o C     23. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԿԻՍԱԹԵԺ» ԳԱՐՈՒՆ. ԻՆՏՐԻԳՆԵՐԻՆ ՀԱՎԵԼՎԵՑԻՆ ՍԱԴՐԱՆՔՆԵ՞ՐԸ

28.03.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԿԻՍԱԹԵԺ» ԳԱՐՈՒՆ. ԻՆՏՐԻԳՆԵՐԻՆ ՀԱՎԵԼՎԵՑԻՆ ՍԱԴՐԱՆՔՆԵ՞ՐԸ

Ինչքան մոտենում է Նիկոլ Փաշինյանի շեշտած ժամանակահատվածը` ապրիլի 9-17-ը, երբ ավարտվելու են Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները, սակայն վարչապետական լծակները դեռ ստանձնված չեն լինի, այնքան ավելի ստվերային եւ հրապարակային ակտիվություն է երեւում: Ու բացի լոբբիստական խմբերից, որ ձգտում են ապահովել այս կամ այն անձի նախարարական պորտֆելը ապագա կառավարությունում, ակտիվանում  են նաեւ տարատեսակ խառնակիչներ, մի մասը` տեղական, մի մասն էլ` ակնհայտ 5-րդ շարասյուներ:

Իրանը պատասխան հարված կհասցնի. Սուրեն Սարգսյան

 

ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ՀԱՍԱՆ ՆԱԵՎ ՀՅԴ

ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի պարագայում թեեւ, կարծես թե, նախարարական եւ մարզպետական տեղերի քվոտան առանձնապես վիճահարույց չէ, սակայն դաշնակցական միջավայրում չի կարող քննարկման առարկա չլինել, թե ովքեր են ստանձնելու նախարարական պորտֆելները: Այստեղ ուշագրավ է, որ ՀՅԴ Գերագույն մարմին օրերս ընտրվել են նոր մարդիկ, եւ ամենահետաքրքիրն այն է, որ դաշնակցական պաշտոնյաները ԳՄ-ում չեն: Այսինքն` չպետք է բացառել, որ նախարարական կազմը ՀՅԴ-ի քվոտայի մասով կփոխվի: Հնարավոր է, որ կուսակցությունը, հաշվի առնելով, որ չորս տարի հետո ԱԺ ընտրություններ են, թարմացնի իր նախարարական կազմը, քանզի ներկայիս նախարարների շուրջ հանրային ընկալումներում բավականին մեծ նեգատիվ է կուտակվել: Ենթադրելի է, որ ՀՅԴ-ի ներսում բավականին թեժ ինտրիգներ լինեն, այսպես ասած, հների եւ նորերի միջեւ: Բնականաբար, հները կձգտեն դիրքերը չզիջել: Բայց այդ պայքարում չպետք է բացառել, որ նաեւ լրատվական դաշտում կհայտնվեն «կոմպրոմատների պատերազմի» տարրեր: Իսկ ընդհանուր առմամբ, ոչ միայն ՀՅԴ-ի, այլեւ բուն ՀՀԿ-ի նախարարական կազմի շուրջ նույնպես լրատվական դաշտում պետք է սպասել արտահոսքերի, ակնարկների, բացառված չէ նաեւ կոմպրոմատների: Ու թեեւ մամուլում լուրերի պակաս չկա, թե ով որ պորտֆելը կզբաղեցնի, սակայն դրանց մի մասն է միայն ինչ-որ չափով արտացոլում իրականությունը, իսկ մի մասը արտահայտում է կոնկրետ այս կամ այն խմբի լոբբինգը` իրենց կոնկրետ ներկայացուցչին նախարարական պաշտոնում տեսնելու համար:

 

ՍԱԴՐԱՆՔ ԱՐՑԱԽԻ ՈՒՂՂՈՒԹՅԱ՞ՄԲ

«Ելք»-ը գործնականում պառակտման հասցրած Նիկոլ Փաշինյանի փողոցային պայքարի ծրագրերի մասին շատ է խոսվել: Փորձում  են ակտիվանալ նաեւ արտախորհրդարանական ընդդիմադիրները` ի դեմս սէֆիլյանականների եւ Զարուհի Փոստանջյանի կադրերի: Բայց պետք է խոստովանել, որ ընդդիմության` ոչ ԱԺ-ում ներկայացված, ոչ էլ չներկայացված հատվածները անգամ եթե ինչ-որ հրաշքով միավորվեն, չեն կարող ապահովել փողոցային պայքարի մասշտաբներ: Այդ պատճառով է, թերեւս, որ պայքարի զգալի մասը տեղափոխված է լրատվական դաշտ եւ համացանց, ուր Սերժ Սարգսյանի ապագա վարչապետության շուրջ կատարյալ հիսթերիա է սարքված: Բայց ինչ ֆանտաստիկ հայհոյախառը բովանդակություն էլ շրջանառվի վիրտուալ տարածքում, դա սահմանադրական անցման վրա չի ազդի, եթե չլինի որոշ շրջանակների երազած «ֆորսմաժորը»: Որոշ վատահամբավ ռեսուրսներ արդեն զգուշորեն դաշտ են մտցնում «հրացանով մարդկանց» մասին խոսակցությունները, բայց ամենակարեւորը` ցնցում հնարավոր է սպասել` միայն եթե ինչ-որ բան տեղի ունենա Արցախում կամ Արցախի ուղղությամբ: Ինչեւէ, որոշ մեջբերումներ անենք ընդդիմադիր նախկին պատգամավոր, քաղաքագետ Թեւան Պողոսյանի խոսքից: Քաղաքագետը մասնավորապես շեշտում է Բակո Սահակյանի ԱՄՆ կատարած այցի բացառիկ հաջողվածությունը: Միաժամանակ Թեւան Պողոսյանը նշում է, որ շփման գծում առկա է լարվածության ավելացման սպառնալիքը` ելնելով Ադրբեջանի նախագահական ընտրություններից: Նրա խոսքով, Ադրբեջանն այդ շրջանում կարող է չափազանց անկանխատեսելի վարքագիծ դրսեւորել, եւ այդ պատճառով հայկական կողմը պետք է զգոն լինի: «Մենք չպետք է թույլ տանք, որ մեզ ներքաշեն սադրանքի մեջ, չպետք է տրվենք սադրանքին, քանի որ կիրակի Սուրբ Զատիկն է, եւ մենք գիտենք, որ Ադրբեջանը փորձելու է սադրանքի գնալ հենց այդ տոնական օրերին»,- պարզաբանել է Պողոսյանը:

Ինչեւէ, չպետք է բացառել եւ, որ Ալիեւին ռազմական սադրանքի կդրդեն որոշ գերտերությունների մայրաքաղաքներից` նպատակ ունենալով նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա ազդել: Չէ՞ որ հենց Արցախն է մեր հանրության ամենազգայուն կետը, եւ եթե ներսում ապակայունացնող ռեալ ոչինչ հրահրել չեն կարողանում, որպես հրահրիչ կարող է օգտագործվել եւ հարեւան մազութային քվազիպետությունը: Ի դեպ, հետաքրքրական է Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպը` ոմն Ասյա Խաչատրյանի հետ: Կապույտ մազերով այդ կերպարանքը, ով ինքն իրեն հպարտորեն հռչակում է հայրենիք չունեցող կոսմոպոլիտ, ինչ-ինչ առնչություն է ունեցել Ստեփանակերտի ոստիկանության հետ, եւ ադրբեջանանպաստ դիրքորոշում ունեցող հայաստանյան տխրահռչակ մի կայքով ներկայացրել է գունազարդ ճոխ մի պատկեր, թե ինչպես են Արցախի ոստիկանները կոպտորեն ոտնահարել իր` փողոցում անպարկեշտ տեսքով շրջելու անօտարելի իրավունքը: Ձեռքի հետ էլ նա  հայտարարել է իբրեւ թե Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը փորձում է կոծկել տեղի ունեցածը, մինչդեռ օմբուդսմենի գրասենյակը պատշաճ կերպով ուսումնասիրում է դեպքը: Այստեղ ուշագրավ է այն, որ Բակո Սահակյանի հաջողված այցի ֆոնի վրա նույն օմբուդսմենը բավականին հաջող աշխատանք է կազմակերպել ԵՄ կառույցների հետ, այսինքն` այստեղ կարծես թե նշմարվում է այդ աշխատանքին խանգարելու միտումը: Գումարած դրան, շատ ճոխացրած ձեւով մեջտեղ է բերում հայաստանցի-ղարաբաղցի հարցը. «Երբ Ասյան բացատրություն է պահանջում, նրան ասում են, որ Ղարաբաղում կինը չպետք է փողոցում ծխի կամ մազերը կապույտ ներկի, իսկ օրենք` թող գնա եւ Հայաստանում պահանջի: Ստեփանակերտի իր բնակարան են այցելում քաղաքացիական հագուստով անձինք եւ, չներկայացնելով որեւէ փաստաթուղթ եւ անտեսելով դիմադրությունը, ներխուժում եւ խուզարկում են սենյակները»:

ԱՌՆԵՏԻ ՏԱՐՈՒՄ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ ԿԽՈՒՍԱՓԻ՞ ԱՌՆԵՏԱՎԱԶՔԻՑ

Իսկ եթե հաշվի առնենք, թե ինչպիսի ջանասիրությամբ այդ թեման այժմ շիկացնում են որոշակի կայքերում ու նաեւ սոցիալական ցանցերում, ապա դրանից սադրանքի հոտ է գալիս: Եվ եթե ճիշտ են Թեւան Պողոսյանի ենթադրությունները` ռազմական խոշոր սադրանք սարքելու ռիսկերի վերաբերյալ, ապա այդպիսի սադրիչ պատմությունները նման գործողությունների համար լավ քարոզչական ֆոն են: Ու չպետք է զարմանանք, եթե առաջիկա երկու-երեք շաբաթում այդ տեսակի եւս բազմաթիվ պատմությունների ականատեսը լինենք:

Ինչեւէ, ժողովրդական խոսքով ասած, շառից-փորձանքից հեռու...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА