o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ  ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԿԱՏՎՈՒՄ Է ՈՐՈՇԱԿԻ  ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ»

11.03.2016 14:01 ԶԱՐԿԵՐԱԿ
«ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ   ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԿԱՏՎՈՒՄ Է ՈՐՈՇԱԿԻ   ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ»

 

Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումից հետո տարբեր երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը սկսեցին քայլեր ձեռնարկել` Իրանի հետ հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ՝ աչքի տակ ունենալով Թեհրանի եւ Մոսկվայի միջեւ միջանցք դառնալու հեռանկարը: Բաքուն այս հարցում հասցրել է որոշ առաջընթաց ունենալ, եւ Հայաստանի առաջ այն հարցն է, թե ինչ պետք է անել` տարածաշրջանում հավասարակշռությունը պահպանելու համար: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ նշեց.

- Առանց չարչարանքի, ոչինչ չի լինելու. մինչեւ Հայաստանը չկատարի որոշ քայլեր, չի կարող հավասարակշռված դիրք պահպանել: Բացի այդ, Հայաստանն ի՞նչ կարող է առաջարկել Իրանին: Մենք այս պահին ունենք միայն աշխարհագրական դիրք, սակայն դրան զուգահեռ պետք է ակտիվ աշխատի մեր դիվանագիտությունը: Ցանկալի կլինի, որ հայկական կողմը համաժողով կազմակերպի եւ քննարկի, թե մեր հարաբերություններն ինչպես պետք է կարգավորվեն Իրանի հետ, մանավանդ այն դեպքում, երբ այժմ Ադրբեջանը եւս ձգտում է սերտ հարաբերություններ հաստատել այդ երկրի հետ: Եվ եթե Ադրբեջանի հարաբերությունները Իրանի հետ սերտանան, մեզ համար դա հաստատ լավ չի լինի: Իրանից տասնյակ ուսանողներ ու ասպիրանտներ նախկինում սովորում էին Հայաստանում, այսօր ո՞ւր են նրանք, ինչո՞ւ լքեցին մեր երկիրը: ԿԳ նախարարությունը երբեւէ ուսումնասիրություններ կատարե՞լ է՝ պարզելու, թե ինչո՞ւ նրանք այժմ չեն սովորում Հայաստանում: Հայաստանը մեկուսանում է` մատը մատին չտալու, տնտեսությունը, գիտությունը կարգի չբերելու համար: Եթե այս ուղղություններով  կարողանանք աշխատել, ապա Հայաստանը կկարողանա հավասարակշռել իր դիրքերը:

Իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ փաստեց.

- Առաջին հերթին` պետք է հասկանանք, թե տեղեկատվական հոսքերի որ հատվածն է քարոզչական բնույթ կրում, եւ որ հատվածն է համապատասխանում իրականությանը: Իրականությանը համապատասխանող հատվածում մենք պետք է առանձնացնենք կոնկրետ իրագործվող ծրագրերը, խոսակցության մակարդակի վրա գտնվող ծրագրերից: Հետեւաբար, եթե ասենք, որ Իրանն ու Ադրբեջանը միավորում են իրենց երկաթուղիները, կլինի նաեւ քարոզչական հնարք, որին  չպետք է տուրք տանք: Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, ապա վերջինս պետք է կատարի այն քայլերը, որոնց համար այժմ կան մեծ հնարավորություններ: Իրանցիները շահագրգիռ են Հայաստանի հետ իրականացնել բազմակողմանի համագործակցություն բոլոր ոլորտներում: Այս համատեքստում չպետք է հետադարձ հայացք գցենք, թե մեր «հարեւանը» ինչ է անում: Մենք պետք է ձեռնարկենք սեփական քայլերը: Այլեւս ժամանակն է` տուրք չտալու ադրբեջանական հետահայացին, Հայաստանն ունի սեփական զարգացման տեսլականն ու երազանքը, եւ մենք պետք է գնանք այս տեսլականի ու երազանքի իրականացման ուղիով:

Տնտեսագետ ՎԻԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ընդգծեց.

- Հայաստանն իր տնտեսական առաջարկներով պետք է հասնի նրան, որ տարածաշրջանում պահպանի իր հավասարակշռվածությունը: Տարանցիկ երկիր լինելու հնարավորությունները պետք է լիարժեք ձեւով օգտագործի, հակառակ դեպքում, եթե նպաստավոր պայմաններ չառաջարկենք, ապա մեր հարեւանները կօգտվեն ադրբեջանական ճանապարհից, ինչը մեզ ձեռնտու չէ: Մյուս կողմից` Իրանը ցանկանում է համագործակցել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, որի պարագայում Հայաստանը դուրս է մնում խոշոր ծրագրերից: Տնտեսական առումով այս պահին Իրան-Հայաստան հարաբերույթուններում նկատվում է որոշակի ակտիվություն, սակայն սա բավարար չէ: Մենք Իրանի հետ ավելի լայն համագործակցության շրջանակ կարող ենք ունենալ` սկսած գիտակրթական ու ինովացիոն ոլորտից մինչեւ էներգետիկ համակարգ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА