o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ, ՈՐ ԷՐԴՈՂԱՆԸ ՀԻՇԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

08.12.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ, ՈՐ ԷՐԴՈՂԱՆԸ ՀԻՇԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

Շարունակվում են տարաբնույթ մեկնաբանությունները՝ կապված Էրդողանի վերջերս արված հայտարարության հետ: Հիշեցնենք, Թուրքիայի նախագահը, օրերս անսպասելիորեն խոսելով Հայաստանի հետ հարաբերություններից այն տեսակետն առաջ քաշեց, թե մեր երկիրն է, որն էլ՝ Սփյուռքի ճնշման տակ «համառորեն փակ է պահում Թուրքիայի հետ բարեկամության դռները, որի հետեւանքով դուրս է մնացել էներգետիկ, առեւտրային ու տրանսպորտային նախագծերից եւ շարունակելու է դուրս մնալ»:

Թրամփը հայտնել է Բեն Լադենի որդուն սպանելու մասին

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՄԵԿ ԱՄՍԻՑ

Մի շարք հեղինակավոր վերլուծաբաններ Էրդողանի հայտարարությանը մոտենում են այն տեսանկյունից, թե այդ ի՞նչ է, Անկարան ուզում է ասել, թե ինքը Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնման, ավելին՝ բարեկամության ջատագովն է, եւ ոչինչ չի ստացվում բացառապես Հայաստանի մեղքո՞վ: Ավելին, Հայաստանն էլ մեղք չունի, այդ հայկական սփյուռքն է մեղավորը: «Բայց չէ՞ որ Էրդողանը նախկինում Հայաստանի հետ հարաբերությունների հարցը բոլորովին այլ խնդրի՝ Ղարաբաղի հետ էր կապում,- միաժամանակ նկատում են մի քանի վերլուծաբան: Այսինքն, Էրդողանն ուզում է ասել, որ հայկական սփյո՞ւռքն է խանգարում Թուրքիայի եւ Ադրբեջանի համար ցանկալի սցենարով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, իսկ Հայաստանը երազո՞ւմ է այդ մասին: Չէ, հազիվ թե ասվածի իմաստը դա էր, այդպես մտածելն անգամ հիմարություն կլիներ, իսկ Էրդողանն այն միամիտ գործիչը չէ, որ հավատար, թե այդքան պրիմիտիվ քարոզին որեւէ մեկը կհավատա կամ դրանից որեւէ օգուտ կստանա»: Հետեւաբար, ըստ նույն փորձագետների, Էրդողանի հայտարարությունից պետք է դուրս թողնել ողջ լիրիկական մասը եւ ֆիքսվել բուն իմաստի վրա: Այն է, որ նա ակնարկում է Հայաստանի հետ հարաբերությունները դրական ընթացք տեղափոխելու հնարավորության մասին եւ սպասում է Երեւանի ռեակցիային:

Ասվածի մեջ կա՞ տրամաբանություն: Այս հարցի պատասխանը, թերեւս, կապված է մեկ այլ հարցադրման հետ՝ իրականում ի՞նչ ընթացքի մեջ է ղարաբաղյան բանակցային գործընթացը: Նախօրեին կայացած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը հրապարակային հարթությունում այդ մասին քիչ բան ասաց: Սակայն որոշակի ենթադրությունների հնարավորություն կա: Այսպես, հանդիպման հետ կապված ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է. «Օրակարգում էին երկու երկրների ղեկավարների` Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիները: Համանախագահների առաջարկությամբ՝ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ առաջիկա հանդիպումը 2018թ. տարեսկզբին կազմակերպելու վերաբերյալ»: Մոտավորապես նույն կարգի ժլատ հայտարարություն է տարածել նաեւ Ադրբեջանի ԱԳՆ-ն: Թե՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը միտված «ինտենսիվ եւ նյութական բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել 2018թ. հունվարի կեսերին ԱԳ նախարարների մակարդակով նոր հանդիպման մասին: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը տեղեկացնում է, որ հանդիպումը դրական էր եւ կոնստրուկտիվ»:

Նկատենք, որ թեեւ վերջին ժամանակներս տեղի ունեցող նմանատիպ հանդիպումների առատությանը, թե կոնկրետ ինչ է քննարկվում, պաշտոնական աղբյուրները գրեթե բան չեն ասում: Իսկ դա նշանակում է, որ բանակցային գործընթացը խիստ գաղտնիության փուլում է: Գումարենք դրան մեկ ամսից ԱԳ նախարարների նոր հանդիպման մասին պայմանավորվածությունը, եւ նման ինտենսիվությունը հուշում է, որ ինչքան էլ գաղտնի, սակայն ռեալ քննարկումներ են ընթանում:

Կբերի՞ այս ամենը գործնական արդյունքի. հարցի պատասխանը, թերեւս, անգամ Նալբանդյանն ու Մամեդյարովն այս պահին չեն կարող տալ: Բայց եթե կա առարկայական եւ ինտենսիվ բանակցային գործընթաց, ուրեմն կա նաեւ գործնական ելքի հեռանկարը: Այսինքն` չբացառենք, որ Էրդողանը, խոսելով Հայաստանի հետ հարաբերություններից, իր հաշվարկների տակ նաեւ ներկայիս բանակցային իրողություններն է դրել:

ՔՐԴԱԿԱՆ ՎՏԱՆԳԸ ՄՆՈՒՄ Է

Բայց մյուս կողմից փորձագետներից շատերն են աստիճանաբար գալիս այն մտքին, որ Հայաստանի թեման Թուրքիայի համար առանց Ղարաբաղի էլ՝ գնալով կարեւորվում է: Նկատի ունենք հետեւյալ զարգացումները:

Վերջին ժամանակներս Անկարան փորձեց փոփոխություններ մտցնել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Իմաստը հասկանալի է. Եվրոպայի հետ հարաբերությունները շարունակում են վատթարանալ, եւ եթե ԱՄՆ-ի հետ լարվածությունն էլ շարունակի խորանալ, Թուրքիայի համար ռուսական վեկտորը դառնում է պարտադրանք, կախվածություն, որը, բնական է, Անկարայի համար ձեռնտու չէ: Բայց ահա, չնայած Թրամփի հետ ունեցած որոշ պայմանավորվածություններից, ինչպես առիթ էինք ունեցել ենթադրել, թուրք-ամերիկյան հարաբերություններում որեւէ ռեալ դրական տեղաշարժ չկա: Եվ նույնիսկ հակառակը:

Այսպես, Թրամփ-Էրդողան պայմանավորվածություններից էր սիրիական քրդերին զենքի մատակարարումները դադարեցնելը: Որոշ խաղերից հետո Վաշինգտոնը հայտարարեց, որ դադարեցնում է: Բայց դա մի կողմից, եթե ոչ այսօր, ապա վաղը ԱՄՆ-ը պետք է աներ: ԻՊ-ի դեմ պատերազմը գործնականում ավարտված է, եւ այդ պարագայում չկա նաեւ քրդերին սպառազինություն տալու հիմքը: Չնայած, այդ մատակարարումների դադարեցումը նաեւ ԱՄՆ-ի համար էր ծուղակ. Պենտագոնից հազիվ էր զենքի մասին այդ հայտարարությունը հնչել, որ քրդերը Սիրիայում ՌԴ զինվորականության միջնորդությամբ հրապարակավ գործնական շփումներ սկսեցին Դամասկոսի հետ: Իմաստը հասկանալի է. Սիրիայի մասնատումը բացառված է, վաղը-մյուս օրը այդ երկիրը կավարտի պատերազմն ու կվերականգնի բոլոր տարածքների նկատմամբ վերահսկողությունը: Իսկ քրդերը դեռ ապրելու են այնտեղ, այսինքն՝ պետք է հետագայի մասին պայմանավորվել: Այդ թվում, պետք է լուծում տալ քրդական զինված ստորաբաժանումների խնդրին, ու կարծես թե դա կարող է արվել քրդական որոշ ուժերի` սիրիական բանակի կազմ ներգրավելու միջոցով: Իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-ի կողմից քրդերին զինելու դադարեցումը Անկարային գործնականում ոչինչ չտվեց: Ավելին, հիմա արդեն քրդական վտանգի հետ կապված հարցը աստիճանաբար կարող է տեղափոխվել ռուսական ուղեծիր, որը Անկարային կպարտադրի՝ էլ ավելի կենտրոնանալ մոսկովյան վեկտորի վրա:

Լավրովը հայտարարել է Սիրիայում պատերազմի ավարտի մասին

Դա հնարավոր կլիներ կոմպենսացնել` Վաշինգտոնի հետ հարաբերությունները կարգավորելով: Բայց ահա Թրամփն այս իրավիճակում ամենաանսպասելի քայլին գնաց՝ Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք:

ԹՐԱՄՓԻ ԵՐՈՒՍԱՂԵՄՅԱՆ ԱՆԱԿՆԿԱԼԸ

Թե որն էր Սպիտակ տան այդ քայլի իմաստը, կարելի է կռահել: Նախ՝ Թրամփի վարչակազմում իսրայելյան լոբբինգն իրականացվում է օրթոդոքս հրեա փեսայի եւ հրեականացած դստեր միջոցով: Բայց ամենակարեւորը. Մերձավոր Արեւելքում Վաշինգտոնի դիրքերն այն աստիճան են թուլացել, որ նա նաեւ Իսրայելին էր սկսել պարտադրել՝ ակտիվ շփումների մեջ մտնել Մոսկվայի հետ: Երուսաղեմի հետ կապված այդ հայտարարությունը, թերեւս, այդ վտանգավոր զարգացումների դեմն առնելու միջոց էր: Բայց կարծես թե այս քայլը ԱՄՆ-ի համար լրջագույն խնդիր է դառնալու:

Նախ՝ նման որոշմանը կտրուկ դեմ արտահայտվեց, անգամ՝ թշնամանքի դրսեւորում համարեց արաբական աշխարհը, ապա՝ Իրանը եւ Թուրքիան: Իսկ դա նշանակում է միաժամանակ իսլամի երկու ուղղությունների հետ Վաշինգտոնի հարաբերությունների էլ ավելի վատթարացման հեռանկար: Այնուհետեւ, Սպիտակ տան քայլին դեմ արտահայտվեց Մերկելը, նրան անմիջապես հետեւեցին եվրոպական այլ երկրներ: Այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Թրամփի քայլը համարեց միջազգային իրավունքի ոտնահարում: Իսկ ահա Եվրոպայի թիվ 1 դիվանագետ Մոգերինին կարծիք հայտնեց, որ այդ կերպ ԱՄՆ-ն առհասարակ կկորցնի Մերձավոր Արեւելքում իր դիրքերը: Վերջապես, անգամ ԱՄՆ-ի մշտական թիվ 1 դաշնակից Բրիտանիան է նյարդայնացել. համենայնդեպս՝ Լոնդոնի քաղաքապետը Թրամփին խորհուրդ է տվեց՝ հրաժարվել փետրվարին ծրագրված Բրիտանիա կատարելիք այցից: Այսինքն՝ Թրամփը մնաց նաեւ առանց Եվրոպայի աջակցության: Իսկ ահա Մոսկվան, դատապարտման ոչ շատ կոշտ գնահատական հնչեցնելով, հանգիստ սպասում է այն նոր դիվիդենտներին, որոնք արդեն իսկ սկսել է բերել Թրամփի այդ քայլը: Համենայնդեպս, Էրդողանն արդեն հասցրել է հայտարարել, որ ցանկանում է Երուսաղեմի հարցը քննարկել ՌԴ նախագահի հետ: Սաուդյան Արաբիան խոսում է ՌԴ-ի հետ միասին հակաահաբեկչական պայքարը խորացնելու մասին եւ այլն:

Թե ուր կտանի Երուսաղեմի հետ կապված այս պատմությունը ¥փորձագետներից շատերն անգամ մեծ պատերազմի հեռանկարը չեն բացառում¤, դեռ կտեսնենք: Այս պահին ֆիքսենք, որ դա գործնականում զրոյացրեց Վաշինգտոնի հետ հաշտվելու Անկարայի բոլոր փորձերը: Առավել եւս, որ Երուսաղեմի այս պատմությունից զատ այս օրերին ակտիվ փուլում է նաեւ մի շարք թուրք գործարարների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից քրեական հետապնդումների գործը՝ կապված պատժամիջոցների պարագայում Իրանի հետ համագործակցության ¥թե՝ նավթի եւ գազի դիմաց ոսկի են մատակարարել Իրանին¤: Ընդ որում, այն բանից հետո, երբ այս գործով մեղադրյալի աթոռին հայտնված գործարար Ռեզա Զարաբը հայտարարեց, թե պատրաստ է համագործակցել քննության հետ եւ ցուցմունքներ տալ, վերլուծաբաններից շատերը վստահաբար հայտարարեցին, որ այս պատմության այդ առանցքային դերակատարներից մեկի ցուցմունքներով առաջին պլանում կհայտնվի անձամբ Էրդողանը: Եվ միայն դա բավական կլիներ հասկանալու համար, որ թուրք-ամերիկյան հարաբերություններին հետագա վատթարացում է սպասում:

Եվ այս ֆոնին, թերեւս, պատահական չէր, որ կոնգրեսմեն Գաս Բիլիրակիսը խոսեց Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն օրակարգ բերելու անհրաժեշտության մասին. «Կարծում եմ, բանաձեւը կարող է ընդունվել: Մենք այն կքննարկենք մեր առաջնորդների հետ: Այն սկզբում պետք է արտաքին հարաբերությունների հանձնաժողով մտնի, որտեղ ընդունվելուց հետո, մենք Հայոց ցեղասպանության բանաձեւը Ներկայացուցիչների պալատի մեծ օրակարգ կմտցնենք: Այս հարցը պետք է մեկընդմիշտ ընդունել»:

Այսպիսով՝ մի կողմից, ռուսական դիրքերի շարունակական ամրապնդումն է Անկարայի հետ առաջնային դարձնում ԵՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի հետ իր միակ՝ հայաստանյան սահմանի հարցը: Մյուս կողմից, եթե այս անգամ Հայոց ցեղասպանության թեման մտավ ԱՄՆ օրենսդիրի օրակարգ, ապա դրա ընդունումը կասեցնելու լծակ Էրդողանը միայն հրաշքով կարող է գտնել: Եվ դա էլ իր հերթին է Հայաստանի հետ լեզու գտնելու հարցը տեղափոխում առաջնահերթությունների շարք: Կարճ ասած, Հայաստանի հետ հարաբերությունների մասին Էրդողանի այն տարօրինակ ձեւակերպումները հաստատ պատահականություն չէին: Բայց թե ինչ զարգացումներ կլինեն, չշտապենք ենթադրել, թուրքական աղվեսությունը միշտ էլ կարող է անակնկալներ մատուցել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

«Նա շատ մեծ սխալներ է թույլ տվել». Թրամփը խոսել է Բոլթոնի՝ պաշտոնից ազատման մասին և նշել, որ թափուր պաշտոնին հավակնում է 5 թեկնածու

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА