ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն իր հայտարարությամբ հիշեցնում է խռովկան երեխայի»

14.03.2018 16:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն իր հայտարարությամբ հիշեցնում է խռովկան երեխայի»

Ադրբեջանի բանակում մարտի 12-ից մեկնարկել են հնգօրյա լայնամասշտաբ զորավարժություններ, որին մասնակցում է շուրջ 25 հազար զինծառայող: Զորավարժություններին ներգրավված են նաեւ 250 միավոր զրահատեխնիկա, մինչեւ 1000 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ականանետներ, ինչպես նաեւ 50 միավոր տարբեր նշանակության ռազմական ինքնաթիռ ու ուղղաթիռ: Անդրադառնալով վերոնշյալին` ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշել է, որ սա ակնհայտորեն խախտում է Վիեննայի 2011թ. փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 կետը (որոշակի ռազմական գործունեության մասին նախապես տեղեկացնելը, եթե դրանում ներգրավված է առնվազն 9000 մարդ): Հենց այս մասին էլ «Իրավունքը» զրուցեց ադրբեջանագետ ԱՇՈՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հետ:

Աշոտ Արսենյանը որոշել է վաճառել «Ջերմուկ գրուպ»-ը և լքել Հայաստանը. «Ժամանակ»

Ըստ  Ձեզ` արդյոք սա կարելի՞ է դիտարկել Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների նախապատրաստություն:

– Այս զորավարժությունները նորություն չեն այդ երկրի բանակի համար, այդպիսի զորավարժություններ գրեթե յուրաքանչյուր տարի առնվազն 2 անգամ անցկացվում են, հատկապես վերջին տարիներին ավելի հաճախ ենք ականատես լինում նման զորավարժությունների։ Վերջին տարիներին անցկացված նման լայնամասշաբ զորավարժությունների վերաբերյալ պաշտոնական Բաքուն առաջին անգամ չէ, որ չի տեղեկացնում ԵԱՀԿ-ին եւ հարեւան երկրներին։ Հայկական կողմը նախկինում եւս բարձրաձայնել է այս հարցի մասին, սակայն, ցավոք, ԵԱՀԿ-ի կողմից պատշաճ արձագանք չի եղել։ Չեմ կարծում, թե զորավարժության անվան տակ Ադրբեջանը փորձում է նոր ռազմական գործողություններ վերսկսել, որովհետեւ դրա համար անհրաժեշտ նախապայմանները տեսանելի չեն։ Այլ խնդիր է, որ ադրբեջանական կողմը, պարբերաբար այս տիպի զորավարժություններ անցկացնելով, նպատակ ունի բարձրացնել զինված ուժերի մարտական պատրաստությունը։ Թերեւս, այս զորավարժության մեջ ամենաուշագրավը զորավարժության սցենարն է, որն իր մեջ պարունակում է նաեւ որոշակի պաշտապանողական մարտավարություն, որին պետք է հաջորդեն հակահարձակողական գործողությունները։ Ադրբեջանում այս զորավարժությունը փորձում են անվանել «ապրիլյան մարտերի սցենար», որն ինքնին անմտություն է, որովհետեւ 2016թ. ապրիլին ադրբեջանական բանակը իրականացրել է նախահարձակ գործողություն։

ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւը հակադարձում է ՀՀ ԱԳՆ-ին` շեշտելով, թե խախտում չկա: Կհաջողվի՞ այս անգամ եւս Ադրբեջանին «ջրից չոր դուրս գալ»:

– Ադրբեջանի արտգործնախարարության գլխավոր խոսնակն իր հայտարարությամբ հիշեցնում է խռովկան երեխայի, ով սեփական խնդիրը քողարկելու համար սկսում են մեղադրել այլոց։ Ըստ երեւույթին, Հիքմեթ Հաջիեւը ավանդական հայտարարություններից այն կողմ չի անցել եւ իր հայտարարությամբ անուղղակիորեն հաստատել է, որ Ադրբեջանը զորավարժության անցկացման վերաբերյալ չի տեղեկացրել ԵԱՀԿ-ին։

Արտգործնախարարների հանդիպումից կրկին ակնկալիքներ չկան

Փորձագիտական շրջանակները պնդում են, որ Թուրքիան ուժեղացնում է Նախիջեւանում իր ազդեցությունը, զորավարժությունները կարո՞ղ էր պայմանավորված լինել նաեւ դրանով, թե՞ սա էլ վերագրենք Ալիեւի նախընտրական քարոզարշավին:

– Նախիջեւանյան հիմնախնդիրը տարածաշրջանային թնջուկներից մեկն է, եւ դրա կողմերից է նաեւ Թուրքիան։ Թուրքիան, օգտվելով Բաքվի հետ իր սերտ հարաբերություններից, ինչպես նաեւ Բաքվի եւ Թեհրանի, Բաքվի եւ Երեւանի միջեւ առկա խնդիրներից, փորձում է իր վերահսկողության տակ վերցնել Նախիջեւանը։ Այս փուլում Անկարան դա անում է տնտեսական, առեւտրային, էներգետիկ, մշակութային, որոշ չափով նաեւ ռազմական գործոնների միջոցով եւ ցանկանում է դառնալ Նախիջեւանին միակ սնուցող երակը ու դարպասը դեպի արտաքին աշխարհ։ Չեմ կարծում, թե Արցախի հետ շփման գծին մոտ տարածքում զորավարժություն անցկացնելով` Բաքուն որեւէ մեսիջ կարող է հղել Թուրքիային։ Սակայն սա չի նշանակում, որ Բաքվում որոշ շրջանակներ անհանգստացած չեն Նախիջեւանում տարեցտարի աճող թուրքական ազդեցությունից։ Նաեւ պետք է հասկանալ, որ Բաքուն Թուրքիայի դեմ կտրուկ եւ անսպասելի քայլերի չի կարող գնալ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА