ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹՈՒՆԵԼԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ԿԼՈՒԾԻ՞ ՎԵՐԻՆ ԼԱՐՍԻ ԽՆԴԻՐԸ

14.03.2018 21:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԹՈՒՆԵԼԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ  ԿԼՈՒԾԻ՞ ՎԵՐԻՆ ԼԱՐՍԻ ԽՆԴԻՐԸ

Այս տարի Վերին Լարսում կմեկնարկեն թունելի կառուցման աշխատանքները, բացի այդ, ճանապարհը կընդլայնվի եւ կարդիականացվի, այս մասին հայտնել են Հայաստանի եւ Վրաստանի տրանսպորտի եւ կապի նախարարները: Սակայն նրանք այս անգամ էլ չեն անդրադարձել Լարսին այլընտրանք ճանապարհ գտնելու հարցերին, քանի որ նախորդ տարի ՀՀ վարչապետ Կարեն Կարպետյանն անդրադարձել են այդ խնդրին եւ հորդորել էր գտնել այդ ճանապարհները: Լարսի թունելի կառուցումը եւ ճանապարհի արդիականացումը կարելի է համարել այլընտարանքային ճանապարհ, արդյո՞ք թունելի կառուցումը Հայաստանին զերծ կպահի մի շարք խնդիրներից: Թեմայի վերաբերյալ «Իրավունքը» լսեց հայաստանյան որոշ վերլուծաբանների կարծիքներ:

«Ջավախքին պետք է կայուն, խաղաղ, հանգիստ Հայաստան»

 

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԸ փաստեց, որ Վերին Լարսն ունի աշխարհագրական բարդ դիրք, ուստի դժվար է ասել, թե թունելի կառուցումը որքանով կհաջողվի. «Եթե հաջողվի, ապա այն թանկ, սակայն կարեւոր նախագիծ է լինելու: Այն շատ ռիսկային հատված ունի, այդ պատճառով էլ դժվար է ասել, թե թունելի կառուցումը որքան ժամանակ եւ տարածք կգրավի: Եթե թունելը կառուցվի, կարելի է ենթադրել, որ հայկական կողմի համար հարցերը Լարսի վերաբերյալ կկարգավորվեն: Եթե թունելը լայն լինի եւ այնտեղ խցանումներ չլինեն, հերթեր չգոյանան, ուրեմն շատ խնդիրներ կլուծվեն: Ինչ վերաբերում է այլընտրանքային ճանապարհին, ապա այն պետք է անցներ Վրաստանով, ենթադրում եմ, որ Վրաստանի ղեկավարների հետ պարբերաբար շփումներն ունեն նաեւ այդպիսի նպատակներ: Կարծում եմ` այլընտարնքային ճանապարհի կառուցման համար Հայաստանն էլ պետք է ներդրումներ անի, քանի որ հույս դնելով միայն Վրաստանի վրա` կարող է քիչ հավանական լինել: Կարող է լինել եվրոպական համատեղ ծրագիր, որովհետեւ Հայաստանը միջազգային կոնվենցիաներից օգտվելու հնարավորություն ունի: Լարսում խնդիրները միայն ձնաբուքն ու կլիման չեն, որպես մաքսային կետ այն իրենով այդքան էլ բարեհամբույր չէ, կան որոշակի խնդիրներ, որոնք պարբերաբար այնտեղ առաջանում են` կապված այն հանագամանքի հետ, որ ռուսական կողմը կարող է կամակորություններ ցուցաբերել, նրանց աշխատելու ժամանակացույցը եւ այլն: Կարծում եմ` Վերին Լարսի այլընտարնքային ճանապարհի հարցը պետք է փորձել այդ տարի լուծել: Լավ կլինի , որ Հայաստանն ունենա երկու ճանապարհ` Լարսը եւ երկրորդը մեկ այլ վայրով»:

Երեւանի տնտեսագիտական համալսարանի կոմերցիայի եւ բիզնեսի կառավարման ամբիոնի վարիչ, տնտեսագետ ՎԱՐԴՈՒՀԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ խոսքով` Լարսի ճանապարհի այլընտրանքային ուղիները պետք է լինեն իրատեսական եւ օբյեկտիվ, հակառակ դեպքում` դրանք չեն կարող կյանքի կոչվել. «Վերին Լարսի պատճառով Հայաստանը գտնվում է փակուղու մեջ: Ռուսաստանի հետ մեր տնտեսական ամբողջ գործունեության զարգացումն ու ապագան կախված են այդ ճանապարհից: Իմ կարծիքով` առաջին հերթին պետք է քննարկվի երկաթուղու հարցը, որը Խորհրդային Միության ժամանակ աշխատել է եւ նպաստել տնտեսական համագործակցությանն ու զարգացմանը: Ի վերջո, դրանով մենք ելք են ունեցել դեպի Սեւ ծով: Ճիշտ է, երկաթուղու բացումն առաջին հերթին Ռուսաստանի եւ Վրաստանի խնդիրն է, սակայն ճիշտ կլիներ, որպեսզի Հայաստանն էլ իր հերթին օժանդակություն ցուցաբերեր: Երկաթուղին ավելի ձեռնտու տարբերակ է Հայաստանի համար, քանի որ այդ ճանապարհով բեռների փոխադրման ծախսն ավելի քիչ կլինի, աշխատանքն ավելի ռիթմիկ: Երկաթուղու տարբերակը Հայաստանից բացի, առավել շահավետ է Վրաստանի համար, քանի որ մեր երկիրը, բեռներ փոխադրելով, մեծ գումարներ կվճարի այդ երկրին: Այս հարցում վրացական իշխանությունների համառությունը չեմ հասկանում, չնայած այստեղ կան քաղաքական հարցեր` կապված Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի տարածքների հետ: Այս ամենով հանդերձ, Լարսի ամենաճիշտ այլընտրանքային ուղին երկաթուղային ճանապարհի բացումն է, որը ձեռնտու է Ռուսաստանին, Վրաստանին եւ Հայաստանին: Ինչ վերաբերում է ծովով ելք ունենալուն, ապա այդ ուղին Հայաստանի համար կարող է լինել տնտեսապես դժվար լուծելի հարցերից: Այս ճանապարհն ավելի բարդ կլինի կյանքի կոչել, քան երկաթուղայինը»:

Վրաստանի կառավարությունը նույնպես մտահոգ է Վերին Լարսում ստեղծված իրավիճակով

Ի դեպ, անդրադառնալով Լարսի այլընտրանքային ճանապարհին, ՀՀ տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի խոսնակ ԱՆԱՀԻՏ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ ամիսներ առաջ «Իրավունքին» փոխանցել էր, որ առայժմ պետք է բավարավենք միայն վարչապետի այն հայտարարությամբ, որ Լարսին այլընտրանք ճանապարհ պետք է փնտրել:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА