ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍՈՐՈՍՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ «ԳՈՒՆԱՎՈՐ ԹԻՐԱԽԸ» ԿԱՐԾԵՍ ԹԵ ԵՎՐՈՊԱՆ Է

24.10.2017 19:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՍՈՐՈՍՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ «ԳՈՒՆԱՎՈՐ ԹԻՐԱԽԸ» ԿԱՐԾԵՍ ԹԵ ԵՎՐՈՊԱՆ Է

Վերջին օրերին նորից մեծ աղմուկ է ծավալվել ամերիկյան հայտնի միլիարդատեր եւ «գունավոր հեղափոխությունների» «կնքահայր» Ջորջ Սորոսի անվան շուրջ: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Սորոսը 18 միլիարդ դոլար է տրամադրել իր ղեկավարած հիմնադրամներին եւ հիմնականում՝ տխրահռչակ «Բաց հասարակությանը»:
ՌԴ-Ն ԿՀԱՅՏՆՎԻ՞ ՍՈՐՈՍԻ ՀԱՐՎԱԾԻ ՏԱԿ
Այն, որ սորոսյան հիմնադրամները տարաբնույթ «գունավոր այլանդակությունների» հիմնական շարժիչներից են, նոր բան չէ: Եվ ահա այս նոր ներդրման միջոցով «Բաց հասարակությունը» իր ակտիվներով վերածվում է ԱՄՆ-ում երկրորդ հիմնադրամի՝ զիջելով միայն Բիլ եւ Մելինդա Գեյթս հիմնադրամին: Ընդ որում, հաշվի առնելով, որ վերջինս գործում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Բիլ Գեյթսի անձնական միջոցներով եւ ունի բացառապես բարեգործական ուղղվածություն, ապա «Բաց հասարակությունը» առաջինն է ամերիկյան հիմնադրամների ցանկում, որը քաղաքական ծրագրերի մեջ է թաթախված: Եվ այս օրերին հիմնականում քննարկվում է այն հարցը, թե Սորոսն այս 18 միլիարդով ի՞նչ ծրագրեր է փորձելու առաջ տանել, ո՞րն է լինելու նրա հերթական «գունավոր» թիրախը կամ՝ թիրախները:
Առավել եւս, որ այս նրբերանգն էլ կա: Պաշտոնապես Սորոսն իր, «Ֆորբսի» գնահատմամբ 23 միլիարդ դոլար կապիտալից է 18 միլիարդը, այսինքն՝ առյուծի բաժինը հատկացրել նշված ուղղությամբ: Եվ քիչ չեն այն փորձագետները, ովքեր վստահեցնում են, որ միլիարդատերը պարզապես տեխնիկապես չէր կարող տարբեր ակտիվներում կենտրոնացած եւ գործի մեջ գտնվող կապիտալից միանգամից նման հատկացում կատարել: Ավելին, որ «պտտվող» փողերի միաժամանակյա նման մասշտաբային սառեցումը պարզապես կսնանկացներ Սորոսին: Եվ եկել են հետեւության, որ Սորոսն ամենեւին էլ միայն իր անձնական միջոցները չէ, որ ուղղորդել է «հեղափոխական» նպատակներով, այսինքն, որ սա մեկնարկող շատ մեծ խաղի միայն փոքր դրվագներից է: Խաղ, որ առաջ են տանում այն «ստվերային» ուժերը, որոնք ղեկավարել եւ ղեկավարում են Սորոսի «գունավոր» գործունեությունը:
Բայց, անկախ անձնավորումից, շատ ավելի էական է այն հարցը, թե ո՞ւր են ուղղվելու այդ միջոցները: Ընդգծենք, հսկայական միջոցները, հաշվի առնելով փորձագիտական այս տեսակետը եւս. ժամանակին Ուկրաինայում հակառուսական իշխանությունների ձեւավորման մեծ եւ երկարատեւ ծրագրի վրա, ըստ տարբեր գնահատականների, ծախսվեց մոտավորապես 5 միլիարդ դոլար: Ուստիեւ կա այն կարծիքը, որ դրանից մոտ 3 անգամ մեծ միջոցներով կարող են հաջորդ տարի, երբ նախագահական ընտրություններ լինեն, փորձել «գունավոր հեղափոխություն» իրականացնել Ռուսաստանում: Սակայն շատ փորձագետներ դրա հետ համաձայն չեն: Նախ՝ «Բաց հասարակությունը» եւ դրա հետ շաղկապվող բազում այլ կառույցների գործունեությունը ՌԴ-ում կասեցված է: Երկրորդը. 18 միլիարդը միգուցե բավարարի ՌԴ-ում որոշակի խմորումներ առաջացնելու համար, սակայն այս երկիրն ունի այն լուրջ քաղաքական եւ ուժային պոտենցիալը, որ նման խմորումներով «հեղափոխությունների» հասնելը գործնականում անհնար է:
Հաջորդ վարկածով՝ Սորոսի «լիբերալ հայրերը» կփորձեն ՌԴ-ին հարվածել Ուկրաինայի միջոցով: Այսինքն, տրված է ուկրաինական նոր «հեղափոխության» մեկնարկը, որի միջոցով, ըստ վարկածի, փորձ է արվում այդ երկրում իշխանության ղեկին կանգնեցնել Սահակաշվիլուն, ով մեկ վայրկյան անգամ չի մտածի նախ՝ Դոնբասում պատերազմը վերսկսելու մասին, ապա՝ այդ կերպ նաեւ ՌԴ-ին պատերազմի մեջ ներքաշելու: Եվ «Բ» պլանով՝ գործող նախագահ Պորոշենկոյին այնպես վախեցնել սպասվող պաշտոնանկությամբ եւ դրանից սպասվող ծանր հետեւանքներով, որ նա կամավոր ստանձնի Սահակաշվիլու վրա դրված «վեհ» նպատակը: Իսկ սորոսյան հիմնական միջոցները կուղղվեն ոչ թե բուն «հեղափոխության», այլ՝ պատերազմի համար: Միգուցե այդպես էլ ծրագրված է, առավել եւս, երբ հաշվի ենք առնում, որ նոր ուկրաինական մայդան սարքելու համար Սահակաշվիլին ակնհայտորեն շատ ավելի լուրջ ֆինանսական եւ քարոզչական ռեսուրսներ ունի, քան նախորդ՝ եվրամայդանի ժամանակ կար: Բայց նաեւ զգացվում է, որ Սահակաշվիլու մայդանային գործերը, չնայած այդ բոլոր միջոցներին, տեղից չեն շարժվում: Իսկ ավելի կոնկրետ, բացի «վճարովի մայդանչիկներից», ժողովրդական զանգվածները չեն ներգրավվում գործընթացում: Մինչդեռ եթե չկա մարդկանց կրիտիկական մասսա, որեւէ «գունավոր հեղափոխություն» չի կարող տեղից շարժվել: Ընդ որում, եթե Սահակաշվիլին շատ հեռու է հաջողությունից, Պորոշենկոն էլ վախենալու եւ ինքնակամ պատերազմելու կարիք չունի:
Թե ինչու ուկրաինական նոր մայդանը տեղից չի շարժվում, թերեւս կարելի է բացատրել: Այդ թվում նրանով, որ երկրի բնակչությունը պարզ տեսավ նախկին մայդանի հետեւանքները, երբ խոստացած եվրադրախտի փոխարեն կանգնեցին երկրի մասնատման, պատերազմի, տնտեսության վատթարացման եւ կենսամակարդակի էական անկման փաստի առաջ: Ճիշտ է, նախկին նախագահ-օլիգարխից՝ Յանուկովիչից շատ ավելի վատ ներկայիս ղեկավարությունից շատերը կցանկանային ազատվել, եւ պատահական չէ Պորոշենկոյի՝ «պլինթուսից ցածր» վարկանիշը: Բայց դե նոր «հեղափոխության» միջոցով դրան հասնել, զգացվում է, որ հատուկենտ  ուկրաինացիներ են ցանկանում:
Մի խոսքով, եթե իրոք սորոսյան փողերը նշված մեխանիզմներով ՌԴ-ի դեմ են ուղղվելու, գոնե այս պահի դրությամբ դրանք անիմաստ ծախսերի են նմանվում:
«ՆԱ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄՔԻՆ ՓԱԹԱԹՎԱԾ ԻՍԿԱԿԱՆ ՎԱՄՊԻՐ Է»
Ու այս ամենի հետ մեկտեղ՝ կա նաեւ այն վարկածը, որ այս փուլում Սորոսի «հեղափոխական» թիրախը Արեւմուտքն է, առաջին հերթին՝ Եվրոպան: Ընդ որում, տրամաբանության մեծ բաժին այստեղ կա:
Սկսենք նրանից, որ նոր չէ, որ Սորոսը սկսել է գործել Եվրոպայի դեմ: Ավելի կոնկրետ, Եվրոպայի այն հատվածի, որը փորձում է հետ քաշվել համատարած կոնչիտայացման մահացու վտանգից: Ընդ որում` այն, որ Եվրոպայի պահպանողական այդ հատվածը, գաղափարախոսությունը շեշտակի տեմպերով ոչ միայն մեծացնում է իր դերն ու կշիռը շարքային քաղաքացիների մոտ, այլ նաեւ՝ եվրոպական կառավարման համակարգերում, արդեն բոլորն են տեսնում: Բավական է միայն հիշատակել, թե այդ ուժերն ինչ տեղաշարժեր առաջ բերեցին այնպիսի առանցքային երկրների կառավարման համակարգերում, ինչպիսիք են Գերմանիան, Ավստրիան եւ այլն:
Միաժամանակ փաստ է նաեւ, որ վերջին տարիներին գլոբալ լիբերալ համակարգը, մասնավորապես` Սորոսի միջոցով հսկայական միջոցներ է ուղղել եվրոպական միգրացիոն ճգնաժամը հնարավորինս սրելու ուղղությամբ: Այդ մասին քիչ է խոսվում, բայց կան բազում ապացույցներ, որ հիմնականում սորոսյան փողերով են գործում Աֆրիկայից Եվրոպա անլեգալ միգրացիոն տեղաշարժերի մեխանիզմները: Ընդհուպ մինչեւ, որ միգրանտների տեղափոխումն իրականացվում է նույն աղբյուրներից ֆինանսավորվող տարաբնույթ հանցավոր կլանների միջոցով, եւ որ այդ ամենի դեմ ռեալ պայքար մղել փորձող կառավարությունները, անգամ՝ անհատ իրավապահները ծանր պատիժների, մինչեւ իսկ՝ ֆիզիկական ոչնչացման են ենթարկվում: Թե ինչու, դժվար չէ կռահել. այն դեմոգրաֆիկ պատկերը, որ այս միգրացիոն հոսքերից հետո կձեւավորվի, Եվրոպային կհասցնի գերկառավարելի վիճակի:
Բայց ահա վերջին ամիսներին որոշակի տեղաշարժեր այս հարցում նկատվում են: Նախ՝ մինչ վերջերս «միգրացիոն դռան» վերածված Իտալիայի բավականին պասիվ կառավարությունը էապես ակտիվացել է այդ հոսքերի կասեցման հարցում: Իսկ ահա Ավստրիայի նորընտիր վարչապետ Սեբաստիան Կուրցը շատ ավելի առաջ գնաց՝ 28 օր տվեց Սորոսին՝ իր «Բաց հասարակությունը» Ավստրիայից հեռացնելու համար: Իսկ 18 միլիարդի ներդրումը Կուրցը բացատրում է այսպես. «Սորոսը նետում է ամեն ինչ՝ գլոբալ վերահսկողության հասնելու համար... Սորոսի ուրվականն այն մեծագույն խնդիրներից է, որի հետ մարդկությունն աշխարհում բախվում է 2017թ.-ին: Նա մարդկության դեմքին փաթաթված իսկական վամպիր է՝ անդադար արյան ջրապտույտի մեջ ներքաշելով այն ամենը, ինչը փողի հոտ ունի եւ, օգտագործելով նույն այդ փողը կոռումպացված քաղաքական գործիչներին, լրագրողներին եւ հանրային հատվածին կաշառելու համար, փորձում են ստեղծել աշխարհ՝ իր պատկերով»:
Իհարկե՝ սխալվում է Ավստրիայի վարչապետը, խոսելով 2017թ.-ի մասին. աշխարհը սորոսյան այդ վամպիրիզմին շատ ավելի վաղ էր բախվել: Բայց այն, որ հիմա արդեն, այնուամենայնիվ, այդպես են Եվրոպայում սկսել տեսնել Սորոսին եւ նրա տերերին, պարզ ցույց է տալիս, որ Եվրոպան արդեն սեփական մաշկի վրա է զգում այդ ամենը: Կարճ ասած, որ Սորոսն ու նրա սուպերլիբերալ տերերը ամեն ինչ անում են, որ դեպի ազգային պահպանողականություն գնացող Եվրոպան ձեռքից բաց չթողնեն:  Ուստիեւ` ենթադրելի է, որ հենց Եվրոպան էլ դառնալու է՝ սորոսյան հերթական «գունավոր» թիրախը:
Դրանից զատ, Թրամփը եւս դեռ մնում է նման թիրախի դերում, եւ այդ ճնշումները, թերեւս, գնալով միայն կխորանան: Օրինակ՝ սուպերլիբերալիզմի եւս մեկ ներկայացուցիչ՝ միլիարդատեր Թոմ Սթայերի օրերս արած հայտարարությունը, թե մեծ ներդրումներ է իրականացնում՝ Թրամփի պաշտոնակության գործընթաց սկսելու համար, այդ մասին է վկայում:
Մի խոսքով, կարծես թե մտնում ենք գլոբալ պայքարի մի նոր փուլ: Ընդ որում, մենք էլ դրանից հեռու չենք.բավական է միայն հիշեցնել, թե նույն սուպերլիբերալները ԵՄ-ի հետ ինչ խայտառակ պայմանագիր են դեմ տվել Հայաստանին  եւ թե ինչպես են փորձում այն առաջ տանել մեր տեղական «6-րդ շարասյան» միջոցով, ապա պարզ է, որ վտանգը մեզ  համար եւս ահռելի է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հրանտ Դինքի սպանության գործով հերթական եռօրյա դատական նստաշրջանը կսկսվի հունիսի 11-ից


 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА