o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՉՍՏԱՑՎԱԾ ԴԵՐԸ

04.03.2016 15:48 ՄՇԱԿՈՒՅԹ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՉՍՏԱՑՎԱԾ ԴԵՐԸ

Արդեն 8 տարի ամենայն հայոց բանաստեղծ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ծննդյան օրը յուրահատուկ տոնի է վերածվում. այդ օրը հռչակվել է գիրք նվիրելու օր:

Ուստի այդ առթիվ ներկայացնում ենք բանաստեղծի կյանքից համեղ պատառիկ` նրա դստեր` Նվարդ Թումանյանի «Թումանյանի մանկությունը» գրքից: Պարզվում է, ամենայն հայոց բանաստեղծը «չստացված» դերասան է:

Հայրենիքից հեռու, Հայրենիքում. Հայ  Ռազմիկների  Ճակատագիրն  Առաջին Աշխարհամարտում ցուցահանդեսը Հայոց ցեղասպանության թանգարանում

1890 ական թվականներին Ներսիսյան դպրոցի խիստ ռեժիմը աշակերտներին արգելել է թատրոն հաճախելը, բայց նրանք գաղտնի են ներկայացումներ դիտել: Աշակերտութունն առանձնապես ոգեւորված է եղել Պետրոս Ադամյանի խաղով: Ինչպես ռուս գրող Մ. Լերմոնտովն է դրամատուգիական փորձեր արել` թատրոն հաճախելուց եւ Մոչալովի խաղը տեսնելուց հետո, այնպես էլ` Թումանյանը պատանի հասակում ոգեւորվել է Պետորս Ադամյանի խաղով եւ պիես գրելու փորձեր արել: Թումանյանն առաջին անգամ թատրոն գնացել է իր ուսուցիչ Տիգրան Տեր-Դավթյանի հետ, որի մասին Թումանյանը գրում  է. «Ահա էս ժամանակ, Ադամյանի թունդ ժամանակը, Լոռուց Թիֆլիս եկավ իմ հին ուսուցիչը` Տիգրան Տեր-Դավթյանը, որին պարտական են իմ հասակակից գրեթե բոլոր լոռեցիները եւ իր նախկին աշակերտներից մի քանիսին հավաքեց, թե` եկեք ձեզ տանեմ Համլետի ներկայացմանը, Ադամյանին տեսեք Համլետի դերում: Տարավ: Տեսանք: Էդ գիշերը ինձ համար եղավ մի կախարդական գիշեր եւ գրեթե վճռական նշանակություն ունեցավ իմ ամբողջ գրական կյանքում: Էտ գիշեր ես էնքան սիրեցի Համլետը եւ հետո էլ Շեքսպիրը, որ մի քանի դրամա գրեցի ու միշտ ոչնչացրի, որովհետեւ Շեքսպիրի գործերի նման չէին դուրս եկել: Սակայն, էնքան ուժեղ էր կախարդանքը, որ մինչեւ օրս էլ ես ինձ ավելի դրամատուրգ եմ համարում, քան ուրիշ մի բան: Էն գիշերից հետո ես գաղտնի ճանապարհով դարձյալ ընկա Ադամյանի ներկայացումներին եւ մինչեւ անգամ մի գիշեր էլ խաղացի նրա հետ: Էդ խաղը, որ բոլորովին անակնկալ մի սկանդալ դուրս եկավ ու խեղճ Ադամյանին գրեթե սպանեց բեմի վրա: Հենց էդ խաղն էլ պատճառ եղավ, որ ծանոթացա նրա հետ: Էդ էլ էսպես եղավ, Պոլսից Թիֆլիս էր եկել ժամանակին հայտնի դերասան Կյուրեղյանը, եւ, եթե չեմ սխալվում, տիկին Հրաչյայի հետ «Վարդան Մամիկոնյան» էին խաղալու: Ահա այդ խաղի մեջ Ադամյանը վերցրել էր Եղիշեի դերը: Վարդան Մամիկոնյա՜ն... Եղիշե՜... Ադամյա՜ն... Ես էլ Ներսիսյան դպրոցի աշակերտ, վճռեցի տեսնել, ինչ ուզում է լինի, թեկուզ դպրոցից դուրս անեն: Մի բարի հոգի ինձ սովորեցրեց, թե էնպես մի կարճ ու ապահով ճանապարհ կա, որ հա՛մ Ադամյանին կտեսնեմ, հա՛մ Վարդան Մամիկոնյանին: Դեռ նրանց հետ էլ կխաղաս, ու քեզ էլ դպրոցից դուրս չեն անիլ: 

- Ինչպե՞ս:

- Թե` ներկայացումից առաջ կգնաս բեմի հետեւը, կհայտնես, որ ուզում ես զինվոր խաղալ, կընդունեն, շորերդ կփոխեն, բեխեր կշինեն ու կլինես բեմի վրա: Էլ ոչ կճանաչեն, ոչ դուրս կանեն:

Փոխանակ մի ժամ առաջ գնալու` ես մի քանի ժամ առաջ գնացի, մինչեւ իրիկնապահ սպասեցի: Իրար հետեւից եկան, հարց ու փորձ արին, վերջապես ինձ ընդունեցին հայոց զինվոր: Շորերս փոխեցին, տրիկո հագցրին, գույնզգույն լանջապանակ հագցրին, մի ոսկեզօծ կարտոնե սաղավարտ կոխեցին գլուխս, մի փայտե սուր կախ արին կողքիցս` սուր ծերը արծաթե գույն թղթով պատած, մի նիզակ էլ ձեռս տվին, եւ արդեն կազմ ու պատրաստ էի մեծ պատերազմի համար: 

Էսպես կերպարանափոխված ու զինված` որ հայելու մեջ ինքս ինձ տեսա`  լցվեցի գործի լրջության գիտակցությամբ: Ռուս զինվորներ էին բերել, նրանց հետ տարան մի 2 անգամ էլ բեմի վրա պտտեցրին, փորձ արինք, թե որ կողմից պետք է մտնեինք, ինչ անեինք ու ինչ ասեինք- եւ ընդամենը ասելիքներս մի քանի բացականչություններ էին. «Կեցցե՛ Վարդան», «Կեցցե՛ զորավար» եւ սրա նման բաներ: Նրանից հետո մեռնել պիտի խաղայինք` իբրեւ պատերազմի դաշտում- Ավարայրի դաշտում սպանված հայ զինվորներ: Ահա, հենց այդ սպանված զինվորների դերն էր, որ ես չկարողացա կատարեմ ու դուրս եկավ սկանդալ: Վերջին գործողությանը, վարագույրը բանալուց առաջ մեզ տարան պառկեցրին զանազան տեղեր` թե՛ դաշտում, թե՛ լեռնալանջերին` իբրեւ սպանված ու թափված զինվորներ: Ես ընկա մի լեռնալանջ: Բանն էն է, որ այդ լեռնալանջ ասածը կտավի վրա նկարած լեռներ ու ժայռեր են, հետեւից տեղ-տեղ արանք-արանք տախտակներով շինած: Էտ տախտակների վրա պառկեցինք` իբրեւ լեռնալանջերին: Ես էլ, ինչքան կարող էի, պատմական մեծ ողբերգությանը վայել մի դիրք ընդունեցի, սաղավարտս ու նիզակս էլ կողքիս ընկած, տախտակի լենքով մին պառկեցի, բայց էնպես պառկեցի, որ կարողանամ ներքեւ-դաշտին նայեմ, ուր մի սեւացած արկղի վրա, իբրեւ ժայռի վրա գալարվելով ու. «Ա՜խ, Հայաստան, Հայաստան...» մրմնջալով, մեռնում էր Վարդան Մամիկոնյանը` Կյուրեղյանը: Նրա մոտ պիտի գային եւ Վասակի կինը` տիկին Հրաչյան, եւ վերջապես Եղիշեն` Ադամյանը` ծեր Ծառուկի հետ:

 Վարագույրը բացվեց, առաջին անգամ էի բեմից հասարակություն տեսնում, անհամար գլուխներ ու աչքեր` բոլորը հառած դեպի մեզ: Բեմի վրա կես մութ, լուսնյակ գիշեր եւ խորհրդավոր լռություն, միայն Վարդանն է, որ ոլոր-մոլոր է գալիս ու ցավալի մրմնջում.- «Ա՜խ, Հայաստան, Հայաստան...»:

Հայոց ցեղասպանության մասին գրած թրքուհին հավակնում Է Բուքերյան մրցանակի

Ահա եկավ Սաթենիկը, մի բաժակ գինի ձեռքին, որ Վարդանի համար է բերում Հայաստանից: 

Ոտներս ինձ քաշեցի, սրան ճանապարհ տվի, գնաց ներքեւ, սկսվեցին նրանց փոխադարձ ողջագուրանքները, գուրգուրանքները ու սրբազան ուխտերը...

Մին էլ հանկարծ թատրոնը թնդաց ծափերից, գլխիս վրա հայտնվեց Եղիշեն` Ադամյանը, ծեր Ծառուկին հենված:

- Ծո՛, ճանապարհ տուր... 

Ոտներս դարձյալ ինձ քաշեցի, սա էլ անցավ:

- Վարդա՛ն, իմ Վարդա՛ն... - մրմնջալով Ավարայրի դաշտն իջավ: Հենց դաշտն իջավ թե չէ, որ պիտի խաղա- ս՜ըս՜... հասարակությունը ամեն կողմից ս՜ըս՜արավ ու լռեց, պատրաստվեց: Էդ ժամանակ ես էլ ուզեցի, պատրաստվեմ, որ լավ լսեմ ու տեսնեմ. վիզս որ ծռեցի, թեքեցի դեպի ներքեւ, անկանոն դիրքի պատճառով` թուքս կաթիկս թռավ թե ինչ` հանկարծ մի հազ բռնեց ինձ: Ես ցնցվում եմ ամբողջ մարմնով, ինձ հետ շարժվում, ու ճռճռում է ամբողջ դեկորացիան, բոլոր տախտակներն ու կտավները, այսինքն` բոլոր սարերն ու ժայռերը, եւ հակառակի նման էս հանդիսավոր րոպեին, թատրոնի խորին լռության մեջ: Թատրոնում ընդհանուր ծիծաղ բարձրացավ, գալերեան սկսեց աղմկել ու աղաղակել- բրա՜վո՜, բի՜ս, կեցցե՜ն հայոց քաջերը եւ այլն, եւ այլն: Խեղճ Ադամյանը մնացել էր քարացած, մեջտեղը կանգնած: Վերջապես հազս դադարեց, ժողովուրդը հանգստացավ նորից ս՜ըս՜, նորից լռություն: Ադամյանը մի փոքր էլ սպասեց ու խաղաց: Գործողությունը վերջացավ: Վարագույրն իջավ չէ` ժողովուրդը սկսեց դղրդալի ծափահարություններով Ադամյանին կանչել: Իսկ Ադամյանը թռավ դեպի մեռելները` կատաղած գոռալով.

- Ան ո՞վ էր, ծո՛... - բայց ժամանակ չկա, էնտեղ կանչում են, վարագույրը բարձրացնում են: Գնաց: Էս խայտառակ դրությունից օգտվելով` փախա, զինվորական համազգեստս հանեցի ու փախա դեպի պարտերը: Ճանապարհին դեպի բեմի հետեւը եկողները հարցնում էին, թե էն ո՞վ էր, որ էնպես հազում էր, ու աչքերն էլ բաց` ներքեւ նայում: Ես մտածեցի, որ էս աչքերի բացն էլ քանի չեն իմացել, շուտով թողնեմ բեմական ասպարեզը, գնամ տուն:

Մյուս օրն էր, թե մեկ երկու օրից հետո, պատմեցին, թե այժմ Ադամյանն էլ բարկացած չէ, ծիծաղելով է պատմում էդ դեպքը եւ հարցնում էր, ուզում էր ինձ տեսնի: Ես գնացի, զարմանալի սիրով ու քաղաքավարությամբ ընդունեց, մանավանդ, երբ իմացավ Ներսիսյան դպրոցի աշակերտ եմ եւ ինչ պատճառով էի գնացել: Իրեն գրքերից մինն էլ նվիրեց` ի հիշատակ իմ կարճատեւ, բայց աղմկալի բեմական գործունեության: Նրանից հետո մի քանի անգամ եղա մոտը: 

Ինձ թվաց մի շատ քաղաքավարի ու քնքուշ, բայց հիվանդ մարդ, եւ, չգիտեմ ինչու` մենակ մարդ: Գուցե էն էր պատճառը, որ հյուրանոցում էր ապրում, չգիտեմ, բայց մենակ մարդ...»:

Թումանյանն իր հուշերում գրում է, թե զինվորի դերը անհաջող խաղալուց հետո բեմական ասպարեզը պետք է թողնի, բայց ինչպես երեւում է նրա կենսագրական փաստերից, 1890-ական թվականներին իր ընկեր գրողների հետ` որպես սիրող, մասնակցել է զանազան ներկայացումների: Ինչպես օրինակ` 1894 թվին Ղազարոս Աղայանի, Շիրվանզադեի հետ մասնակցել է «Ուրիել Ակոստայի» բեմադրությանը, որի մասին ժամանակին գրվել է մամուլում:

 

Պատրաստեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА