ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

04.04.2018 21:15 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Մինչ Նիկոլ Փաշինյանը եւ արտախորհրդարանական ընդդիմադիրները մեծ հույսեր են կապում (կամ իրենց ձեւ են տալիս) փողոցային պայքարի հետ, ինչքան էլ զարմանալի լինի, կան նաեւ միանգամայն սթափ մտածող ընդդիմադիր գործիչներ: Ահավասիկ, ինչպես նկատեց այդ առիթով Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ. «Խորհրդարանական ընտրություններին ո՞ր կուսակցությունն էր իշխանության համար պայքարում` ոչ մի, բացի Հանրապետական կուսակցությունից: Իրականում իշխանության համար ոչ մեկը չէր պայքարում: Մյուսները պայքարում էին խորհրդարանում տեղ ունենալու համար: Հիմա էլ` նեգատիվ օրակարգով սա դատապարտված գործընթաց է, պոզիտիվ օրակարգ չկա` «Սերժ Սարգսյանը պետք է չլինի, սա պետք է չլինի»: Դա նեգատիվ է: Նման օրակարգով դուք երբեք զանգված չեք կարողանա հավաքել»:

ԶԱՐՄԱՆՔ

Բայց ասողին լսող է պետք, եւ լսողին բավարար է մին ասել, չլսողին հազարումին ասելն էլ անիմաստ է: Այսպես, բոլորի կողմից մոռացված երբեմնի քյառթու ՀՀՇ-ական «Հանուն Հայաստան պետության» ճակատի ակտիվիստ եւ նախկին պատգամավոր ԱԼԲԵՐՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ հայտարարեց. «Գաղտնիք չէ, որ առաջիկայում սպասվում է պայքարի նոր ալիք, մենք կողմ ենք, որ ժողովուրդը համախմբվի: Թե ինչ ճանապարհով եւ որտեղ, կարեւոր չէ, կարեւոր է, որ հույս արթնանա, եւ համախմբվեն: Եթե միավորվեն ակտիվ քաղաքական գործիչները, հայտ ներկայացնողները, մարդկանց մեջ հույս կառաջանա: Ի վերջո, նրանք միավորվելու են մի գաղափարի շուրջ, որի պատճառով էլ համաձայնության կգան»: Զարմանալի է, մի՞թե այդ գործիչը չի կռահում, որ ինչքան էլ իրար գումարես զրո ամբողջները, դրանից ոչ մի էական բան չի ստացվի: Ինչպես կասեր դասականը` խմիր ծովը, Քսանթոս:

Շատերը վստահ են, որ նույն Նիկոլ Փաշինյանից ու մյուսներից հանրությունը փողոցային գործողություններից հետո կհիասթափվի, այս անգամ` վերջնական: Սակայն ինչքան էլ զարմանալի լինի, նրանց բոլորի համար մխիթարական կարծիք ունի քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ. «Չէ, հիասթափություն չի լինելու, որովհետեւ ժողովուրդն այս ամենին լուրջ չի վերաբերվում: Իսկ հիասթափություն լինում է միայն այն ժամանակ, երբ մի բան ակնկալում ես ու չես ստանում: Եթե ակնկալիք չկա, էլ ի՞նչ հիասթափության մասին կարող է խոսք լինել: Շրջեք Երեւանում` արդյոք իշխանափոխության մթնոլորտ կա՞: Ո՛չ մթնոլորտ կա, ո՛չ էլ նման ակնկալիք` հաստատ չկա»: Դե ինչ, տրամաբանական է` եթե սպասելիք չկա, հիասթափություն էլ չի լինի: Պարզապես ժողովուրդը կունենա եւս մեկ թամաշա:

ԶԱՐՄԱՆՔ

Ընթերցողներից շատերն անշուշտ սիրում են ֆուտբոլ, եւ նրանց հայտնի է անգլիական «Լիվերպուլի» եւ Եգիպտոսի հավաքականի ֆուտբոլիստ ՄՈՒՀԱՄԵԴ ՍԱԼԱՀԻՆ: Ինչքան էլ զարմանալի լինի, սակայն նա կամա, թե ակամա առնչություն ունեցավ քաղաքականության հետ: Այսպես, Եգիպտոսի նախագահական ընտրություններում 25 միլիոն քվեարկողներից 1,5 միլիոնը քվեաթերթիկում ավելացրել էին Սալահիի անունը եւ «քվեարկել» նրա օգտին` դրանով իսկ այդքան քվեաթերթիկները դարձնելով անվավեր: Բայց այդ 1,5 միլիոն քվեի մասին հանկարծ ձեր ընդդիմադիր ծանոթներին ոչինչ չասեք, քանզի այդ ֆուտբոլիստի քվեների 10 տոկոսն անգամ նրանց համար անհասանելի երազանք է:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА