ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2 տարի անց Թբիլիսիի կենտրոնում կունենանք շքեղ հայկական թատրոն

13.02.2018 22:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
2 տարի անց Թբիլիսիի կենտրոնում կունենանք շքեղ հայկական թատրոն

Թբիլիսիի հայտնի Հավլաբար թաղամասում գտնվող Պետրոս Ադամյանի անվան դրամատիկական թատրոնի շենքն արդեն 7 տարի կարոտ է հանդիսատեսի ծափերին: Հայաստանից դուրս գործող միակ հայկական թատրոնի շենքը, տարիներ առաջ վթարային համարվելով, իր դռները փակեց հանդիսատեսի համար: Երկարատեւ դադարից հետո թատրոնը նախորդ տարվա օգոստոսից հիմնանորոգվում է, ու նախատեսվում է, որ երկու տարի անց կունենանք շքեղ հայկական թատրոն՝ Հայաստանի սահմաններից դուրս: Թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱՐՄԵՆ ԲԱՅԱՆԴՈՒՐՅԱՆԻ հետ «Իրավունքը» հանդիպեց Գրիբոյեդովի անվան թատրոնի հարկի տակ, ուր ժամանակավորապես հանգրվանել են թատրոնի աշխատակիցները: Պարոն Բայանդուրյանն ասաց` ինչպես թատրոնի աշխատակիցները, այնպես էլ թբիլիսցիները թատրոնի շենքի կողքով անցնելիս քանդված պատերը տեսնելիս երբեմն տխրում են, բայց մխիթարվում են, որ երկու տարի անց կունենան շքեղ հաստատություն:

Հայկական կողմը նախատեսում է վերականգնել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցային հանդիպումները. Զոհրաբ Մնացականյան

ՎՐԱՑԻ ԿԻՆԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԷՐ ԹԱՏՐՈՆԻ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ՎՐԱ

-Այս թատրոնը մեծ պատմություն ունի՝ 163 տարեկան է, բոլոր ժամանակներում այն կարեւոր դերակատարություն է ունեցել հայ իրականության մեջ, բայց թբիլիսցիների համար էլ այն շատ կարեւոր կառույց է. դրանում ես համոզվեցի, երբ մի օր ինձ զանգահարեց գլխավոր շինարարն ու ասաց, որ շտապ գնամ թատրոն: Գնամ տեսնեմ մի վրացի կին հարձակվել է բանվորների վրա, թե` այս ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք քանդում թատրոնը... Մի կերպ այս կնոջը բացատրել ենք, որ ոչ թե քանդում են՝ այլ վերանորոգում: Նա վրացի էր, բայց այս թատրոնը համարում էր իրենց հպարտությունը, ասաց՝ մեզ համար  հպարտություն է Վրաստանում ունենալ հայկական 163-ամյա թատրոն:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔԸ ԿԼԻՆԻ ՎՐԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻՑ ՄԵԿԸ»

-Պարոն Բայանդուրյան, ինչո՞ւ այսքան երկար ձգձգվեց թատրոնի վերակառուցումը:

- 7 տարվա ընթացքում Վրաստանում 4 վարչապետ է փոխվել, երկրի մշակույթի նախարարներ ու նախագահներ են փոխվել, ու եկող ղեկավարությանը բնականաբար դիմում էինք՝ խոստանում էին, այնպես էր ստացվում, որ կարճ ժամանակ անց նրանց փոխարինում էին նորերը: Բայց արդեն նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին որոշեց՝ թատրոնի վերակառուցումը վերցնել իր հովանու ներքո, դե պատկերացրեք, թե դա մեզ համար ինչ մեծ տոն էր: Օգոստոս ամսին նրա ղեկավարած շինարարական կազմակերպությունը մտավ թատրոնի շենք եւ սկսեց աշխատանքները: Վերակառուցման աշխատանքները կտեւեն մոտ 2 տարի, բայց արդյունքում կստանանք հրաշալի թատերական շենք՝ ժամանակակից բոլոր տեխնիկական հնարավորություններով, որը կլինի Վրաստանի լավագույն թատերական շենքերից մեկը:

«ԱՅԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՍՊԱՆՈՒՄ Է»

-Փաստորեն, արդեն 7 տարի թատրոնը չի գործում ու դեռ 2 տարի էլ պարապուրդի՞ է մատնված:

- Երբ ասում են, թե թատրոնը չի գործում, այդ նախադասությունն ինձ սպանում է: Ոչ թե թատրոնը, այլ թատրոնի շենքը չի գործում, սրանք տարբեր բաներ են: 7 տարվա ընթացքում տարին 4-5 բեմադրություն ենք արել, արդյունքում այսօր ունենք 35 նոր ներկայացում, որոնք տարվա ընթացքում խաղացել ենք 40-50 անգամ: Այս 7 տավա ընթացքում խաղացել ենք առաջատար թատրոնների շենքերում, հյուրախաղերով եղել ենք Ֆրանսիայում, Հունաստանում, Ռուսաստանում, իսկ Հայաստանը մեր տունն է, ամեն տարի լինում ենք: Այսինքն՝ աշխատում ենք եւ աշխատելու ենք Թբիլիսիում՝ նույնիսկ մինչեւ վերջին հայի գոյությունը, իսկ այստեղ հայը միշտ պիտի ապրի: Մեր թատրոնում կան դերասաններ, որոնք իրենց սեփական՝ հայկական թատրոնի բեմում չեն խաղացել եւ կարոտով են սպասում, թե երբ պիտի բացվեն թատրոնի դռները, որպեսզի կարողանան մտնել իրենց «տուն»: Գրիբոյեդովի անվան թատրոնի շենքը  2 տարի կլինի մեր նստավայրը, ինչպես նաեւ փորձերի ու ներկայացումներ խաղալու հնարավորություն կունենանք: Մեր թատրոնը Հայաստանի եւ Վրաստանի կողմից  ուշադրության կենտրոնում է, այս առումով երջանիկ թատրոն ենք, որովհետեւ լավ իմաստով ունենք 2 տեր՝ Թբիլիսին, որտեղ մենք գործում ենք, մեր ծննդավայրն է, եւ Հայաստանը՝ մեր պատմական հայրենիքը: Թբիլիսիի հայկական թատրոնը չի կարող հզոր լինել` առանց հայ մշակույթի, առանց Հայաստանի, առանց հայ դասականների, առանց հայ առաջատար ռեժիսորների, ինքնըստինքյան նաեւ վրաց առաջատար ռեժիսորների: Արդեն ունենք պայմանավորվածություն, որ շենքը բացվելուց հետո Հայաստանի եւ Վրաստանի առաջատար ռեժիսորներն իրենց բեմադրություններն են անելու մեր թատրոնում:

Անցումային կառավարության կոալիցիոն վախերը

«ՄԵՐ ԹԱՏՐՈՆԻ ԱՌՋԵՎ ԽՆԴԻՐ Է ԴՐՎԱԾ՝ ԲԵՄԻՑ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ՄԱՏՈՒՑԵԼ ԼԱՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

-Հետաքրքիր է, հիմնականում ի՞նչ պիեսներ են հետաքրքրում տեղի հայ համայնքին:

- Բոլոր դեպքերում` հայ դասականների գործերը: Մեր խաղացանկում ունենք  Պարոնյան, Շիրվանզադե, Սունդուկյան, ինչպես նաեւ ժամանակակից  հայ դրամատուրգներ՝ Կարինե Խոդիկյան, Գուրգեն Խանջյան, որի առաջին գործը՝ «Գերեզմանատան երգչախումբը» բեմադրվել է հենց մեզ մոտ: Իմիջիայլոց, մեր թատրոնի առջեւ այսպիսի խնդիր է դրված՝ բեմից հանդիսատեսին մատուցել լավ գրականություն: Բայց կան վայրեր, շրջաններ, որտեղ բարձր մակարդակի ներկայացում տանել չես կարող, ոչ թե այնտեղ չկա հանդիսատես, այլ շրջաններում հնարավորություններ չկան: Դրա համար  պատրաստում ենք ավելի թեթեւ ներկայացումներ՝ կոմեդիաներ, որպեսզի կարողանանք հեշտությամբ մտնել իրենց ակումբները: Զարմանալի մի բան,  օրինակ՝ շրջաններ կան, որ շատ են ցանկանում վերանորոգումը ձգվի, ասում են, որ հաճախ գաք մեզ մոտ: Ջավախքի գյուղերում ավելի լավ են ընդունում ներկայացումները, քան՝ հենց Ախալքալակում: Զարմանալի բան է, հաճախ եմ դրա մասին ասում, որ Ախալքալակում կարող է ներկայացում տանես ու բաց դռներ լինեն, եւ մարդ չգա, բայց մի համերգ բերես Ախալքալակ՝ ջարդոց է... Իսկ Նինոծմինդայում, հիմա գիտեմ ախալքալակցիները կվիրավորվեն, բայց Նինոծմինդա գալիս են, ու բարձր մակարդակի հանդիսատես է: Իսկ 7 տարվա ընթացքում, քանի որ Թբիլիսիում անընդհատ չենք խաղում, չենք կարող հասկանալ, թե ինչ պահանջ կլինի: Բոլոր դեպքերում երջանիկ է այն թատրոնը, որն ունի լուրջ հանդիսատես, թատրոնը բոլորի համար չէ, ինչպես եւ գրականությունը, երաժշտությունը, նկարչությունը: Հիմա թե այս 7 տավա ընթացքում մեր երիտասարդությունը ինչի է հասել, ինչ ունի հոգու մեջ պահած եւ ինչպիսի թատրոն է ուզում տեսնել, դժվարանում եմ ասել: Բայց թատրոն է եկել է մի երիտասարդություն, որոնք իրենց հետ պիտի բերեն այդ լուրջ հանդիսատեսին: Կարեւոր է, որ այս  երիտասարդությունը սերտորեն կապված է վրացական առաջատար թատրոնների երիտասարդների հետ, նրանք գալիս են` մեր ներկայացումները դիտելու, մեր դերասաններն էլ բաց չեն թողնում վրացական թատրոնների ոչ մի ներկայացում, այսինքն՝ միասին ապրում են մի տան մեջ՝ մի կտուրի տակ, որը չի կարող իր արդյունքը չտալ, քանի որ վրաց թատերական կյանքն այսօր մեծ զարգացում է ապրում:

Հայ պատգամավոր Արմեն Կարապետյանին զրկել են մանդատից

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԷԼ ԹԱՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՑԱԾՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ

- Բացի շենքի խնդրից, որն արդեն կարծես թե լուծված է, ի՞նչ խնդիրներ ունի հայկական թատրոնը:

- Թատրոնի աշխատակիցների աշխատավարձերը քիչ են, ոչ միայն հայկական, նաեւ վրաց թատրոնի: Բայց որոշել ենք բացել հիմնադրամ, որը շատ օգուտ կբերի թատրոնի աշխատողներին: Այն գործելու դեպքում ոչ մի թատրոնի աշխատողի կամ դերասանի աչքը դրսում չի լինի, չի մտածի, որ մինչեւ ժամը 6-ը մի տեղ աշխատեմ, հետո գնամ թատրոնում ներկայացում խաղամ: Հայաստանի դերասանները նկարահանվում են սերիալներում, ֆիլմերում գովազդներում ու կարողանում են այդ իրավիճակից դուրս գալ, այստեղի հայ դերասանները այդ մեծ հնարավորությունները չունեն: Թատրոնը առանց ֆինանսների, գոյություն չունի, սուտ է, սոված դերասանը ո՞րն է, այդ ի՞նչ ապուշություն է, ո՞վ է ժամանակին ասել դա: Առաջին մեծ խնդիրը շենքի վերակառուցումն է, որը համարենք արդեն արված, երկրորդը՝ ցածր աշխատավարձը, որն էլ, կարծում եմ, կլուծենք հիմնադրամով:

 

«ԿԱՍԿԱԾ ՉՈՒՆԵՄ` ՇՈՒՏՈՎ ՆԵՐԿԱ ԿԼԻՆԵՆՔ ԱՅԴ ԹԱՏՐՈՆԻ ԲԱՑՄԱՆԸ»

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ բազմիցս է խոսել Թբիլիսիի հայկական թատրոնի կարեւորության մասին: «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով հիմնանորոգմանը` ասաց. «Թբիլիսիի հայկական թատրոնում մեծ թափով վերանորոգումներ են գնում, ես պարբերաբար լինում եմ այնտեղ ու տեղյակ եմ գործընթացից: Երկար ժամանակ այս հարցը, ինչպես գիտենք, կանգնած էր, ինչ-որ տեղ սկսեցինք վախենալ, անկանխատեսելի բաների մասին մտածել, ենթադրություններ անել, բայց, բարեբախտաբար, այդ ենթադրությունները վերացան, հօդս ցնդեցին: Այսօր թատրոնը մեծ թափով վերանորոգվում է, եւ համոզված եմ, որ եկող տարվա սկզբից արդեն կկարողանանք շնորհավորել: Հատկապես, որ Թբիլիսիի հայկական թատրոնում շատ տաղանդավոր կոլեկտիվ է աշխատում, իսկ Արմեն Բայանդուրյանն արդեն երկար տարիներ այդ թատրոնի ղեկավարն է եւ կարողանում է թատրոնը պահել, երիտասարդացնել: Այնպես որ, լավատես եմ եւ կասկած չունեմ, որ շուտով ներկա կլինենք այդ թատրոնի բացմանը»:

«Ուշքի՛ եկեք, պարո՛ն Արմեն Գրիգորյան»

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Թբիլիսի-Երեւան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА