ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՁԵՌՆԱՇԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՄԻՏԱՑԻԱ

04.04.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՁԵՌՆԱՇԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՄԻՏԱՑԻԱ

Ինչպես եւ սպասվում էր, արդեն վերջնական հաստատվեց, որ «Ելք» դաշինքի համար ելք չկա: Պառակտումն այնքան ակներեւ է, որ դաշինքի կուսակցապետերն իրար հետ արդեն հաղորդակցվում են` իրար հակադարձելով ծավալուն հոդվածներով եւ մամուլի ասուլիսներով: Այսինքն` այդ ընդդիմադիր դաշինքի ներսում գործնականում սպառվել են հարցերը ներքին քննարկումներով եւ կոնսենսունսի տարբերակներ որոնելով լուծելու բոլոր հնարավորությունները:

ԺԻԼԵՏԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ

 

«ԱՎԵՏԱՐԱՆ» ԸՍՏ ԷԴՄՈՆԻ

Մինչ Նիկոլ Փաշինյանը իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունով շրջում է քաղաքից քաղաք եւ գյուղից գյուղ` իր թամաշան մտադիր ունենալով պսակել ապրիլի 13-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելով, Էդմոն Մարուքյանը` որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, որոշում է  իր անհամաձայնությունն այդ գործելակերպին հայտնել ծավալուն վերլուծական հոդվածով, որն ավելի շուտ նման է ոչ թե հոդվածի, այլ` բրոշուրի:

Եվ այսպես, ՀՀ վաստակավոր «լուսավորիչը» մասնավորապես ավետում է. «Մենք բազմիցս առիթ ենք ունեցել ասելու, որ չենք հավատում մեր գործընկերների կողմից շրջանառության մեջ դրված այն թեզին, որ ժողովուրդը կարող է թույլ չտալ Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ: Սա չի նշանակում, որ մենք չենք ցանկանում, որ ժողովուրդը թույլ չտա, ԻՀԱՐԿԵ ՈՉ: Պարզապես մենք ելնում ենք այն իրողությունից, որ ժողովուրդն ուղիղ մեկ տարի առաջ թույլ է տվել Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ: Սերժ Սարգսյանին, ըստ էության, միայն մեկ բան կարող է հետ պահել վարչապետ լինելուց. վարչապետ դառնալու ցանկության բացակայությունը: Մնացած բոլոր կոնֆիգուրացիաներով այս փուլում խաղն ի սկզբանե պարտված է` թե՛ իրավական առումով, թե՛ ռեսուրսների պայքարում, թե՛ քաղաքագիտորեն: Այս փուլում պարտված խաղի պայմաններում ձեռք ենք բերելու հուսահատության եզրին հասցված քաղաքացիների, որոնց չափազանց դժվար է լինելու բացատրել, թե ինչու հերթական անգամ չստացվեց խոստացված հեղափոխությունը»:

ՔԱՆԻ՞ ՏԻՐՈՋ ԾԱՌԱ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Այդ եզրակացությանը Էդմոն Մարուքյանը գալիս է` մանրամասն քչփորելով «Ելք» դաշինքի ամբողջ ճանապարհը եւ բոլոր տեսակի ընտրությունները` անցյալ տարվա ե՛ւ ԱԺ, ե՛ւ ՏԻՄ ընտրությունների բոլոր տեսակի արդյունքները: Խոշոր հաշվով, ճիշտ եզրակացություն է, որ փողոցային պայքարը ապարդյուն բան է եւ պետք է գործել. «Առանց փողոցներում մարդկանց մոտ սին ակնկալիքներ ձեւավորելու, իսկ հետո նրանց բացատրելու, թե ինչու չստացվեց այն, ինչին ինքներս էլ չէինք հավատում»:

Իսկ որպես ելք, Մարուքյանը տեսնում է այն, որ. «Մասնավորապես, իշխանությունը պետք է զիջի Ազգային ժողովի 2 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները, Սահմանադրական դատարանի ապագա անդամ նշանակելու քաղաքական իրավունքը, Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներից 2-ին նշանակելու քաղաքական իրավունքը, Մարդու իրավունքների պաշտպանին նշանակելու քաղաքական իրավունքը, Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը»:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 7 անդամներից 2-ին եւ ՀՌԱՀ 7 անդամներից 2-ին նշանակելու քաղաքական իրավունքը, Հաշվեքննիչ պալատի 7 անդամներից 3-ին նշանակելու իրավունքը, Կենտրոնական բանկի խորհրդում 8 անդամներից 2-ին նշանակելու հնարավորությունը, հնարավորություն տալ ընդդիմադիր ուժերի եւ քաղաքացիական հասարակության հանրային լայն վստահություն ունեցող ինստիտուտների առաջարկությամբ նշանակել ՏՄՊՊՀ 7 անդամներից 3-ին եւ ՀԾԿՀ 5 անդամներից 2-ին, ինչպես նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամներից առնվազն 3-ին` բնականաբար մրցութային եւ հարցազրույցի փուլերն անցնելու պարագայում»:

ԹԱՎՇԱԿՐՈՆՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՐԳ

Այսինքն` Էդմոն Մարուքյանը գործնականում ամեն ինչ պայմանավորում է իշխող մեծամասնության բարի կամքով: Ստացվում է, որ բացի գործունեության իմիտացիայից, «Լուսավոր Հայաստանը» այլ բան չի առաջարկում:

 

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՐԿԵՍԸ

Իսկ փողոցային պայքարի տրամադրված Նիկոլ Փաշինյանն էլ Վանաձորում ճամբար է խփել: Ոչ թե քաղաքական ճամբար, այլ ճամբար` բառիս բուն իմաստով, ճիշտ այնպես, ինչպես նրա «ճանապարհային քարտեզը» իրականում դարձավ ՀՀ ճանապարհների քարտեզ: Եվ այդ կրկեսակերպ գործողությունները, որը դժվար է համարել քաղաքական պայքար, քանզի դա նմանվում է ավելի շուտ քաղաքական ձեռնաշարժության, ամպագոռգոռ որակում են այսպես. «Մեր այս քայլը քայլ է ընդդեմ Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետի, ՀՀԿ-ի եւ քայլ է հանուն ՀՀ քաղաքացու հաղթանակի: Այս ակցիայով խնդիր ունենք որոշակի վստահություն, հավատ ներշնչենք ՀՀ քաղաքացիների ուժերի նկատմամբ, որ նրանք կարող են դուրս գալ հրապարակ եւ թույլ չտալ Սերժ Սարգսյանին գալ իշխանության»:

Բայց միաժամանակ Նիկոլ Փաշինյանը արդեն ասուլիսային տարբերակով հակադարձում է Էդմոն Մարուքյանի` իշխանությունից կամավորության սկզբունքով լծակներ ստանալու ախորժակներին. «Այս պահին մենք ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ունենք ներկայացուցիչ` ի դեմս Էդմոն Մարուքյանի, եւ ի հեճուկս սրա` Հանրապետական կուսակցությանը հաջողվում է այնպիսի օրենսդրական փոփոխություններ սղղացնել, որ չենք էլ հասցնում հետեւել: Պարոն Մարուքյանն իր հոդվածում հիշել էր նաեւ ՍԴ-ի մասին օրենքը, Դատական օրենսգիրքը, եւ այդ փաստերի արձանագրումը պետք է ակնհայտ դարձնի, որ Հայաստանն ընթանում է այլ ճանապարհով եւ չի կարող իշխանությունը որեւէ քայլ անել, եթե կա հասարակական ճնշում: Եթե մենք իշխանություններից զիջումներ կորզելու տրամաբանության մեջ ենք աշխատում, ուրեմն դրա համար եւս պետք է հասարակական ճնշում, եթե մենք սա ասում ենք առանց հասարակական ճնշումների, ապա սա նշանակում է իշխանության հետ կուլիսներում պայմանավորվածության տրամաբանության մասին, ինչը չի կարող «Ելք» դաշինքի համար ընդունելի լինել: Ես` որպես «Ելք» խմբակցության ղեկավար, կոչ եմ անում իմ գործընկերներին` զերծ մնալ նման հայտարարություններից»: Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ  թույլ չի տա ստեղծել տպավորություն, թե «Ելք» դաշինքը իշխանությունների հետ պայմանավորվածության մեջ է: Բայց, օրինակ, Էդմոն Մարուքյանը, որպես փաստարկ, նաեւ պրիմիտիվ շանտաժ է ներկայացնում իշխանություններին. «Ես համոզված եմ, որ եթե իշխանությունը շարունակի անտեսել բերված փաստարկները, մերժել քաղաքական պայքարի քաղաքակիրթ մշակույթը, չլսել թե՛ իմ եւ թե՛ ինձ պես մտածող այլ քաղաքացիների ձայները, երկրի ներսում ավելի հաճախ են լսվելու կրակոցների ձայները, որոնք տասնամյակներով հետ են շպրտելու Հայաստանը` խորացնելով ժողովրդի հուսալքությունը եւ խարխլելով պետության հիմքերը»:

ՈՒՐ ԵՆ ՄԵԶ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Արդյունքում ի՞նչ է ստացվում` ստացվում է, որ «Ելքի» կուսակցությունները ելք չեն տեսնում: Սակայն Էդմոն Մարուքյանի ու Նիկոլ Փաշինյանի մոտեցումները լրիվ տարբեր են: Եթե Մարուքյանը փորձում է համոզել իշխանություններին, որպեսզի «չլինեն կրակոցների ձայներ», ապա Փաշինյանի պարագայում տարատեսակ փողոցային շարժումները հաջողության շանս կարող են ունենալ միայն մի դեպքում` եթե հայտնվեն «կրակողներ», որոնք կստեղծեն ֆորսմաժոր: Բայց թերեւս պատահական էլ չէ, որ նույն Նիկոլ Փաշինյանը հատուկ եւ բազմիցս շեշտում է, որ դեմ է բռնությանը ու անգամ բռնությանը բռնությամբ պատասխանելուն: Ինչեւէ, ՀՀԿ-ի մոտ ամեն ինչ ընթանալու է ըստ ծրագրի, եւ Սերժ Սարգսյանի` վարչապետ ընտրվելուց եւ կառավարություն ձեւավորելուց հետո հիմնականում ավարտվելու է սահմանադրական անցումը: Պարզապես ընդդիմության վիճակը ընդդիմության իսկ մեղքով ծանրանալու է, քանզի «Ելքի» պառակտումը թերեւս արդեն անդառնալի է: Եվ եթե Էդմոն Մարուքյանը փորձում է գոնե խուսափել հեղափոխության իմիտացիայի պատճառով վարկանիշային կորուստներ ունենալուց, ապա Նիկոլ Փաշինյանն ավելի ու ավելի է նմանվում խաղատանը խոշոր գումարներ տանուլ տվածի, ով հուսահատորեն եւ տենդագին փորձում է դրանք հետ բերել` շարունակելով նույն  անհույս խաղը:

 ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА