o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մրսել, թե՞ սոված մնալ, սա է խնդիրը

19.01.2018 12:13 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մրսել, թե՞ սոված մնալ, սա է խնդիրը

Հայտնի է, որ սոցիալապես անապահով նպաստառու ընտանիքներն ունեն հոսանքի եւ գազի սպառման սահմանափակում: Հակառակ դեպքում, եթե սահմանված քանակը գերազանցի, նրանք կարող են զրկվել նպաստից: Եվ ահա օրերս, ինչպես մեր ընթերցողներից մեկը տեղեկացրեց, որ այդ սահմանափակումը լուրջ խնդիրներ է առաջացրել:

«ԵԿՈՂ ՏԱՐԻՆ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆ Է, ԵՐԲ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ ԽՄՈՐՈՒՄՆԵՐԸ»

ԵՐԲ ՎԱՌԵԼԱՓԱՅՏԸ ՊԱԿԱՍԵԼ ԵՎ ԹԱՆԿԱՑԵԼ Է
Ըստ մարզում բնակվող մեր աղբյուրի. «Մինչ այս, անապահով ընտանիքները կարողանում էին ձմեռային ջեռուցման խնդիրը լուծել փայտի միջոցով: Բայց ահա այս տարի վառելափայտի վաճառքի սահմանափակումները խստացան, գները նկատելիորեն աճեցին: Բայց եթե փայտի փոխարեն գազով կամ հոսանքով ջեռուցեն եւ անցնեն սահմանված չափը, կզրկվեն նպաստից, ինչպես նաեւª սահմանված ցածր գներից: Ավելին, շատ ընտանիքներ արդեն այդ չափաքանակից անցել են եւ հիմա մասսայաբար կարող են դուրս մնալ համակարգից: Սոցապի տեսուչները համոզում են, թե դա իրենց սրտովն էլ չէ, բայց ինչ կարող են անել: Լավ, միգուցե էլեկտրաէներգիայի կամ գազի սպառման քանակն էլ ընտանիքի անապահովության չափանիշ է: Բայց ի՞նչ անեն մարդիկ, եթե մրսում են, ստիպված կլինեն անգամ պարտքով լուծել ջեռուցման հարցը: Հատկապես լեռնային շրջաններում անհնար է առանց գոնե նվազագույն ջեռուցման: Այսինքն, կա՛մ պետք է ցրտից մեռնեն կա՛մ սովից` նպաստից զրկվելու դեպքում: Բայց մի՞թե պետական կառույցները չեն կարող գոնե ձմեռային ամիսներին եւ լեռնային գոտու համար այնպիսի չափաքանակներ սահմանեն, որ մարդիկ նման փաստի առաջ չկանգնեն»:

Սա միակ բողոքը չէ, նման դժգոհություններ այս տարի շատ ենք ստացել, ընդ որում, հիմնականում բարձրադիր լեռնային շրջաններում բնակվող մարդկանցից: Եվ, հաշվի առնելով, որ ձմեռը համեմատաբար տաք էր, դժվար չէ կռահել, որ ավելի ցուրտ լինելու դեպքում խնդիրն էապես կսրվի: Ուրեմն, հնարավոր չէ՞, որ գոնե բարձրադիր գոտիների բնակչության համար պայմանները փոխվեն` հարցով դիմեցինք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ ԱՍՏՂԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ, ով հետեւյալ պարզաբանումը ներկայացրեց.
- Նախ պետք է ասել, որ անցյալ տարվա սկզբից կա կառավարության որոշում, համաձայն որի` սոցիալապես անապահով ընտանիքներին մեղմացված սակագներով բնական գազ եւ էլեկտրաէներգիա է մատակարարվում: Խոսքը վերաբերում է անապահովության գնահատման համակագում քսանից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքներին: Բնական գազի, էլեկտրաէներգիայի համար չկա սահմանաչափ այդ տեսանկյունից: Ավելին ասեմ, տարվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի համար նպաստառու ընտանիքները վճարում են ավելի ցածր սակագնով, քան` անապահովության գնահատման համակարգում չընդգրկվածները: Ընդ որում, որեւէ հատուկ բան, նկատի ունեմª փաստաթղթեր ներկայացնել եւ այլն,  քաղաքացին դրա համար չի անում: Պարզապես` Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը անապահով ընտանիքների ցուցակները տրամադրում է «Գազպրոմին» եւ ՀԷՑ-ին, որտեղ էլ վճարման ենթակա գումարը հաշվարկվում է սահմանված ցածր սակագներով: Ավելին` երբեմն որոշ ընտանիքներ չեն էլ պատկերացնում, որ իրենք ցածր սակագնով են վճարում: Սա իրավունքի կիրառման տեսանկյունից: 

Հ.Գ. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյաի հետ զրույցի առավել մանրամասները կարդացեք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА