ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՉԱՐԻՔ, ՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԱՌԱՎԵԼ Է

12.01.2018 20:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՉԱՐԻՔ, ՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԱՌԱՎԵԼ Է

2018-ի առաջին շաբաթը, բացի տոնական սեղաններից, կենացներից, շնորհավորանքներից, բերեց նաեւ ողբերգություններ: Առաջնագծում թշնամու գնդակից զոհվեց 19-ամյա զինծառայող Վաչե Չիլինգարյանը: Այս իրադարձության մասին շատ խոսվեց ինչպես լրատվական կայքերում, այնպես էլ սոցիալական ցանցերում:

Կառավարությունը կաշխատի կուտակային կենսաթոշակային համակարգն առավել ընդունելի և հուսալի դարձնելու ուղղությամբ

Բայց մահաբեր այլ վիճակագրություն էլ եղավ առաջին շաբաթին: Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրություն: Զոհվել են 14 հոգի: Ինչ վերաբերում է առաջնագծին, ապա Շուշան Պետրոսյանի ուշագրավ դիտարկմամբ` պատերազմի մեջ ենք, «որը կավարտվի վերջին թուրքի հետ»: Այսինքն` մեզանից թվաքանակով մի քանի տասնյակ անգամ ավելի բազմաթիվ կենսաբանական թշնամու հետ գործ ունենք: Հենց այդ պատերազմում է զոհվել Վաչե Չիլինգարյանը: Զոհվել է հանուն հայրենիքի, թշնամու կրակի տակ վիրավոր ընկերոջը փրկելիս: Իսկ հանուն ինչի՞ են զոհվել այդ 14 քաղաքացիները: Հիմա պատերա՞զմն է ավելի մեծ չարիք, թե` այն, ինչ կատարվում է մեր ավտոճանապարհներին, առաջնագծից եւ թուրքի կրակոցներից տասնյակ կիլոմետրերով հեռու, «ապահով» թիկունքում: Մեկը տասնչորսի` մի զարհուրելի հարաբերակցություն: Մեկ իմացյալ մահին` 14 անիմաստ մահեր: 

Այդ զարհուրելի 14 թիվը այդպես էլ կմնար սոսկ վիճակագրություն, որը, չգիտես ինչու, առանձնապես չի հուզում հանրությանը, եթե այդ վիճակագրության մեջ ներդրում կատարած չլիներ տխրահռչակ քրեական հեղինակություն Ճվճվ Արոյի որդին` անուղղելի ճիվաղի համբավ ունեցող Սաքուլիկը, եւ, եթե նրա մեղքով տեղի ունեցած ավտովթարի զոհ չդառնային Ճանապարհային ոստիկանության երկու սպա: Ավտովթարը տեղի է ունեցել մայրաքաղաքի կենտրոնում, Սաքուլիկի վարած ավտոմեքենան այնքան արագ էր սլանում, որ բախվելով ոստիկանության մեքենային, այդ մեքենային շպրտեց մի քանի տասնյակ մետր... 

Հենց այդ հանգամանքները երեւան հանեցին այն, որ այդ նույն Սաքուլիկը եւ նրա եղբայրը մինչ այդ էլ կատարել են մեկ տասնյակից ավելի հանցագործություններ եւ մնացել անպատիժ: Էլի ավտովթարներ, խուլիգանության դրվագներ, այդ թվում եւ զվարճանքի տարբեր օբյեկտներում, թմրանյութեր, կողոպուտ... Ամեն անգամ` անպատժելիության նորանոր հաստատում: Ու հիմա թեեւ այդ հանցագործը կալանավորված է, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ չի մարսելու ոստիկանության երկու սպայի արյունը: Ասում են, թե նա շատ ազդեցիկ հովանավոր ունի, սակայն առավել կարեւոր գործոն կա` փողը, որ բացում է բոլոր դռները, եւ լուծում ցանկացած հարց: Երկրում կան այնքան շատ տարատեսակ քննչական մարմիններ, որ միայն թվարկման համար երկու ձեռքերի մատները չեն հերիքի, բայց դրանից օրինականությունը չի ավելանում: Փող չունեցող օրինախախտի հետ վարվում են ըստ օրենքի, իսկ փող ունեցողի դեպքում ակնհայտ լպիրշ հանցագործը դառնում է անմեղ, պոռնիկը դառնում է կույս...

Հայ-վրացական հարաբերությունները թևակոխել են որակապես առավել բարձր մակարդակ. ՀՀ ԱԳ նախարար

Դա նորություն չէ, ու ամենեւին էլ միակ դեպքը չէ: Հիշո՞ւմ եք, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդու` մահվան ելքով վրաերթը: Պատանի հանցագործը ոչ միայն պատասխանատվության չենթարկվեց, այլեւ բանը հասավ մեդալ ստանալուն: Ու մարդիկ հիմա դառը կատակում են` տեսնես ե՞րբ են մեդալ տալու Ճվճվ Արոյի Սաքուլիկին: Եվ կատարյալ անպատժելիություն վայելող երիտասարդները այդքան էլ քիչ չեն: Հանրության գլխին փորձանք դարձած օլիգարխիայի զավակները: Օլիգարխիան իր փողի տրցակներով այսօր թելադրում է` ինչ ուզում է, եւ դա վերաբերում է բոլոր ոլորտներին: Օլիգարխ ես` կշրջես թիկնապահներով լցված ավտոշքախմբով, թեեւ դա արգելված է օրենքով: Եվ ճանապարհային ոստիկանությունը ոչ միայն չի կանգնեցի այդ շքախումբը, այլ նրա համար փողոց էլ կփակի, նրան պատվի էլ կառնի: Օլիգարխ ես` լակոտդ կարող է անել` ինչ կամենա, եւ նրա անպատժելիությունը երաշխավորված է: 

Հենց այդ, այսպես կոչված, «ոսկե երիտասարդությունն» է այսօր դարձել տասնապատիկ ավելի մեծ չարիք, քան` պատերազմը, տասնապատիկ ավելի վտանգավոր, քան` մինչեւ ատամները զինված թուրքը: Ու քանի դեռ ամեն ինչ որոշվում է փողով, եւ փողն ամենազոր է, մեր կյանքի որակը չի կարող լավանալ: Պացիֆիստները բարբաջում են, որ մարդիկ երկրից փախչում են պատերազմի պատճառով, որ ներդրողները չեն ուզում Հայաստանում փող ներդնել պատերազմի պատճառով: Սուտ է, պատճառը հենց վերը հիշատակված չարիքն է, որը պատերազմից տասնապատիկ առավել է: Որի պատճառով զինվորականի մասնագիտությունը տասն անգամ ավելի անվտանգ է, քան, ասենք, տաքսու վարորդինը, քանզի ավտոճանապարհներին ու փողոցներին զոհվելու հավանականությունը տասնապատիկ ավելին է, քան` առաջնագծում: Եվ կյանքի նկատմամբ սպառնալիքը դեռ ամենամեծ չարիքը չէ, այլ օլիգարխիկ դասի լկտի եւ ցինիկ անարգանքը հանրության նկատմամբ, որի պատճառով քաղաքացիները առնչվում են առավել վատթար վտանգի` ստորացվելու վտանգի: Հենց այդ ստորացվելու վտանգի պատճառով են արտագաղթում, հենց դրա պատճառով երկրում ներդրում ու գործ դնել չեն ուզում: Երջանկահիշատակ իրավագետ Վլադիմիր Նազարյանը սիրում էր կրկնել, որ արդարությունը հացից կարեւոր է, եւ եթե լինի արդարություն, ապա կլինի նաեւ հաց: Նա իրավացի էր, երիցս իրավացի: 

Իսկ այն, ինչ տեղի ունեցավ մայրաքաղաքի կենտրոնում, որոշակի նմանություն ունի բումերանգի հետ: Իրավապահ ամբողջ համակարգը փողի գայթակղությամբ այնքան հանցանքներ պարտակեց, որ հիմա օլիգարխիկ կրիմինալի զոհ դարձան այդ համակարգը ներկայացնող երկու երիտասարդ սպաներ... Ամեն անգամ` նույն պատմությունը. ոստիկանները բռնում են լպիրշ օրինախախտներին, բայց հետո նրանք «պլստում» են... Միգուցե, այդ ողբերգությո՞ւնը վերջապես ստիպի պատռել օլիգարխիկ կրիմինալի զարհուրելի փակ շրջանը: 

Խնդրվում է լինել առավել զգոն և ուշադիր՝ երթևեկության կանոնները պահպանելու ուղղությամբ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА