o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՆԳԼՈՍԱՔՍՈՆԻԶՄԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՎԱԾԸ ՀԱՍՑՐԵՑ

16.03.2018 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՆԳԼՈՍԱՔՍՈՆԻԶՄԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՎԱԾԸ ՀԱՍՑՐԵՑ

Այն, որ Արեւմուտքի հետ Ռուսաստանի հարաբերությունները պետք է գնային կա՛մ` որոշակի նորմալացման, կա՛մ՝ ծայրահեղ սրման, ակնհայտ էր ռուսական նոր զինատեսակների մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնի հայտարարությունից անմիջապես հետո: Ավելի կոնկրետ, այդ ելույթը հենց տվյալ խնդրին էր ուղղված՝ ծանրակշիռ մեսիջ հղել ԱՄՆ-ին՝ հորդորելով չգնալ մինչ այդ տեսանելի դարձած հարաբերությունների ծայրահեղ սրման կուրսից:

ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ ՄՏՆՈՒՄ Է ԳՈՐԾՆԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ

 

ԲԱՅՑ Ո՞ՒՄ ԷՐ ՊԵՏՔ ԱՆՕԳՈՒՏ ԼՐՏԵՍԻՆ ԹՈՒՆԱՎՈՐԵԼԸ

Վ.Պուտինի ելույթից հետո ԱՄՆ-ից ի հայտ եկած որոշ նյուանսներ ակնարկում էին, որ ռուսական մեսիջը տեղ է հասել: Համենայնդեպս, եթե մինչ այդ, մասնավորապես` Սիրիայում ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները հասել էին նրան, որ միմյնաց քաղաքացիների ինքնաթիռային հարվածներ էին հասցնում, ապա Պուտինի հայտարարությունից հետո Վաշինգտոնը սկսեց շատ ավելի զգուշորեն գործել: Ճիշտ է, վերջին օրերին սկսեցին սպառնալ, որ պատրաստ են մինչեւ իսկ Դամասկոսի կառավարական հաստատությունները հրթիռակոծել, սակայն այն բանից հետո, երբ Մոսկվան նախազգուշացրեց, թե պատասխան կրակ կբացի, Վաշինգտոնը ձեռնպահ մնաց կտրուկ քայլերից: Վերջապես, նաեւ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը, որը քննում էր ամերիկյան ընտրություններում Թրամփի օգտին ռուսական միջամտության հարցը, իր հերթին հայտարարեց, թե նման փաստեր չի արձանագրել: Մի խոսքով, զգացվում էր, որ եթե ոչ Վաշինգտոնը, ապա առնվազն Սպիտակ տունը սկսել էր մտածել՝ Մոսկվայի հետ հարաբերությունները եթե ոչ քիչ թե շատ տանելի հարթություն տեղափոխելու, այլ առնվազն հետագա գերշիկացումների չգնալու մասին: Եվ ահա այս ֆոնին էլ ծագեց Բրիտանիա-ՌԴ ծանրագույն քաղաքական ճգնաժամը: Այն, որ այս ճգնաժամն ամենեւին էլ կապված չէ այդ առիթի, այն է՝ ՌԴ Գլխավոր հետախուզության վարչության 66-ամյա նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա 33-ամյա դստեր՝ Յուլիայի նկատմամբ նյարդային թույնի միջոցով մահափորձի կազմակերպման հետ, պարզից էլ պարզ է: Նախ՝ առնվազն կասկածելի է՝ իրականում ռուսնե՞րն են մահափորձի կազմակերպիչը, ինչպես որ պնդում է Լոնդոնը, թե՝ ոչ: Միայն այն փաստը, որ նախկին գնդապետն ու նրա դուստրը ողջ են մնացել, արդեն իսկ կասկածի տակ է առնում, որ ռուսների մատը խառն էր: Հաջորդը. Լոնդոնն այդպես էլ չի բացատրում հանցագործության շարժառիթը. Մոսկվայի ինչի՞ն էր պետք Սկրիպալին ոչնչացնելը: Ռուս օլիգարխ Բերեզովսկու մերձավորներից մեկը հանդիսացող Սկրիպալիին ՌԴ անվտանգության ծառայությունը կալանավորել էր 2004թ.-ին՝ պետական դավաճանության մեղադրանքով: Նա ցմահ դատապարտվեց, իսկ 2010-ին լրտեսության մեղադրանքով ձերբակալված անձանց փոխանակման շրջանակներում փոխանցվեց ԱՄՆ-ին եւ տեղափոխվեց Բրիտանիա: Կարճ ասած, ժամանակին ծախվել է բրիտանական հետախուզությանը, բացահայտվել, ապա՝ հանձնվել տերերին: Միայն այս վերջին փաստը, որ նրան հանձնել են, արդեն իսկ ապացուցում է, որ Սկրիպալը այլեւս որեւէ արժեք չէր ներկայացնում, որ Մոսկվան էլ 8 տարի սպասեր ու փորձեր նրան ոչնչացնել: Այն էլ՝ սեփական արտադրության արգելված զինատեսակով՝ զանգվածային ոչնչացման քիմիական զենքով: Դա նույնն է, ինչ, ասենք, անվանական ատրճանակով մեկին սպանելն ու քննության հարմարության համար զենքը հանցագործության վայրում թողնելը: Բացի այն, Բրիտանիան այդպես էլ որեւէ ապացույց չի ներկայացնում, որ մահափորձը հենց Մոսկվայի ձեռքի գործն է: Միակ բացատրությունն այն է, թե օգտագործվել է ժամանակին Ռուսաստանում արտադրվող թույնի տեսակ: Եթե անգամ այդպես է, դա ապացույց չէ. բրիտանական կամ այլ հետախուզության կողմից որեւէ խնդիր չէր նույն թույնի նմուշն իր ձեռքի տակ ունենալը:

Վերջապես, եթե նույնիսկ մահափորձը ռուսների ձեռքի գործը լիներ, ապա չմոռանանք, որ նախկին գործակալների լիկվիդացիաներ, եթե նրանք արժեքավոր են, բոլոր հետախուզություններն էլ իրականացնում են: Սակայն նման բաները, որպես կանոն, մնում են հրապարակման ոչ ենթակա, համենայնդեպս, դրանից համաշխարհային սկանդալներ չեն սարքում: Իսկ եթե սարքում են, ինչպես այս դեպքում, նշանակում է՝ սկանդալի պատճառն առանց այդ էլ կար, իսկ դա միայն առիթն է:

 

ՈՎ Է ՄԵՅԻ ԹԻԿՈՒՆՔԻՆ ԿԱՆԳՆԱԾ

Այսպիսով, Լոնդոնի ինչի՞ն էր պետք այս աստիճան սրել Մոսկվայի հետ հարաբերությունները: Այստեղ թերեւս նախ նկատենք, որ ընդամենը պատահականությունների արդյունքում Բրիտանիայի վարչապետ դարձած եւ ամեն պահի հեռացվելու ենթակա Թերեզա Մեյն ամենեւին էլ այն տրամաչափի գործիչը չէ, որ հանդգներ 24-ժամյա վերջնագիր ներկայացնել ՌԴ-ին, այն էլ՝ սպառնալով մեկուկես տասնամյակ առաջ «խփված» ու բացարձակապես  անպետք նախկին շպիոնի նկատմամբ մահափորձը համարել ոչ ավել, ոչ պակաս Բրիտանիայի վրա հարձակում, այն է՝ պատերազմական քայլ, որը պատասխանի իրավունք է տալիս: Եվ այդ ամենը՝ ձեռքի տակ որեւէ կոնկրետ փաստ չունենալով: Չէ, իհարկե, սա տիկին Մեյի ատամի բանը չէր: Այսինքն, պետք է հասկանալ, այդ ո՞ր վերին ուժի «դաբրոյով» տիկին Մեյը գնաց նաեւ անձնապես իր համար նման վտանգավոր քայլի: Կարելի է միանգամից ասել՝ ԱՄՆ-ի, սակայն նման վարկածը նոր հարցեր է առաջ բերում: ԱՄՆ ասելով` հասկանանք Սպիտակ տո՞ւն: Բայց Թրամփին պե՞տք էր այս սկանդալը: Ճիշտ է, նա Լոնդոնին աջակցություն հայտնեց, բայց դա «ստանդարտ պրոցեդուրա» է եւ չի հաստատում, որ հրամանը Սպիտակ տնից է գնացել: Առավել եւս, որ որոշակի գործոններ մտածելու տեղիք են տալիս: Նախ, Թրամփը նոր-նոր է սկսում ազատվել ընտրություններին ռուսների միջամտության պատմությունից, այսինքն՝ քիչ-քիչ սկսում է այդ թեմայով ճնշումներից դուրս գալ ու, մասնավորապես, Մոսկվայի հետ հարաբերությունների հարցում սեփական մոտեցումներով եւ ոչ թե պարտադրանքներով առաջ գնալ: Որ նույն պահին էլ այդքան կոպտորեն Սկրիպալի գործ թխի ու հիմա էլ դրանի՞ց կախվածության մեջ հայտնվի: Հաջորդը. այս օրերին Թիլերսոնից ազատվելով, Թրամփը նաեւ ակնարկեց, որ սկսում է պետական կառավարման ապարատը, իր չափանիշներից ելնելով, վերակառուցելու փուլ: Դրա համար Թրամփին հանդարտ իրավիճակ է պետք, ինչին կխանգարի ամեն լարվածության հասնելու ունակ ռուս-բրիտանական սկանդալը: Վերջապես, Թրամփը «խրվել» է նաեւ ամեն պահի սկսվելու պատրաստ գլոբալ տնտեսական պատերազմների հարցում, օրակարգում է Կին Չին Ինի հետ բանակցությունների թեման: Վերջապես, ռուսական նոր հրթիռների պատմությունը եւս Մոսկվայի հարցում զգուշություն է պարտադրում:

Մարդկությունը հայտնվել է վտանգավոր եզրագծի առաջ․ Վլադիմիր Պուտին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հասկանալի է նաեւ, որ նոր զինատեսակների մասին Պուտինի հայտարարությունը Սպիտակ տանը չէր կարող չանհանգստացնել: Այսինքն, առնվազն քաղաքական հարթությունում Վաշինգտոնը պատասխան պետք է տար: Բայց եթե անգամ Թրամփը նման սրացումներ էր ցանկանում, ապա ավելի ճիշտ չէ՞ր դա ավելի հարմար պահի անելը:

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԲԱԼԱՆՍԸ ՓՈԽՈՒՄ Է ԲՈԼՈՐ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ

Սակայն խնդիրը մեկ այլ շերտ եւս ունի: Մեծ հարց է, թե Թրամփն ի՞նչ քաղաքական կուրսի կանցնի՝ ձեռքերն ազատելով ռուսների հետ կապի մեղադրանքներից: Դեռ նախընտրական շրջանում Թրամփը համոզված պնդում էր, թե պետք է կենտրոնանալ բացառապես ամերիկյան տնտեսության վրա, իսկ արտաքին հարթակում ետ քաշվել համաշխարհային ոստիկանի դիրքերից: Իսկ ահա ռուսների հետ հարաբերությունները կառուցել` փոխընդունելի խաղի կանոններից ելնելով: Այդ տրամադրությունները ներկայումս Թրամփի մոտ կա՞ն, դժվար է ասել: Բայց նաեւ նկատենք, որ ռուսական նոր հրթիռներն ի զորու են երկարաժամկետ կտրվածքով ապահովել ռուս-ամերիկյան միջուկային բալանսը, իսկ դա նշանակում է, որ անկախ ցանկություններից, Վաշինգտոնն ինչ-որ պահի ստիպված է Մոսկվայի հետ մի սեղանի շուրջ նստել: Իսկ այդ պահը կարող է ներկայումս էլ լինել, հաշվի առնելով, որ անգամ ամերիկյան Կոնգրեսում են սկսել խոսել ՌԴ-ի հետ պայմանավորվածությունների անհրաժեշտության մասին: Բայց եթե սկսվի նման գործընթաց, դժվար չէ կռահել, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ամերիկյան հեգեմոնիայի հաշվին իրեն համաշխարհային թիվ 2 խաղացողի դիրքերում պատկերացնող Բրիտանիան ստիպված կլինի կրկին անցնել երկրորդ դիվիզիոն: Իսկ դրանից խուսափելու միակ տարբերակն է, որ ԱՄՆ-ՌԴ եւ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները հանկարծ չմտնեն կարգավորման փուլ: Չնայած, այստեղ առաջնահերթը ԱՄՆ-ՌԴ հարաբերույթունները փչացնելն է, առավել եւս. միջուկահրթիռային բալանսը հենց ՌԴ-ն է ապահովում, իսկ առանց դրա, թեկուզեւ ներկայիս տնտեսական մակարդակն ունենալով, Չինաստանը չի կարող միայնակ դիմադրել: Այն, որ Սկրիպալի խաղը ծայրահեղ կոպիտ է, թույլ հիմքերի վրա կառուցված, անշուշտ, հուշում է, որ դրա նախաձեռնողները կազմակերպչական աշխատանքների հարցում երկար ժամանակ չեն ունեցել. ընթացքից, ինչ հնարավոր տարբերակ ունեցել են, միանգամից գործի են դրել: Նկատենք, մահափորձը մարտի 4-ին էր, Պուտինի հայտնի, բայց նաեւ անսպասելի ելույթից մի քանի օր անց: Ավելին, հենց այս ամենին զուգահեռ էր, որ ի հայտ եկավ Թրամփի օգտին ռուսական միջամտության մասի ապացույցների բացակայությունը հաստատող Կոնգրեսի հանձնաժողովի հայտարարությունը եւ ռուսների հետ հայտարարի գալու ԱՄՆ-ում մեկնարկած կոչերը: Կարճ ասած, պետք էր մեծ աղմուկ, որը Թրամփին դեռ միառժամանակ հեռու կպահեր Մոսկվայի հետ երկխոսության մտքից: Եվ ահա շատ հարմար պահի Սկրիպալին թունավորեցին: Իսկ այս պարագայում, արդեն նաեւ կարեւոր չէ, թե ռուսների մասին ինչ է մտածում Թրամփը. նա ուզած թե չուզած, պետք է մտներ Սկրիպալի խաղի մեջ:

Մի խոսքով, որ սա անգլոսաքսոնիզմի պատասխան հարվածն էր, գրեթե կասկած չկա: Բայց ի՞նչ օգուտ կստանան: Այն, որ ներկայումս քաղաքականությունը կառուցվում է ոչ թե մեծ աղմուկների, այլ կոնկրետ, այդ թվում՝ ռազմաճակատային հաղթանակների վրա, հայտնի է: Այսինքն, եթե հաջողվի այս աղմուկի ֆոնին Թրամփին, մասնավորապես` Սիրիայում մղել ռուսների հետ որոշակի բախումների, միգուցե արդյունքներ ստանան: Բայց մեկ է, անգամ այդ դեպքում կա միջուկային բալանսի խնդիրը, որը հաղթահարելն անգլոսաքսոնիզմի համար այս պահին անլուծելի խնդիր է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА