o C     16. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

22.06.2016 13:08 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Այսօր տարվա ամենաերկար օրն է` ամառային արեւադարձը, ինչի առնչությամբ էլ շնորհավորում ենք ընթերցողին: Առավել եւս, որ արեւադարձը նաեւ երեւակում է զարմանալի, բայց ուսանելի մի երեւույթ, թե ինչքան դառն է դավաճանի հացը, անգամ եթե դրա վրա, պատկերավոր ասած, սեւ խավիարի հաստ շերտ է քսած: Խոսքը Հայոց ցեղասպանությունը ժխտած եւ Էրդողանին հաճոյացող անարժան տիրացու ԱՐԱՄ ԱԹԵՇՅԱՆԻ` Հայաստան գալու մտադրության մասին է: Քիչ է, որ ԱԺ 28 պատգամավոր միացել են նրա մուտքը արգելելու նախաձեռնությանը ու այդ հարցում բացարձակ համակարծիք են, օրինակ` քաղաքականապես միշտ իրար հակադիր Շուշան Պետրոսյանն ու Զարուհի Փոստանջյանը, քիչ է, որ օդանավակայանում նրան դիմավորելու են բողոքի ակցիաներով, ու հնարավոր է` թուրքական լխկած լոլիկներով, հենց Կ. Պոլսում այսօր նրա դեմ բողոքի բավականին դաժան ակցիա է լինելու` պատրիարքարանի գլխավոր մուտքի մոտ: Այդ մասին գրել է «Արեւելք» կայքէջը` վկայակոչելով Պոլսի «Ժամանակ» օրաթերթը. «Աղբյուրը նաեւ կհաղորդե, որ բողոքի հավաքը կազմակերպված է «Միտք» խմբավորման կողմե: Թերթը, որ խոսած է նախաձեռնության կազմակերպիչներեն` իրավաբան Թադեոս Պեպեքին հետ, նաեւ նշած է, թե երթին մասնակիցները նախ մոմավառություն պիտի կատարեն Սուրբ Աստվածածին աթոռանիստ եկեղեցվո առջեւ ապա, որպես բողոքի նշան սեւ ծաղկեպսակ մը պիտի զետեղեն պատրիարքարանի գլխավոր մուտքին դիմաց: Թադեոս Պեպեք նաեւ ըսած է, որ իրենց նպատակն է համայնքի ուշադրությունը գրավել եւ ցույց տալ դժգոհություն` Արամ Սրբազանի որդեգրած կեցվածքներուն եւ Էրտողանին ուղղված նամակին դեմ»: Դե ինչ, նրան տեղն է. Երեւանում` թուրքական լոլիկներ, Պոլսում` սգո ծաղկեպսակ...

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, YANDEX-ը բոլոր լիբերաստների, հակառուսական տրամադրություն ունեցող «ինտելեկտուալների» աչքի գրողն է` նրանց միջավայրում ամոթալի է համարվում որեւէ բան որոնել համացանցում Yandex որոնողական համակարգի օգնությամբ: Սակայն զարմանալիորեն պարզվում է, որ Yandex-ը հիմա էլ դարձել է մայրաքաղաքի տաքսիների աչքի գրողը, այն էլ այն աստիճանի` որ պատրաստվում են գործադուլի: Անշուշտ, մեր տաքսիստները հույժ քաղաքականացված են, բայց հակառուսական տրամադրությունների մեջ նկատված չեն, ու նրանց բողոքի պատճառը բավականին պարզ է` Երեւանում է հայտնվել Yandex տաքսին, որը կարելի է պատվիրել բջջային հեռախոսի հատուկ հավելվածով, ու առաջարկում են շատ էժան գներ, պատրաստ է այս փուլում ուղեւորներին տեղ հասցնել «շան մսի գնով»: Ու դա է պատճառը, որ վրդովվել են տաքսիստները, իսկ տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը գրեթե վստահ է, որ լինելու է անազնիվ, օրենքի դաշտից դուրս մրցակցություն: 

Մեր բոլորիս զահլան տարել են ծակպրոֆեսոր, տնայնաբույծ քաղաքագետներն ու ՔԱՂՏԵԽՆՈԼՈԳՆԵՐԸ, ովքեր հավարը կապել են, իբր Սանկտ Պետերբուրգում Արցախը «ծախվել-պրծել» է: Եվգենի Սատանովսկու պես ծանրաքաշ արեւելագետը Ադրբեջանի սեւ ցուցակների հայտնվելու գնով գալիս է Արցախ, որպեսզի հայտարարի, որ Արցախի վերադարձն Ադրբեջան անհնարին է, Սերգեյ Մարկեդոնովի պես քաջատեղյակ քաղաքագետն ասում է, որ չկա մադրիդյան սկզբունքներին անցում կատարելու խնդիր եւ. «Առայժմ խոսքը վստահության ձեւավորման մասին է: Այն ձեւավորվում է հենց այն ժամանակ, երբ որոշակի պատասխանատվություն կա միջադեպերի համար, երբ իրականացվում է ավելի ինտենսիվ հսկողություն, երբ հնարավորություն կա կանխել բախումները: Միայն փորձ ձեռք բերելուց հետո կարելի է խոսել կոնկրետ քայլերի անցնելու մասին»: Բայց, այնուամենայնիվ, ինչ-որ մեկը դեմքի լրջագույն արտահայտությամբ արտաբերում է հետեւյալ տխմարությունը. «Կարծում եմ, որ հայտարարությունում արձանագրվում է այն փաստը, որ կողմերը համաձայն են ճանապարհային քարտեզի իրականացմանը, որը նրանց վաղուց էր ներկայացվել: Նկատի ունեմ 2007թ. Մադրիդյան սկզբունքները»: Ինչքան ուզում ես «քաղտեխնոլոգ» կոչվիր, դա ծիծաղելի է հնչում, բայց եթե հիմարություն դուրս տալու համար հանկարծ 30 արծաթ է նախատեսված, ապա գոնե հասկանալի է, բայց ոչ ընդունելի:Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА