o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

24.06.2016 15:38 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հենց որ մազութային սուլթանատի չինովնիկ Նովրուզ Մամեդովի սադրիչ սուտը սկսեցին տիրաժավորել հայկական ազգանուններով որոշ չհայեր, տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը նրանց դիպուկ անուն դրեց` «Նովրուզի վկաներ»: Բայց պարզվում է, որ այդ «վկաների» մեջ մեր երկրում կան եւ բավականին «շուստրի» ներկայացուցիչներ: Այսպես, այդ թուրքի գրածին տխրահռչակ ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԸ սկզբում արձագանքեց դավադրության տեսությամբ, իբր ռուսները Սանկտ Պետերբուրգում Ալիեւին խոստացել են իրականացնել Ստյոպիկի երեւակայության արդյունք 2008-ին տված խոստում-ծրագիրը. «Հայկական դիվանագիտությունը կարծես թե ընդունել է հին` արատավոր շրջանի մեջ մտնելու որոշումը: Մեզ հին մղձավանջի կրկնություն է սպասվում: Ռուսական պլանը ենթադրում է ԼՂԻՄ-ը ՀՀ-ից վերցնել, Հայաստանին չտալ, հարակից շրջանները Ադրբեջանին տալ եւ իրավիճակն այդպես պահել: Սա ենթադրում է տասնամյակներով ՀՀ-ին եւ Ադրբեջանին պահել կախվածության մեջ` «ով իրեն լավ կպահի, կստանա ԼՂԻՄ-ը…»: Կրեմլն այսպես ուզում է նստել հակամարտության վրա` հակամարտության սառեցման նոր մոդելով»: Սակայն հենց որ Մարիա Զախարովան կտրուկ հերքեց Նովրուզի ստերը, Ստյոպիկը շտապեց իրեն ապահովագրել եւ այդ թուրքի ասածը «զառանցանք» որակել: Բայց ռուսը լավ ասացվածք ունի, որ գրչով գրածը կացնով էլ չես ջնջի: Առավել եւս, եթե այն հայտնվել է համացանցում:

ԶԱՐՄԱՆՔ

Ըստ ՎԱՏԻԿԱՆԻ պաշտոնական հաղորդագրության. «Խոր Վիրապ վանքը շատ կարեւոր նշանակություն ունի Հայաստանում քրիստոնեության պատմության համար: Հենց այստեղ էր բանտարկված Հայաստանում քրիստոնեության հիմնադիր համարվող Գրիգոր Լուսավորիչը: Պատահական չէ, որ հենց Խոր Վիրապն է պատկերված Հռոմի պապի հայաստանյան այցի պաշտոնական տարբերանշանի վրա: Թուրքիայի սահմանին գտնվող այս վանական համալիր այցելության ընթացքում հովվապետը սպիտակ աղավնիներ բաց կթողնի Արարատ լեռան ուղղությամբ»: Ի դեպ, 2014-ին, երբ Ֆրանցիսկ պապը աղոթելով Ուկրաինայում խաղաղության համար, բաց էր թողել երկու աղավնի, նրանց անմիջապես հոշոտել էին` չգիտես որտեղից հայտնված ճայը եւ ագռավը: Այնպես որ, ինչքան էլ զարմանալի լինի, Հռոմի պապի բաց թողած աղավնիների ճակատագիրը նաեւ նախանշան է: Ինչեւէ, թույլ տվեք կանխատեսում անել, որ Խոր Վիրապում բաց թողած աղավնիների հետ ամեն ինչ լավ է լինելու:

Այն, որ Ժիրայր Սէֆիլյանին անմեղ չի հռչակել ընդդիմադիր կամ նույնիսկ թեթեւ ընդդիմադիրոտ տրամադրություն ունեցողներից միայն ծույլը, անժխտելի փաստ է: Սակայն Երեւանի նախկին փոխոստիկանապետ ՌՈԲԵՐՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ մի զարմանալի, բայց ուշագրավ դիտարկում է ներկայացրել դրա կապակցությամբ. «Մեր երկրում ում բռնում են, ասում է հնարած է, ես մեղք չունեմ, ես մեղավոր չեմ: Գողին, մարդասպանին բռնում ես հանցանքի վայրում, ասում է` ես հանցագործ չեմ, ես բարեգործ եմ, վիրաբույժ-կենսաբան, գիտնական…Մեկ էլ տեսնում ես դարձավ նաեւ քաղբանտարկյալ ու հալածյալ… Քիչ է մնում արդեն, ամուսինը կնոջը բռնացնի դավաճանության մեջ, վերջինս կանգնի մորեմերկ, ասուլիս հրավիրի ու ասի. «Ես գենդերային շարժման ակտիվիստ եմ, ամուսինս հնարում է…»: Սամվել Բաբայանն անշահախնդիր ու հրեշտակի թեւերով էր, ազնիվ մղումներով, ոչ մի կուսակցության չէր հարում, մինչեւ նրա Արցախ գնալն ու նրա կողմնակիցների ղալաթ անելն ու իրական նպատակների բացահայտվելը: «Օսկանյան եւ ընկ» կուսակցության հետ բնականաբար ոչ մեկը կապ չունի: Սա եւս իշխանությունների հնարածն է, մինչեւ որ կպարզվի հիմնադիր մասնակիցը, հսկիչ ծրարի տերը»: Դե, ինչեւէ, ե՛ւ սովորական, ե՛ւ քաղաքական հանցագործ ոստիկանության այս գնդապետը իր կյանքում շատ բան է տեսել:

Իսկ ԷՐԴՈՂԱՆԻ կեղծ դիպլոմի պատմությունը Թուրքիայում կարող է նաեւ ունենալ զարմանալի շարունակություն, այն էլ` իրավաբանական տեսակետից: Ինչպես գրում է առաջատար լրագրողներից Չենգիզ Չանդարը. «Եթե հարցին լրջորեն մոտենանք, ապա Թուրքիայում այս հակասությանը կհետեւեն հսկայական իրավական հարցեր: Եթե պարզվի, որ Էրդողանը երբեք նախագահ ընտրվելու իրավունք չի ունեցել, ապա այն ամենը, ինչ նա ստորագրել կամ իրականացրել է, կհամարվի անվավեր` զուտ իրավական տեսանկյունից: Քաղաքական տեսանկյունից այն մի ամբողջ զինանոց կապահովի նրա քննադատների համար, որոնց թիվն արտերկրում արագորեն աճում է: Եվ եթե Էրդողանի դիպլոմի կեղծ լինելն ապացուցվի, ապա այն բնականաբար հնարավորություն կտա նրա միջազգային հակառակորդներին առաջ քաշելու նրա տիտղոսի օրինական լինելու հարցը»: Դե ինչ, Հայ դատով զբաղվողներ, թուրք լրագրողը լավ բան է հուշել, անցեք գործի: 

Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА