ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԶ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՐԳԻ ԹԱՏՐՈՆ ՉԵՆՔ ԶԳՈՒՄ»

14.03.2018 21:45 ՄՇԱԿՈՒՅԹ
«ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԶ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՐԳԻ ԹԱՏՐՈՆ ՉԵՆՔ ԶԳՈՒՄ»

Հայաստանից դուրս գործող միակ հայկական` Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան դրամատիկական թատրոնի շենքը 7 տարի առաջ վթարային համարվելով, իր դռները փակեց հանդիսատեսի առջեւ: Երկարատեւ դադարից հետո թատրոնը նախորդ տարվա օգոստոսից հիմնանորոգվում է. «7 տարի առաջ, երբ շենքի վրա հայտնվեցին ճաքեր, հրավիրեցինք սեյսմոլոգների, որոնք տեղում ծանոթացան շենքի խնդրի հետ, եւ պարզվեց, որ վթարային է, եւ այնտեղ ներկայացումներ խաղալ չի կարելի: Հիմա փառք Աստծո, վերանորոգումը սկսված է, ու վերակառուցման աշխատանքները կտեւեն մոտ 2 տարի, բայց արդյունքում կստանանք հրաշալի թատերական շենք` ժամանակակից բոլոր տեխնիկական հնարավորություններով, որը կլինի Վրաստանի լավագույն թատերական շենքերից մեկը»,- այդ մասին երեկ «Ազդակ» լրագրողական ակումբում տեղեկացրեց թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱՐՄԵՆ ԲԱՅԱՆԴՈՒՐՅԱՆՆ ու հավելեց, որ թատրոնում վերջին անգամ մեծ վերանորոգում եղել է 70-ական թվականներին:

«Թատրոնների համար սա աննախադեպ երեւույթ է». Գյումրու թատրոնի եռօրյա հյուրախաղերի տոմսերը սպառված են (տեսանյութ)

 

ԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔԻ ՔԱՆԴԵԼԸ ՎՐԱՑ ԵՎ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՄՏԱՎԱԽՈՒԹՅԱՆ ԱՌԻԹ

Այնուամենայնիվ, թատրոնի ղեկավարությունը շեշտում է, որ այս անգամ շենքի վերակառուցումն իրականացվում է պետական մակարդակով. «Այս ամենն արվում է Հայաստանի եւ Վրաստանի նախագահների, վարչապետների ու մշակույթի նախարարների մակարդակով: Թեպետ մեր թատրոնը 162 տարեկան է, բայց սա մեծ պատասխանատվություն է մեր երիտասարդ կազմի համար, թե այդ նոր շենքում ինչով ենք կարողանալու բավարարել 7 տարի մեր ներկայացումներին սպասած հանդիսատեսին»: 

Ըստ պարոն Բայանդուրյանի, շենքն ամբողջությամբ կքանդվի` զրոյից վերակառուցելու նպատակով, սակայն կպահպանվի շենքի նախկին տեսքը. «Նույն նախագիծն է, շենքի մակերեսը կմնա նույնը, միայն փոխվելու է ներսի ճեմասրահը, դահլիճը, որը նախկինի նման նախատեսված կլինի 570 հոգու համար»,- շեշտեց թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու հավելեց, որ իրենց վրաց եւ հայ հանդիսականի մոտ շենքի քանդելը մտավախության տեղիք է տվել, թե կքանդեն ու չեն կառուցի. «Ժողովուրդը սովոր է հարյուր տարվա շենքին, դրա համար մինչեւ պատերը չբարձրանան, անհանգիստ են լինելու, սրա մասին է խոսքը, այս առումով չի կարելի մեղադրել նրանց: Այժմ բոլոր փաստաթղթերը պատրաստ են, մնում է քաղաքապետի ստորագրությունը, իսկ շենքը քանդելը կտեւի 3 ամիս: Թատրոնը վերակառուցող բարերարը շեշտել է, որ մինչեւ դեկտեմբերի 28-ը շենքի կմախքը եւ փակ տարածքը պատրաստ կլինի, կմնա արդեն ներքին աշխատանքները, որն էլ կտեւի մեկ տարիուկես: Այսինքն` երկուսուկես տարի հետո կունենանք նոր, թարմ, ժամանակակից շենք, որը կլինի Վրաստանի թատերական շենքերից լավագույնը»,- վստահեցրեց Արմեն Բայանդուրյանը:

ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող դահլիճների վարձակալության վերաբերյալ

 

ՈՉ ԹԵ ԹԱՏՐՈՆԸ, ԱՅԼ ՇԵՆՔԸ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ

Այդուհանդերձ, այս յոթ տարվա ընթացքում թատրոնի անձնակազմը ձեռքերը ծալած չի նստել, այլ ներկայացումներով շրջագայել է ոչ միայն Թբիլիսիի, այլ նաեւ Հայաստանի տարածքով մեկ. «Երբ ասում են, թե թատրոնը չի գործում, այդ նախադասությունը բոլորիս սպանում է: Ոչ թե թատրոնը, այլ թատրոնի շենքը չի գործում, սրանք տարբեր բաներ են: 7 տարվա ընթացքում տարին 4-5 նոր բեմադրություն ենք արել, արդյունքում` այսօր ունենք 50 նոր ներկայացում, որոնք տարվա ընթացքում խաղացել ենք 40-50 անգամ: Այս 7 տարվա ընթացքում խաղացել ենք առաջատար թատրոնների շենքերում, հյուրախաղերով եղել ենք Ֆրանսիայում, Հունաստանում, Ռուսաստանում: Այնպես որ, թատրոնն աշխատում է, միայն թե ստեղծագործող մարդու համար դժվար է, երբ քո շենքում չես գործում: Ոչինչ, մի քիչ էլ որ համբերենք, շուտով կվերադառնանք մեր տուն»:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը վստահեցնում է. «Վրաստանում մեզ երկրորդ կարգի թատրոն չենք զգում,- ապա հիմնավորեց. «Վրաստանի մշակույթի նախարարը մեր ներկայացումներին ավելի շատ է գալիս, քան` մնացած վրացական թատրոններին: Բայց նաեւ ուրախ ենք, որ Հայաստանի եւ Վրաստանի մշակույթի նախարարները բարեկամություն են անում միմյանց հետ, սա շատ կարեւոր բան է: Ի դեպ, Հայաստանի կառավարությունը մեր թատրոնին կոնկրետ նոր ներկայացումների, հյուրախաղերի, բեմադրությունների եւ վերջին տարիներին արդեն շենքեր վարձակալելու համար տարեկան 15 մլն դրամ է հատկացնում, ինչի համար շնորհակալ ենք»:

Մնջախաղի ժանրը Մշակույթի նախարարության նոր կազմի ճաշակով չէ

 

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԹԲԻԼԻՍԻԻ ԹԱՏՐՈՆԸ ԹԱՆԳԱՐԱՆ ԿՈՒՆԵՆԱ

Լրագրողների հետ հանդիպմանը թատրոնի տնօրեն ԼՈՒԻԶԱ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԱՆ էլ շեշտեց, որ վերջին տարիներին իրենց միակ ցավը շենքի հարցն է. «Նոր շենքի հետ կապված մեծ հույսեր ունենք, ուզում ենք թանգարան հիմնել թատրոնում: Այն կարեւոր է 162-ամյա թատրոնի համար, քանի որ շատ նյութեր ունենք, որոնք կարող ենք ցուցադրել մեր հայ եւ վրաց  հանդիսատեսին: Իմիջիայլոց, շենք չունենալով` վերջին 7 տարին վրաց հանդիսատեսն այցելում է մեր ներկայացումներին»:

 

 

«ԹԱՏՐՈՆԸ ԳՈՐԾԱՐԱՆ ՉԷ...»

Լրագրողների այն հետաքրքրությանը, թե թատրոնն առաջիկայում ինչ պլաններ ունի, թատրոնի գեղարվեստական ղեկավարը պատասխանեց այսպես. «Թատրոնը գործարան չէ, որ պլանավորի, թե առաջիկա 3 տարում ինչ է բեմադրելու, քանի որ այդ ընթացքում կարող է մի այնպիսի հրաշալի գրականություն ծնվել, որ մոռանաս, թե ինչ էիր նախատեսել, կամ` այնպիսի դերասան գա թատրոն, որ գեղարվեստական ղեկավարը լրիվ փոխի ծրագրերը: Թատրոնի գերագույն խնդիրը բեմից հնարավորինս լավ գրականություն մատուցելն է: Մենք շատ անելիք ունենք, որովհետեւ ժամանակավորապես գործում ենք Ռուսթավելու, ինչպես նաեւ Մարջանիշվիլիի անվան թատրոնների հարեւանությամբ, ինչը դժվար բան է, քանզի նրանք համաշխարհային համբավ ունեն, իսկ նրանց կողքին շատ հետ մնալ չի կարելի, եւ հավասարվելն էլ դժվար է: Բայց մենք ունենք երիտասարդ ստեղծագործական կազմ, որոնք բոլորն ունեն թատերական կրթություն: Սա հատուկ եմ նշում, որովհետեւ այս թատրոնի կենսագրության մեջ երբեք չի եղել, որ ստեղծագործական կազմը 100 տոկոսանոց դերասանական կամ ռեժիսորական կրթություն ունենա, ինչը շատ կարեւոր է դրսում գործող պետական թատրոնի համար: Այսինքն` մեր թատրոնը վաղվա օր ունի, որովհետեւ գալիս է մտածող, հետաքրքիր երիտասարդություն»:

Ժորա Հարությունյանի 90-ամյակը նշանավորվեց Արմեն Էլբակյանի բեմադրությամբ

 

ԹԲԻԼԻՍԻԻ ԹԱՏՐՈՆԸ ԿՐԿԻՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐՈՎ

Ի դեպ, երեկ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության շրջանակներում թատրոնը հանդես եկավ «Օրը` անձրեւոտ...» ներկայացմամբ, որն ընթացավ լեցուն դահլիճով. «Հայաստանը մեր տունն է, ամեն տարի գալիս ենք հյուրախաղերով: Իսկ ընդհանրապես, Թբիլիսիում գործող ցանկացած հայ դերասանի համար Հայաստանում բեմ բարձրանալը մեծ տոն է, եկել էինք այդ տոնը վայելելու»,- վստահեցրեց Ա. Բայանդուրյանը եւ տեղեկացրեց, որ առաջիկայում թատրոնը կրկին կվերադառնա հյուրախաղերով. «ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մեզ հրավիրել է, պիտի օրը մենք ընտրենք եւ 5-6 ներկայացումով հանդես գանք: Հավանաբար, դա կլինի մայիս կամ սեպտեմբեր ամիսներին»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА