ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

13.03.2018 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Աչքներս լույս, կարելի է չոփը մտցնել պատի մեջ` ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԸ չեզոք տոնով նորմալ բան է գրել. «Բարսելոնայի» հռչակավոր ֆուտբոլիստ եւ մարզիչ, ներկայումս Անգլիայի առաջնության առաջատար «Մանչեսթեր Սիթիի» ղեկավար Պեպ Գվարդիոլան տուգանվել է 20 հազար փաունդով Կատալոնիայի անկախության խորհրդանիշ դեղին ժապավեն կրելու պատճառով: Դա համարվել է սպորտի հետ անհամատեղելի քաղաքական ցույց: Գվարդիոլան վճարել է տուգանքը, բայց չի պատրաստվում թաքցնել Իսպանիայից անկախանալու կատալոնացիների ցանկությանն իր աջակցությունը»: Զարմանալի է, ինչպես պատահեց, որ Խզմալյանը հանկարծ մոռացավ իր աչքի գրող ռուսների ու, առավել եւս, Վլադիմիր Պուտինի մասին վատ բան ասել...

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ հիմա անդրադառնանք ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ աղմուկ հանած գրքին: Պատգամավոր Միհրան Հակոբյանը իրավացիորեն նշում է. «Մ. Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք: Վրաստանի դասերը Ուկրաինայի ապագայի համար» գիրքը ֆաստ ֆուդի նման մի բան է` համով, բայց որակը` խիստ կասկածելի: Գիրքը կարդացի մեկ շնչով, 24 ժամվա ընթացքում: Ի դեպ` առաջին դեպքն է, երբ բնօրինակով (ռուսերեն) չեմ կարդում, եւ պետք է նշեմ, որ թարգմանիչը շատ լավ է աշխատել»: Այո, թարգմանիչը լավ է աշխատել. իսկ այնուհետ պատգամավորը թվարկում է, թե ինչպիսի զարմանալի մտքի գոհարներ կան Միշիկոյի գրքում: Առաջին ապշեցուցիչ բանն այն է, որ Սահակաշվիլու համար պետական ղեկավարի իդեալ ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ Եվրոպայի առաջնորդներն են, այլ` ոչ ավել, ոչ պակաս` Էրդողանը: Իսկ հաջորդ  ապշեցուցիչ միտքն այն է, որ Վրաստանը հաղթել է Ռուսաստանին, քանզի ռուսական զորքերը չէին գրավել Թիֆլիսը եւ կանգնել վրաց մայրաքաղաքից 15 կմ հեռավորության վրա: Դե ինչ, զարմանալով հանդերձ, մնում է Ալիեւին իմաց տալ, թող գոնե Սահակաշվիլուց սովորի, թե ինչը համարել հաղթանակ:

Իսկ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ գտնվում է արտերկրում, եւ դրա վերաբերյալ պարզաբանում տալիս ԱԻՄ մամլո խոսնակ Գագիկ Սարուխանյանը հետեւյալ զարմանալի միտքն է արտահայտում. «Այդ մարդն այնքան հանրաճանաչ մարդ է, որ ցանկացած իր շարժը ինչ-որ մի տեղ արդեն քաղաքական է, ինքն իր անձնական գործով մտնում է խանութ, արդեն նա քաղաքական դեմք է, որտեղ էլ մտնում է, իր հարցերը, մարդկանց հետ շփումը, ինքը աշխարհի որ ծայրում էր լինի, իր այցելությունը չի կարող լինել անձնական: Բայց ես ձեզ ասեմ, որ ինքը գրքի շնորհանդեսի առումով էլ է արտասահմանում, դա ռուսալեզու գիրք է»: Պատկերացնո՞ւմ եք, ստացվում է, որ Հայրիկյանի անգամ շնչել-արտաշնչելը, հաց ուտելը նույնպես քաղաքական գործընթաց են:

ԶԱՐՄԱՆՔ

Ի՞նչ եք կարծում, ո՞վ է մեր երկրում իսկական ընդդիմադիրը: Պարզվում է, որ դա ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ է, եւ այդ գյուտն արել է Գալուստ Սահակյանը: Եվ նա կարոտով հիշեց. «Այն ընդդիմությունը, որ ես տեսել եմ ժամանակի ընթացքում, այսօր այդ ընդդիմությունը չկա: Ընդդիմադիր ճամբարի հիմնական գործիչը Վազգեն Մանուկյանն էր, այդ ժամանակ ընդդիմություն կար: Որ ամեն ինչ մի կողմի վրա դրված էր` պաշտոն, մոտեցումներ, հետագա ճակատագիր, մարդիկ ընդդիմադիր պայքարում էին, եւ ես Ազգային ժողովում էի: Եւ ես տեսել եմ այդ պայքարը: Այսօրվա ընդդիմությունների հիմնական մասը նախ եւ առաջ արտասահմանյան տարբեր կազմակերպությունների անդամ են դառնում եւ հետո գալիս ընդդիմություն են դառնում: Ընդդիմության ճամբարը ստեղծեց Վազգեն Մանուկյանը եւ լավ ընդդիմություն պահեց»: Դե ինչ, զարմանալով հանդերձ մնում է միայն համաձայնել Գալուստ Գրիգորիչի հետ, որ այսօրվա ընդդիմությունը պիտանի չէ ո՛չ բնությանը, ո՛չ մարդկությանը:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА