ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊՂՏՈՐ ԿՈՅՈՒՂԱՋՐԵՐՈՒՄ ՁՈՒԿ ՈՐՍԱՑՈՂՆԵՐԸ

16.02.2018 19:15 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՊՂՏՈՐ ԿՈՅՈՒՂԱՋՐԵՐՈՒՄ ՁՈՒԿ ՈՐՍԱՑՈՂՆԵՐԸ

Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած գարշահոտ միջադեպը, բացի տհաճություն առաջացնելուց, եղավ նաեւ այն «լակմուսի թուղթը», որ ահագին բան բացահայտեց ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ քաղաքականության վրա ստվերային ազդեցության ձգտողների պարագայում: Այսինքն` դա այն դեպքն է, որ չկա չարիք առանց բարիքի: Եվ այսպես...

 

ՊԱՌԱԿՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԳԱՐՇԱՀՈՏ ԱՌԵՎՏՈՒՐ

Մենք արդեն առիթ ունեցել էինք հիշատակելու, որ միջադեպից կասկածելիորեն կարճ ժամանակ անց տեղի ունեցավ ինչպես սաքունցազգիների, այնպես էլ ֆեմինիստուհիների ժրաջան ակտիվության բռնկումը: Մենք մատնանշել էինք այն հանգամանքը, որ բոլոր հիմքերը կան կարծելու, որ փորձ է արվում ֆեմ-ակտիվիզմի եւ, այսպես կոչված, «սեռերի պատերազմի» տեխնոլոգիան կիրառելու իրավիճակի ապակայունացման նպատակով:

Ի դեպ, ամենաագրեսիվ ֆեմ-ակտիվիստուհիներից Զարուհի Հովհաննիսյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթեր` Պետրոս Ղազարյանի մոտ ներկայացել էր` եգիպտական «Անխ» խաչը ցուցադրաբար կրելով: Բախտի բերմամբ, թե պատահմամբ, այդ նույն խորհրդանիշը ռուս գրող Էդուարդ Տոպոլի` «Սեռերի պատերազմ» անունը կրող եւ բազմամիլիոն տպաքանակով լույս տեսած վեպի շապիկի վրա է, ու վեպում էլ ներկայացված է որպես մայրիշխանության հաստատման խորհրդանիշ: Ինչեւէ, թեեւ խորհրդանիշներն ու նշանները կառավարում են աշխարհը, սակայն անցնենք քաղաքական ուժերի առօրյա գործունեությանը, որը հագեցած է ինտրիգներով եւ առեւտրով: Այսպես, «կոյուղաջրային սկանդալը» հերթական բաժանարար գիծն անցկացրեց «Ելք» դաշինքում: Եթե «Ելք» դաշինքի Երեւանի ավագանու խմբակցությունների զգալի մասը դատապարտում էին Զարուհի Փոստանջյանի ֆեմ-ակտիվիստուհիների արարքը, ապա Նիկոլ Փաշինյանը, ընդհակառակը, այդ մեթոդում ոչ մի վատ բան չտեսավ եւ դատապարտելի համարեց ՀՀԿ ավագանիների վարքագիծը եւ կոյուղաջրային գարշահոտ ակցիան դադարացնելուն ուղղված նրանց հախուռն քայլերը:

Այսպիսով, Արամ Սարգսյանի եւ Էդմոն Մարուքյանի կուսակցությունների միջեւ գոյացած բաժանարար գծին հիմա էլ ավելացավ Էդմոն Մարուքյանի եւ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունների միջեւ բաժանարար գիծը: Ու ստացվում է, որ «Ելք» դաշինքը այժմ հրապարակավ ունի իրարից տարբերվող երեք ուղեգծեր, ու դա, անշուշտ, չի կարող նպաստել այդ դաշինքի արդյունավետ ընդդիմադիր գործունեությանը: Ու հենց դա հաշվի առնելով էլ, ՀՀԿ-ն այդքան բարեհոգի վերաբերվեց «Ելքի» կողմից նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստին: Իհարկե, առավելագույն ակտիվությամբ այդ դաշինքում աչքի է ընկնում հենց Նիկոլը, ով նաեւ ծերուկ Լեւոն Տեր-Պետրոսյանին հրավիրեց խորհրդարանական լսումների: Դե, երեւի թե, փորձ կանի ՀԱԿ-ի ձեռքից խլել «քաղաքական հացի» վերջին կտորներից մեկը` մարտիմեկյան հարցը, ծերուկին թողնելով միայն զրո ժողովրդականություն վայելող թրքասեր պարտվողական «խաղաղասիրությունը»: Սակայն, եթե ընդդիմության պարագայում հասկանալի են ե՛ւ կողմ, ե՛ւ դեմ մոտեցումները, ապա շատ տարօրինակ է նայվում ՀՅԴ-ի կեցվածքը: Կոալիցիոն էթիկան լրիվ մոռացած` ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն տարածեց ավագանու ՀՀԿ-ական ներկայացուցիչների վարքագիծը դատապարտող հայտարարություն, ուր նաեւ հիշատակվում է, որ մայրաքաղաքը բազում խնդիրներ է կուտակել, սակայն Հանրապետական մեծամասությունը դրանք չի լուծել: Այստեղ հարց է առաջանում, ինչու դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանը, ում գործառույթների մեջ, որպես Տարածքային կառավարման նախարարի, մտնում է հենց համայնքների խնդիրներով զբաղվելը, ձեռնամուխ չի լինում այդ նույն կուտակված խնդիրներին: Գումարած դրան, Երեւանում կան դաշնակցական թաղապետեր, սակայն երեւանցիները չեն տեսել, որ նրանք քաղաքապետից պահանջեն կուտակված խնդիրների լուծումներ, ու առավել եւս, նրանց մտքով չի անցնում ի նշան անհամաձայնության` հրաժարական ներկայացնել:

Այսինքն` տվյալ պարագայում մենք գործ ունենք ընդամենը բավականին տգեղ սակարկության հետ: Երեւում է դաշնակները ԱԺ-ում ՀՀ նախագահի եւ վարչապետի ընտրությունից առաջ ագահաբար փորձում են ՀՀԿ-ից կորզել լրացուցիչ գործադիր լծակներ: Իսկ որ ասես, թե դաշնակ նախարարները փայլուն են աշխատել, դա, մեղմ ասած, այդպես չէ: Ու թերեւս քաղաքականությանն էլ վերաբերում է այն կանոնը, որ չպետք է թքես այն ջրհորի մեջ, որից ջուր ես խմում: Իսկ ՀՅԴ-ն տվյալ պարագայում, կոալիցիոն ջրհորի մեջ լավ էլ թքում է, թեեւ եթե ընդդիմադիր դառնա, ապա նույն «Ելքի» ձայների կեսը հազիվ կարողանա ստանալ:

 

ՀՀ ՀԱՋՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ «ԱՆԳԼԻԱԿԱՆ ԹԱԳՈՒՀԻ» ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

Արդյոք շատ են, թե քիչ ՀՀ հաջորդ նախագահի լիազորությունները` այդ հարցին անդրադարձել է եւ ինքը` նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը: Նա լրագրողներին մասնավորապես ասել է. «Հասարակությունը հսկայական ակնկալիքներ ունի` սկսած նրանից, որ հանրության մոտ կա իներցիոն մի մտածողություն, որ նախագահը մեկն է, որ ունի վերեւից ներքեւ ուղղաձիգ իշխանություն, եւ հակառակը` ասում են, որ նախագահի լիազորությունները չկան, կամ այնքան քիչ են, որ նախագահը ոչինչ չի կարող անել: Սա ասում է ե՛ւ հանրությունը, ե՛ւ կուսակցությունները, իսկ սա ամենացավալի իրողություն է, քանի որ ցանկացած փոփոխություն տեղի է ունենում մտածողության պատճառով: Ամենամեծ դժվարությունը մեր երկրում այն է, որպեսզի մարդիկ հույս ու հավատ ունենան»: Այսինքն` Արմեն Սարգսյանն արձանագրում է, որ սխալ են ծայրահեղ տեսակետները, ու որ ինքն ունենալու է շատ կոնկրետ լիազորություններ, որոնք ո՛չ շատ են, ո՛չ էլ «անգլիական թագուհու» ձեւական լիազորություններ: Որ լիազորությունների պակաս չկա, երեւում է նաեւ նրա ելույթներից, դահլիճային հանդիպումների ժամանակ, ուր, եթե նա ստանձնում է անգամ Ամուլսարի հանքի պես խոշոր հարցին հետամուտ լինելը, «եթե պարզվի, որ իրոք այդքան վնաս է հասցնում», եթե հանրային երկխոսություն կազմակերպելու հանձնառություն է ստանձնում, ինչպես երկրի ներսում, այնպես էլ Հայաստան-Սփյուռք հարթությունում, ապա, ուրեմն ինքը իր ապագա լիազորությունները չի գնահատում որպես կիսատ-պռատ եւ ձեւական:

Ի դեպ, եթե նրա ապագա լիազորությունները կիսատ-պռատ լինեին, եթե դրանք ենթադրեին «անգլիական թագուհու» կարգավիճակ, ապա Արմեն Սարգսյանի դեմ կատաղի արշավ չէին ծավալի սորոսական ՀԿ-ներն ու լրատվական ռեսուրսները, չէր խառնվի անդրազգային «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կառույցի տեղական բաժանմունքը, հասցնելով մինչեւ ստորագրահավաքների կազմակերպում, որոնցով պահանջվում է թույլ չտալ Արմեն Սարգսյանի թեկնածության գրանցումը, որպես «հակասահմանադրական»: Ի դեպ, քարոզարշավի շրջանակներում նրա դեմ արտադրվում է այնպիսի քանակությամբ նյութ, որ երբեմն հաջողացնում են նաեւ նրա մասին պոզիտիվ տեղեկատվություն մատուցել, գլխի չընկնելով, որ դրանով ակամա գովում են թեկնածուին: Այսպես, քարոզչական նյութերից մեկում մեջբերում են Արմեն Սարգսյանի կնոջ` Նունե Սարգսյանի «Դեյլի Մեյլ» թերթին տված հարցազրույցից այն հատվածը, որ վերջինս վկայում է, որ իրենք ամեն տարի ուխտագնացության են մեկնում Զալցբուրգում կազմակերպվող Մոցարտի փառատոնին: Այսինքն` դրանով վկայում են նախագահի թեկնածուի սերը դասական երաժշտության հանդեպ, ու սկզբունքորեն նա, իր հեղինակությունն օգտագործելով, անգամ բանավոր խնդրանքների միջոցով կարող է քայլեր ապահովել, որոնք կբերեն գարշելի ռաբիսային կլկլոցներից երկիրը մաքրելուն: Իսկ որ այդպիսի ոչ ֆորմալ իշխանություն Արմեն Սարգսյանը չորրորդ նախագահի դերում կունենա, դա բխում է հենց հայաստանյան իրականությունից, ուր ընդունված չէ անտեսել այդպիսի կապեր, ազդեցություն եւ հեղինակություն ունեցող պաշտոնյայի բանավոր խնդրանքները մերժել:

Բայց միաժամանակ նա, որպես գործող պաշտոնյա` դեսպան, դրսեւորում է եւ շեշտակի կոռեկտություն: Սերժ Սարգսյանի հետ մոտալուտ հանդիպման մասին նա ասել է. «Մեր հանդիպումը չի լինելու բաց, որ ես հանդիպեմ նախագահին, ասեմ` ընդունում եմ, որովհետեւ մեր հարաբերությունները ոչ միայն ընկերական, բարեկամական, այլ նաեւ դեսպանի եւ նախագահի հարաբերություններ են, տվյալ դեպքում լինելու են նաեւ աշխատանքային քննարկումներ»: Նաեւ լրագրողների հետ հանդիպմանը մատնանշել է, որ պաշտոնապես ինքը դեռեւս թեկնածու չէ: Ու թեեւ փորձագիտական հանրույթը վստահ է, որ Արմեն Սարգսյանի ընտրությունը, այն էլ մեկ փուլով, անվիճելի է, բայց, այնուամենայնիվ, որոշակի ինտրիգ պահպանվում է: Դե, մինչեւ վերջին պահը պաշտոնական որոշում չհնչեցնել` ՀՀ գլխավոր շախմատիստ Սերժ Սարգսյանի ոճի բաղկացուցիչ մասն է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА