ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹՐԱՄՓԸ ՍԿՍՈՒՄ Է ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏ՝ ՏՆՏԵՍԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՔՈՎ

13.03.2018 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԹՐԱՄՓԸ ՍԿՍՈՒՄ Է ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏ՝ ՏՆՏԵՍԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՔՈՎ

Ռուսական նոր զինատեսակների թեման ակնհայտորեն դառնում է ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների հիմքերից մեկը: Համենայնդեպս, ամերիկյան պետական առանցքային կառույցներից այս օրերին հնչեցված հայտարարությունները նման ենթադրության հիմք տալիս են:

ՈՒՐ ԿՏԱՆԵՆ ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ ԱՄՆ-Ի ՍԿՍԱԾ ՆՈՐ ԳԵՐՍՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԼԱՆՍԸ

Այսպես, ռուսական նորագույն հրթիռների մասին առաջին դեմքերի մակարդակով պաշտոնական գնահատականներ տվեցին նաեւ Պենտագոնն ու Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ): Նախ՝ ինչպես ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսի, այնպես էլ ԿՀՎ Մայքլ Պոմպեոյի խոսքի ամենաառանցքային միտքն այն է, որ նրանք երկուսն էլ կասկածի տակ չեն դնում այդ զինատեսակների առկայության իսկությունը: Դա է վկայում Մետիսի այն միտքը, թե՝ ՌԴ նախագահի ասածը իրեն չի զարմացրել, այսինքն՝ գիտեր այդ մասին: Եվ հենց նույն խոսքերն օգտագործեց նաեւ Պոմպեոն. «Նրա ելույթում ԱՄՆ հետախուզական համայնքին զարմացնող որեւէ բան չկար»:

Բայց ահա այս երկու պաշտոնյաների հաջորդ մտքերում որոշ հակասություններ նկատվում են: Այսպես, Պենտագոնի ղեկավարը պնդում է, թե նոր հրթիռներից առանձնապես վախենալ պետք չէ. «Ես չեմ տեսնում, որ նրանք կարող են փոխել ռազմական հավասարակշռությունը: Նրանք որեւէ ազդեցություն չունեն մեր կողմի վրա՝ զսպման դիրքորոշման փոփոխության հարցում»: Իսկ ահա ԿՀՎ տնօրեն Մայքլը վստահություն է հայտնում, որ Վաշինգտոնը «պատշաճ պատասխան կգտնի»: «Մենք ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության մեր գործընկերների հետ հետեւում ենք այս ամենին, ուստի մեր ամերիկացիները պետք էկարողանան վստահ լինել, որ մենք շատ լավ հասկանում ենք Ռուսաստանի՝ սպառազինությունների ոլորտում ծրագրերի էությունը եւ հասկանում ենք, թե ինչպես պաշտպանել ամերիկացիներին սպառնալիքներից»: Այսինքն, եթե Վաշինգտոնը դեռ նոր պետք է «պատշաճ պատասխան գտնի», դա նշանակում է, որ Մոսկվան, այնուամենայնիվ, ամերիկյան պատասխանի ունակ ձեռքբերումներ ունի, այսինքն՝ կոնկրետ ուղղությամբ առնվազն մեկ քայլ առաջ է անցել: Այդ դեպքում ո՞ւր մնաց «ռազմական հավասարակշռության» պահպանման մասին Պենտագոնի ղեկավարի վստահությունը: Լավ, եթե անգամ այդ հավասարակշռությունը չխախտվի, ապա մեկ է, Մետիսը, ըստ էության, հայտարարում է, որ ռազմական առումով ԱՄՆ-ն ու ՌԴ-ն հավասարակշռված դիրքերում են:

«Ջորջ Սորոսը եւ Դոնալդ Թրամփն անձնական թշնամիներ են». Սուրեն Սարգսյան

Եվ դա այն դեպքում, երբ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մինչ վերջերս ԱՄՆ-ի բացահայտ ռազմական առավելությունը ոչ մեկը չէր էլ մտածի կասկածի տակ առնել: Ընդ որում, այդ ընդգծված ռազմական առավելությունն էր, որ ԱՄՆ-ի համար ստեղծել էր նաեւ ընդգծված աշխարհաքաղաքական առավելություն, համաշխարհային հեգեմոնիա: Եվ հիմա, երբ անգամ ամերիկյան ամենակոմպետենտ պաշտոնյաներն են խոսում ռազմական հավասարակշռությունից, ապա դա արդեն իսկ վկայում է գլոբալ իրողությունների արմատական փոփոխությունների մասին: Իհարկե, այդ փոփոխությունները, բացի վաշինգտոնյան էլիտայից, վաղուցվանից էին բոլորը տեսնում: Սակայն այս փուլում էականն այն է, որ այդ հանգամանքի մասին խոսում են նաեւ Վաշինգտոնում, այն էլ՝ ռազմական եւ հետախուզական ամենաառանցքային գերատեսչությունների ղեկավարների մակարդակով: Իսկ դրանից հետո բնական է, որ նույն տեսակետը սկսում է արմատներ գցել նաեւ քաղաքական էլիտայի մոտ: Համենայնդեպս, այն բանից հետո, երբ ՌԴ նախագահի հայտնի ելույթից հետո, ռուսական տարբեր պատկան աղբյուրներ սկսեցին աստիճանաբար շրջանառության մեջ դնել նոր զինատեսակների մասին տարբեր մանրամասներ, այդ թվում՝ փորձարկումների տեսագրություններ (օրինակ, նախօրեին ի հայտ եկավ հիպերձայնային «Դաշույն» հրթիռի փորձարկման տեսագրությունը), ամերիկյան մի շարք սենատորներ եւ կոնգրեսականներ սկսեցին նաեւ պաշտոնապես խոսել ռուսների հետ գլոբալ պայմանավորվածություններ ձեռք բերելու հրատապության մասին:

 

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՆՈՐԻՑ ԴԵՄՔՆ Է ՓՐԿՈՒՄ

Այն մասին, որ ամերիկացիներն իրոք սկսում են գնալով էլ ավելի լուրջ վերաբերվել այս նոր իրողություններին, հուշում է նաեւ փաստը, որ Վաշինգտոնը թեժ ուղղություններում այս օրերին փորձում է առնվազն էլ ավելի չսրել Մոսկվայի հետ հարաբերությունների սուր անկյունները: Մասնավորապես` Սիրիայում. հիշեցնենք, որ Դամասկոսի արվարձանային Արեւելյան Գուտայի գոտու ազատագրման օպերացիայի մեկնարկի պահին շատ արեւմտյան աղբյուրներ ակնարկում էին, որ ԱՄՆ-ը, Ասադի կողմից քիմիական զենք օգտագործելու պատրվակով, ծավալուն հարվածներ կհասցնի սիրիական բանակին: Սակայն Գուտայում սիրիական բանակի հարձակումը հաջողությամբ շարունակվում է: Ներկայումս ոչ միայն այդ գոտում կեսից ավելին բանակային ուժերը վերահսկողության տակ են առել, այլ նաեւ՝ դեռ գրոհայինների ձեռքին մնացած տարածքները բաժանել են երեք մասի, եւ սկսվել է այդ մեծ օպերացիայի վերջին փուլը: Մինչդեռ Պենտագոնը քիմիական զենքի պատրվակով սիրիական ուժերին հարվածելու փոխարեն, ի դեմս Մետիսի, ընդամենը պահանջում է Դամասկոսից «հետագայում զերծ մնալ քիմիական զենքի օգտագործումից», թե չէ՝ «ռազմական պատասխան կլինի»: Այդ «պատասխան կլինին» արդեն նմանվում է «դեմքը փրկելուն», հաշվի առնելով, որ եթե հնարավորություն լիներ, այս պահին էլ այդ «պատասխանը կլիներ»: Նկատի ունենք, որ մինչ ռուսական նոր զենքի մասին հայտարարությունը, ԱՄՆ-ն ու ՌԴ-ն արդեն հասցրել էին միմյանց նկատմամբ նույնիսկ ավիացիոն հարվածների դիմել, ինչը նշանակում էր լարվածության վերին մակարդակ: Իսկ ներկայիս փաստը, որ Վաշինգտոնն այդպես էլ որեւէ կերպ պրակտիկորեն չմիջամտեց Արեւելյան Գուտայի օպերացիային, պարզ ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն արդեն սկսում է շատ ավելի զգուշորեն վերաբերվել ՌԴ-ի հետ առնվազն ռազմական հարաբերությունների հետագա սրմանը:

Նոր խաղաքարտ Իսրայելի հակաթուրքական զինանոցում

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ

Ասվածը չի նշանակում, որ կթուլանան նաեւ ռուս-ամերիկյան քաղաքական բախումները: Բայց այստեղ էլ Վաշինգտոնի վիճակը բարդացել է նրանով, որ օրակարգում է հայտնվել նաեւ Եվրոպայի հետ ծանր բախումների մեջ մտնելու ռեալ հեռանկարը:

Այսպես, մարտի 9-ին Թրամփը վերջապես ստորագրեց այն հրամանագիրը, որով ԱՄՆ պողպատ եւ ալյումին ներմուծելու համար սահմանվում է համապատասխանաբար 25 եւ 10-տոկոսանոց մաքսատուրքեր: Հիշեցնենք՝ ԵՄ-ն զգուշացրել էր, որ իր նկատմամբ եւս այդ մաքսատուրքերի կիրառման դեպքում պատասխանը չի ուշանա: Ճիշտ է, հրամանագրի ստորագրումից հետո էլ դեռ չի բացառվում, որ դրա կիրառումը ԵՄ երկրների նկատմամբ կկասեցվի, սակայն Թրամփը նման պահանջ է դրել. «Եվրամիությունը, հրաշալի երկրները, որոնք առեւտրի մեջ ԱՄՆ-ին շատ վատ են վերաբերվում, բողոքում են պողպատի եւ ալյումինի սակագներից: Եթե նրանք ԱՄՆ-ից ներմուծվող արտադրանքի համար հանեն իրենց հրեշավոր պատնեշները եւ սակագները, ապա մենք ի պատասխան կչեղարկենք մերը: Մեծ դեֆիցիտ է: Եթե ոչ, մենք հարկեր կսահմանենք ավտոմեքենաների եւ այլ ապրանքների համար»: Այսպիսով, Թրամփը ԵՄ-ից պահանջում է՝ լիովին բացել իր սահմաններն ամերիկյան ապրանքների առաջ` սպառնալով հակառակ դեպքում լիովին փակել ամերիկյան սահմանները եվրոպական ապրանքների առաջ: Շրջանցելով տնտեսական նրբերանգները` նկատենք, որ դա ԵՄ-ի համար տնտեսական խարակիրիի պես մի բան կդառնա, որին ոչ մի պարագայում եվրոպական լիդերները չեն գնա: Կարճ ասած, ԵՄ-ԱՄՆ տնտեսական պատերազմը գրեթե անխուսափելի է, որը, թերեւս, չի կարող նաեւ քաղաքական պատերազմի չհասցնել: Թե ինչու է Թրամփն այս ծայրահեղ քայլերին գնում, դժվար չէ հասկանալ. ամերիկյան տնտեսությունը վերջին երկու տասնամյակներին գրեթե կորցրել է իր իսկ սեփական շուկան: Արդյունքում, արդեն նաեւ ամերիկյան իրական տնտեսությունն էր արագացող տեմպերով հեռանում ԱՄՆ-ից՝ կամաց-կամաց տեղ գտնելով արտադրանքի ցածր ինքնարժեք եւ մրցունակություն ապահովող այլ տարածաշրջաններում: Իսկ Թրամփը հիմա գնում է գրեթե միակ հնարավոր քայլին. մաքսատուրքերի հաշվին բարձրացնում է ցածր ինքնարժեք ունեցող ներմուծվող ապրանքների գները՝ փորձելով ամերիկյան արտադրանքին սեփական շուկայում դարձնել մրցունակ: Միայն թե իր այս քայլով նա  հարվածում է ոչ միայն ԵՄ-ին, այլ նաեւ մյուս տնտեսական առաջատարներին եւ, առաջին հերթին՝ Չինաստանին: Այսպիսով, խոսքն արդեն ոչ թե միայն ԱՄՆ-ԵՄ, այլ՝ ԱՄՆ-ի եւ մնացած աշխարհի միջեւ տնտեսական պատերազմների հեռանկարի մասին է: Կարճ ասած, Երրորդ աշխարհամարտ՝ տնտեսաքաղաքական տեսքով: Թե ի՞նչ հաշվարկներ ունի Թրամփը, ինչքանո՞վ դրանք կարդարանան, ի՞նչ գլոբալ տնտեսական հետեւանքներ են լինելու, ժամանակը ցույց կտա: Սակայն մեկ բան էս գլխից է տեսանելի. իր այս քայլով Թրամփը նաեւ խորքային քաղաքական բախման է գնում ողջ աշխարհի հետ: Ընդ որում, ռազմական բացահայտ առավելության պարագայում միգուցե Վաշինգտոնի համար նման ծանր բախումն արդարացված լիներ. ի վերջո, ռազմական անգամ սպառնալիքը տնտեսական բազում հարցեր կարող էր լուծել: Բայց երբ կա ՌԴ-ի հետ առնվազն «ռազմական հավասարակշռություն», ռազմական գործիքից օգտվելն ԱՄՆ-ի համար արդեն խնդիր կլինի:

Հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА