o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԱԽԱԱՄԱՆՈՐՅԱ «ՆՎԵՐՆԵՐԸ» ՄԻ ՓՈՒԹ ՄԵՂՐՈՎ ՉԵՆ ՈՒՏՎԻ

08.12.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱԱՄԱՆՈՐՅԱ «ՆՎԵՐՆԵՐԸ» ՄԻ ՓՈՒԹ ՄԵՂՐՈՎ ՉԵՆ ՈՒՏՎԻ

Այն, որ «Ելքից» պոպուլիստ միայն «Ելքն» է, իսկ այդ առումով` մի Նիկոլ Փաշինյանը ավելին է, քան ամբողջ «Ելքը», կարծում ենք, անվիճելի է: Նրանց լսես` ամբողջ օրը բացառապես ժողովրդի դարդի յուղով են տապակվում եւ պայքարում հանուն ժողովրդի: Բայց նրանց պայքարների գինն էլ նույն հանրությունը գիտի, եւ այդ գնի մասին մարդիկ տալիս են այն բնութագիրը, որը կիրթ բառապաշարով կարելի է արտահայտել «դատարկախոսություն» բառով: 
ԳԼՈԲԱԼԻՍՏԸ ԲՈԼՈՐԻՑ ԲԱՐՁՐ Է ԳՈՌՈՒՄ` ԲՌՆԵՔ ԳԼՈԲԱԼԻՍՏԻՆ
Եվ ահա, ԱԺ այս նստաշրջանին Նիկոլ Փաշինյանը որոշեց վրդովվել, թե ինչու ընտանեկան բռնության օրենքի նախագիծը որոշվեց քննարկել ընդամենը մեկ ժամում. «Խմբակցությունների, այդ թվում` Հանրապետական, ներկայացուցիչների կողմից եղան առաջարկություններ, որ երկար ժամանակ տեւի քննարկումը, սակայն այդ առաջարկները չընդունվեցին, եւ ես առաջարկեցի` ավելի լավ կլինի օրինագծի քննարկման տեւողությունը սահմանել երեք րոպե: Այդ առաջարկը եւս չընդունվեց»: 
Իսկ այժմ տեսեք, թե ինչ շարունակություն է տալիս «Ելք» խմբակցության ղեկավարը. «Մենք ընդհանուր առմամբ կողմ ենք նախագծին, բայց ես այնպիսի տպավորություն ունեմ, որ Հանրապետական խմբակցությունը ոչ թե ուզում է օրենք քննարկի ու ընդունի, այլ Բրյուսելում կամ որեւէ տեղ շեֆին զանգի, զեկուցի` բոս, գիտե՞ս` ինչ կա, էդ քո ասած օրենքն ընդունեցինք»: Այ քեզ բան, Նիկոլը իշխող կուսակցությանը վերագրում է Բրյուսելում «շեֆ» ունենալու մեղքը, մոռանալով, որ, օրինակ, ԱՄՆ դեսպան Միլսը կամ ամբողջ օրը հյուր է «Ելքին», կամ «Ելքն» է նրան հյուր: Երեւի թե, նրան թվում է, որ մարդիկ մոռացել են, թե ինչպես հենց ամերիկյան դեսպանին, ենթադրաբար` իրենց «շեֆին» հյուրընկալելուց հետո «Ելքը» ԵԱՏՄ-ից դուրս գալու փորացավ ընկավ: 
Սակայն արդեն բուն քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը պարզորոշ ցույց տվեց, թե իրականում ով է գլոբալիստը: Նիկոլ Փաշինյանը, լինելով հայ երկրի պատգամավոր, մինչեւ հիմա տեղյակ չէ, թե ո՞րն է հայ ավանդական ընտանիքը, արժեքները: ԱԺ-ում նա ՀՀ կառավարությունից պահանջեց ազգային արժեքների ցանկ եւ հարց տվեց. «Որոնք են մեր ընտանեկան արժեքները... Մի հատ ցանկը տվեք` մենք էլ ծանոթանանք»: Այնուհետեւ Ն. Փաշինյանը հայ ավանդական արժեքների մի մասը համարեց «աղբ», որը պետք է նետել աղբանոց: Այդ դեպքում հարց է առաջանում, ո՞ր երկիրն է ներկայացնում Նիկոլը: Հավանաբար, նա իրեն ավելի քիչ հայ է զգում, քան եվրոպացի, քանի որ իր մոտ հաճախակի հարց է առաջանում, թե, որոնք են հայ ավանդական արժեքները:
Ի դեպ, իր ելությում ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը  նշեց. «Ես կիսում եմ իմ գործընկերոջ մտահոգությունը, հարցադրումը, որը հարցնում էր` կա արդյոք սահմանված այդպիսի ցանկ, պետք է պատասխանեմ, որ ոչ, հարգելի գործընկեր, չկա եւ չի էլ կարող լինել, դուք էլ, այդ հարցը տալով, գիտեք, որ չի կարող նման ցանկ լինել»: 
Նկատենք, որ Ն. Փաշինյանին լավագույն պատասխանը տվեց իր գործընկեր Գեւորգ Գորգիսյանը` նշելով.  «Եթե մի քանի բառով խոսենք հայկական ավանդական ընտանիքներից, այստեղ պետք է հետ գնալ մեր ավանդական հեքիաթները... Այդտեղ են մեր ավանդույթները` «Անահիտ» հեքիաթն է, այլ հեքիաթներն են, «Սասնա ծռեր» էպոսն է, որտեղ կինը տղամարդուն հավասար էակ է»: 
Սակայն իրեն եվրոպացու տեղ դրած իջեւանցի Նիկոլը փոխանակ հետեւեր իր գործընկերոջ խորհրդին եւ գնար գրադարան` «Սասունցի Դավիթ» էպոսը կարդալու, շարունակեց արշավը ազգային արժեքների դեմ` ասելով. «Երբ մայրն ու հայրն են որոշում, թե տղեն ու հարսը շաբաթը քանի անգամ պետք է սեքսով զբաղվեն ու ինչ դիրքո՞վ. էտ ա՞ մեր ազգային արժեքը»:
Այ քեզ բան, տեսնես Նիկոլն ու նիկոլանման գլոբալիստները որտե՞ղ են տեսել այդպիսի ընտանիք... Եվ տեսե՞լ են, թե` երեւակայությանը զոռ են տալիս: Ինչեւէ, փաստը մնում է փաստ, որ այդ օրինագծի քննարկման առիթը գլոբալիզմով վարակված մարդիկ օգտագործեցին, որպեսզի մեկ անգամ եւս ծաղրեն ազգային ավանդական արժեքները: Եվ փույթ չէ, որ հենց ՀՀԿ-ականների ջանքերով նախկին, բացարձակ անընդունելի նախագիծը ունեցել է տեղաշարժեր` ճիշտ ուղղությամբ: 
ԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ` ԱՌԱՆՑ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ
Անշուշտ, 2018-ի բյուջեի նախագծի վերաբերյալ  խորհրդարանական ուժերի դիրքորոշումներում ոչ մի նորություն չկա: Կոալիցիոն գործընկերները` ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, կողմ են քվեարկելու, իսկ ընդդիմությունը` Ծառուկյան դաշինքը եւ «Ելքը»` դեմ: 
Բայց, բնականաբար, ընդդիմադիրները ընդդիմադիր չէին լինի, եթե իրենց դիրքորոշումը չհիմնավորեին` վատ կառավարության մասին պատումներով: Եթե ծառուկյանականները խոսում են «հարկային տեռորի» մասին, ապա, ըստ Փաշինյանի. «2018-ը լինելու է թանկացումների տարի, գնաճը կանխատեսվել է չորս տոկոս, ինչը վերջին տարիների գնաճի ամենաբարձր կանխատեսումն է, եւ շատ մեծ է հավանականությունը, որ իրականությունն ավելի մեծ կլինի»: «Սպասվում է օղու, ծխախոտի, բենզինի, սեղմված բնական գազի, հավի մսի, ձկան, շաքարավազի, բուսական յուղի, թեյի, սուրճի, դեղորայքի, ատամի մածուկի եւ բազմաթիվ այլ ապրանքների թանկացումներ: Կառավարությունը խորը արհամարհանք է ցուցաբերում այս իրավիճակի նկատմամբ»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ այդ արհամարհանքը դրսեւորվում է կենսաթոշակները, ընտանեկան նպաստները չբարձրացնելու որոշմամբ»: 
Եվ իհարկե, Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյան չէր լինի, եթե թանկացումների մեղքը չբարդեր ԵԱՏՄ-ի վրա: Երեւի թե, վերելակ փչանալու դեպքում էլ ԵԱՏՄ-ն մեղավոր կլինի:
Բայց նա չմոռացավ եւ հին ձայնապնակը ընտրակաշառքների մասին` պնդելով նաեւ, իբր իշխանությանը ձեռնտու է բնակչության չքավորությունը. «Այս երկրում որեւէ բան չի փոխվի, քանի դեռ վերցնում եք տասը հազար դրամ եւ քվեարկում եք ընտրակաշառքով, դրա համար շարունակելու եք մնալ աղքատ, գաղթական, անպաշտպան»: 
Դե ինչ, մեր հարգարժան գլոբալիստական ընկերության «նվերները» եւ դեմագոգիան մի փութ մեղրով էլ չի ուտվի:
ՀՅԴ-Ն ՉՍԻՐԵՑ ԳԵԼԱՓԻՆ
Gallup International Association-ի իրականացրած հետազոտությունների արդյունքներով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարկանիշն աճել է, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանինը` նվազել: Ըստ հարցման` մեկ տարի առաջ վարչապետի վարկանիշը` 85.1 տոկոս էր, այժմ` 57 տոկոս: Անկումը կազմել է 28 տոկոս: Բայց այդ թվերը բացարձակապես դուր չեկան ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին. «Ես միշտ թերահավատությամբ եմ վերաբերել ցանկացած հարցման, որովհետեւ գործնականում դրանք շատ հաճախ հակառակ արդյունքն են ցույց տալիս: Դրա համար էլ սոցհարցումներից լուրջ հետեւություններ չեմ անում: Հարցումները այս կամ այն անձի համար չեն կարող հող նախապատրաստել: Հող նախապատրաստում են գործողություններով եւ գործընթացներով»: 
Ավելին, Ռուստամյանի կարծիքով` վարչապետի վարկանիշը պետք է մի բան էլ աճած լինի. «Ընդհակառակը, կարծում եմ` կառավարությունը շատ ավելի լուրջ եւ մոնոտոն աճող արդյունքներ է ցույց տալիս: Իհարկե, տեմպերն առայժմ գոհացուցիչ չեն, դրանք պետք է ավելացվեն»: Թե ինչու է հանկարծ ՀՅԴ-ն լցվել այդպիսի սիրով գործադիրի հանդեպ, թեեւ ոչ վաղ անցյալում պակաս չկար այն պատումների, թե վարչապետի ու դաշնակցական նախարարների հարաբերություններն այդքան էլ լավ չեն` դժվար է ասել: 
Բայց ամենահետաքրքիրը, պարզվում է, որ ՀՅԴ-ի համար այն է, որ Սերժ Սարգսյանն այլեւս անփոխարինելի չէ. «Անփոխարինելի մարդիկ չկան: Բայց թե ով ումով կփոխարինվի, չեմ կարող ասել: Կարեն Կարապետյանը, իհարկե, կարող է փոխարինել Սերժ Սարգսյանին: Կարող է փոխարինել ցանկացած մարդ, ով սիրում է իր երկիրը եւ համապատասխան գիտելիքներ ու փորձ ունի: Իսկ արտաքին քաղաքականությունը պետք է ավելի նոր որակով եւ մակարդակով իրացվի»: 
Պարզ է, որ դաշնակները ինչ-ինչ ինտրիգների մեջ են մտել` պատրաստվելով 2018-ի ապրիլին: Իսկ ինչ-ինչ նկատառումներով, որոնք ոչ թե գաղափարական են, այլ զուտ պրագմատիկ, սեփական դիրքորոշումը փոխելը դաշնակների համար ամենեւին էլ նորություն չէ: Ճիշտ է, իրենց անցումներով եւ տատանումներով Արթուր Բաղդասարյանի ռեկորդին հասած չեն, բայց, կարծես թե, հիմա իրենք են ամենափոփոխամիտ քաղաքական ուժը, համենայնդեպս, խորհրդարանական ուժերի մեջ:  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА