռազմավարությունը-Ա.Գ.) պետք է ներառված լինի մինչև 2030 թվականը մի քանի հարյուր հազար աշխատատեղերի ստեղծում, որոնք կապահովեն բարձր աշխատավարձ: Ծրագրում հատկապես պետք է ներառված լինի երիտասարդների շրջանում գործազրկությունը` եթե չասեմ զրոյի հասցնելու, համենայնդեպս, զգալիորեն կրճատելու հարցը... Մենք պիտի հասնենք աղքատության էական նվազման»,- իր ելույթում ասաց Ս. Սարգսյանը:

Փոքր-ինչ հանգամանալիորեն կանգ առնենք IDI-ի որոշ գործոնների վրա: Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը խոստացել էր 2017թ. մինչև 850 մլն դոլարի ներդրումներ ներգրավել: Նշենք, որ հաշվարկի ինչ-որ մեթոդիկաներ «ներդրումներ» սյունակում, ի թիվս այլ կետերի, ներառում են նաև նպատակային օտարերկրյա վարկերը, որոնց մի մասը տրամադրվում է հիմնական կապիտալի ներդրումներին, ինչպես նաև կապիտալ ներդրումները (նոր ճանապարհներ, ոռոգման համակարգեր և այլն), վարկային ծրագրեր բիզնեսի համար (այսինքն` բանկերի ակտիվների համալրմանն ուղղվող): Իր հերթին` պետությունը դրամական միջոցներ է ներդնում մարդկային կապիտալի զարգացման մեջ: Եվ դա հասկանալի է: Սրա հետ մեկտեղ, պետք է նշել, որ, ցավոք, դեռևս չի մշակվել հիմնական կապիտալում և ենթակառուցվածքային նախագծերի իրագործման մեջ ներդրումների արդյունավետության որոշման համակարգը: Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, 2007-2017թթ. որոշ տվյալներ ներկայացնենք` հրապարակված ԱՊՀ Միջպետական վիճակագրական կոմիտեի կողմից:

Ներկայացնենք նաև Հայաստանի Հանրապետության պետական պարտքի (ներքին և արտաքին) ցուցանիշների դինամիկան` հրապարակված ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2014, 2015, 2016, 2017թթ. հունվար-դեկտեմբերին» տեղեկատուներում:

Ինչու ԵԱՏՄ գագաթաժողովին զուգահեռ արտոնվեց հակառուսական ակցիա Բաղրամյան 26-ի դիմաց

Աղյուսակ 1-ից հետևում է, որ ՀՆԱ-ն 2017թ. հունվար-դեկտեմբերին, 2016թ. նույն ժամանակամիջոցի համեմատ, ավելացել է 500,2 մլրդ դրամով: Միևնույն ժամանակ, Աղյուսակ 2-ից երևում է, որ դրա հետ մեկտեղ, ՀՀ պետական պարտքը այդ նույն ժամանակամիջոցում ավելացել է 407 մլրդ 510 մլն դրամով: Այնուհետև, եթե 2016թ. ՀՆԱ-ի հանդեպ պետական պարտքի հարաբերակցությունը կազմել է 56,53%, ապա 2017թ.` համապատասխանաբար 58,77%: Նշենք նաև, որ Աղյուսակ 1-ի համաձայն` ներդրումները հիմնական կապիտալում 2016 և 2017թթ. ամենացածրն են եղել վերջին 10 տարիների ընթացքում: Այսպիսով, եթե գնահատելու լինենք գործադիր իշխանության գործունեությունը` հաշվի առնելով թեկուզև IDI-ում պարունակվող այս ցուցանիշները, ապա 2017թ. ՀՆԱ աճի և հիմնական կապիտալում ներդրումների ցուցանիշները, մեղմ ասած, ոչ թե հիացմունք, այլ խոր հուսալքություն են առաջացնում: Կարելի էր շարունակել վերլուծել IDI որոշ այլ ցուցանիշներ ևս Հայաստանի տնտեսության օրինակով, որպեսզի ամենայն համոզչությամբ պնդենք հենց ներառական տնտեսական զարգացման հիման վրա համազգային նպատակներին հասնելու անայլընտրանքայնության մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրած խնդրի հրատապությունը:

Ամփոփելով` կցանկանայի շնորհակալություն հայտնել Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին Հայաստանի ներքաղաքական իրադրության ապաքինման մեջ ունեցած զգալի ավանդի համար, մեր երկրի կշռադատված և խորապես հավասարակշռված արտաքին քաղաքականության, Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության շոշափելի աճի, Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու և էլի շատ բաների համար, ինչին նա հասել է անցած 10 տարիներին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում: Եվ որ գլխավորն է` ցանկանալ Սերժ Ազատովիչին Հայաստանի հետագա ուղղակի ղեկավարում` երաշխավորված ձևով հասնելու համար իր իսկ առաջադրած համազգային նպատակներին` ներառական տնտեսական զարգացման հիման վրա:

P.S. Ոգևորվելով` հոդվածս գրելիս քիչ էր մնում աններելի սխալ գործեի, այն է` նրա, ըստ իս, հրատապություննուղղակիորեն չկապեցի այսօրվա գլխավոր թեմայի` Մայրության և գեղեցկության օրվա հետ: Ուստի, օգտվելով ընձեռված հնարավորությունից` ամբողջ սրտով շնորհավորում եմ թանկագին կանանց այս լուսավոր տոնի առիթով: Միևնույն ժամանակ, լիակատար պատրաստակամություն եմ հայտնում իմ բոլոր գիտելիքները, եռանդն ու փորձը ներդնելու Հայաստանի պաշտպանության և բարգավաճման գործին` սրբորեն հիշելով անանց ճշմարտությունը, որի մասին Տոնի առիթով արդարացիորեն նշել է ՀՀ նախագահ Ս.Ա. Սարգսյանը 2018թ. ապրիլի 7-ի իր շնորհավորական ուղերձում. «Դեռևս Ավարայրից սկսած` հայորդիները մարտի են գնացել պաշտպանելու մեր մեծագույն արժեքները` ընտանիքը, Հայրենիքը, հավատը: Հարյուրամյակներ շարունակ մեր մարտակոչերում հնչել է նույն բանաձևը` պաշտպանել մայրերին, քույրերին, հարսներին, նշանակում է պաշտպանել Հայրենիք և հավատ»:

​​​​​​​«Պիտի ո՛չ ասենք ազատ խոսքի պարտակիրների նկատմամբ նույնիսկ ամենափոքր ճնշումների փորձերին անգամ»

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ,

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

Հայաստանի Հանրապետական կուսակցությունից,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ,

Ուղղափառության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար,

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

www.amiab.am 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА