ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՉԵՆՔ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ՄԵՐ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԵՏՈ ԼԵԶՎԻՆ ԵՆՔ ՄԵՂԱԴՐՈՒՄ»

21.02.2018 22:50 ՄՇԱԿՈՒՅԹ
«ՉԵՆՔ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ՄԵՐ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԵՏՈ ԼԵԶՎԻՆ ԵՆՔ ՄԵՂԱԴՐՈՒՄ»

1999-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման եւ գործածության աջակցման: ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, իսկ պաշտոնական լեզուն՝ գրական հայերենը: Թեպետ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում ամրագրված է, որ ՀՀ տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն գրական հայերենն է, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, սակայն հաճախ ենք ականատես լինում, թե ինչպես են հեռուստահաղորդավարները աղավաղում դարերով պահպանված ու մեզ ժառանգված ոսկեղենիկ հայերենը, էլ չենք խոսում հեռուստասերիալների մասին, որտեղից գրեթե միշտ հնչում է ժարգոնը:

Յուրի Բաշմետին արդեն 12 տարի հայերի հետ կապում է Հրանտ անունով թոռնիկը

Բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն ՎԻԿՏՈՐ ԿԱՏՎԱԼՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում շեշտեց, որ մայրենիի աղավաղման համար մեղավոր ենք բոլորս:

 

«ՀԱՂՈՐԴԱՎԱՐՆԵՐԸ ԵԹԵՐՈՒՄ Ա ՕԺԱՆԴԱԿ ԲԱՅ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ»

Արդեն հաղորդավարները եթերում ա օժանդակ բայ են օգտագործում եւ խոսում են հայերենի անկատարության մասին: Եթերում խոսում են, թե ունենք լեզվամշակույթի անկում, բայց դա ոչ թե լեզվի, այլ հասարակության՝ մեր մեղավորությունն է, քանի որ լավ չենք սովորեցնում դպրոցում, յուրաքանչյուրս մեր լեզվի համար պատասխանատվություն չենք կրում, չենք վերահսկում մեր արտահայտությունները, մեր խոսքը, իսկ հետո լեզվին ենք մեղադրում: Լեզուն իր համակարգով, բառապաշարով շատ լավ էլ կա, մնում է մենք օգտագործենք եւ եթե կարող ենք` յուրաքանչյուրս զարգացնել:

 

«ԴԺՎԱՐԱՆՈՒՄ ԵՆ ԽՈՍԵԼ ԳՐԱԿԱՆ ԼԵԶՎՈՎ, ԱՍՈՒՄ ԵՆ՝ ՊԵՏՔ Է ՄՈԴԵՌՆԻԶԱՑՆԵԼ»

- Իսկ խանութների վրա գրված օտարալեզու անունների կամ դրանց անհասկանալի թարգմանված հայերենի մասին ի՞նչ կասեք:

- Խնդիրը էլի կապվում է լեզվամշակույթի եւ ազգային արժանապատվության հետ: Նախ այդ ցուցանակների հարցը, որ անընդհատ բարձրացնում են, դա չէ լեզվի խնդիրը, դա երկրորդական, երրորդական բան է, կարեւորը գեղեցիկ խոսքի տիրապետումն է, որ պետք է մարդն ունենա: Գրական լեզուն կա, պարզապես պետք է կարողանալ օգտագործել այն: Դրա համար դպրոցներում պետք է սովորեցնել ոչ միայն քերականական կանոններ, այլ նաեւ ձեւավորել խոսքի մշակույթ, ընթերցասիրություն, չէ՞ որ լեզուն կարդալով է գեղեցկանում: Ընդհանրապես, գրական լեզուն չի կարող խոսակցական մակարդակի լինել, հաճախ մոդեռնիզացում ասելով, մարդիկ դա նկատի ունեն, իրենք դժվարանում են խոսել գրական լեզվով, ասում են՝ պետք է մոդեռնիզացնել: Գրական լեզուն մշակված լեզու է՝ բարեփոխված, ընտրված, ընտիր ձեւերի գործածումով, բայց  պարտադիր չէ ամեն քայլափոխի օգտագործել այն:

Յուրի Բաշմետին հայ երաժշտասեր հանրությունը սպասել է հինգ տարի

«ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԺՈՂՈՎՐԴԻ ԼԵԶՎԱՄՇԱԿՈՒՅԹԸ»

- Այսինքն՝ ստացվում է` մայրենիի աղավաղման համար ե՛ւ հանրային մարդիկ են մեղավոր, ե՛ւ` ուսուցիչները:

- Բոլորս ենք մեղավոր, որ չենք վերահսկում մեր խոսքը՝ երբ հրապարակային է: Իսկ սովորական, առօրյա խոսքում մարդը պիտի ազատ լինի, բայց ոչ գռեհիկ: Եթե խոսում է բարբառով՝ բարբառային միջավայրում, շատ լավ է: Իսկ փողոցում, շուկայում կամ հարեւանի տանը ինչո՞ւ պիտի խոսի գրական հայերենով: Բայց եթե մարդը խոսում է հեռուստատեսությամբ կամ ելույթ է ունենում հանրության համար, անպայման պիտի լեզվի ընտիր ձեւերն օգտագործի: Լեզուն ունի տարբերակներ, որոնք ըստ իրադրության պետք է օգտագործել: Օրինակ՝ հրապարակային խոսքը պիտի լինի գրական լեզվով, առօրյա խոսքը՝ խոսակցական հայերենով, բայց ցանկալի է ոչ գռեհկաբանություններով: Բարբառային միջավայրում էլ մարդն ազատ է խոսել բարբառով: Երբեմն ասում են՝ այսինչ բարբառը աղքատիկ բառապաշար ունի, փորձեք լինել բարբառային միջավայրում եւ տեսեք ինչ հետաքրքիր  ձեւակերպումներով, ինչ լեզվամտածողությամբ, ինչ դարձվածքներով ու գեղեցիկ պատկերներով են մարդիկ խոսում: Կամ ասում են՝ գրական լեզուն քիչ ենք լսում փողոցում, իսկ ինչո՞ւ պիտի փողոցում գրական լեզու լսենք: Սխալ է պահանջել, որ մարդն ամեն տեղ խոսի գրական, բայց նաեւ սխալ է, երբ անհարկի հրապարակային խոսք է ներթափանցում խոսակցական լեզուն, բարբառները, կամ աղավաղված գրական լեզուն: Բայց դրանից ոչ թե լեզուն աղավաղվեց, այլ այդ մարդն իր խոսքն աղավաղեց: Ընդամենը պետք է բարձրացնել ժողովրդի լեզվամշակույթը, դա պետք է արվի ե՛ւ կրթական համակարգում, ե՛ւ ԶԼՄ-ներով, ե՛ւ պետությունը պետք է նախանձախնդիր լինի այս հարցում:

 

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԻՐ ՎԱՐԿԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ ՊԻՏԻ ՄՏԱԾԻ ՆԱԵՎ ԼԵԶՎԻ ԱՌՈՒՄՈՎ»

- Պարոն Կատվալյան, իսկ սերիալներից հնչող աղավաղված լեզվի դեմ ինչպե՞ս պայքարենք:

- Այդ սերիալների լեզուն շատ է խաթարում լեզվական գործընթացը, որովհետեւ նրանք սխալ պատկերացում ունեն արվեստի, մշակույթի մասին: Իրենք գլխի չեն, որ այդ սերիալները, ի վերջո, արվեստի գործեր են, իսկ հեռուստատեսությունը նաեւ մշակույթ է թելադրում, եթե արվեստի գործ է, այդ սերիալը այնտեղ չպիտի՞ ինչ-որ բան մշակած լինի, կամ այդ մշակումը որտե՞ղ պիտի լինի: Իրենց թվում է, որ փողոցում ինչ կատարվում է, պետք է անմիջապես նկարել, բերել ու ցուցադրել: Մենք այդ ամենը գիտենք, տեսել ենք, դուք եթեր տալուց առաջ մշակեք, բարձրացրեք ժողովրդի մշակույթը, ձեր հետեւից տարեք նրանց ու ցույց տվեք, որ նույնիսկ ցածր խավի մարդիկ կարող են մի քիչ ավելի լավ հայերենով խոսել: Պարտադիր չէ հեռուստատեսությամբ նրանց խոսքը ավելի վատ տարբերակներով հնչեցնել: ժամանակին գյուղական կյանքի մասին ունեինք կարճամետրաժ ֆիլմեր՝ «Ոսկե հորթը», «01-99»-ը, սովորական կենցաղային իրավիճակի մասին պատմող ֆիլմեր էին եւ այնտեղ ոչ ոսկեղենիկ գրական լեզու է հնչում, ոչ էլ այնքան ցածր խոսակցական, որ մարդ անհարմար զգա լսելու այդ ամենը: Այնքան գեղեցիկ, իրադրությանը հարմար լեզվավիճակ են ընտրել, որ ոչ մի խորթություն չես զգում, ա՛յ, դա է արվեստը, վարպետությունը: Հեռուստատեսությունը պետք է կարողանա այդ մակարդակը մատուցել: Յուրաքանչյուր հեռուստատեսություն իր վարկանիշի մասին պիտի մտածի նաեւ լեզվի առումով: Ցավոք, հասարակության մեջ այդ պահանջարկը չկա, որ ասի՝ դիտում եմ այս հեռուստաընկերության հաղորդումները, որովհետեւ այնտեղ լեզուն լավ որակի է: Ա՛յ, եթե հեռուստաընկերությունները այդ առումով փորձեն մրցել իրար հետ, ավելի լավ կլինի, մինչդեռ նրանք տարված են օտար լեզուներով ֆիլմեր ցուցադրելով:

Գրող Պետրոս Հոկտանյանի 50 երանգները. բլից հարցում

 

«ԵԿԵ՛Ք ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՄԵՐ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒՆ»

- Օտարալեզու մուլտֆիլմերն էլ անպակաս չեն մեր եթերներից:

- Մուլտֆիլմերով երեխան լեզու է սովորում, կարող է ծնվել ու ապրել Հայաստանում, բայց նրա լեզվամտածողությունը աղավաղված լինի մուլտֆիլմերով: Ինչո՞ւ չեն ստեղծում գեղեցիկ հայերենով մուլտֆիլմեր, երեխաներին հայերեն ուսուցանելու հենց տանը՝ մանուկ հասակից: Մեր հին մուլտերն էլ կրթադաստիարակչական են, պետք է դրանք ցուցադրել, նաեւ դրանով է լեզուն տարածվում արտերկրում՝ հայության շրջանում, չէ որ ունենք  արեւմտահայերենի խնդիր, այստեղից պետք է մեծ աջակցություն գնա արեւմտահայերենի պահպանության գործում: Ցանկացած ժողովուրդ, ցանկացած երկիր ձգտում է իր ազդեցությունը տարածել լեզվի միջոցով, ՀՀ սփյուռքի նախարարությունը մեծագույն ջանքեր է գործադրում դրա համար: Տարբեր հաստատություններում կան արեւմտահայերենի բաժիններ, բայց հայրենիքը պետք է տեր կանգնի արեւմտահայերենին նաեւ այդ կարգի հաղորդումներով, ֆիլմերով: Իսկ ինչո՞ւ Հայաստանում երգեր չեն գրվում արեւմտահայերենով: Հայերենը պահպանել նշանակում է հայերենի ցանկացած դրսեւորում պահպանել՝ արեւելահայերեն, արեւմտահայերեն, ինչպես նաեւ մեր լեզվի պատմական զարգացման փուլերի հայերենները, բարբառները... Եկե՛ք տեր կանգնենք, պահպանենք ու պաշտպանենք մեր Մայրենի լեզուն:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА