o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԳՈՐԾԱՐԱՐ ՉԵՄ ԵՎ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ  ԶԲԱՂՎԵԼՈՒ ԵՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ»

14.03.2016 15:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ԳՈՐԾԱՐԱՐ ՉԵՄ ԵՎ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ   ԶԲԱՂՎԵԼՈՒ ԵՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ»

Այլեւս ԱԺ ՀՅԴ խմբակցությունում թափուր աթոռ չի լինի, քանի որ հենց երեկվանից իր պատգամավորական գործունեությունն է սկսել ՀՅԴ համամասնական ցուցակում 10-րդ հորիզոնականը զբաղեցնող «Կարկոմավտո» ընկերության գլխավոր սեփականատեր ԿԱՐԵՆ ՇԱԽՄՈՒՐԱԴՅԱՆԸ, ով ՀՅԴ-ին անդամագրվել էր խորհրդարանական ընտրություններից ընդամենը ամիսներ առաջ: Նա հետայսու ԱԺ-ում կփոխարինի ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանին: Նոր մանդատ ստացած պատգամավորի հետ երեկ «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու հենց Ազգային ժողովում, ով մինչեւ աշխատանքային օրվա ավարտը խմբակցությունում քննարկումների մեջ էր` միեւնույն ժամանակ, տեղանքն էր ուսումնասիրում: Ի դեպ, պարզվում է` անգլիական աշխարհահռչակ «Range Rover», ֆրանսիական «Peugeot», «Chevrolet», «Nissan» եւ «Renault» մակնիշի ավտոմեքենաներ իր ընկերության համար ներկրելու փոխարեն, ընկեր Շախմուրադյանը մտադիր է լրջորեն զբաղվել օրենսդրական գործունեությամբ: 

Պատգամավորին ուղղված սպառնալիքներ են հնչել, տեղեկացրել ենք իրավապահներին. Արարատ Միրզոյան

«ԻՀԱՐԿԵ, ԼԻՆԵԼՈՒ ԵՄ ՄԻՇՏ ՆԵՐԿԱ»

–Պարոն Շախմուրադյան, ի՞նչ տրամադրվածությամբ եք պատրաստվում լծվել օրենսդրական աշխատանքին:

– Շատ լավ, շատ բարձր տրամադրվածություն ունեմ ու դրա համար էլ եկել եմ: Այսօր նիստ չկա, ուղղակի, ծանոթանում եմ ընդհանուր համակարգի հետ: 

– Իսկ Ձեր բիզնես գործունեությունն ինչպե՞ս եք համատեղելու օրենսդրական գործունեության հետ:

– Ոչ մի ձեւ, ես բիզնեսով չեմ զբաղվելու:

– Այսինքն` մինչ Դուք օրենսդրական գործունեությամբ կզբաղվեք, այն պատրաստվում եք վստահել Ձեր եղբո՞րը` «Կարկոմավտո» ընկերության համասեփականատեր Աշոտ Շախմուրադյանին:

– Եղբորը կամ որեւէ այլ անձնավորության, բայց ես բիզնեսով չեմ զբաղվելու, այլ զբաղվելու եմ օրենսդիրի աշխատանքով:

– Արծվիկ Մինասյանը բավական ակտիվ պատգամավոր էր, եւ բնական է, որ հիմա անընդհատ համեմատության մեջ է լինելու Ձեր եւ նրա օրենսդրական աշխատանքը: Պատրաստվո՞ւմ եք ակտիվ խորհրդարանական գործունեություն ծավալել:

– Կաշխատենք: Իհարկե, Արծվիկ Մինասյանի փորձը, բնականաբար, ես չունեմ, նոր եմ սկսում ինտեգրվել այս համակարգին, բայց կաշխատեմ ակտիվորեն մասնակցել: Դա երեւի ժամանակի ընթացքում կլինի, միանգամից ոչինչ չի լինում:

– Այնուամենայնիվ, գործարար պատգամավորներն Ազգային ժողովում հայտնի են նիստերից իրենց բացակայություններով: Արդյո՞ք կշարունակեք այսօրվա պես մինչեւ աշխատանքային օրվա ավարտը լինել խորհրդարանում ու չբացակայել նիստերից:

– Բնականաբար, բա էլ ինչո՞ւ եմ եկել, ես էլի եմ կրկնում` ես պատգամավոր եմ, գործարար չեմ եւ ամբողջությամբ զվաղվելու եմ պատգամավորի աշխատանքով: Ու, իհարկե, լինելու եմ միշտ ներկա:

«ԱՅԴ ԳՈՐԾՆ ԱՐԴԵՆ ՎԱՂՈՒՑ ՓԱԿՎԱԾ Է»

–Մասնավորապես օրենսդրական ո՞ր դաշտում կփորձեք փոփոխություններ անել ու առաջարկներով հանդես գալ:

– Առայժմ չեմ կարող պատասխանել այդ հարցին, բայց, միանշանակ, ինչ-որ ժամանակ անց կպատրաստվենք, կհասկանանք ու կասեմ: Հիմա սրա հետ կապված ոչինչ չեմ կարող ասել Ձեզ:

– Ձեր օրենսդրական աշխատանքը սկսվեց այն ժամանակ, երբ ՀՅԴ-ն համաձայնության եկավ իշխանության հետ ու դուրս եկավ ընդդիմությունից: Հետաքրքիր է` Ձեզ ընդդիմադիր դաշտում տեսնո՞ւմ էիք, ու ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերվում այդ համագործակցությանը:

– ՀՅԴ-ն ինչպես որոշել է, այդպիսին էլ իմ կարծիքն է: Շատ դրական եմ այդ ամենին նայում, բացասական կարծիք չունեմ: Նայել եմ նախագիծը եւ ոչ մի վատ բան չեմ տեսնում: ՀՅԴ-ՀՀԿ քաղաքական համագործակցության համաձայնագրում նշված են ընդհանուր բնույթի կետեր, որոնք մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելու համար շատ ճիշտ են:

– Եվ մի վերջին հարց. մամուլում Ձեր մասին հրապարակումները հիմնականում կապվում են մի մութ պատմության հետ: Ի վերջո, որքանո՞վ Դուք առնչություն ունեիք Հայաստանի դիզայներների միության փոխնախագահ Ռուբեն Թոփալյանին ծեծի ենթարկելու մեջ:

– Իրավապահ մարմինները զբաղվել են այդ հարցով ու եզրակացություն ունեն: Եթե ցանկություն ունեք, կարող եք դուք էլ ծանոթանալ այդ եզրակացությանը: Ուրիշ ի՞նչ ասեմ, այդ գործն արդեն վաղուց փակված է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հիշեցնենք, որ դեռեւս գործարար Կարեն Շախմուրադյանի անունը մամուլում ժամանակին շրջանառվում էր մի միջադեպի հետ, ըստ որի, Կ. Շախմուրադյանն իր թիկնազորի հետ «Մալիբու» սրճարանի հարեւանությամբ գտնվող շինհրապարակում ծեծի էր ենթարկել Հայաստանի դիզայներների միության փոխնախագահ Ռուբեն Թոփալյանին: Սակայն գործարարը պնդում էր, թե ինքն է ծեծի ենթարկվել ու լուրջ վնասվածք ստացել: Այնուամենայնիվ, հավելենք, որ արդեն որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ` Կ. Շախմուրադյանը խորհրդարան եկել էր առանց թիկնապահների:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА