ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարզպետի խորհրդականի սպանության գործն ուղարկել է դատարան

06.01.2018 11:09 ԻՐԱՎՈՒՆՔ
Մարզպետի խորհրդականի սպանության գործն ուղարկել է դատարան

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Գործը մակագրվել է դատավոր Վահե Խալաթյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից։

Մանրամասներ գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած սպանության վերաբերյալ

Նշենք, որ ըստ դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության՝ Ռուզաննա Մկրտչյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել եւ չի տառապում,  իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ նա ճանաչվել է մեղսունակ:

Ռուզաննա Մկրտչյանը մեղադրվում է ամուսնուն` Մանուկ Սիմոնյանին սպանելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:

Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ Ռուզաննա Մկրտչյանը, 1992թ. ամուսնացած լինելով Մանուկ Սիմոնյանի հետ եւ համատեղ բնակվելով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի 24 փող. 4-րդ տանը, տարիներ շարունակ հաճախակի բռնության է ենթարկվել նրա կողմից:

Հերթական անգամ, 2017թ. հուլիսի 22-ին` ժամը 10-ի սահմաններում, տանը ամուսնու հետ միայնակ մնալուց հետո, վերջինս չնչին առիթն օգտսգործելով, տան 2-րդ հարկի իրենց ննջասենյակում կրկին ծեծի է ենթարկել Ռուզաննա Մկրտչյանին: Այնուհետեւ ննջասենյակից կնոջը դուրս վռնդելուց հետո, պառկելով մահճակալին քնել է: Ռուզաննա Մկրտչյանը ննջասենյակից դուրս գալուց մի քանի րոպե անց ննջասենյակին կից խոհանոցում գտնվելու ժամանակ տեսել է սառնարանի կողքին` հատակին դրված կացինը եւ անմիջապես նրա մոտ դիտավորություն է առաջացել ննջարանում ամուսնու քնած լինելու հարմար առիթն օգտագործելով կացինով սպանել նրան` տարիներ շարունակ իրեն ծեծի ենթարկելու եւ նվաստացնելու համար: Ռուզաննա Մկրտչյանը վերցնելով կացինը եւ խոհանոցից դեպի ննջասենյակ տանող դռնով մտնելով ներս, մոտեցել է մահճակալին քնած ամուսնուն եւ նրան ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանելու նպատակով կացնով մի քանի անգամ հարվածել է Մանուկ Սիմոնյանի գլխին, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:

Սպանությունը կատարելուց հետո, տուն է կանչել որդուն` Նորիկ Սիմոնյանին եւ արդեն 2017թ. հուլիսի 23-ին` ժամը 04-ի սահմաններում, ամուսնու «Մերսեդես Բենց» մակնիշի 77 NM 779 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով որդու հետ ամուսնու դիակը տեղափոխել եւ թաքցրել են Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի աջակողմյան ամայի տարածքում` Դալարիկի ձորից շուրջ 30 մետր հեռավորության վրա, որտեղից էլ այն հայտնաբերվել է 2017թ. հուլիսի 25-ին ժամը 23:30-ի սահմաններում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА