o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

21.06.2016 14:56 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես օրվա ընթացքում նույնիսկ փչացած ժամացույցն է ճիշտ ժամ ցույց տալիս, այդպես էլ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ զարմանալիորեն երբեմն ճիշտ բաներ է ասում: Օրինակ այն, ինչ ասաց տիկինը Վարդան Սիվիլիթասիչի մասին, ճշմարտություն է ծայրից ծայր. «Պարոն Օսկանյանը, իր քաղաքական ճանապարհն անցնելով, մասնակից է եղել ավտորիտար ռեժիմի կառուցմանը: Այս պահի դրությամբ կարող եմ միայն ասել, որ ինքը շուրջ տասը տարի եղել է ավտորիտար իշխանությունների ներկայացուցիչ: Այդ ավտորիտար ռեժիմի ժամանակ են փակվել մի շարք լրատվամիջոցներ եւ այլն: Լինելով արտաքին հարաբերությունների ղեկավար` ամեն օր առնչվել է այդ ազատությունների սահմանափակմանը: Այստեղ խնդիր կա, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ներգրավված են եղել այդ ապօրինի գործընթացների մեջ եւ ունեցել են պաշտոնական դիրք այդ տարիներին ու լռել են, ապա դա նույնպես մեղսակցություն է»: Սակայն հետաքրքիր է, ինչպես է դա ընկալվելու ԱՄՆ-ում: Բա, ամերիկամե՞տն էլ ամերիկացու մասին այդպիսի «քըխ» բաներ ասի:

ԶԱՐՄԱՆՔ

Սակայն ինչքան էլ զարմանալի լինի, երբեմն օգուտ է լինում եւ քոչարյանաօսկանյանական քարոզչամիջոցներից: Այդպիսի մի կայքում էլ հայտնաբերեցինք տեղեկությունը, թե ուր է անհետացել ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ, եւ ինչու այլեւս ոչ մի տեղ չենք տեսնում նրա թունդ հակառուսական, իսկ երբեմն` հակաքոչարյանական ելույթները: Սույն քարոզչամիջոցը հեգնանքով տեղեկացնում է, որ պարոն Շահնազարյանը դարձել է գինեգործ եւ այժմ «365 վայնս» գինու գործարանի տնօրենն է: Անշուշտ, պարոն Շահնազարյանը ճիշտ է վարվել, որ լքել է այնպիսի նյարդակեր ոլորտը, ինչպիսին քաղաքականությունն է` ի վերջո մարդը որոշել է քաղաքականությունից հանգստանալ եւ ավելի օգտակար գործով զբաղվել: Չէ՞ որ, ինչպես ասում էին Հռոմում` In vino veritas, այսինքն` ճշմարտությունը գինու մեջ է: Բայց այստեղ էլ կա ճակատագրի հեգնանք` բախտի բերմամբ այնպես է ստացվել, որ այդ գործարանի արտադրանքի հիմնական իրացման շուկան Ռուսաստանն է, որի հասցեին ժամանակին այդքան թթու խոսքեր էր ասել պարոն Շահնազարյանը: Չէ՞ որ ասված է` շատ մի ատիր` սիրել կա:

Այն, որ համացանցի դարում ամեն ոք, ով յուրացրել է համակարգչային ստեղնաշարի copy եւ paste գործողությունները ինքնիրեն լրագրող է համարում, նորություն չէ եւ զարմանալի չէ: Զարմանալի է, որ այդպիսիններին հաջողվեց պատմության մեջ գցել ՍԴ նախագահ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ: Մի քանի հոգի «Ֆեյսբուքում» տարածել են 2013-ի լրատվությունը այն մասին, թե Գագիկ Հարությունյանի ամառանոցից արջ է փախել եւ վնաս տվել գյուղացիներին, ու ամենահետաքրքիրն այն է, որ որոշ կայքեր հաջորդ առավոտյան դա հրապարակել են որպես լուր ու նաեւ ՍԴ նախագահից մեկնաբանություն են վերցրել, եւ նա, բնականաբար, հերքել է: Զարմանալի է, լավ, այդքանիդ մեջ copy եւ paste անելու ժամանակ չգտնվե՞ց մեկը, ով ֆայմի լրատվության ամսաթիվը նայել: 

Վերջերս նույն համացանցում հաճախ կարելի է հեգնանքով կամ կատակով կարդալ, թե ԲՐԻՏԱՆԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ հայտնաբերել են այս կամ այն բանը: Բայց ահա` տեղեկատվություն բրիտանացի գիտնականների իրական հայտնագործության մասին, որ թույլ է տալիս մարդուն զգուշացնել ինֆարկտ ստանալու մասին դրանից 5 տարի շուտ: Հիմա պատկերացնո՞ւմ եք այն մարդուն, ում բժիշկները կասեն, որ 5 տարուց ինֆարկտ ես ստանալու: Միայն այդ մասին մտածելը բավարար է` չեղած տեղից ինֆարկտ վաստակելու համար: Սակայն այդ զարմանալի գյուտարարները նաեւ շատ հետաքրքիր բան են հայտնաբերել. «Այն, որ ուժեղ իմունային համակարգը մեզ պաշտպանում Է սրտի կաթվածից, չափազանց հետաքրքիր բացահայտում Է դարձել մեզ համար»: Այնպես որ, լավ իմունիտետը պաշտպանում է ոչ միայն գրիպից, աղեստամոքսային ախմախություններից, թոքաբորբից, այլ նաեւ ինֆարկտից: Այնպես որ, կոփելով ձեր օրգանիզմը, կապահովագրեք նաեւ ձեր սիրտը: Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА