ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

28.03.2018 21:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ինչ եք կարծում, ո՞վ է մեր դարաշրջանի մեծագույն առաջնորդը: Դե, իհարկե, փողոցային պայքարով եւ հեղափոխականությամբ խանդավառված ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ: Չզարմանաք, նրա համեմատ գլուխը պատով են տվել Լենինը, Մուսոլինին եւ Հիտլերը միաժամանակ: Ահա ինչ հանճարեղագույն միտք է նա հնչեցրել. «Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո իշխանությունը, կոպիտ ասած, հրապարակում գցած է լինելու: Ժողովրդին մնում է գնալ ու վերցնել այն»: Հիմա համոզվեցի՞ք, որ նա մեծն առաջնորդ է: Որովհետեւ միայն մեծն առաջնորդը կարող է հաշվի չառնել այն զարմանալի իրողությունը, որ փողոցում շատ ավելի հեշտ է գտնել մեկ միլիոն դոլարով լցված ճամպրուկ, քան` իշխանություն: Այնպես որ, եթե Նիկոլը չլիներ, ապա նրան հաստատ արժեր մոգոնել, չէ՞ որ մեր կյանքն այդքան ուրախ է դարձնում: Թեեւ Լեւոն Ակոպիչը եւ ՀԱԿ-ը վաղուց ոչ բվվում են-ոչ գվվում, սակայն զարմանալիորեն իր հանճարեղագույն կարծիքը փողոցային պայքարի մասին որոշեց հայտնել ՀԱԿ փոխնախագահ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. «Հրապարակ դուրս գալը միշտ էլ մեզ համար եղել է լավագույն միջոցը: Անգամ եթե մենք տանն ենք, հրապարակը չենք թողել: Այն ուժերը, որոնք հրապարակում պայքարում են, միշտ առողջ են: Այլ բան, որ եթե ժողովրդի քանակը քչանում է, նշանակում է հասարակությունը խնդիր ունի` կա՛մ չի հավատում, կա՛մ հիվանդ է»: Չգիտենք, ինչ է ծխել նախկին քաղաքական գործիչը, բայց թերեւս հանրությունը կողմնորոշվելու խնդիր ունի` անհավա՞տ է, թե` հիվանդ: Պարզ է, որ քաղաքականության մեջ մշտապես ձախողումներ ապրած գործիչները մի հատկություն ունեն` նրանց համար հիվանդ է ցանկացած ողջամիտ մարդ, քանզի հենց այդ ողջամտությունը թույլ չի տալիս օգտագործվել եւ անհաջողակներին բարձունքներ հասցնել: Իսկ որ մեր ժողովուրդը ողջամիտ է եւ ողջամտորեն չի սիրում թույլիկներին եւ անհաջողակներին, դա անհերքելի փաստ է: Լրատվական դաշտում բավականին մեծ աղմուկ եւ շահարկումներ եղան այն փաստի առնչությամբ, որ Գյումրիի ռուսական ռազմաբազա գալու է ռուսական ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Մինչդեռ պարզվում է, որ դա հայկական կողմի նախաձեռնությունն էր: Ըստ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի. «Ռազմաբազայի զորամասերում կարգապահությունն ամրապնդելու համար մեր դիմումների ու բարձրացրած հարցերից հետո քննարկվում է ռազմական ոստիկանության ուժերի տեղակայման մասին հարցը, բայց թե ինչ անել, ինչպես անել, որ ինչ կազմով լինի, քննարկումների փուլում է: Մեզ մոտ էլ կոնկրետ իրավական փաստաթղթերի հիմնավորում պետք է անցնի, նոր տեղի ունենա, առայժմ այդ ամենն ավարտված չէ: Մենք ասել ենք` էնտեղ որոշակի խնդիր կա, պետք է լուծել, հիմա իրենք էդ հարցը ինչպես են լուծում, ինչ են անում, իրավական քննարկումներ են տեղի ունենում»: Հիմա մի՞թե վատ է, որ ռազմաբազայում կարգապահության մակարդակը կբարձրացվի...

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, մեր հայրենակիցներից շատերը վերջին մակնիշի թանկ iPhone-ը գնելու համար վարկեր են վերցնում, տնտեսում են սննդի եւ հագուստի վրա, միայն թե այդ հեռախոսով գլուխ գովան: Սակայն զարմանալիորեն պարզվում է, որ մերոնք դեռ էժան են պրծել: Օրինակ` ՈՒԶԲԵԿՍՏԱՆՈՒՄ տեղացիներից մեկի ձեռքից iPhone-ը պատահմամբ ընկնում է փոսը, որը պարզվում է լցված էր թունավոր գազերով: Նա կանչում է հարեւանին, ինքն իջնում ցած, փոսում գիտակցությունը կորցնում է, եւ նրա հետեւից փոսն իջած հարեւանն ու հայրը նույնպես թունավորվում են: Արդյունքում երեքն էլ մահանում են, եւ զարմանալիորեն ստացվում է, որ այնտեղ մեկ թանկ հեռախոսի համար երեք հոգի կյանքով են հատուցել:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА