ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարկա՞ծ, թե՞ բացահայտում. Չարենցի գերեզմանը տեղը մոտավոր հայտնի է

13.03.2018 23:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Վարկա՞ծ, թե՞ բացահայտում. Չարենցի գերեզմանը տեղը մոտավոր հայտնի է

«Մահեր կան, որոնք ազգի համար անմոռաց են, նրանք զարկված արժանապատվության նման անվերջ ծխում են դարերի խորքերում՝ ճշմարտությունը որոնելու ակնկալիքով: Այդպիսի կորուստ է մեր հանճարի՝ Եղիշե Չարենցի հետ կապված առեղծվածը, նույնը կրկնվեց ինձ հետ նաեւ Խաչատուր Աբովյանի մասին՝ Մարիետա Շահինյանի հիշողություններն ընթերցելիս», - այսօր՝ մեծանուն բանաստեղծ Ե. Չարենցի ծննդյան օրը, գրել է հրապարակախոս, գրող ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆՆ ու հավելել. «Թե ինչու մեր տաղանդավորների գերեզմանները անհայտության մեջ են թողնում, կասեմ միայն հետեւյալը՝ մեր ներքին եւ արտաքին թշնամին, որը նույն անձն է տարբեր մարմիններում, ողջ թե մեռած, վախենում է անգամ նրանց շիրիմի զորությունից, այն էներգիայից, որը ժողովրդին տանում է ազգային համախմբման»:

«Ազգ-Բանակ կոնցեպտի ձախողումը բխում է բոլոր հայատյացների շահերից»

Մտավորականն այս նախաբանից հետո՝ ուշագրավ վարկած է առաջ քաշում՝ պատմելով, որ տասը տարի առաջ հրավիրված է եղել մի միջոցառման, որտեղ էլ ներկաներից մեկը իր գրող լինելու մասին իմանալով, մի պահ լրջացել ու քիչ անց, ներկաներից թույլտվություն խնդրելով, իրեն դուրս  է հրավիրել. «Նա ինձ մանրամասը պատմեց Չարենցի գնդակահարության ու թաղման վայրի մասին: Ես շատ էի լսել նման պատմություններ, այս մեկը բոլորովին այլ էր: Հիշյալ անձնավորության բարեկամը աշխատել է բերդում: Վաղ առավոտյան ժամը 5-ի մոտերքը նրան կանչում եւ հրահանգում են, որ բակում կանգնած հացի մեքենան պետք է Հրազդան տանի: Հրազդանն անցնում են եւ դեպի Չարենցավան գնացող ճանապարհին կարգադրում են կանգնել, չնայած իրենց բոլորի աչքերը կապում են, բայց Չարենցի ձայնն ու խոսելաոճը նա փակ աչքերով էլ զգացել է: Հենց այդտեղ էլ, ըստ պատմիչի՝ թաղված է Չարենցը: Մոտավոր տեղն ինձ հայտնի է, բայց արդյոք գիշերը չէին տեղափոխել արդեն մեռած Չարենցի դին…»:

Ռ. Ասատրյանը նաեւ նշում է, որ ցավոք սրտի, երկու վկաներն էլ չկան արդեն ու հարց է հղում. «Մի՞թե չի լինելու այն մեկը, որ հետեւողականորեն արտաշիրիմում անի եւ նրա ԴՆԹ-ի միջոցով գտնի մեծ պոետի օրհնյալ մասունքները, քանի դեռ ժառանգները մեր կողքին են»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА