ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կարենին հարցրի, ասաց` դանակով է խփել». Ուսանողի սպանության գործով առանցքային վկա

19.02.2018 19:10 ՔՐԵԱԿԱՆ
«Կարենին հարցրի, ասաց` դանակով է խփել». Ուսանողի սպանության գործով առանցքային վկա

Երեւան  քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում այսօր՝ փետրվարի 19-ին, ուսանող Վահե Մուրադյանի սպանության գործով հարցաքննվեց գործով առանցքային վկա Գեւորգ Տերտերյանը:

«Դոն Պիպո»-ի քրգործով ձերբակալվել են ևս 4 անձինք՝ ՌԴ քաղաքացիներ. ԱԱԾ

Նա ներկա է եղել մեկ տարի առաջ տեղի ունեցած վիճաբանությանը, որի ժամանակ ստացած դանակի հարվածներից սպանվել է Վահե Մուրադյանը: Գեւորգ Տերտերյանը նշեց, որ ճանաչում է ամբաստանյալ Կարեն Չատիկյանին` հավելելով, որ համակուրսեցիներ են եղել եւ այժմ էլ ընկերական հարաբերությունների մեջ են: Գեւորգ Տերտերյանը պատմեց, որ 2017թ. հունվարի 11-ին եղել են համալսարանում, գնացել են քննությունների գնահատականներն իմանալու: Այդ օրը տեսել է Կարենին, նա ասել է, թե ինչ-որ տղա իրենց կուրսեցիների հասցեին «դոդիկ» արտահայտություն է արել եւ այժմ ուզում է  գտնել այդ արտահայտությունն անողին:

«Կարենն ասաց` էդ արտահայտությունն անողի ընկերոջ համարն ունեմ, Վահեին զանգեց, որ համարն իմանա: Զանգեց, պայմանավորվեց, Կարենին հարցրի` ինչ ա եղել: Ասաց` իր ընկերն ասաց արի, կխոսենք շենքի մոտ: Հետո իջանք իրենց ասած տեղը, մի քանի հոգով գնացինք շենքի բակ: Կարենն ասաց, որ մոտը դանակ կա, ես իրան ասացի, որ տղերքի մոտ թողնի: Հետո չգիտեմ` ինչ ա արել էդ դանակը: Կարենն ասաց, որ ոչ ոք չգնա իր հետ, բայց ես  ու էլի մի քանի հոգի գնացինք, նստեցինք բիսետկում, սկսեցինք խոսալ: Կարենը հարցրեց` ում է ասել «դոդիկ», Վահեն էլ ասաց` ոչ մեկին չի ճանաչում, դրա համար էլ ոչ մեկին չի կարա ուղղված լինի: Կարենն էլ ասաց, եթե ոչ մեկին չես ճանաչել, ոնց կարաս նման արտահայտություն անել: Հետո Կարենը հարցրեց` իմ ասածի մեջ սխալ բան տեսնում ես, տղաներից մեկն ասաց հա…»,-պատմեց վկան:

Այնուհետեւ տղաների միջեւ սկսվել է  վիճաբանություն, սկսվել է ծեծկռտուք, որի ընթացքում նկատել է` ինչպես է Կարեն Չատիկյանը վազելով հեռանում տարածքից. «Սկսեցին առաջ գալ, մեկն էլ իմ վրա եկավ, ինձ ծեծելով հանեցին բիսետկից: Մի 40-50 վայրկյան հետո տեսա` Կարենը վազելով գնաց, ասի` վազեմ տեսնեմ ինչ ա եղել, մոտիկացա, բայց տաքսի նստեց, չհասցրինք: Հետո զանգեցի Կարենին, հարցրի, ասաց` դանակով է խփել, ասի` որտեղը, ասաց` ոտքին է խփել: Հարցրի` լուրջ բան կա թե չէ, ասաց չէ, որովհետեւ ոտքին ա հարվածել…հետո ես ասի` զանգեմ Վահեի ծանոթ աղջիկներին, տեսնեմ տեղեկություն ունեն, ոնց է, նրանք ասացին` զանգում են` անհասանելի ա…»:

Նա նշեց, որ Կարեն Չատիկյանը կռվարար չէ եւ Վահե Մուրադյանի եւ նրա ընկերների հետ հանդիպման կռվելու համար չէր գնացել. «Կարենն ընդամենը գնացել էր ճշտելու, թե ում հասցեին է արել այդ արտահայտությունը…նա կռվարար չէ»:

Մեղադրողը միջնորդություն ներկայացրեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը`նշելով, որ վկայի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում կան էական հակասություններ: Դատարանը միջնորդությունը բավարարեց:

«Ոսկու աշխարհ»-ում կատարված սպանության մանրամասները

Ըստ այդմ, նախաքննական ցուցմունքում Գեւորգ Տերտերյանը սպանության ելքով վիճաբանության մասին պատմել է. «Համալսարանից դուրս գալուց հետո, ես Կարենին ճանաչելով հարցրի` մոտդ դանակ կա, քանի որ ես մի քանի օր առաջ տեսել էի դանակ մոտը: Նա ասաց, հա կա, ես էլ ասացի, որ ապահովության համար դանակը տա Լեւոնին, կամ Էդուարդին, բայց նա ցույց չտվեց դանակը, ոչ էլ ինչ-որ մեկին այն տվեց: Հասանք նշված հասցե, նստեցինք շենքի մոտ գտնվող բիսետկայում, Վահեի հետ էին Սերգեյը, Անրին, եկավ նաեւ Ռաֆֆին: Մենք նստեցինք ձախ կողմում, աջ կողմում` Վահեն ու ընկերները: Կարենը Ռաֆֆիին ասաց` դու ես էդ արտահայտությունն արել, Վահեն էլ ասաց` կուրսից ոչ մեկին չի ճանաչում եւ ոչ մեկի հասցեին նման արտահայտություն չէր կարա աներ: Հետո Անրին Կարենին ասաց` ձենդ իջեցրու, հետո Կարենն ասաց` իմ ասածի մեջ վատ բան ես տեսնում, Անրին ասաց հա, հետո բարձրացան եւ սկսեցին իրար հարվածել: Սերգեյը եկավ իմ վրա, սկսեց հարվածել ինձ: Հետո նկատեցի, որ Վահեն ու Ռաֆֆին հարվածում են Կարենին, որը նստած էր, ավելի ուշ նկատեցի, որ նրանք Կարենի ձեռքից ինչ-որ բան էին ուզում վերցնել…քիչ անց Կարենը դուրս եկավ ու վազեց,նկատեցի, որ Վահեն կրծքավանդակը բռնել էր: Մենք վազեցինք, հասանք Կարենին, Կարենն ասաց, որ դանակով խփել է Վահեին: Կարենը առաջին պատահած տաքսին նստեց ու գնաց…»:

Նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում առկա հակասությունները վկան պայմանավորեց երկար ժամանակ անցնելու եւ դեպքի վերաբերյալ մանրամասները չհիշելու հետ` նշելով, որ պնդում է նախաքննական ցուցմունքը:

Վկայի հարցաքննությունն ավարտվեց:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 15-ին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Չատիկյանը 2017թ. հունվարի 11-ին Վարդանանց փողոցի շենքերից մեկի բակում գտնվող բացօթյա տաղավարում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում իր մոտ եղած դանակով հարվածել է Ռաֆֆի Մարտիրոսյանին եւ Վահե Մուրադյանին, ինչի հետեւանքով Ռաֆֆի Մարտիրոսյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս, իսկ Վահե Մուրադյանին ապօրինաբար դիտավորությամբ զրկել կյանքից:

Կարեն Չատիկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ եւ 113-րդ հոդվածների 1-ին մասերով: Նա կալանավորված է:

Նշենք, որ եւ Կարենը եւ Վահեն Երեւանի պետական համալսարանի ուսանողներ են եղել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА