ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

07.03.2018 20:50 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք այն պատմությունը, թե ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԸ ինչպիսի հրճվանքով էր նկարագրում, որ ԱՄՆ դեսպան Միլսը իրեն դիտողություն էր արել` ընդունելությանը փողկապով գալու համար: Եվ հիմա Սաֆարյանը, զարմանալիորեն, նեղվել է, քանզի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԱՄՆ դեսպանին հիշեցրել է չափուսահմանի մասին: Արձագանքելով դեսպանի այն խոսքին, որ Հայաստանում կոռուպցիան շատ է խանգարում, նա ասել է. «Տեսեք եվրոպական երկրներում ինչեր են կատարվում, ԱՄՆ-ում նույնպես կոռուպցիոն ռիսկեր կան: Իհարկե, ես շատ լավ եմ վերաբերվում, որ անհանգստացած են մեզնով, մի քանի անգամ արձագանքել եմ պարոն Միլսին, իմ գոհունակությունն ու շնորհակալությունն եմ հայտնում, որ նա անհանգստացած է մեր երկրով: Բնական է, որ նա անհանգստացած է, որ իր պաշտոնավարման ժամանակ ինչ-որ արդյունքներ գրանցվեն, բայց դա նաեւ պետք է օրինակ ծառայի, յուրաքանչյուր երկրում նախ իրենց կոռուպցիան պետք է կրճատեն, հետո նոր գնահատական տան մեր երկրին»: Դե ինչ, լավ նախադեպ է, եթե ՀՀ-ում տեղն են դնում ամենահզոր գերտերության դեսպանին, ապա այլ երկրների ներկայացուցիչներին տեղը կդնեն եւ կդնեն:

ԶԱՐՄԱՆՔ

Հայրենի կառավարությունը վերջին նիստում ընդունեց որոշում, որը հաստատ մեր ազգաբնակչության սրտով է: Առողջապահության փոխնախարար ՍԱՄՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ  ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է ժամանակավորապես կասեցնել դեղերը դեղատոմսով վաճառելու մասին որոշումը: Բայց մի զարմանալի իրողություն հիշատակեց վարչապետ Կարեն Կարապետյանը. «Պարո՛ն Մարգարյան, խնդրում եմ` ուշադիր լինեք, ինֆորմացիա կա, որ արդեն էդ դեղատոմսերը դեղատների դեմը գրում, տալիս են, եւ դրա համար լրացուցիչ վճար կա: Շա՛տ ուշադիր եղեք, որպեսզի բուտաֆորիա չդառնա դա»: Այո, պարոն վարչապետ, վաճառում են եւ ոչ միայն դեղատների դեմը: Հայտարարությունների կայքերում էլ բացեիբաց դրված դեղատոմս վաճառելու հայտարարություններ կան:

Ինչպես հայտնի է, ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ իրականացրեց իր երազանքը, ընտրվելով Սահմանադրական դատարանի անդամ: Սակայն նա բավականին զարմանալի հայտարարություն արեց խորհրդարանում. «Ես ինձ քաղաքականության մեջ ինժեներ եմ համարում: Ես այս պահին այս ամբիոնից հայտարարում եմ, որ վերջակետ եմ դնում Հրայր Թովմասյանի` որպես քաղաքական գործչի կարիերային: Իսկ 27 դեմ ձայները կարող եմ դիտարկել այնպես, որ մարդիկ չեն ցանկանում, որ ես Ազգային ժողովից գնամ»: Հետաքրքիր է, այդ ովքեր են, որ շատ կտխրեն հրաժեշտի կապակցությամբ` «Ե՞լքը»: Օրինակ, պատկերացնո՞ւմ եք այս տեսարանը` որ Փաշինյանը թաքուն արտասվել է դրա կապակցությամբ:

Ինչպես հայտնի է, դատախազների դասի զգալի մասը, ինչպես նաեւ Արդարադատության նախարարության չինովնիկները ենթագիտակցական ձգտում ունեն, որպեսզի հեշտացվի մարդ կալանավորելու գործընթացը: Բայց զարմանալիորեն մեր օմբուդսմեն ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆՆ էլ մյուս ծայրահեղության մեջ է ընկնում` նա քիչ է մնում առաջարկի, որ ամեն մի դատապարտյալ դայակ ունենա, որպեսզի յուրաքանչյուրի հետ անհատական աշխատանք տարվի. «Հիմա գործող սկզբունքը սխալ է, ես անընդհատ ասում եմ` պետք է դատապարտյալին ազատ արձակման նախապատրաստել, որովհետեւ դա ճիշտ սկզբունք է` պայմանական վաղաժամկետ ազատ արձակման տեսանկյունից: Մենք մարդուն մեկուսացված պահում ենք երկար ժամանակ, սոցիալ-հոգեբանական բավարար աշխատանքներ չենք տանում իր հետ, չենք նախապատրաստում ազատ արձակման եւ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ժամանակ ասում ենք` դու պատրաստ չես ազատ արձակման»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА