ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այնքան էլ աննախադեպ չէ Նիկոլի արածը». Րաֆֆի Հովհաննիսյան

10.04.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Այնքան էլ աննախադեպ չէ Նիկոլի արածը». Րաֆֆի Հովհաննիսյան

Կայացավ ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդման արարողությունը, որին մասնակցեցին ոչ միայն պետական, իշխանական շրջանակները, այլ նաեւ ամենաընդդիմադիր քաղաքական ուժերից մի քանիսը, այդ թվում` «Ժառանգություն» կուսակցության նախագահ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Պարզվում է` նորընտիր նախագահը Ր. Հովհաննիսյանի համերկրացին է, ուստի` իշխանության դեմ պայքարի իրեն բնորոշ կոչերի փոխարեն, ընդդիմադիր գործիչը մեզ հետ զրույցում նախ անդրադարձավ շնորհավորանքներին:

Արտահերթ ԱԺ ընտրությունների հարցում Փաշինյանի հույսն էլի ՀՀԿ-ական ձայներն են

«ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՎԱՏԸ ՉՊԻՏԻ ՄԱՂԹԵՆՔ»

- Հինգ տարի առաջ` ապրիլի 9-ին, ունեցանք զույգ երդմնակալություն` մեկն այստեղ` պաշտոնական, մյուսը` Ազատության հրապարակում: Եվ հրապարակի երդմնակալությունն առ այն էր, որ մենք մերժում ենք սուտը եւ կեղծիքը ու պայքարելու ենք ազատ, արդար եւ ժողովրդին պատկանող հայրենիքի համար: Դրանից հետո ամենատարբեր հեքիաթներ հյուսվեցին, բազմաթիվ քննադատություններ ու տեսակետներ հնչեցին, բայց հինգ տարի անց մենք ունենք  դե ֆակտո նոր ընտրակարգ, եւ այսօրվա երդմնակալությունը քիչ, թե շատ հեռու է ոչ լեգիտիմությունից: Եվ ուրեմն` շնորհավորում եմ Արմեն Սարգսյանին, ում պապերը նաեւ սերում են իմ պապի` Հովակիմի գյուղից, որը գտնվում է Կարնո գավառում: Հույս ունենք, որ պարոն Սարգսյանը կկարողանա, թեկուզ սահմանափակ լիազորություններով, բայց իր փափուկ խոսքով, դիվագիտական, պետական գործով նաեւ փոփոխության առաջարկ անել մեր երկրին: Սա եմ մաղթել նրան` արդեն որպես նախագահ Սարգսյանին: Ի դեպ, հիշեցնեմ, որ Ա. Սարգսյանն ինձ հետ էր, երբ մենք բարձրացրինք մեր պետական դրոշը Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում` 1992 թվականի մարտի 2-ին, եւ ահա մի քանի տասնամյակ հետո նա դարձավ ՀՀ 4-րդ նախագահ:

– Փաստորեն, ընդունո՞ւմ եք, որ Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ է, մինչդեռ որոշ ընդդիմադիրներ առ այսօր փորձում են կասկածի տակ առնել իր քաղաքացիության հարցը:

– Կարծում եմ` Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ է, իհարկե, եթե ես լինեի նրա փոխարեն, իմ բոլոր փաստաթղթերը վերից վար կստուգեին: Ինչպես գիտեք, ես պայքարեցի իմ քաղաքացիության համար: Բայց տվյալ դեպքում` կար ընթացակարգ, եւ այն անցավ իր քննադատությամբ, իր կասկածներով եւ ընդդիմությունը` հատկապես «Ելք» դաշինքը, տրամաբանական հարցեր բարձրացրին, եւ հիմա ունենք այն, ինչ ունենք: Սա, իհարկե, համաժողովրդական ընտրություն չէր, բայց նոր ընտրակարգով տեղի ունեցավ խորհրդարանի կողմից ընտրություն, եւ այն լրիվ տարբեր էր նախորդ ընտրություններից: Հիմա բարի գալուստ ենք ասում Արմեն Սարգսյանին, որը նոր սկիզբ է, հետեւաբար իրեն վատը չպիտի մաղթենք: Պիտի հույս տածենք, որ նա կկարողանա իր առաջարկներով, իր փորձով կամաց-կամաց բերել ազատ, արդար, անկախ, ստեղծագործ Հայաստանի նոր սկիզբը, որի համար մեր ժողովուրդը պայքարեց ոչ միայն 5 տարի առաջ, այլ վերջին 25 տարիների ընթացքում:

«ՆԻԿՈԼԻ ԱՐԱԾԸ ՎԱՂՈՒՑ ԱՐՎԵԼ Է ՈՒՐԻՇՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ»

Փաշինյանի անցումային արդարադատության հետեւում երեւում են Սորոսի «ականջները»

– Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն իր «Քաղաքացիական պայմանագրով» այս օրերին անցել է փողոցային պայքարի, ավելին` նրան է միացել նաեւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Հնարավո՞ր է, որ Դուք էլ միանաք նրանց:

– Փառք Պարույր Հայրկյանին, որը շատ մեծ ավանդ ունի մեր անկախության կերտման մեջ: Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», մենք եղել ենք ժողովրդական պայքարի ակունքներում ու ողջունում ենք Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» նախաձեռնությունը: Անկախ նրանից, մենք քայլում ենք նրանց հետ, թե` ոչ, կարող եք վստահ լինել, որ «Ժառանգությունը» կլինի ժողովրդի հետ միասին` իր իրավունքներին հետամուտ:

– Բայց, փաստորեն, չե՞ք միանալու...

– Միանալու հարց չկա, քաղաքից քաղաք, գյուղից գյուղ անցնելը մեր տարերքն է եղել, եւ այնքան էլ աննախադեպ չէ Նիկոլի արածը: Չնայած` ստեղծագործական մոտեցում է, գործ է, որը գնահատելի է, բայց այդ գործն արված է ուրիշների կողմից, հիմա իրենք են անում եւ ճիշտ են անում, լավ են անում, եւ պետք է ամեն մեկը մյուսին միանա: Մենք զորակացում ենք ե՛ւ Նիկոլ Փաշինյանի ու իր կուսակցության, ե՛ւ «Հանուն Հայաստան պետության» կազմակերպության, ե՛ւ Զարուհի Փոստանջյանի հրավիրած հավաքին եւ ներկա կլինենք բոլոր տեղերում:

– Անձամբ Դուք մասնակցելո՞ւ եք հավաքներին:

– Որ աստված ինձ ֆիզիկական կյանք տա, այո, ներկա կլինեմ:

ՕՐՕ ԴԱՇԻՆՔ ԷԼ ՉԿԱ

– Ժամանակին Դուք էլ փողոց դուրս եկաք, միացաք մի քանի ուժի, բայց Ձեզ մեղադրեցին կես ճանապարհին մնալու մեջ: Ի վերջո, ո՞րն էր Ձեր սխալը:

– Սխալն այն էր, որ չկարողացանք բանաձեւը գտնել եւ ի մի բերել ընդդիմադիր ամենատարբեր հոսանքներին, մտավորականներին, երիտասարդական շարժումներին եւ այլն: Բայց կարող ենք ասել, որ 5 տարի առաջվա մեր գործունեության շարունակությունը եղավ «Էլեկտրիկ Երեւանը», եւ դրա շարունակությունն այսօր էլ կա: Արմեն Սարգսյանը, որը կոչ է անում հանրային, ազգային երկխոսության, նա, իմ կարծիքով, պետք է իր կոչն ուղղի ոչ միայն կուսակցություններին, այլ նաեւ այն քաղաքացիներին, որոնք այսօր քայլարշավի մեջ են, հրապարակի վրա են, որոնք զրկված են եղել թե՛ իրավունքից, թե՛ քվեից:

– Իսկ ՕՐՕ դաշինքն այսօր որեւէ օրակարգ կամ ծրագիր ունի՞:

– ՕՐՕ-ն նախընտրական դաշինք էր, եւ այսօր իր մտադրությունները վերջացել են:

«Քոչարյանի հետ համագործակցության հարցը ՀՀԿ-ում չեն քննարկել». Էդուարդ Շարմազանով

– Այսինքն` այսօր ՕՐՕ դաշինքում միավորված ուժերի առաջնորդների միջեւ կապ չկա՞:

– Ոչ-ոչ, չկա:

– Ինչպե՞ս եք տեսնում միայնակ «ժառանգության» ապագան:

– «Ժառանգությունը» պետք է շարունակի իր աշխատանքը թե՛ փողոցում, թե՛ հրապարակներում: Երբ մենք սկսեցինք տարիներ առաջ մեր գործունեությունը, ոչ ոք մեզ չէր ճանաչում: Եվ եթե դուք նկատել եք, հիմա այդ անունները, որ հոլովվում են այս ընդդիմադիր պայքարի մեջ, չեն ընդգրկում «Ժառանգություն» անունը, որովհետեւ մեր կուսակցությունն իր անունը պետք չունի հոլովելու: Լինի «Հանուն Հայաստան պետության», «Նոր Հայաստան», թե մեկ այլ ուժ, «Ժառանգությունն» ամեն տեղ է, որտեղ ժողովուրդն է:

– Գուցե վստահությո՞ւնն է կորել «Ժառանգության» նկատմամբ, քանի որ խոստացավ ու ստվերային կառավարություն չձեւավորեց, ու հենց դրա համար էլ «Ժառանգության» անդամները կուսակցության անունով չեն մասնակցում հանրահավաքների:

– Ինչպես ցանկանաք, այդպես էլ գնահատեք, որովհետեւ վստահությունն  ու անվստահությունը մի օրվա մեջ փոխվում է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА