ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

14.03.2018 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

ԽՍՀՄ-ում ասացվածք կար` եթե ուզում ես հարցը քնեցնել, ապա հանձնաժողով ստեղծիր: Սակայն ժամանակները փոխվել են, եւ հարցը քնեցնելու ձեւն էլ է ուրիշ դարձել: Այսպես, «Ելք» խմբակցությունը մի քանի ժամ քննարկել է Ազատության հրապարակում Սերժ Սարգսյանի դեմ պայքարելու հարցը, եւ վերջում ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ հայտնեց, որ այդպես էլ վերջնական որոշում չունեն: Որ վերջնական որոշում չէին ունենալու, դա զարմանալի չէ, այդպես էլ պետք է լիներ: Բայց զարմանալին համաձայնության չգալու մեթոդաբանությունն է: «Ճանապարհային քարտեզը մանրակրկիտ ենք քննարկում եւ, բնականաբար, մեր քննարկումները շատ շահագրգիռ են, եւ ամեն դետալ ու նրբություն բուռն քննարկման առարկա է դառնում: Սեղանին կա ճանապարահային քարտեզ, եւ դրա շուրջ կան նաեւ առաջարկներ: Նոր առաջարկներ կան, եւ մենք որոշեցինք, այնուամենայնիվ, վերջնական որոշումից առաջ այդ առաջարկները քննարկել, նոր որոշում կայացնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Դե ինչ, որ ճանապարհային քարտեզով են զբաղված, ապա դա թերեւս նույն ճակատագիրն ունենա, ինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի ճանապարհային քարտեզները:

ԶԱՐՄԱՆՔ

Մինչ «Ելքը» քննարկում է դեպի հրապարակ տանող ելքերն ու փակուղիները, մանր-մունր, բայց ագրեսիվ արմատական ընդդիմադիր կուսակցությունները հանրահավաք էին անցկացրել, որը հռչակել էին համահայկական եւ «Հանուն Հայաստան պետության ճակատ»: Այդ հանրահավաքի առնչությամբ «Ժառանգության» առաջնորդ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ հայտարարել է. «Առաջին հանրահավաքով սարեր շուռ չենք տալու: Եթե մեր քաղաքացիները ցանկանան փոխել, ոչ միայն քաղաքացիները, այլեւ փոքր ու միջին բիզնեսով զբաղվողները, գործարարները պետք է պայքարեն: Այնպես չէ, որ մենք պետք է պայքարենք, իրենք արդյունքները վայելեն, այդպես չի լինելու»: Պա՜հ, պայքարողներիս տես, եթե ժամանակին «Ժառանգությունը» կես միլիոն քվե քամուն է տվել, ապա ինչո՞ւ պետք է քաղաքացիները վստահեն «Ժառանգության» ու այլոց զարմանալի պայքարին:

Ինչքան ավելի որեւէ հանրահավաք նմանվում է մանրահավաքի, այնքան ավելի բարձր են հնչում մանր-մունր եւ մոռացված կուսակցությունների ձայները: Այսպես, տեսեք, թե ով էր հայտնվել եւ իր մասին հիշեցրել` «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ հայտարարեց. «Մեր խնդիրը այն է, որ ժողովուրդը գա հրապարակ: Եթե ժողովուրդը գա հրապարակ, քաղաքական ուժերը կմիանան ինչ-որ պահի: Մեր հիմնական գործընկերը մենք համարում ենք ժողովրդին եւ այն գաղափարը, որի շուրջ մարդիկ պետք է համախմբվեն»: Դե ինչ, պարոն Մակեյանն իրավացի է` հիշո՞ւմ եք` ինչ էր ասել հայտնի Վինի Թուխը մեղուներից ահավոր տուժելուց հետո` սրանք սխալ մեղուներ են եւ սարքում են սխալ մեղր: Իսկ մեր ժողովուրդը սխալ ժողովուրդ է, քանի որ ոչ մի կերպ չի ուզում իր ուսերի վրա դեպի իշխանություն տանել հավակնոտ բախտախնդիրներին:

ԶԱՐՄԱՆՔ

Թեեւ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ բավականին նեղվել էր Նիկոլ Փաշինյանի դիմումից, որով պատգամավորն առաջարկում էր հարցաքննել երկրորդ նախագահին, այժմ էլ նա զարմանալիորեն ուրախանալու առիթ ունի: Գլխավոր դատախազությունը որոշել է չհարցաքննել Քոչարյանին. «2008թ. մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, կրելու եւ սպանությունների դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող գործերով մինչ այս պահը ձեռք բերված փաստական տվյալներով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու վերաբերյալ նախաքննության մարմնին ցուցում տալու հիմքեր չկան»: Ինչեւէ, երեւի թե, պարոն Քոչարյանը մոմ վառելու առիթ ունի, բայց որտե՞ղ վառի, չէ՞ որ նա աթեիստ է:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА