ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱԼԻԵՎԻ ՀԱՄԱՐ ԿԱՐՈ՞Ղ Է ԴԱՌՆԱԼ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ» ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԻՋՈՑ

14.03.2018 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱԼԻԵՎԻ ՀԱՄԱՐ ԿԱՐՈ՞Ղ Է ԴԱՌՆԱԼ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ» ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԻՋՈՑ

Նախօրեին Ադրբեջանում մեկնարկած հերթական մասշտաբային զորավարժությունների մասին շրջանառվում է այն կարծիքը, թե դա պետք է դիտարկել` որպես Իլհամ Ալիեւի նախընտրական քարոզչության մաս: Բայց նաեւ այդ տեսակետի հետ կապված տարակուսանքների պակաս եւս չկա:

Մահափորձ է իրականացվել Գյանջայի քաղաքապետի նկատմամբ

ՈՐՆ Է ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԸ

Միգուցեեւ այդ զորավարժանքները ինչ-որ տեղ կօգնեն Ալիեւի վերարտադրությանը: Բայց այստեղ կա մեկ էական հարցադրում: Նախ նկատենք, որ ՀՀ ԱԳՆ-ն, ի դեմս մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի, միանգամայն տեղին ադրբեջանական զորավարժությունները համարել է ԵԱՀԿ-ի նկատմամբ ստանձնած պարտավորությունների խախտում. «Ադրբեջանը զորավարժություններ է սկսել (երկրի նախագահի «վերընտրման» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը) ԵԱՀԿ պարտավորությունների բացահայտ խախտմամբ, առանց այդ մասին ԵԱՀԿ մասնակից պետություններին տեղեկացնելու»: Նկատենք, առանց այդ էլ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ Բաքվի հարաբերությունները գնալով միայն ծանրանալու միտում են ցուցաբերում: Իսկ զորավարժությունները հերթական քննադատական ալիքի համար լավ պատճառ են: Մինչդեռ Ալիեւը, նախագահական ընտրությունները կես տարով առաջ բերելու որոշումը կայացնելով, ակնհայտորեն փորձում էր տարբեր խոստումներով հնարավորինս զերծ մնալ արտաքին քննադատությունից եւ վերջին շաբաթներին էլ փորձում էր նման քննադատության համար առիթ չստեղծել: Առավել եւս, որ Երեւանի հետ կապված սկանդալային հայտարարությունը մեծ աղմուկ էր առաջ բերել: Եվ մյուս կողմից. առանց այս զորավարժությունների էլ Ալիեւի «հաղթանակի» հարցում որեւէ տարակուսանք չկա. պետք եղավ, քվեների 100, անգամ՝ 110-120 տոկոսը նրան կհասնի: Ուրեմն՝ նրա ինչի՞ն էր պետք նախ՝ արտաքին ու ներքին ավելորդ քննադատության օջախ ստեղծել, ապա՝ լուրջ ծախսեր կատարել զորավարժությունների համար, երբ դա ընտրությունների հարցում գործնականում ոչինչ չի տալու: Կարճ ասած, այդ զորավարժությունները եթե անգամ ընտրությունների համար որեւէ բան տալու են, ապա դա միայն կողմնակի էֆեկտն է, եւ իրականում բոլորովին այլ խնդիրներ են լուծվում:

Ուրեմն, ո՞րն է այս չպլանավորված զորավարժությունների հիմնական նպատակը, Հայաստանի աչքը վախեցնե՞լը: Այս վարկածն էլ մեծ հավանականություն չունի: Նախ՝ Հայաստանը վաղուց է ադրբեջանական մեծ ու փոքր զորավարժությունների նկատմամբ իմունիտետ ձեռք բերել: Առավել եւս, որ զորավարժություններն ընթացքից պատերազմի վերածելն Ադրբեջանի ոճը չէ. պատերազմ սկսելու դեպքում նրանք առանց ավելորդ աղմուկի, գիշերով կանցնեն հարձակման: Վերջապես, նախագահական ընտրությունների շեմն այն ժամանակահատվածը չէ, որ մտածես հակառակորդի աչքը վախեցնելու մասին: Չէ՞ որ ինչ-որ բան կարող է այնպես չընթանալ, եւ ողջ ընտրությունները կասկածի տակ կհայտնվեն: Այսպիսով, մնում է մտածել, որ այս զորավարժություններով Ալիեւը փորձում է ուժ ցույց տալ, այն իմաստով, թե, տեսեք, պետք եղավ, պատերազմ կսկսենք: Այս տարբերակը որոշակի տրամաբանություն ունի:

ԻՆՉ ԱԿՆԱՐԿԵՑԻՆ ՆԱԽԻՋԵՎԱՆՅԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ

ՆԵՐԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այստեղ թերեւս նկատենք, որ թեեւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ընտրական գործընթացները ղարաբաղյան բանակցություններում թայմ-աուտ առաջ բերեցին, սակայն կուլիսային աշխատանքներն ակտիվ փուլում են: Միաժամանակ, քիչ չեն ազդակները, որ ընտրական փուլից անմիջապես հետո կարող է բանակցություններին վերադառնալու, այդ թվում՝ սահմանային վերահսկողության մեխանիզմների ներդրման արտաքին պահանջ առաջադրվի: Ի վերջո, որոշ աղբյուրներ հավաստիացնում են, որ նման խոստում Ալիեւը նաեւ Մինսկի խմբի համանախագահներին է տվել՝ ընտրություններն առաջ բերելու հարցում քարտ-բլանշ ստանալու համար: Ընդ որում` նկատելի է, որ վերջին ժամանակներս այդ հարցում նաեւ ամերիկացիներն են վճռականություն ցուցաբերում: Այդ թվում, օրերս Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Էնդրյու Շեֆերը հայտարարեց, որ մյուս համանախագահների հետ մեկտեղ կարգավորումը տեսնում է հայտնի սկզբունքների հիման վրա. «Ուժի չգործադրման կամ նման սպառնալիքի, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի: Մենք նաեւ համոզված ենք, որ ներկայիս ստատուս-քվոն երկարաժամկետ կտրվածքով չի կարող պահպանվել, բայց նաեւ չկա տվյալ հակամարտության կարգավորման ռազմական լուծում»: Ապա նաեւ հիշեցրեց Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայտնի որոշումների մասին, ընդգծելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները պետք է շուտափույթ հանդիպեն՝ հիշատակված որոշումներն ու կարգավորման գործընթացն առաջ տանելու համար: Եվս մեկ ծանրակշիռ ազդակ էր Շիֆերի հայտարարությանը հաջորդած՝ Արցախի նախագահի աշխատանքային այցը Նահանգներ: Բուն այցը, ինչպես նաեւ դրա շրջանակներում այսօր ծրագրված Բակո Սահակյանի ընդունելությունը Կոնգրեսում այն աստիճան է անհանգստացրել Բաքվին, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն գնաց մի այնպիսի վտանգավոր քայլի, ինչպիսին է՝ Բաքվում ամերիկյան դեսպան Ռոբերտ Սեկուտային պատասխան տալու հրավիրելն ու բողոքի նոտա հանձնելը:

Բաքվի այս քայլը վտանգավոր է նրանով, որ այն պահին, երբ մի կողմից՝ գերլարված են ԱՄՆ-ի եւ Թուրքիայի, նաեւ ԵՄ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները, որը նաեւ հանգեցրել է «փոքր եղբոր»՝ Ադրբեջանի հանդեպ արեւմտյան հայացքների տեսանելի կոշտացման, Վաշինգտոնին նոտա հանձնելը եւ պատասխանով սպառնալն ամենաանկանխատեսելի հետեւանքները կարող է առաջ բերել: Առավել եւս, որ Արցախը միակ ուղղությունը չէ, որտեղ առկա են Ադրբեջանի նկատմամբ ամերիկյան խորացող ճնշումները: Այսպես, ինչպես հուշում է ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցների ռեակցիան, Բաքուն բավականին անհանգստացած է այն փաստից, որ հերիք չէ Կոնգրեսում ընդունում են Բակո Սահակյանին, դեռ մի բան էլ նույն օրը ադրբեջանական ընդդիմության ԱՄՆ-ում կենտրոնացած հատվածը մասշտաբային բողոքի ակցիա է անցկացնելու Ադրբեջանի դեսպանատան դիմաց: Իսկ դա Ալիեւի համար մտահոգիչ գործոն է: Ակցիայի կազմակերպմամբ զբաղվում է ընտրությունները միասնաբար բոյկոտած ադրբեջանական ընդդիմության առանցքային առաջնորդներից մեկի՝ «Ազգային ճակատի» առաջնորդ Ալի Քերիմլիի որդին՝ Թուրքել Քերիմլին: Եվ Բաքվում այն տպավորությունն է, որ այդ հանգամանքն ակնարկ է՝ Վաշինգտոնի կողմից ադրբեջանական ընդդիմության եւ կոնկրետ՝ «Ազգային ճակատի» վրա կատարվող խաղադրույքի մասին: Իսկ դա վտանգավոր է այն առումով, որ կան խոսակցություններ նաեւ Հեյդար Ալիեւի հին գվարդիայի եւ, այսպես ասած, նախիջեւանյան կլանի ու Ալի Քերիմլիի կապերի մասին: Իլհամ Ալիեւը դեռ անցած տարի կնոջը նշանակելով փոխնախագահ` դրանով իսկ էապես ամրապնդեց տիկին Մեհրիբանի հայրական՝ փաշաեւների կլանը: Զուգահեռաբար, թեեւ Իլհամ Հեյդարովիչը փորձեց վերջնականապես ձերբազատվել Հեյդար Ալիեւի հին գվարդիայի փաստացի ղեկավար Ռամիզ Մեհթիեւից, սակայն նրան պաշտոնապես ազատելով նախագահական վարչակազմի ղեկավարի պաշտոնից, այնուամենայնիվ՝ գործնականում Մեհթիեւն այսօր էլ նույն ֆունկցիան է կատարում:

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են սկսել (լուսանկարներ)

Այսպիսով, Ալիեւը հանգիստ կարող է ընտրություններում իր օգտին 100 տոկոս ձայն նկարել: Բայց եթե հետընտրական փուլում Վաշինգտոնը «հեղափոխական» խաղադրույքներ կատարի ընտրությունները միասնաբար բոյկոտած ընդդիմության վրա, ապա Հեյդար Ալիեւի հին գվարդիան եւ նախիջեւանյան կլանը իշխանությունը վերջնականապես փաշաեւներին չզիջելու եւ գլխովին ջախջախումից փրկվելու համար, թերեւս միանշանակ իրենց լրջագույն աջակցությունը կցուցաբերեն յուրայինի համարում ունեցող Քերիմլիին: Ընդ որում, այս իրավիճակում քիչ չէ հավանականությունը, որ Թուրքիան քրդական արմատներ ունեցող Ալիեւի եւ հրեական ծագումնաբանությամբ փաշաեւների փոխարեն կնախընտրի աջակցել իրեն հարազատ նախիջեւանյան կլանին:

ԽԱՂԻ ԻՄԱՍՏԸ

Այսպիսով, վերադառնանք ադրբեջանական զորավարժություններին: Սպառնալիքը, թե կարող է պատերազմ սկսել Ալիեւը, թերեւս, նախ հասցեագրում է ադրբեջանական մրցակից կլանին եւ  նրա հետ միասնաբար գործելու ունակ ընդդիմությանը. պատերազմի դեպքում Ալիեւին տապալելու նրանց շանսերը միանգամից կզրոյանան: Սպառնալիքի հասցեատերերից է նաեւ Վաշինգտոնը. պատերազմը կզրոյացնի նաեւ «հեղափոխության» հնարավորությունը, եթե Վաշինգտոնն իրոք դրան գնա: Բայց այստեղ, թերեւս, հիշենք նաեւ ամերիկյան այն «կանխատեսումները», թե այս տարի ղարաբաղյան նոր պատերազմը չի բացառվում: Թեեւ Մինսկի խմբի համանախագահը, ինչպես նշեցինք, առաջին հայացքից հակապատերազմական մեսիջներ է հղում, սակայն փաստն այն է, որ այդ կարգի հայտարարություններն ու դրան զուգահեռ ընթացող խաղերը կարող են Ալիեւին տանել պատերազմի: Եվ հարց է ծագում՝ արդյոք այս մեծ խաղի իմաստն իրականում հենց դա չէ՞:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА