ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ոչ ոք հետաքրքրված չէ, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ պայմանավորվածություններ ձեռք բերվեն»

09.03.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ոչ ոք հետաքրքրված չէ, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ պայմանավորվածություններ ձեռք բերվեն»

Թուրքմենչայի պայմանագրի կնքման 190-ամյակի առթիվ Երեւանում եւ Գյումրիում այս օրերին տեղի ունեցած միջոցառումների շրջանակում Հայաստանում էր ԵՏՄ ինստիտուտի գլխավոր տնօրեն, քաղաքական վերլուծաբան ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՊԵԽԻՆԸ: «Իրավունքն» առիթ ունեցավ նրա հետ զրուցելու վերջին քաղաքական զարգացումների եւ ՌԴ-ում ու ՀՀ-ում սպասվելիք առաջիկա ընտրությունների մասին: 

«Սասուն Միքայելյանն իմ մարտական ընկերն է, բայց իր ասածը միանշանակ սխալ է»

«2018-Ի ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ԴԵՐ ՉԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ»

–Վլադիմիր Անատոլեւիչ, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում նախընտրական շրջան է: Ըստ Ձեզ, առաջիկա ռուսաստանյան նախագահական ընտրություններն ի՞նչ փոփոխություններ կարող են բերել:

– Ըստ իս, 2018 թվականի փոփոխություններում ընտրությունները հատուկ դեր չեն կատարում: Հաշվի առնելով Վ. Պուտինի բավական բարձր վարկանիշը` այս ամենը նմանվում է ոչ այնքան ընտրության, որքան իր լիդերության երկարացման լեգիտիմացման: Այնպես որ, նրան ոչինչ չէր խանգարում ե՛ւ այս ընտրություններից առաջ, ե՛ւ այս ընտրություններից հետո` ինչ-որ որոշումներ ընդունել: Այս տրամաբանությունը որեւէ կապ չունի ընտրությունների հետ եւ պայմանավորված է արտաքին ու ներքին քաղաքականությամբ: Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, իհարկե, պետք է ընդունել որոշումներ, որոնք թույլ կտան տնտեսությանը դուրս բերել ծանր իրավիճակից եւ ապահովել զարգացման ավելի բարձր տեմպեր, լուծել սոցիալական խնդիրներ եւ այլն: Մյուս կողմից էլ արտաքին քաղաքական խնդիրներն ավելի ակտուալ են հանրության լայն շրջանակների համար, օրինակ, Սիրիայում տիրող իրավիճակի համար ցավում է ամբողջ Ռուսաստանի բնակչությունն այնպես, ինչպես կվերաբերեր հենց ՌԴ-ում տեղի ունեցող դեպքերին: Նույնն էլ կարելի է ասել ուկրաինական դեպքերի մասին, որովհետեւ Ռուսաստանում գրեթե բոլորն ունեն բարեկամներ, այնտեղ շատերը հենց ծնունդով են Ուկրաինայից: Դրա համար արտաքին քաղաքականությունը մեզ համար կարեւոր է: Այս առումով Վ.Պուտինն իր վերջին ուղերձում եւս մեկ անգամ հաստատեց, որ Ռուսաստանի քաղաքականությունը ռազմավարական բնույթ ունի, եւ եթե ազգային շահին ու երկրի անկախությանը պետք լինի, հարցերը կլուծվեն անգամ ռազմական ճանապարհով, ինչն էլ, ըստ էության, Ռուսաստանն անում է: Հետեւաբար, հատուկ փոփոխություններ սպասել պետք չէ, դրանք զուտ պայմանավորված են լինելու աշխարհում կատարվող փոփոխություններով: Այս գործընթացները կապված են ձեւավորվող բազմավեկտոր աշխարհով ու այդ աշխարհում ձեւավորվող սուբյեկտներով: Իսկ այդ բազմավեկտոր աշխարհը առանձնանում է ամերիկյան ժողովրդավարությունից նրանով, որ ոչ թե պետք է լինի մեկ, այլ մի քանի սուբյեկտ: Դրանք են Եվրոպան, որը պետք է ազատվի ԱՄՆ Պետդեպի ճնշումներից, հենց ինքը` Հյուսիսային Ամերիկան, Չինաստանն ու Եվրասիական տնտեսական միությունը: Այսօր տեղի է ունենում աշխարհի լիդերների փոփոխություն, դեռեւս նախորդ տարվանից այդ լիդերությունը որքան էլ չի հանրահռչակվում, ստանձնել է Չինաստանը: Իհարկե, նա չի հավակնում իր դերակատարությունն ընդգծել քաղաքական առումով, բայց ակտիվ է տնտեսական ոլորտում: Մենք եւս կողմ ենք բազմավեկտոր աշխարհին, մեզ ավելի ձեռնտու է հանրապետական Թրամփը, քան ամերիկյան դեմոկրատները, սատարում ենք Եվրոպայի առաջընթացը` ԱՄՆ պետդեպից դեպի անկախություն, եւ հատկապես, Գերմանիային, որը ձգտում է դրա տակից դուրս գալ: Հետեւաբար, բազմավեկտոր քաղաքականության հաստատումը եթե արագ ընթանա, եւ օրինակ, ճգնաժամ սկսվի ԱՄՆ-ում, եւ նա ստիպված լինի դուրս գալ Մերձավոր Արեւելքից, սա հնարավորություն կտա ՌԴ-ին զբաղվել ներքին գործերով` կրթությամբ, առողջապահությամբ եւ այլ ոլորտներով: Այդ թվում նաեւ տնտեսությամբ եւ նախարարական պորտֆելների փոփոխությամբ:

«էդ որ ասում եք՝ երկրապահը վարկաբեկված է, արդեն մոռացա՞ք մեր փառավոր անցյալը»

«ՌԴ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ` ԱՆԿԱԽ ՆՐԱՆԻՑ` ՈՎ Է ՀԱՂԹԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ»

–Անդրադառնանք նաեւ հայաստանյան ընտրություններին` արդեն ունենք նոր նախագահ, շուտով տեղի կունենա նաեւ ՀՀ վարչապետի ընտրությունը: Այս ամենը որքանո՞վ իր ազդեցությունը կունենա հայ-ռուսական հարաբերությունների, ԵԱՏՄ պլատֆորմի վրա:

– Իրականում Ռուսաստանը չէ ԵԱՏՄ եւ ԱՊՀ երկրների քաղաքականությունը ձեւավորողը: Ճիշտ հակառակը` Ռուսաստանն ասում է, որ բոլոր երկրներն ազատ են իրենց ընտրություններում: Ոչ մի ՌԴ քաղաքական գործիչ դուրս չի գալիս ընդդեմ երկրների ներքին քաղաքականության: Ավելին` ամենուր ՌԴ-ն համագործակցում է ոչ թե ինչ-որ քաղաքական ուժերի, այլ պետությունների հետ, այսինքն` ղեկավարող էլիտայի` անկախ նրանից, թե ով է հաղթել ընտրություներում: Եթե Հայաստանում ղեկավարում են հանրապետականները, Ռուսաստանն ուղղակի սատարում է երկրի կայունությանն ու անկախության պահպանմանն ուղղված քայլերին: Խնդիրներ են առաջանում միայն այն ժամանակ, երբ երկրում քաղաքական էլիտաները փորձում են հանդես գալ ոչ թե իրենց անկախության պաշտպանությամբ, այլ իրենց զարգացման ուղին փոխելու ուղղությամբ, ինչպես եղավ Մերձբալթիկայում եւ Ուկրաինայում: Վաղուց հայտնի է, թե ինչպես է ղեկավարվում Մերձբալթիկան, այնտեղ արտաքին ուժերի կողմից երկրի ղեկավարումն այնքան ակնառու է, որ օտար երկրի քաղաքացիները դառնում են ղեկավար: Բայց նույնիսկ այդ իրավիճակում Ռուսաստանը բավական համբերատար է` մինչեւ այն ժամանակ, երբ սկսվում է լրիվ բաց ռազմական գործողություններ, ընդ որում` ոչ Ռուսաստանի նախաձեռնությամբ: Հետաքրքիր օրինակ է նաեւ Ղազախստանը, որի համար Ռուսաստանն առաջին տեղում չէ, այլ նրանց համար առաջին հերթին կարեւոր է բազմավեկտոր քաղաքականությունն ու հարաբերությունները Արեւմուտքի, Չինաստանի հետ: Իսկ Ռուսաստանը երրորդ տեղում է ոչ թե նրա համար, որ տնտեսական առումով կարեւոր չէ, այլ` որ համբերատար է եւ նրա հետ կարելի է պայմանավորվել ամեն ինչում, չգիտեմ` ցավոք, թե` հուրախություն ամենքի:

«ԱՄՆ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ԱՄԵՆ ԿԵՐՊ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԻՐ ԳԻՐԿԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ»

–Ալիեւի իշխանությունը Ադրբեջանի նախագահական ընտրությունները մոտ 6 ամսով առաջ տեղափոխեց` այն ավելի մոտեցնելով ՌԴ-ում եւ ՀՀ-ում տեղի ունեցող երկրի ղեկավարների ընտրությանը: Ձեր գնահատմամբ` ինչո՞վ է սա պայմանավորված:

ԵԿՄ-ում Մանվել Գրիգորյանի լիազորությունները կասեցվեցին. թեժ բանավեճ ազատամարտիկների միջեւ

– Սա պայմանավորված է ներքին եւ հարավում տեղի ունեցող վիճակով: Խնդիրն այն է, որ Մերձավոր Արեւելքում ամեն րոպե կարող է իրավիճակ փոխվել: Իսկ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը, եւ ընդհանրապես` երկրի վիճակն ուղղակիորեն կապված է Թուրքիայի արտաքին քաղաքականությամբ: Թուրքիան հիմա գտնվում է շատ ծանր իրավիճակում. մի կողմից` նա իրեն պահում է բավական անկախ, որոշ հարցերում համագործակցում է Ռուսաստանի եւ Իրանի հետ, մյուս կողմից էլ գտնվում է կոալիցիայի մեջ` ԱՄՆ-ի գլխավորությամբ: Սա ամերիկացիներին ձեռք չի տալիս, դրա համար նրանց աջակցությամբ` 2016 թվականին հեղափոխության փորձ կատարվեց: Միացյալ Նահանգները փորձում է ամեն գնով վերադարձնել Թուրքիային իր գիրկը եւ նորից կախվածության մեջ գցել, բայց Թուրքիան դեռ դիմադրում է: Կարծում եմ` ամերիկացիներն օգտագործում են քրդերին, որ ինչ-որ կերպ շանտաժ անեն Էրդողանին: Ուստի` եթե ենթադրենք, որ ԱՄՆ-ին կարող է հաջողվի կոտրել Թուրքիայի ղեկավարությանը, որը կչեղարկի ՌԴ-ի հետ որոշ համաձայնություններ ու նորից կանցնի պրոամերիկյան կոշտ քաղաքականության, սա կնշանակի, որ փոփոխություն պետք է տեղի ունենա Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ: Այդ թվում անդրադարձ կլինի Արցախյան հիմնախնդրին: Այսինքն` նպատակահարմար չի լինի Ադրբեջանի նախագահական ընտրություններն անցկացնել հոկտեմբերին` քաղաքական ոչ կայուն իրավիճակում: Բացի այդ, նույն կերպ էլ Արեւմուտքի կողմից կա նախատեսված պլան Ադրբեջանի համար: Եվրոպացիներին չի հաջողվում վերահսկել Ադրբեջանին, թեպետ բազմաթիվ այցեր եղան վերջին շրջանում: Դրա համար իրենք շատ լավ հասկանում են, որ ընտրություններ կատարելու համար հիմա ամենահարմար ժամանակն է:

«ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ԼՐԻՎ ԻՄԻՏԱՑԻԱ Է ԵՎ ՁԵՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

–Այս շրջանում շատ է խոսվում այն մասին, որ Սերժ Սարգսյանը` ՀՀ վարչապետի պաշտոնում, Ալիեւը` Ադրբեջանի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո հնարավոր է Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցություններ վերսկսեն: Ի՞նչ կասեք այս մասին:

– Հնարավոր է, բայց որտե՞ղ է այն հիմնական շարժառիթը, որ բանակցությունները կարող են վերսկսվել: Միայն նրա համար, որ Հայաստանում հայտնվել է նոր նախագա՞հ: Ալիեւի վերջին հայտարարությունը` կապված իր նախընտրական քարոզարշավով, բավական տհաճ էր, եւ թեպետ վերաբերում էր իր  էլեկտորատին, բայց, համենայնդեպս, չեն հուշում, որ նա պատրաստ է զիջումների: Հայաստանում էլ չեմ տեսնում նման շարժառիթ: Իրավիճակը բոլորովին անկայուն է: Որպես շարժառիթ կարող էր լինել միջնորդ երկրների դերակատարությունը, որոնք հետաքրքրված են ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններով ու փոխզիջումներով: Իսկ միջնորդների երկու տարբերակ կա` տարածաշրջանային ուժերը` Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան, որոնցից պարզ է, որ Թուրքիան երաշխավոր է կանգնելու Ադրբեջանին, Ռուսաստանն ու Իրանն էլ` Հայաստանին, բայց դրա համար պետք է ընդհանուր փոխըմբռնում եւ պատասխանատվություն, ինչը հեռու է այսօրվա վիճակից: Իսկ երկրորդ տարբերակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որը լրիվ իմիտացիա է եւ ձեւականություն: Այնտեղ ոչ ոք հետաքրքրված չէ, որ ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչը կնպաստի լարվածության թուլացմանը: Ըստ իս, բոլորը հետաքրքրված են նրանով, որ այս լարվածությունը ձգվի ինչքան հնարավոր է երկար, որովհետեւ դրանով կարելի է մանիպուլիացիայի ենթարկել երկու կողմերին էլ: Կարելի է Հայաստանին ինչ-որ բաներ խոստանալ, հետո միեւնույն ժամանակ, Ադրբեջանին: Ու սա անվերջանալի խառնաշփոթ է, որը երկու երկրների էլիտաների մի հատվածին շարունակում է դուր գալ, որովհետեւ գնում են ԱՄՆ, Բրյուսել, իբրեւ բանակցում են, այսինքն` միշտ կա առիթ գործուղման մեկնելու: Այնպես որ, իրավիճակը սովորականներից չէ:

«Ազատ խոսքի իրավունքի իրացումը ներկայումս խիստ ճնշումների է ենթարկվում»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА