ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փողոցների անունները փոխելով` ընդդիմություն չեն դառնում»

14.03.2018 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Փողոցների անունները փոխելով`  ընդդիմություն չեն դառնում»

Երեւանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում է ընդգրկված «Երկիր ծիրանի» խմբակցության առաջարկը մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի հարակից այգում (երեւանցիներին հայտնի որպես «Էրեբունի-Երեւան 2750» շատրվաններ) տեղադրել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի հուշարձանը: Իսկ Վազգեն Սարգսյանի անվան փողոցի` Հանրապետության հրապարակի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից դեպի ՀՀ արտաքին գործերի եւ ՀՀ արդարադատության նախարարություններ տանող հատվածը ԵԾ-ականներն առաջարկում են վերանվանել Վուդրո Վիլսոնի անվամբ: Հիշեցնենք, որ Վ. Վիլսոնը, թեպետ հայկական հարցի հայանպաստ լուծման եւ անկախ Հայաստանի հզորացմանը հետամուտ գործիչ էր եւ հատկապես հայտնի է իր իրավարար վճռով, ըստ որի` Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները ճանաչվում էին Վանի, Բիթլիսի,Էրզրումի եւ Տրապիզոնի նահանգների վրա, սակայն նրա գծած քարտեզն այդպես էլ կյանքի չկոչվեց: Այդուհանդերձ, առ այսօր վիլսոնյան իրավարար վճիռը համարվում է պաշտոնական փաստաթուղթ, որտեղ ներկայացված է Հայաստանի եւ Թուրքիայի սահմանագծի ամբողջական նկարագիրն ու հանդիսանում է Միջին Արեւելքում տարածաշրջանային քաղաքական քարտեզի նորովի ձեւավորման հիմք, բայց դրա մասին հիշում են միայն պատմության էջերը թերթելիս եւ, ավաղ, այն գործնականում չի կիրառվել երբեք: Ինչեւէ, թե որքանո՞վ է նպատակահարմար ու ընդունելի սպարապետ Վ. Սարգսյանի անվան փողոցը փոխարինել Վուդրո Վիլսոնի անունով, «Իրավունքը» պարզեց պատմագիտական տեսակետները:

Պատմաբաններն ահազանգում են

«ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԱՐԺԱՆԻ Է, ՈՐ ԻՐ ՄԵԾ ԱՐՁԱՆԸ ԿԱՌՈՒՑԵՆ»

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր ԿԼԻՄԵՆՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ միանգամայն անընդունելի է համարում Վ. Սարգսյանի անվան փողոցը Վուդրո Վիլսոնի անվամբ փոխարինելը. «Կարելի է մի ուրիշ փողոց անվանել Վուդրո Վիլսոնի անունով, բայց Վազգեն Սարգսյանի փողոցը պետք է մնա: Ինչ վերաբերվում է Վիլսոնին, այո, քարտեզ է կազմել, որի մեջ մտնում է նաեւ հայկական այն հողերը, որոնք երբեք չեն կարող վերադառնալ մեզ: Իհարկե, բոլորս նայում ենք իր գծած այդ քարտեզին, հիանում, ու այդպես էլ պետք է լիներ, բայց դա իրականում չէր կարող կիրառվել: Իսկ Վազգեն Սարգսյանը ստեղծել է մեր բանակը, բոլոր գեներալներին ու գնդապետներին հրավիրել է այստեղ: Ընդ որում` ես շփվել եմ եւ գիտեմ, որ բոլորն էլ շատ լավ են խոսում Վազգեն Սարգսյանի մասին: Այնպես որ, իմ կարծիքով` այդ փողոցը պետք է մնա նրա անունով, ավելին` Վազգեն Սարգսյանը միանգամայն արժանի է, որ իր մեծ արձանը կառուցեն այդտեղ»:

«ՄԵՆՔ ՈՒՐԻՇ ԳՈՐԾ ՉՈՒՆԵ՞ՆՔ»

ԱԺ հինգերորդ գումարման պատգամավոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ կարծիքով` նման անվանափոխություն անելու առաջարկն անտրամաբանական է. «Չեմ կարծում, որ Վազգեն Սարգսյանի փողոցը վերանվանելու կարիք կա: Հարյուրավոր փողոցներ կան, որ կարելի է անվանակոչել Վուդրո Վիլսոնի անունով` որպես հայ ժողովրդի բարեկամներից մեկի: Բայց մերօրյա անկախության կերտողներից մեկի` Վազգեն Սարգսյանի փողոցին, կարծում եմ` պետք չէ ձեռք տալ»: Պրոֆեսորը նաեւ շեշտեց. «Չեմ հասկանում` ինչո՞ւ են այս վերջին շրջանում սկսել այդ փողոցների գործով զբաղվել, մենք ուրիշ գործ չունե՞նք: Բազմաթիվ այլ խնդիրներ կան, թող զբաղվեն դրանցով, իսկ փողոցներին թող հանգիստ թողնեն: Փողոցների անունները փոխելով, անվանակոչելով` ընդդիմություն չեն դառնում: Կարող է մեկն էլ առաջարկի Ազատության հրապարակն էլ դնել չգիտեմ ում անունով, ինչքանո՞վ է տրամաբանական: Այսօրվա մեր նորօրյա անկախ Հայաստանի պատմությունը մեզ թույլ չի տալիս ոտնձգություն կատարել Վազգեն Սարգսյանի կերպարի եւ ընդհանրապես` նրա անձի վերաբերյալ այդպիսի  անհարգալից վերաբերմունք ունենալ»:  

«Սա քաղաքական միամտության հետեւանք է». Երջանիկ Աբգարյան

«ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ՄՈՌԱՆԱԼ ՈՒ ՓՈԽԵԼ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»

Եզրափակելով թեման` Կ. Հարությունյանը հիշեցրեց, որ սխալ էր նաեւ Վազգեն Սարգսյանի անվան փողոցում գտնվող Սպայի տունը քանդելը. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այնտեղ բանկ, թե` ինչ է կառուցել, չգիտեմ: Բայց Սպայի տունը պետք է վերականգնել, որը Գայի անունն էր կրում: Ինչպե՞ս կարելի էր Գայի անվան Սպայի տունը կործանել, հիմա էլ անցնել Վազգեն Սարգսյանի անվան փողոցին... Ո՛չ, ես դեմ եմ դրան»: Եվ առհասարակ, պատմական գիտությունների դոկտորը դեմ է փողոցների անվանափոխմանը. «Թող փողոցների անունները, արձանները մնան, դրանք մեր կենսագրությունն են եղել, չենք կարող փախչել մեր կենսագրությունից: Օրինակ վերցնենք Ֆրանսիայի պատմությունից` սկսած յակուբիններից, որոնք ջարդեցին, փշրեցին, մարդկանց վիզ կտրեցին, հիմա այդ բոլոր մարդկանց եւ ընդհանրապես` Ֆրանսիայի հեղափոխականներին, որոնք պատմության մեջ դեր են ունեցել, հավասար են նայում: Ինչպե՞ս կարելի է մոռանալ ու փոխել պատմությունը: Նույն կերպ էլ սխալ է, երբ ուզում են Երեւանի Լենինգրադյան փողոցն անվանափոխել: Ես դեմ չեմ, թող մի ուրիշ փողոց կոչեն Մոնթեի, Ազգալդյանի անուններով, ու անպայման պետք է լինեն այդ փողոցները, բայց Լենինգրադյան փողոցը չի կարելի անվանափոխել: Մի քանի հազար հայ է հիմա ապրում Լենինգրադի մարզում` Սանկտ Պետերբուրգում, այնտեղ մեծ համայնք ունենք: Թող այդ փողոցները լինեն կողք կողքի, Մոսկվայում ես եղել եմ Խանփերյանցի (Խուդյակովի) գերեզմանին եւ նույն գերեզմանատանը, ճիշտ է, պատով բաժանված, բայց ամփոփված է նաեւ իր դեմ կռված գործչի աճյունը: Դեմ եմ, որ արձաններ են քանդում, իսկ եթե քանդում էլ են, մի տեղ պետք է տանեն թանգարանի պես սարքեն»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА