ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

09.03.2018 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Մարտի 8-ը ամբողջ աշխարհում է մարտի 8, ու բացառություն չէ նաեւ Եվրոպան: Ինչքան էլ զարմանալի լինի, ԵՎՐՈՊՈԼԸ գլխավորելու է Բելգիայի ոստիկանության տնօրեն Կատրին դե Բոլլը: Սա առաջին դեպքն է, երբ եվրոպական ոստիկանությունը կին է գլխավորում: Նշվում է, որ դե Բոլլը 2017 թվականի դեկտեմբերին ընտրվել է այդ պաշտոնում առաջադրված 28 թեկնածուներից, իսկ մարտի 8-ին Եվրոպայի խորհուրդը հաստատել է նրա նշանակումը: Այնպես որ, թեեւ կին ոստիկանները Եվրոպայում այնքան էլ սիրուն չեն, այնուամենայնիվ, այսուհետ եվրոպական ոստիկանությունն ունենալու է կանացի դեմք:

ԶԱՐՄԱՆՔ

Որ  «Ելքը» ոչ միայն չի կատարել իր խոստումը` դառնալ մեկ կուսակցություն, այլեւ Նիկոլ Փաշինյանի երեսից պառակտման եզրին է, դա հանրահայտ է: Բայց ինչքան էլ զարմանալի լինի, պատգամավոր ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԸ շատ լավատես է «Ելքի» ապագայի վերաբերյալ. «Գալով մեկ կուսակցության գաղափարին` ասեմ, որ նախկինից նման փորձ ունենք, հանձին ՀԱԿ-ի, երբ դաշինքը փլուզվեց, ու ստեղծվեց մեկ կուսակցություն: Բայց այսօր «Ելքը» ուժեղ դաշինքի շատ լավ օրինակ է: Մեր ներսում լինում են ակտիվ քննարկումներ, դրանք նոր բան չեն, միշտ եղել են, մեր աշխատանքի ընթացքում ինքներս տեսնում ենք, որ տարաձայնություններ ունենք մարտավարական քայլերի շուրջ: Շատերն են զարմանում, որովհետեւ մեր քաղաքական մշակույթում նման բան չկար, որ քաղաքական ուժը ինքն իր ներսում այդպես ակտիվ բանավիճի ու հետո գտնի արդար լուծումներ: Սա այն մշակույթն է, որն իր հետ բերեց «Ելքը»: Բայց բանավեճերի հետ մեկտեղ, մեր ներքին մթնոլորտը շատ աշխատանքային է, իսկ մեր բոլորի նպատակը նույնն է, համարում ենք, որ այսպես բանավիճելով ու ընդհանուր հայտարարի գալով` կստանանք արդյունավետ աշխատանք: Մենք չենք անի այնպիսի քայլեր, որոնք կհանգեցնեն կա՛մ արհեստական միավորման, կա՛մ փլուզման: Թե՛ մեկը, թե՛ մյուսը «Ելքին» չի սպառնում, քանի որ այս դաշինքը արհեստականորեն ստեղծված միավոր չէ: Իսկ ձեր հիշատակած առակի հերոսների տխուր ճակատագիրը մեզ, վստահաբար, բաժին չի ընկնի, նման մտահոգություն պետք չէ ունենալ: Ավելին, վստահ եմ, որ այդպես մտածողները որոշ ժամանակ անց հաճելիորեն կզարմանան, թե որքան ուժեղ է «Ելքը»:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ զարմանալիորեն հենց մարտի 8-ին աղմուկ է դրել, իբր թե Մարտի 8-ի կապակցությամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանի ավագանու ՀՀԿ եւ «Ելք» խմբակցությունների իգական սեռի ներկայացուցիչներին շնորհավորական բացիկ ու բանկային վիզա- քարտեր է նվիրել, իսկ «Երկիր ծիրանիի» անդամներին` ոչ: Բայց պարզվում է, որ Զարուհին եւ յուր «ցոգոլները» այդ նվերները չեն ստացել, քանի որ չէին եկել: Երեւանի քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը հայտնեց, որ որեւէ խտրականություն չի կատարվել: Ըստ նրա` քանի որ բանկային քարտերը անվանական են, քաղաքապետարանի աշխատակիցները դրանք տվել են նրանց, ովքեր այդ պահին գտնվել են քաղաքապետարանում: «Ովքեր տեղում են եղել, բոլորին տրամադրվել է»:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА