ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սումգայիթի «Խաղաղության փողոցը» մեկ ժամով Ռուսական թատրոնի բեմում էր

07.03.2018 22:10 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՄԳԱՅԻԹ 30
Սումգայիթի «Խաղաղության փողոցը» մեկ ժամով Ռուսական թատրոնի բեմում էր

Օրերս Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված` «Խաղաղության փողոցի վրա» փաստավավերագրական ներկայացման առաջնախաղը: Թեպետ ներկայացումը բեմադրված էր իրական փաստերի հիման վրա, բայց բեմում դերասանները ոչ միայն չոր փաստեր էին փոխանցում դեպի դահլիճ, այլ յուրաքանչյուր կերպար վերապրում էր իր հերոսի հետ կատարվածը:

16-ամյա հայ մոդելը՝ ռուսական պոդիումում. կայացավ «Էստեթ նորաձեւության շաբաթը»

«ԱՆՑՅԱԼԻ ԴԱՌԸ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԶ ՄՈՏ ՅՈՒՐՈՎԻ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ»

Ներկայացման երիտասարդ բեմադրիչ ՆՈՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ շեշտում է, որ դերասանների համար այս ձեւաչափը փորձության պես մի բան էր. «Բեմում մարդիկ են, որոնք ոչ թե հենց այնպես գալիս ու պատմություններ են պատմում, այլ փորձում են վերապրել իրենց հետ կատարվածը: Այն շատ օրգանական է նայվում բեմում: Իմ նպատակը չէր բեմում փաստեր ներկայացնել ու ցույց տալ այն ամենը, ինչ կատարվել է 30 տարի առաջ: Այն, ինչ եղել է, սարսափելի է եղել, ու դու չես կարող այն բեմում ցույց տալ: Անցյալի դառը հիշողությունները մեզ մոտ յուրովի են ներկայացվում` մեկը երաժշտության միջոցով է վերհիշում եղածը, մյուսը` թղթի կտորի, մյուսը` երեխային գրկելով կարոտն առնում, որը մահացել է...»:

«ՉԵՆՔ ԹՈՂՆԻ ՄՈՌԱՆԱԼ ՍՈՒՄԳԱՅԻԹՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾԸ»

Թատրոնի տնօրեն, դերասան ՖՐԵԴ ԴԱՎԹՅԱՆՆ «Իրավունքին» ասաց, որ տվյալ ներկայացումն այլ ֆորմատով չէր էլ կարող լինել. «Այս ոճրագործությունից անցել է 30 տարի, ու այն վտանգն ու ցավը, որ մենք տեսանք, հասկացանք բոլորով միասին` անմոռանալի է: Հաճախ էի մեր թատրոնի կամ իմ շրջապատում եղած երիտասարդներին հարցնում, թե ինչ գիտեն Սումգայիթում տեղի ունեցած մասին, պարզեցի` գաղափար չունեն, թե ինչ է կատարվել 30 տարի առաջ: Փաստորեն` տարիները աշխատեցին, որ մարդկանց հիշողությունից ջնջվի, մոռացվի ան անմարդկային իրադարձությունները, որոնք կատարվում էին Սումգայիթում, Բաքվում... Որպես քաղաքացի դա անթույլատրելի համարեցինք եւ որպես ավագ սերունդ մեր պարտքը համարեցինք, որ մեզնից հետո եկող սերունդների մեջ, ոչ թե ներշնչել թշնամություն, այլ` ամենակարեւոը, որ երբեք չմոռանալ կատարվածը:  Ինչպես ներկայացման ավարտին հերոսներից մեկն է ասում իր ավարտական խոսքում` մենք չենք մոռացել տեղի ունեցածը եւ ձեզ, համենայնդեպս այս ներկայացումով, չենք թողնի մոռանալ»,- շեշտեց Ֆրեդ Դավթյանն ու կարեւորեց այն հանգամանքը, որ ներկայացման մեջ զբաղված է թատրոնի երիտասարդ կազմը. «Կարեւոր է, որ ներկայացման հիմնական կազմը երիտասարդներ են, այսինքն` երիտասարդներին իրենց սերնդակիցների միջոցով ենք փոխանցում այն ոճրագործությունը, որը եղել է 30 տարի առաջ Սումգայիթում»:

Այսօր Արմեն Սարգսյանի ծննդյան օրն է. նախագահը 65-ամյակը կտոնի ընտանեկան միջավայրում

Ըստ Ֆ. Դավթյանի` թատրոնի երջանկահիշատակ ու երկարամյա գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը սրտատրոփ էր սպասում այս ներկայացմանը, քանի որ դուստրը` Նորան, բեմադրության մեջ անդրադառնում է Սումգայիթում տեղի ունեցած ոճրագործության ամենախոշոր դեպքերին ու իրադարձություններին, որոնք ադրբեջանցիները կատարել են հայ բնակչության հանդեպ. «Սումգայիթում եղել է Խաղաղության փողոց, որի շրջակայքում էլ հայեր շատ են բնակվել, դրա համար էլ ներկայացումը «Խաղաղության փողոցի վրա» կոչեցինք»:

«ԺԱՄԱՆԱԿՆ Է` ՆՈՐ ՍԵՐՆԴԻՆ ՀԻՇԵՑՆԵՆՔ ԱՅԴ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

Ներկայացմանը մշակույթի գործիչների ու հանդիսատեսի շարքերում էր նաեւ ՀՀ մշակույթի նախարար ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԸ, որն ավարտին դժվարացավ ներկայացմանը որակում տալ. «Չգիտեմ ինչպես անվանել այս ամենը` վավերագրություն, վավերագրական ներկայացում, թե պարզապես հոգու կանչ` բարձրաձայնելու այն մարդկանց ու մեր հայրենակիցների ողբերգությունը, որ տեղի ունեցավ երեք տասնամյակ առաջ: Թերեւս, այսօր ժամանակն է, որպեսզի մեր նոր սերնդին հիշեցնենք այս ողբերգության մասին: Հիշեցնենք, որ  մեր հայրենակիցները, ապրելով այս ողբերգությունը, այնուամենայնիվ, իրենց մեջ պահեցին բարեկամության, հարազատության ու հաշտության հույս ու հավատը: Կարծում եմ` այսօր Ալեքսանդր Սամսոնիչը կհպարտանար իր դստերով: Հայտնի  ճշմարտություն է, որ մենք քնում ենք մարմնով, եւ մեզ արթնացնում է Աստված: Այսօր Աստված Ալեքսանդր Սամսոնիչին արթնացրեց հրեշտակների գրկում»,- ասաց նախարարն ու Ալ. Գրիգորյանի ուշացած պարգեւը փոխանցեց նրա ընտանիքին. «Ցավում եմ, որ չկարողացանք անցյալ տարի սեպտեմբերի 21-ին Ալ. Սամսոնիչին հանձնել ՀՀ նախագահի բարձրագույն պարգեւը. վատառողջ էր, պայմանավորվեցինք, որ կառողջանա եւ հերթական բեմադրության ժամանակ, Թատրոնի միջազգային օրը, կամ` որեւէ ներկայացման ժամանակ ՀՀ նախագահը կհանձնի այս պարգեւը, չստացվեց... Ուստի որոշեցինք, դստեր ներկայացման պրեմիերային էլ հանձնել այն ընտանիքին»:  

«Հայ մոդել երեխաներն, իսկապես, հիանալի են». Երեւանում էր ռուս դիզայներ Ալյոնա Ստեպինան

«ԱՅՍ ԹԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ ԳՐԵԼԸ, ԿԱՐԴԱԼԸ ՀԵՇՏ Է, ՄԱՏՈՒՑԵԼՆ Է ԴԺՎԱՐ»

Գրող, հասարակական, քաղաքական գործիչ, ԽՍՀՄ, ապա նաեւ ԼՂՀ գերագույն խորհրդի պատգամավոր ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԸ, ով եղել է 1988 թվականին  ծավալված ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից ու գաղափարախոսներից մեկը ներկայացման ավարտին «Իրավունքի» հետ զրույցում շեշտեց, որ սյուժեն շատ բարդ է. «Այս թեմայի մասին գրելը, կարդալը հեշտ է, բայց դա մատուցելն է դժվար: Սկզբում թերահավատություն, մտավախություն կար, թե գուցե այն չի լինի ներկայացումը, բայց համենայնդեպս, ուրախ եմ, որ ստացվել է, շնորհավորում եմ թատրոնին որ նման ներկայացում բեմադրեցին ու այս ցավոտ թեման վեր հանեցին: Սյուժեն շատ բարդ է, որովհետեւ այստեղ կան նատուրալիզմին վերաբերող հարցեր, որը պիտի  կարողանաս շրջանցել: Բայց այս թեման, ավաղ, մեզ այնքան ծանոթ է, որ սկսում ես արդեն մտածել` գուցե նույնիսկ այդ նատուրալիզմը քիչ է, գիտակցելով, թե թշնամին ինչպիսի գազան է: Առհասարակ այս թեմաներով ֆիլմ նկարելը կամ ներկայացում բեմադրելը շատ դժվար է, ինչպես օրինակ մենք չունենք հոյակապ նյութ` կապված Հայոց ցեղասպանության հետ: Այո, շատ են փորձել, շատ են արել, բայց չկա մեկը, որ դառնա համաշխարհային»:

Ի դեպ, մարտի 16-ին ներկայացման հաջորդ ցուցադրության վաճառված տոմսերից ստացված հասույթը թատրոնը կուղղի Ստեփանակերտի թատրոնի վերանորոգմանը:

Առավել մանրամասն` տեսանյութում.

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА