ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ», ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՆՑՈՒՄԸ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

09.03.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ», ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՆՑՈՒՄԸ ԵՎ  ԱՐՏԱՔԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

Ինչպես հայտնի է, փետրվարի վերջին եւ մարտի սկզբին արեգակնային ակտիվության շնորհիվ Երկիր մոլորակում մոլեգնում էին մագնիսական փոթորիկները: Թերեւս, նաեւ դա էր դրդել որոշ քաղաքական գործիչների, որպեսզի ոչ ադեկվատ հայտարարություններով հանդես գան: Բայց այդպիսի երեւույթներ մինչեւ ամսվա վերջ էլի կլինեն, քանզի, ըստ աստղագետների` մարտի 15-ից 22-ը եւ մարտի 26-ին էլի են լինելու մագնիսական փոթորիկներ:

ԻՆՉՈՒ ԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԹԱՎՇԱԿՐՈՆ ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԸ

 

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՄԲԻՈՆԸ ՖԵՅՍԲՈՒՔ ՉԷ

Այդ միտքը հնչեցրել է ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սաղաթելյանը: Նա դա ասել էր, երբ ընդդիմադիրները բուռն բողոքում էին կառավարության նիստերի դռնփակ լինելու հանգամանքից: «Տարիներ առաջ նմանատիպ, անգամ շատ ավելի ծավալուն ու տեւական քննարկումներ տեղի են ունեցել Մերձբալթյան երկրներում, հատկապես Լատվիայում, որտեղ առաջարկ հնչեց նիստերը դռնբաց անցկացնելու մասին: Բանավեճը հասավ նրան, որ խոշորագույն տեղեկատվական գործակալություններից մեկը հարցում կատարեց այլ երկրներում գտնվող Լատվիայի բոլոր դիվանագիտական կառույցներին, որպեսզի իմանան, թե այդ երկրների փորձն ինչպիսին է: Պարզվեց, որ գրեթե բոլոր երկրներում կառավարության նիստերը դռնփակ են: Արձագանք եղավ Չեխիայից, Դանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Շվեդիայից, ինչպես նաեւ Լիտվայից եւ Էստոնիայից»,- նշեց պատգամավորը: Արման Սաղաթելյանը նաեւ հավելեց. «Այդ դեպքում հարց` ի՞նչ տեղեկատվություն է հավելյալ ստանում հանրությունը` ի՞նչ գույնի փողկապ է կապել վարչապետը, ո՞ր նախարարը փռշտաց, եւ որը ում ինչպես բարեւեց, արդյո՞ք դա սոցիալապես անհրաժեշտ տեղեկատվություն է, կարծում եմ` ոչ: Արդյոք դա պետք է տեղի ունենա հարկատուի հաշվին` միանշանակ ոչ, այնպես որ, բոլոր շահարկումները այս հարցի վերաբերյալ անտեղի են»:

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ 3 ԱՄՍՈՒՄ ՉԿԱՍԵՑՐԵՑ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ

 

Դե, բնականաբար, ամենից շատ աղմկողը «Ելքն» է: Նիկոլ Փաշինյանը նույնիսկ գլուխ գովեց, որ իր` Ազատության հրապարակ գործուղվելու դեպքում, եթե «ժողովրդի կամքը» նույնքան հստակ արտահայտված լինի, ինչ 2008-ին, ապա անձամբ ինքը ստանձնում է «իշխանափոխության երաշխավորի» դերը: Բայց, այնուամենակնիվ, քվեարկությունները, որոնք վերաբերում են սահմանադրական անցման ապահովմանը, բավականին հարթ են ընթանում: Սակայն, օրինակ, երբ քվեարկվում էր կառավարության կառուցվածքին ու գործունեությանը վերաբերող  եւ կից օրենքների փաթեթը, դրա դեմ ընդվզեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը. «Մի փաթեթում 55 օրենք է ներկայացված, նույնիսկ այդ փաթեթում օրենքների մի մասը այլ կոդավորում ունի: Սա իրականում նախատեսված է եղել երկու փաթեթում ընդունել: Կարծում եմ`  անընդունելի է եւ հակասում է ժողովրդավարական սկզբունքներին այսպիսի տեմպով, այսպիսի ծավալուն ու հիմնարար օրենքներ ընդունելը: Մենք դեմ ենք քվեարկելու»: Փաթեթը, սակայն, ընդունվեց 63 կողմ, 32 դեմ քվեներով:

Խոշոր հաշվով, իր պոպուլիստական «իշխանափոխիչ» նախաձեռնության հիմքում «Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ» պայքարող Նիկոլ Փաշինյանը հենվում է այն թեզի վրա, որ Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ավարտից` ապրիլի 9-ից մինչեւ վարչապետի ընտրությունը որոշակի «պատուհան» կա, եւ իբր թե այդ մի քանի օրը կարելի է օգտագործել իշխանափոխիչ գործողությունների համար: Բայց նույն Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ապահովել անգամ «Ելք» դաշինքի միասնական մասնակցությունը փողոցային գործողություններին, եւ դա արդեն ստեղծել է «Ելքի» պառակտման ռեալ սպառնալիք: Ի դեպ, նույն փողոցային գործողությունների վրա հույս է դրել եւ Ժիրայր Սէֆիլյանի զինակից Ալեք Ենիգոմշյանը, ով նույնիսկ հույս է հայտնում, որ իր նախաձեռնության կողմից նշանակված առաջին հանրահավաքին կգա եւ կմասնակցի Նիկոլ Փաշինյանը: Բայց ընդհանուր առմամբ, մեր արմատական ընդդիմությունը կանգնած է  լուրջ եւ ելքեր չապահովող երկընտրանքի առաջ: Մի կողմից` անգամ միավորման դեպքում ընդդիմադիրները չեն կարողանում ապահովել փողոցային բողոքների բավարար հզորություն` հեղաշրջում կամ մայդան իրագործելու համար, էլ չասած, որ միավորումն էլ չի ստացվում: Մյուս կողմից` օդի ու ջրի պես անհրաժեշտ է նոր որակի ընդդիմություն ստեղծել, բայց այդ ուղղությամբ էլ նրանք փակուղում են: Ինչպես դիպուկ նկատեց Գալուստ Սահակյանը. «Ընդամենը մարդկանց հավաքում են, հետո նույն ձեւով գնում տուն: Մեր ժողովուրդն ընդդիմադիր ժողովուրդ չի, նա ուզում է լավ ապրել, իր սառնարանում լիքը ապրանք լինի, տնեցիք լավ ապրեն: Սա է մեր ժողովրդի վիճակը: Ժամանակը ցույց տվեց, որ փողոց դուրս գալով` որեւէ բանի չի հասնելու»:

ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԳԵՐՈՒՀԻՆԵՐԸ»

 

ՍՊԱՍԵՆՔ ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 17-Ը

ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց, որ մինչեւ մարտի վերջ ՀՀԿ-ն չի պատրաստվում քննարկել վարչապետի, փոխվարչապնետերի կամ նախարարների թեկնածությունները: «Ինչպես նախկինում ասել եմ, ՀՀԿ-ն, հաշվի առնելով Հայաստանի  Հանրապետության քաղաքացու, ՀՀ ազգային պետական շահը, կառաջադրի վարչապետի պաշտոնում այն թեկնածուին, որը, ըստ մեզ ու հասարակության լայն խավերի, կարող է լավագույնս իրականացնել  Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնում: Անուն-ազգանուն այս պահին չկա: Շատերը հարցնում են, թե ինչու ենք դանդաղում:  Մենք չենք դանդաղում, անում ենք ճիշտ ժամանակին, միգուցե դուք եք շտապում: Պետք չի շտապել, դանդաղ շտապեք, մենք ամեն ինչ կքննարկենք, երբ որ գա ժամանակը»,- ասաց նա:

Իսկ նոր վարչապետի ընտրությունը լինելու է, ամենայն հավանականությամբ, ապրիլի 17-ին: Այդ դեպքում հարց` ինչպե՞ս են մարտ ամսվա ընթացքում նիկոլականները պատրաստվում պայքարել կոնկրետ թեկնածուի` Սերժ Սարգսյանի դեմ, եթե պաշտոնապես մինչեւ ապրիլ որեւէ առաջադրում չի լինի:

Անշուշտ, բոլորն էլ համոզված են, որ վարչապետ լինելու է Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ականներն էլ ասում են, որ այլ թեկնածու չեն էլ տեսնում. բայց ինչ-ինչ խաղեր լրատվական դաշտում շարունակվում են: Շահարկումները շարունակվում են եւ Արմեն Սարգսյանի լեգիտիմության շուրջ, թեեւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մանրամասն բացատրեց, թե ինչու են այդ պնդումներն ամբողջովին սնանկ: Ճիշտ է, «Ելքը» արդեն կարծես թե մոռացել է Արմեն Սարգսյանի հարցը, բայց քարոզչամիջոցներն ու Զարուհի Փոստանջյանը շարունակում են: Բայց միաժամանակ ընդդիմության որոշակի հատված էլ եւ մի շարք ՀԿ-ներ ահավոր նեղվել են այն բանից հետո, երբ Վահրամ Բաղդասարյանը` որպես ՀՀԿ խմբակցության ղեկավար, բավականին կոշտ արձագանքել էր կոռուպցիայի մասին ԱՄՆ դեսպանի հայտարարություններին: Զորօրինակ, նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը մի ամբողջ լեկցիա է գրել` ի պաշտպանություն Ռիչարդ Միլսի եւ վերջինիս ասածների: Ճիշտ է, ՀՀԿ-ականները փոքր-ինչ լրացուցիչ «փափկացնող» պարզաբանումներ են տվել, այդ թվում` եւ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի մակարդակով, բայց, կարծում ենք, դա էլ չէր լինի, եթե այս պահին ՀՀ-ԱՄՆ խորհրդարանական բարեկամության խումբը գտնվելիս չլիներ ԱՄՆ-ում: Իսկ ԱՄՆ-ն այն ուղղությունն է, ուր համագործակցությունը, քաղաքագետ Սուրեն Սարգսյանի դիպուկ բնորոշմամբ, բավականին թույլ հիմքերի վրա է գտնվում:

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՍՏՎԱՐԱԹՂԹԵ ԹՈՒՐԸ ԵՎ ԲՀԿ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

 

ԴՐՍԻՑ ԵԿՈՂ «ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ» ԲՆՈՒՅԹԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

Այն, որ մեր երկու հարեւանները` Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց բնույթը չեն փոխում, կարծում ենք, կրկնելն ավելորդ է: Ու այս տարի եւ հետագա տարիներին մեր պետությունն ունի ոչ այնքան ներքին ապակայունացնող մարտահրավերներ, որքան` արտաքին աշխարհից: Մաքուր միջնադարյան բնույթի վարվելակերպ եւ մենթալիտետ ունեցող  Թուրքիան, այժմ չբավարարվելով Աֆրինի քրդերի դեմ կռիվներով, մտադիր է երկրորդ ճակատ բացել Իրաքի Քրդստանում, իսկ դա սպառնում է, որ այդտեղ կարող է կրկնվել մինչ այդ «Իսլամական պետության» կողմից իրականացվող ցեղասպանությունը: Իսկ այդ տարածքները մեր սահմաններից ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր են հեռու: Ու նաեւ հենց Մերձավոր Արեւելքը կարող է դառնալ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կատաղի բախումների թատերաբեմ, որը  սպառնում է Երրորդ աշխարհամարտով: Ու երկու գերտերությունների առաջնորդների բավականին հաճախակի կոշտ հայտարարությունները առանձնապես հանգիստ կյանք չեն խոստանում: Եվ, ի դեպ, ինչ-ինչ դրսեւորումներում նույն ամերիկացիները նույնպես միջնադարյան վարքագիծ են ի ցույց հանում: 21-րդ դարում, ի շարս տնտեսական պատժամիջոցների, նաեւ ակնարկել, որ Ռուսաստանին կարող են զրկել համաշխարհային ինտերնետից, դա մաքուր միջնադար է: Պատահական չէ, որ ՌԴ նախագահի ինտերնետի զարգացման գծով խորհրդական Գերման Կլիմենկոն օրերս հայտարարեց, որ Ռուսաստանը տեխնիկապես պատրաստ է իր համացանցը տեղափոխել լրիվ ավտոնոմ աշխատանքի` առանց արտաքին համաշխարհային ինտերնետի հետ կապ ունենալու: Այդ պաշտոնյան չթաքցրեց, որ անշուշտ, դա ՏՏ ոլորտում աշխատող որոշ ընկերությունների վնաս կհասցնի, քանզի դրսում տվյալներ պահողներ կան: Իսկ մեզ այդ խնդիրը վերաբերում է այնքանով, որ նույն բարձր տեխնոլոգիաների արագորեն զարգացող եւ մեր երկրի համար հեռանկարային ճյուղի համար նույն  Ռուսաստանը շատ կարեւոր շուկա է, եւ եթե Ռուսաստանին զրկեն համաշխարհային համացանցից, դա, բնականաբար վնաս կհասցնի նաեւ մեզ: Եվ դա, եթե զուտ տնտեսապես ենք նայում: Մինչդեռ առանձին մեծ թեմա է եւ այդ հարցի քաղաքական ասպեկտները:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА