ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՅԴ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՍ ԵՄ, ԿԱՄ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՖԻԱՍԿՈՆ

14.03.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՅԴ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՍ ԵՄ, ԿԱՄ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՖԻԱՍԿՈՆ

Ընտրված նախագահ Արմեն Սարգսյանը ցանկություն է հայտնել, որպեսզի իր երդմնակալությանը ներկա լինեն նաեւ ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահները: Ըստ նրա գրասենյակի` դա պայմանավորված է Հայաստանում նոր քաղաքական մշակույթ ձեւավորելու ցանկությամբ: Սակայն նման է, որ այս ցանկությունը դեռեւս այնքան էլ չի համապատասխանում մեր երկրի իրողություններին, քանզի դեռեւս անձերն ավելի են կարեւորվում, քան` ինստիտուտները:

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ 3 ԱՄՍՈՒՄ ՉԿԱՍԵՑՐԵՑ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ

 

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՉԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ

Թեեւ լրատվական դաշտում պտտվել են շշուկներ, թե նախապատրաստվում կամ անգամ կայացել են Արմեն Սարգսյանի հանդիպումները առաջին եւ երկրորդ նախագահների հետ, սակայն իրողությունն այլ է: Այսպես, Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն արդեն հերքել է դա: Ավելին, Ռոբերտ Քոչարյանի անձնական օգտագործման ոչ պաշտոնական կայքում Վ. Սողոմոնյանը մատնանշել է, որ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու ՀՀ չորրորդ նախագահի երդման արարողությանը, քանզի այդ ժամանակ գտնվելու է արտերկրում: Լեւոն Տեր-Պետրոսյանի պահով ուղղակի հրաժարումների մասին առայժմ լրատվական դաշտում ոչինչ չկա, բայց փաստացի վիճակը թերեւս դժվար թե տարբերվի: Այսպես, քաղաքական «նաֆթալինից» պեղվել է հին քյարթու ՀՀՇ-ական, նախկին գլխավոր մաքսակեր Երջանիկ Աբգարյանը, ով բավականին չարախոսել է Արմեն Սարգսյանի հասցեին: Իմաստ չունի խորանալ այդ թանգարանային գործչի երկարաշունչ ասելիքների մեջ, ընդամենը նշենք, որ նա Արմեն Սարգսյանին բնութագրել է «խայտառակ վարքագիծ» բառակապակցությամբ, ինչը թերեւս արտահայտում է ՀՀ առաջին նախագահ, ԱԺ ընտրություններին խայտառակ պարտություն կրած Լեւոն Տեր-Պետրոսյանի վերաբերմունքը: Սակայն առավել ցայտուն է դա Ռոբերտ Քոչարյանի պարագայում: Եթե Տեր-Պետրոսյանն իր վերաբերմունքը արտահայտում է այնպիսի անձի շուրթերով, որի վերաբերյալ հարկ եղած դեպքում կարող է օգտագործել «չեմ ճանաչում» բանաձեւը, որով ժամանակին արտահայտվել էր «ՀՀՇ-ի պոլի փետերին» իշխանության մեջ տեսնելու ցանկություն արտահայտած Արշակ Սադոյանի վերաբերյալ, ապա Ռոբերտ Սեդրակիչը ամեն ինչ ասել է միանգամայն պաշտոնապես` իր անձնական խոսնակի միջոցով:

 

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՉԱՐԱՑԱԾՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ

ՀՀ երկրորդ նախագահին սպասարկող քարոզչամեքենայի արտադրանքն ուսումնասիրելիս կարելի է տեսնել պնդումներ, որ Ռոբերտ Քոչարյանն ունեցել է ՀՀ չորրորդ նախագահի սեփական թեկնածու: Դրան հավելենք, որ ըստ որոշ տեղեկությունների` Ռոբերտ Սեդրակիչը հենց անձամբ էր հավակնություններ դրսեւորել` զբաղեցնելու այդ պաշտոնը: Եթե հիշենք, թե ինչպես 2008-ին վարչապետ դարձավ ոչ թե նա, այլ Տիգրան Սարգսյանը, իսկ սահմանադրական բարեփոխումով նախագահական ուղղակի ընտրությունների ինստիտուտի վերացումը ինչպիսի վատ քողարկված բացասական արձագանքի էր արժանացել Ռոբերտ Քոչարյանի կողմից, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի բուռն ներքին ցանկություն է նա ունեցել այս կամ այն ձեւով վերադառնալ իշխանության: Խորհրդարանական համակարգի շրջանակներում ԱԺ ընտրություններին քոչարյանամետ ՕՐՕ դաշինքի կատարյալ պարտությունից հետո, ԱԺ-ում նա գործնականում հենարան ունենալ չէր կարող ու, առավել եւս, չէր կարող հավակնել վարչապետի պաշտոնին: Բայց նման է, որ ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնը նրան հրապուրում էր, ու թեեւ ընդունված է ասել, որ այն զուտ ներկայացուցչական է, բայց «փոքրիկ ոտատեղը» ապագա էքսպանսիայի հիմք դարձնելու վարպետ Ռոբերտ Սեդրակիչի պարագայում թերեւս դա էլ նրան սկզբի համար բավարար էր: Առավել եւս, որ քոչարյանական կադրեր առկա են ինչպես բյուրոկրատական մեքենայի տարբեր օղակներում, այնպես էլ` խոշոր բիզնեսում:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ «ՊՂԾԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»

Բնականաբար, շատերի մոտ հարց է առաջացել` այդ ինչպե՞ս եւ ինչո՞ւ եղավ, որ Սերժ Սարգսյանը դեռեւս հունվարի 19-ին հնչեցրեց Արմեն Սարգսյանի անունը, երբ սովորաբար ցանկացած առաջադրման կամ նշանակման վերաբերյալ նա, որպես կանոն, կոնկրետ անուններ շրջանառության մեջ դնում էր վերջին պահին: Ինչո՞ւ ՀՀ չորրորդ նախագահի թեկնածուի պարագայում ընտրությունից շուրջ 40 օր առաջ անուն հնչեց: Անշուշտ, հնարավոր է տարբերակը, որ երկրի եւ իշխող կուսակցության ղեկավարը հարկ համարեց միանգամից բաց խաղ տանել` հասկանալի կանոններով, ինչը սեփական թիմի ուժերի վրա վստահության նշան է: Բայց չպետք է բացառել, որ դրանով միանգամից կասեցվեց Ռոբերտ Քոչարյանի ճանապարհը, որպեսզի այլեւս լոբբինգի, ինտրիգների, դրսում տարատեսակ հենարանների փնտրտուքին վերջ տրվի: Հիշենք նաեւ, որ տոնական միջոցառումներից խուսափող Ռոբերտ Քոչարյանը գործնականում հատուկ ի ցույց էր դրել իր այցը Ստեփանակերտ` Արցախյան շարժման 30-ամյակին, ու նաեւ այն հանգամանքը, որ շատ-շատերի հետ է շփումներ ունեցել: Իսկ այն, որ ՀՀԿ խմբակցության համաձայնությամբ մարտիմեկյան հարցը մտավ ԱԺ օրակարգ, դա շատերը կապում էին Քոչարյանի ստեփանակերտյան վոյաժի եւ դիտարկում դա որպես «դեղին քարտ»: Ճիշտ է, Արցախի իշխանության  կողմից քոչարյանանպաստ որեւէ քայլ չեղավ, սակայն ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը հնչեցրեց հետեւյալը` արդեն Արմեն Սարգսյանի ընտրությունից հետո. «Ռուսաստանի համար մի շարք պատճառներով կարեւոր է, որ Հայաստանում իրական իշխանությունը մնա արցախյան ծագում ունեցող գործչի ձեռքերում: Մոսկվայի համար պարոն Սարգսյանին այլընտրանք կարող է դիտարկվել Ռոբերտ Քոչարյանը, բայց այս պահին նրանց փոխատեղման հնարավորությունը ես բարձր չեմ գնահատում»: Կարելի է արձանագրել, որ այդ հնարավորությունը նույնիսկ մի կարգ ավելի ցածր է, քան մշտական «պարոն մեկ տոկոս» Արման Մելիքյանի շանսերն ամեն հերթական նախագահական ընտրությանը, բայց, այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ այդ ձեւով Ռոբերտ Քոչարյանը ակնարկներ է հնչեցնում, որ արտաքին խաղացողների աչքում ինքն ինչ-որ արժեք իրենից ներկայացնում է: Բայց նման է, որ Ռոբերտ Սեդրակիչը գնացքից անհույս հեռացել է, եւ նրա պարտիան կարելի է պարտված համարել:

 

«ԵԼՔԻ» ԵԼՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ

Այժմ գրեթե բոլորը մոռացել են, որ «Ելքը» ժամանակին փորձում էր ՀՀ նախագահի թեկնածու ունենալ` ի դեմս Արտակ Զեյնալյանի, եւ դրա համար պատգամավորական ստորագրություններ էր մուրում սկզբում Ծառուկյան դաշինքից, հետո` ՀՀԿ-ից: Այնուամենայնիվ, «Ելքի» առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը նման է, որ շատ էական ցավեցրել է Ռոբերտ Քոչարյանին` դիմելով դատախազություն, որպեսզի նրան հարցաքննեն այն պնդման շուրջ, իբր ցուցարարները, ավտոբուսի հետեւում թաքնված, ինքնաձիգներով կրակում էին ոստիկանների վրա: Ռոբերտ Սեդրակիչը իր խոսնակի շորթերով Նիկոլի կողմից մարտիմեկյան լսումները անցկացնելը որակել էր ծայրահեղ ցինիզմ եւ ուղղակիորեն մեղադրել Փաշինյանին` մարտիմեկյան անկարգությունները կազմակերպելու մեջ: Բայց հետաքրքրական է, որ հիմա էլ նույն  Փաշինյանը հռչակել է «Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու» ուղեգիծ եւ Ազատության հրապարակում ինչ-ինչ շարժում սկսելը պատրաստ է իրականացնել «Ելք» դաշինքը պառակտելու գնով: Եթե Էդմոն Մարուքյանը հիմնականում իր տարաձայնությունն արտահայտում է` հրապարակավ անտեղյակ լինելով Նիկոլի քայլերից, ապա Արամ Սարգսյանը դա արտահայտում է ավելի ակտիվ: Այսպես, նա նույնիսկ հրապարակավ կասկածի տակ դրեց Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, իսկ աշխարհաքաղաքական կողմնորոշման առումով` Նիկոլի արեւմտամետությունից զատվելու համար անգամ հնչեցրեց արտահայտություն, որ արցախյան հաղթանակները պայմանավորված էին իր եղբայր Վազգենի եւ Պավել Գրաչովի ընկերությունով: Իսկ Գրաչովի հետ ընկերություն անելը դա արդեն արտաքին քաղաքական, հյուսիսամետ կատեգորիա է... Այսինքն` ստացվում է, որ «Ելք» դաշինքի բաղադրիչ կուսակցությունները, թեեւ ժամանակին խոստացել էին միավորվել մեկ կուսակցության մեջ, այժմ ամեն ինչ են անում իրարից զատվելու համար: Եվ «Ելքի» ելքերը չեն նշմարվում:

ՆԻԿՈԼԻ ՉՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՆՑՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА