ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԱՏՆՈՑԱԽԱՂԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

02.03.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԱՏՆՈՑԱԽԱՂԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բարձրագույն դատական խորհուրդն ընտրվել է եւ անգամ երդում է տվել, Հրայր Թովմասյանը բարեհաջող գնում է Սահմանադրական դատարան, իսկ այսօր կեսօրին էլ Արմեն Սարգսյանն ընտրված է լինելու ՀՀ չորրորդ նախագահ: Ամեն ինչ ընթանում է ըստ ժամանակացույցի, թեեւ «ֆորսմաժոր» ստեղծելուն լծվածներ կան ե՛ւ դրսում, ե՛ւ ներսում, սակայն նաեւ, մեղմ ասած, ոչ այնքան ազնիվ խաղեր են տեղի ունենում ընդդիմադիր ճամբարում: Կարճ ասած` ընդդիմադիր «մատնոց ֆռացնողներ» են հայտնվել:

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ 3 ԱՄՍՈՒՄ ՉԿԱՍԵՑՐԵՑ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ

 

ՈՎ Է «ԴԱՎԱՃԱՆԸ» ԵՎ ՈՒՄ Է «ԴԱՎԱՃԱՆԵԼ»

Սակայն վերադառնանք մի փոքր հետ` մինչ այն պահը, երբ Բարձրագույն դատական խորհրդի անդամները երդում տվին, իսկ Գագիկ Հարությունյանն էլ ոմանց նախանձը շարժեց` ընտրվելով ռեկորդային 96 կողմ, 2 դեմ քվեներով: Երդման արարողությունից հետո «Ելք»  խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իրեն հատուկ ոգեւորվածությամբ,  հայտարարեց, որ իրենց խմբակցության 7 անդամները դեմ են քվեարկել թե՛ Գագիկ Հարությունյանին եւ թե՛ Գեւորգ Դանիելյանին, ովքեր երկուական դեմ ձայներ էին ստացել: Նկատենք, որ հաշվիչ հանձնաժողովում «Ելք»-ի ներկայացուցիչը պատգամավորուհի Լենա Նազարյանն է, ով քվեարկությունից հետո դրել է իր ստորագրությունը նորմալ քվեարկություն անցկացնելու փաստաթղթի տակ եւ տվել իր համաձայնությունը բոլոր` դեմ, կողմ, անվավեր քվեաթերթիկների համար: Սակայն տիկին Նազարյանը եւս առանձնակի ոգեւորությամբ պնդում էր, որ չնայած դրել է իր ստորագրությունը, բայց հնարավոր է իրենից հեռու ինչ-որ բան է տեղի ունեցել:

«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վարման կարգով ելույթ ունենալիս արձանագրեց, որ իրենք եւս ունեն ներկայացուցիչ հաշվիչ հանձնաժողովում, եւ անհնար էր իրենց ներկայացուցչի աչքից վրիպեր այդ երեւույթը, ասել է թե, չփորձեք կասկածի տակ դնել իրենց խմբակցության արդարությունն ու թափանցիկությունը: Իսկ թե ինչով են հիմնավորում «ելքականները» իբր կեղծիք է տեղի ունեցել, դա ժողովրդի խոսքով ասած` «հորս արեւ» բանաձեւն է: Ըստ հաշվիչ հանձնաժողովում «Ելքը» ներկայացնող Լենա Նազարյանի` ինքը չի բացառում, որ հաշվարկի ժամանակ կողմերը դեմերով են փոխարինվել. «Երբ ինձ հայտնի դարձավ, որ առկա է երկու դեմ քվեաթերթիկ, անմիջապես տեղեկացրի իմ խմբակցության անդամներին, եւ նրանք էլ վերահաստատեցին, որ որոշումը պահպանված է, հետեւաբար կեղծիք է տեղի ունեցել»:

Դե, գողը բոլորից բարձր է գոռում` բռնեք գողին, իսկ մատնոց պտտեցնողը` աղաղակում կեղծիքի մասին: Ցանկացած ողջամիտ մարդու ակնհայտ է, որ իրականում «Ելք» խմբակցության մեծամասնությունը կողմ է քվեարկել, քանզի ակնհայտից էլ ակնհայտ է, որ քվեաթերթիկ փոխելը հաստատ ՀՀԿ-ին պետք չէր` առանց այդ էլ քվեներն առավել քան բավարար էին: Այնպես որ, «ելքիստները» թող իրենց ներսում «դավաճան» փնտրեն, ու չի էլ բացառվում, որ այդ երկու դեմ քվեները պատկանում են ոչ թե «Ելքին», այլ կարող են լինել եւ անձնական շատ վերաբերմունք ունեցող ՀՀԿ-ականներ: Ով գիտի, միգուցե, այդքան աղաղակող Նիկոլը ի՞նքն էլ էր կողմ քվեարկողների մեջ: Ի դեպ, ՀՀ նախագահի թեկնածուի ԱԺ-ում ներկայանալու ժամանակ թեկուզ բոլոր «ելքականները» կամ հարցերով, կամ ելույթներով քննադատել էին Արմեն Սարգսյանին, սակայն միայն  Նիկոլ Փաշինյանն էր իր խոսքը կառուցել շատ ագրեսիվ եւ վիրավորական:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ «ՊՂԾԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»

Ավելորդ չէ նշել, որ կան նաեւ փորձագետներ, ովքեր պնդում են, որ «Ելք»-ում քոչարյանական թեւ կա: Այսպես, քաղաքական մեկնաբան, բլոգեր Արթուր Դանիելյանը գրում է. «Փաստացի, ապրիլյան վերադասավորումներից հետո Սերժ Սարգսյանը կդառնա միանձնյա ղեկավար: Քաջ գիտակցելով սա` ներիշխանական այն էլիտաները, որոնք իրենց խոցելի են զգում, փորձելու են ընդվզել»: Նշելով, որ մարտի 1-ի վերաբերյալ ԱԺ նախագիծը ուղերձ է բոլոր նրանց, ովքեր «չեն պատրաստվում համոզել Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ», ու առաջին հերթին «գորշ կարդինալ Քոչարյանին», փորձագետն այնուհետ գրում է. «Այս կոնտեքստում մամուլում հայտնված արտահոսքերն առ այն, որ «Ելք» դաշինքի ներսում պառակտում է տեղի ունենում, պետք է դիտարկել որպես մի փոքր փոխհրաձգություն ընդհանուր ներիշխանական հրադադարի ռեժիմի խախտման ֆոնին: Ըստ այդմ, պետք չէ նաեւ զարմանալ, որ արտահոսքը կազմակերպել է «Ելքի» հենց քոչարյանական թեւը: Անշուշտ, հետաքրքիր կլինի հետեւել, թե ինչպես է Էդմոն Մարուքյանն ի վերջո վերաբերվելու Նիկոլ Փաշինյանի «գործուղմանը» Ազատության հրապարակ, սակայն, ամենահետաքրքիր մարտերն ինչպես միշտ սպասվում են ներիշխանական կուլուարներում»: 

Ինչ-ինչ ցնցումային իրադարձությունների մասին երազում են նաեւ տերպետրոսյանական ճամբարում, բայց սոսկ երազում են, քանզի ծերուկը առավել քան իրապաշտ է: Այսպես, ՀԱԿ-ին հարող հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը բարձրաձայն երազում է. «Ինչ վերաբերում է հրապարակի ամայությանը, ամայությունն ինձ չի մտահոգում: Եթե հիշենք 70–80 ական թվականները` խորհրդային վերջին տասնամյակը, ամեն ինչ ավելի դատարկ էր ու ամայի: Ահավոր ամայություն էր, լճացում էր, ու ամեն ինչ անհույս էր թվում, բայց 88-ը եղավ, չէ՞: Մարդիկ ոտքի կանգնեցին, խոսեցին, պահանջներ ձեւակերպեցին, առաջնորդներ ծնեցին եւ այլն»: Ավելին, ըստ Պասկեւիչյանի. «Այսօրվա վիճակը շատ նման է բրեժնեւյան լճացմանը, բայց դա իշխանությունների հոգսն է, դրա մասին թող իրենք մտածեն, քանի որ լճացումներին միշտ էլ պայթյունն է հաջորդում»: Ի դեպ, արդյո՞ք պատահական է, որ որոշ «ելքիստներ» նույնպես խոսում են «բրեժնեւյան լճացումից»:

ՆԻԿՈԼԻ ՉՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՆՑՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ

 

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԼՈՒՐՋ ԾՐԱԳՐԵՐ ՈՒՆԻ

Ինչ վերաբերում է ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, ապա նա հանդես եկավ բավականին ծանրակշիռ եւ հավակնոտ նախընտրական ծրագրով, ուր կային մի շարք կարեւորագույն շեշտադրումներ: Այսպես, նա բացատրեց, թե ինչ նկատի ուներ, երբ հանդիպումների ժամանակ հիշատակում էր քաղաքացիական հասարակությունը. «Ոչ թե քաղաքացիական հասարակություն, այլ քաղաքացիների հասարակություն»: Արմեն Սարգսյանը բացատրեց, որ քաղաքացիները իրենց քաղաքացիության մասին պետք է հիշեն ոչ միայն ընտրությունից ընտրություն, այլ` մշտապես, որ ռեալ խնդիրներ լուծելու համար պետք է ոչ միայն  պատասխանատու իշխանություն, այլեւ պատասխանատու քաղաքացիներ: Դե, ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի եւ «քեռի Սորոսի» ականջը կանչի` չէ՞ որ տիկին դեսպանը ժամանակին ասել էր, որ քաղաքացիական հասարակություն կա, եւ այն բաղկացած է Սորոսի գրանտներով սնվող ՀԿ-ներից: Իբր թե, այդ քաղաքացիական հասարակություն կոչեցյալը այնքան զորեղ է, որ կարող է «սարեր շուռ տալ», եւ հենց այդտեղից էր ծնվել քաղաքական ձախողակության էտալոնը` Րաֆֆի Հովհաննիսյանի 2013-ի «սարերը շրջելու» մասին կարգախոսը: Սակայն «սարերը շրջողները» ցույց տվեցին, որ ընդունակ են միայն գրանտ լափել, իսկ այդ գումարների մնացորդներն էլ օգտագործել իրավիճակն ապակայունացնելու եւ հանրային ճաշակը պղծելու վրա: Արմեն Սարգսյանի շեշտադրումներից մեկը կրթությունն էր, եւ նա բացեիբաց շատ բարձր գնահատեց խորհրդային կրթական համակարգը, ըստ էության հնչեցնելով հավակնություն` վերջ տալ Բոլոնիայի արատավոր համակարգին, որը, եթե առանց քաղաքական կոռեկտության արտահայտվենք, սոսկ «դեբիլներ բուծելու» համակարգ է, այլ ոչ թե կրթական համակարգ: Նաեւ նա չի մոռացել եւ սոցիալ-տնտեսական խնդիրները, կոռուպցիայի դեմ պայքարը, մատնանշել, որ շատ ուշադիր կարդալու է բոլոր օրենքները ստորագրելուց առաջ... Այսինքն` նա պարզ ասաց, որ չի պատրաստվում լինել «դեկորատիվ» նախագահ:

Ի դեպ, թե ինչ մեխանիզմով Արմեն Սարգսյանը պետք է դա անի` հնչեցրեց ՀՀԿ փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ  Արմեն Աշոտյանը. «Այդ տարածքը կարող է սահմանափակ թվալ, եւ ոմանք ասեն` այս նախագահից ի՞նչ է կախված որ… Իհարկե, այդ տարածքը սահմանափակ է, բայց Դուք, պարոն Սարգսյան, վստահ եմ, ծանոթ եք «Մանհեթենի էֆեկտին»` սահմանափակ տարածքի վրա կարելի է եւ խրճիթ կառուցել, եւ բարձրահարկ շենք: Ես մեծ հույս ունեմ, որ ձեր գործունեությամբ այդ տարածքը կդառնա Հայաստանի դեմոկրատական հերթական բաստիոնը, հերթական աշտարակը, որտեղից հնարավոր կլինի ապահովել սահմանադրական լիազորությունների լիարժեք օգտագործումը: Նման դեպքերում շատ բան կախված է թեկնածուից, շատ կարեւոր է, որ թեկնածուն կարողանա հավելյալ արժեք ստեղծել: Կան մարդիկ, որոնք կարող են լրացուցիչ հմայք ստեղծել պաշտոնի համար»:

17/77. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՑԱՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԹԵՍՏԸ

Սակայն կա մի ոլորտ, որի վերաբերյալ չափազանց շատ է խոսել Արմեն Սարգսյանը` Սփյուռքը: Այնուամենայնիվ, մեր սուբյեկտիվ կարծիքով, նրա ակնկալիքները Սփյուռքից փոքր-ինչ չափազանցված են: Բայց դա էլ ժամանակի ընթացքում հենց իրական կյանքի կողմից շտկումների կենթարկվի, իսկ եթե նրան հաջողվի, այնուամենայնիվ, այդ սպասելիքները վերածել իրականության` ավելի լավ:

Եզրափակելով թեման, այնուամենայնիվ, չենք կարող չհիշատակել ՀՅԴ-ի փոքր-ինչ տարօրինակ շեշտադրումները: Ինքը` Արմեն Սարգսյանը, քանիցս ասել է, որ օգտագործել էր «Չորրորդ հանրապետության առաջին նախագահ» բառակապակցությունը ալեգորիկ, այլ ոչ թե իրոք նոր հանրապետություն ստեղծելու իմաստով: Բայց ՀՅԴ-ն, կարծես թե, շատ է հավանում «Չորրորդ հանրապետություն» կատեգորիան, այն էլ դրա բուն` հեղափոխական իմաստով, այն նույն իմաստով, որ հնչեցնում էին սէֆիլյանականները: Հետաքրքիր է, իսկ արդյո՞ք դաշնակների մտքերը ծուռ չեն, ինչպես ծուռ են «Ելքի» մոտ: Եվ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած վաղեմի կապն այժմ չկա...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА