ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

30.03.2018 19:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Սկսենք թեեւ զարմանալի, բայց միաժամանակ առավել քան պոզիտիվ լուրից: Պաշտպանության փոխնախարար, ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ ԴԱՎԻԹ ՓԱԽՉԱՆՅԱՆԸ հայտարարեց. «ՀՀ կողմից սպառազինության գնումների մեկ քառորդը կազմելու է ներքին արտադրանքի գնումները»: Ընդ որում, նա նշեց, որ սա նաեւ հաշվի առնելով ռուսական կողմից տրամադրվող վարկով սպառազինության գնումները: Հիմա թերեւս հասկանալի է, թե  ինչու  տարատեսակ վարձու թափթփուկներ կրկին փորձում են ասպարեզ բերել «հայաստանցի-ղարաբաղցի» թեման եւ բարձրաձայնել, թե իբր մեր զինծառայողների Արցախում ծառայելը ապօրինի է: Դե ինչ, երեւի ժամանակն է, որ այդ դավաճանական տարրերով սկսեն հետաքրքրվել ազգային անվտանգության մարմինները...

ԶԱՐՄԱՆՔ

Նիկոլ Փաշինյանի երբեմնի գաղափարները այժմ այլք են վերցնում եւ փորձում օգտագործել: Եվ ո՞վ լինի, որ Նիկոլից «գաղափարագողություն» կատարի: Չզարմանաք, դա Ծառուկյան խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ է. «Փողոցից իշխանության գալու լեգիտիմ ճանապարհ չկա: Մենք գնում ենք անդունդի եզրով: ԲՀԿ-ն իր լիդերի գլխավորությամբ գնում է ինստիտուցիոնալ ընդդիմության ճանապարհով»: Իսկ հիշո՞ւմ եք ժամանակին ինչպես էր իրեն պատռում Նիկոլ Փաշինյանը, որ իր գլխավորած կուսակցությունը պետք է գնա ինստիտուցիոնալ ընդդիմության ձեւավորման ճանապարհով: Բայց քանի որ այժմ Նիկոլը որոշել է վերադառնալ փողոցային պայքարի, նրա` այժմ լքված երբեմնի գաղափարին անմիջապես տեր կանգնող գտնվեց:

Բայց պարզվում է Նիկոլ Փաշինյանին հարվածներ են գալիս նաեւ բավականին անսպասելի կողմից: Այսպես, նկատի ունենալով Փաշինյանի այն «գլուխգործոցը», թե ապրիլի 9-17-ին իշխանությունը հրապարակում գցած է լինելու, կմնա միայն այն վերցնել, ՀՅԴ ԳՄ նորընտիր ներկայացուցիչ ԱՐՍԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ հայտարարեց. «Իլյիչի ժամանակները վաղուց անցել են, 100 տարի առաջ արած նրա կոչը, թե իշխանությունը փողոցում գցված է, պետք է գնալ ու վերցնել, մեզ մոտ չի կարող աշխատել: Մարդիկ իրենց Լենինի տեղը թող չդնեն»: Իսկ այն դիտարկմանը, որ Լենինին հաջողվել էր հեղափոխություն անել, նա այսպես արձագանքեց. «Հաջողվեց, որովհետեւ Լենինը օտարերկրյա գործակալ էր, հատուկ ծրագրով ժամանել էր Ռուսաստան` հենց այդ միսիան իրականացնելու համար: Կարծում եմ, նման վիճակ Հայաստանում չկա»: Այ, այ, այ, ընկեր Արսեն, բայց չէ՞ որ Դաշնակցությունը կոչվում է Հայ հեղափոխական... Բայց կարծում ենք, որ Ա. Համբարձումյանը զարմանալիորեն սխալվում է` ենթադրելով, որ Հայաստանում հատուկ ծրագրով օտարերկրյա գործակալներ չկան: Երեւի թե, նա մոռացել է շպիոն Օնիկի մասին հայտնի անեկդոտը:

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, թեեւ «Քաղաքացիական  պայմանագիր» կուսակցության հետ բանակցություներ չեն վարվում, սակայն «Ժառանգության» առաջնորդ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ զարմանալիորեն կիսում է Նիկոլ Փաշինյանի պատրանքները. «Ամենայն հավանականությամբ, դինամիկ զարգացումների ականատես կլինենք, ապրիլի 9-ից, իսկ այս պահին որեւէ առանձնահատուկ իրավիճակ չկա»: Զարմանալի է, այդ ի՞նչ «դինամիկ զարգացումներ» են երեւացել պարոն Մարտիրոսյանի աչքին, առավել եւս, որ ինքն էլ չգիտի, թե ուր է առաջնորդում կուսակցությունը. «Քաղհասարակության հետ պայքարի դուրս գալը, մենք չենք մերժում, վերջերս մասնակցել ենք «Մերժի՛ր Սերժին» երթին, հետագայում եւս ակտիվ մասնակցություն կունենանք, բայց քաղաքական առանձին միավորի հետ` մենք ճիշտ չենք գտնում»:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА