ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍՈՒՄԳԱՅԻԹԸ ՊԵ՞ՏՔ Է ՃԱՆԱՉԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

23.02.2018 22:40 ԶԱՐԿԵՐԱԿ
ՍՈՒՄԳԱՅԻԹԸ ՊԵ՞ՏՔ Է  ՃԱՆԱՉԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

4 օրից լրանում է սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցը: Թե իրավական առումով ինչ է տեղի ունեցել Սումգայիթում, ապա մասնագետների կարծիքով՝ նաեւ Բաքվում եւ ադրբեջանական այլ բնակավայրերում իրականացվել է հայերի նկատմամբ Ցեղասպանություն: Սակայն դա պաշտոնապես անգամ Հայաստանը դեռ չի ֆիքսել: Ի վերջո, սումգայիթյան ջարդերը պե՞տք է ճանաչել Ցեղասպանություն: Թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

«Սա այն իրավիճակը չէ, որ ԱՄՆ-ն ճանաչի Ցեղասպանությունը»

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԷԴԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ.

- Անշուշտ, այս դեպքերը պետք է ճանաչվեն Ցեղասպանություն, որովհետեւ Ցեղասպանություն եւ Ցեղասպանությունը իբրեւ հանցագործություն կանխարգելման մասին 1940 թվականի հատուկ բանաձեւում նշվում է, որ նույնիսկ էթնիկ զտումները համարվում են ցեղասպանություն: Կոնկրետ Սումգայիթի պարագայում միայն պաշտոնական տվյալներով տասնյակ զոհեր ենք ունեցել եւ 100-ից ավելի վիրավորներ, եւ սա հենց ցեղասպանության փաստարկ է: Երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ նույն դեպքերը տեղի են ունեցել Բաքվում, Մարաղայում, Կիրովաբադում: Մեր հիմնական նպատակը պետք է լինի՝ Ադրբեջանին, իբրեւ ցեղասպան պետության, կանչել պատասխանատվության: Այլ կերպ ասած՝ փաստերի հիմնա վրա պետք է դիմենք միջազգային ատյաններ: Մենք այսօր լսում ենք Ադրբեջանի անհիմն հայտարարությունները, թե իբրեւ Զանգեզուրը, Երեւանը ադրբեջանական տարածքներ են, եւ այդ հայտարարություններին զորավիգ է կանգնում Թուրքիան: Այսօր պետք է եւ այդ կապը ցույց տանք, որ թուրքական ձեռագիրն ադրբեջանական քաղաքականության վրա ամենուրեք երեւում է: Մեր դիվանագիտությունն այնքան ճկուն պետք է լինի, որ բանակցությունների ընթացքում կարողանանք Ադրբեջանին ներկայացնել՝ իբրեւ ցեղասպան պետություն: Սա կլինի Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու միջոց, եւ Շահումյանի խնդիրը բանակցություններում դնելու հարցում որոշակի հիմքեր կլինեն:

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող ՄԱՐԻԱՄ ԱՎԱԳՅԱՆ.

- Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը 1990 թվականի փետրվարի 13-ին, նախագահությամբ՝ Ոսկանյանի, քարտուղարությամբ՝ Ստեփանյանի, ընդունել է որոշում այն մասին, որ 1988-90 թվականներին ադրբեջանական ԽՍՀ տարածքում Ադրբեջանի իշխանությունների կողմից ազգությամբ հայ քաղաքացիների նկատմամբ իրականացվել է Ցեղասպանություն: Սրանից հետո պահանջ է ներկայացվում Մոսկվային, որպեսզի վերջինս ճանաչի 1988-90 թվականների հայերի կոտորածը՝ որպես Ցեղասպանություն: Այսինքն` որոշումը կա, եթե մեր Երրորդ հանրապետությունը Երկրորդ հանրապետության շարունակությունն է, ուրեմն այդ իրավական դաշտը փոխանցվել է իրեն: Եվ սխալ է, որ ամբողջ իրողությունից Սումգայիթը պոկում, առանձին են դիտարկում Բաքվի ջարդերը, երբ այդ ամենն ամբողջական էր եւ տոտալ որոշումների արդյունք: 

 Իրավապաշտպան ՆԱՐԵ ԱՐԱՄՅԱՆ.

- Սումգայիթում, Բաքվում Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացրած կոտորածը Ցեղասպանություն ճանաչելու առաջին փաստը հենց Սումգայիթն է, որն ունի ամբողջ փաստագրական հենքը: Միանշանակ՝ Սումգայիթը եւ այնտեղից  սկսած հայաթափման եւ հայերի նկատմամբ տեղի ունեցած բոլոր գործողությունները պետք է ճանաչվեն ցեղասպանական:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА