ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանը պարզապես փափագում է գրավել Մեղրիի միջանցքը

13.03.2018 14:53 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Ադրբեջանը պարզապես փափագում է գրավել Մեղրիի միջանցքը

Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ զինում եւ մարտական վիճակում է պահում Նախիջեւանի բանակը, ինչը վերլուծաբանների կարծիքով`մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՅԱՆԸ անդրադառնալով նախիջեւանյան կողմից եկող վտանգներին, փաստեց, որ ադրբեջանական կողմը չի թաքցնում, որ այսօրվա դրությամբ Նախիջեւանը դառնում է ռազմավարական մի կետ, այն հիմնական ուղին, որտեղից սկսվելու է թուրքական աշխարհի միավորումը: Ըստ նրա, 100 տարի առաջ հայկական հողերը պարզապես հանձնեցին Ադրբեջանին, իսկ Թուրքիան 12 կմ միջանցք գնեց Պարսկաստանից , որի արդյունքում այսօր Նախիջեւանի հետ ունի ընդհանուր սահման. «Այն զորավարժությունները, որոնք այսօր տեղի են ունենում Նախիջեւանում, իրականացվում են Թուրքիայի զորքերի հետ համատեղ: Այնտեղ կուտակված է թուրքական լուրջ զինուժ: Քաղաքականությունում ոչինչ պատահական չի լինում: Մեր աչքի առաջ իրադարձություներ են զարգանում Աֆրինում, Թուրքիան Սիրիայի կառավարությանը չի հարցրել, որպեսզի ներխուժի նրա սահմաններից ներս եւ իրականացնի այն գործողությունները, որոնք իրեն անհրաժեշտ են: Գրեթե համոզված եմ, որ Թուրքիան գաղտնի համաձայնության է եկել Ադրբեջանի կառավարության հետ, թե ինչ են անելու, եթե հանկարծ ստեղծվի ֆորս մաժորային իրավիճակ եւ Արցախում սկսվեն զորավարժություններ կամ ռազմական գործողություններ»,-փաստեց Արամ Սարգսյանը եւ ընդգծեց, որ այդ դեպքում չի բացառվում, որ ադրբեջանական զորքերը Նախիջեանի կողմից հարձակվեն Հայաստանի վրա: Արամ Սարգսյանի խոսքով` Ադրբեջանը պարզապես փափագում է գրավել Մեղրիի միջանցքը, որով իսկապես կսկսվի թուրքական աշխարհի ձեւավորումը, որի հետեւանքով  Հայաստանը, այդ թվում` աշխարհը կունենան մեծ գլխացավանք.«Պատահական չէ, որ այս պարագայում գերտերություններն ավելի շատ ըմբռնումով են մոտենում Հայաստանի դիրքորոշումներին, սակայն սա բավարար չէ, քանի որ ՀՀ իշխանությունները, հատկապես արտաքին գործերի նախարարությունը որեւէ ձեւով չի արձագանքում այն ամենին, ինչ կատարվում է Նախիջեւանի տարածքում: Կարող եմ ենթադրել, որ մեր հատուկ ծառայություններն ինչ-ինչ քայլեր ձեռնարկում են, բայց պետք է աշխարհն իմանա նաեւ այն մասին, թե ինչ է անում մեր ԱԳՆ-ն»,-ընդգծեց Ա. Սարգսյանը: Նա նաեւ հիշեցրեց 2016 թվականի ապրիլի պատերազմը, որը տեղի ունեցավ ագրեսոր Ադրբեջանի պատճառով, սակայն աշխարհը հայտարարեց, թե ստեղծված վիճակի համար մեղավոր են, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը: Այս պարագայում Արամ Սարգսյանը կարծում է, որ թշնամուն նախապես պետք է ասել, որ տեղյակ են թե վերջինս ինչ է պատրաստվում անել եւ դիմել համապատասխան մարմիններին` ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին: Դեմակրատական կուսակցության նախագահի կարծիքով`ՀՀ իշխանությունները պետք է դիմեն նաեւ ՀԱՊԿ-ին, քանի որ այստեղ խոսքը վերաբերում է Հայաստանի տարածքին ու անվտանգությանը.«Միայն այս պարագայում մենք կարող ենք խոսել այն մասին, որ Հայաստանը համարժեք պատասխան է տալիս այն գործողություններին, որոնք  տեղի են ունենում Նախիջեւանում»,-եզրափակեց Արամ Սարգսայնը:

«Մեջքիս կոտրվածքն այնքան ցավ չի պատճառում, ինչքան փշրված հավատս»

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА