ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայաստանում մենահամերգ ունենալն ինձ համար փափագ է մնում»

20.10.2017 18:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Հայաստանում մենահամերգ ունենալն ինձ համար փափագ է մնում»

Վերջերս Երեւանում կայացած Հայաստան-Սփյուռք համաժողովին աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած ծագումով հայերի թվում էր նաեւ լեգենդար երգչուհի ՌՈԶԻ ԱՐՄԵՆԸ: Համայն հայության սերն ու համակրանքը վայելող երգչուհին, ում համար խորթ են տարբեր տեսակի կոչումները, «Իրավունքի» հետ բացառիկ զրույցում անկեղծացավ, որ ամեն անգամ Հայաստան գալն իր համար երջանկություն է, բայց ափսոսանք հայտնեց, թե հաճախ չի հաջողվում ամեն տարի այդ երջանկությունն ինքն իրեն պարգեւել: 

Հայերենի համար սեղմեք 1. ՀՀ նախագահը անհասկանալի հայտարարություն տարածեց

«ՀՈՒԶԻՉ ԷՐ, ՈՐ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՆՁ ՉԷՐ ՄՈՌԱՑԵԼ»

- Փորձում եմ` գոնե տարվա մեջ մի անգամ գալ հայրենիք, սակայն միշտ չէ, որ  հաջողվում է հաճախակի լինել: Վերջին այցս կարծեմ 2012-ին էր, այնքան արագ են անցնում տարիները, որ մարդիկ երեւի կարծում են, թե ամեն տարի եմ գալիս:
- Այս անգամ Ձեզ հայրենիք բերեց Հայաստան-Սփյուռք համաժողո՞վը:
- Այս անգամ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հրավիրեց, եւ ուրախ եմ, որ առիթ ունեցա ծանոթանալու աշխարհի տարբեր անկյուններում ապրող ծագումով հայերի հետ, որոնցից յուրաքանչյուրն իր բնագավառում հաջողությունների է հասել օտար երկրներում: 
- Տիկին Ռոզի, Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակներում «Ծագումով հայեր» ծրագրի հոբելյանական համերգին Դուք երկու կատարումով ելույթ ունեցաք, որից հետո դահլիճը երկար ժամանակ իր ծափերով Ձեզ բաց չէր թողնում...
- Այո, ես էլ եմ կարոտել հայ ժողովրդին: Ինձ համար շատ հուզիչ էր, որ հայ ժողովուրդն ինձ չէր մոռացել ու այդպիսի ընդունելության արժանացա, այսինքն ինձ սիրում են ու սպասում: 
- Ձեզ միշտ են սպասում, որովհետեւ կարոտել են, իսկ ե՞րբ հայաստանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու Ձեր կատարումներով մենահամերգը:
- Մենահամերգ Երեւանում` ես էլ եմ երազում: Չգիտեմ, թե այդ հարցով ում դիմեմ, որ համերգի կազմակերպչական հարցերով զբաղվի: Արդեն քանի տարի է խոստանում են, բայց այդպես էլ չի հաջողվում մենահամերգ ունենալ հայրենիքում: Այս տարի ամբողջ աշխարհում համերգային շրջագայություններ ունեմ` Ամերիկա, Կանադա, իսկ վերջում` Ֆրանիսա, բայց շատ եմ ուզում այդ նույն համերգային ծրագրով Հայաստան էլ գալ, այստեղ էլ մենահամերգ ունենալ: Հայաստանում մենահամերգ ունենալն ինձ համար փափագ է մնում:

«ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՀԱՄԵՐԳԻՑ ՀԵՏՈ ՄՈՏԵՑԱՎ ՈՒ ԱՍԱՑ, ՈՐ ՀԻԱՑԵԼ Է ԻՄ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐՈՎ»

- Տիկին Ռոզի, հայտնի է, որ մտերիմ եք եղել լեգենդար կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի եւ Արամ Խաչատրյանի հետ...
- Այո, անշուշտ, նույնիսկ երբ Մոսկվայում հանդիպեցինք Առնո Բաբաջանյանին ինձ երկու երգ նվիրեց` «Վստրեչա» եւ «Չորտովոյե կոլեսո» երգերը, որոնք այդ տարիներից իմ երգացանկում են: Բայց իմ երգացանկում շատ ունեմ Առնո Բաբաջանյանի գործերից, որոնք սիրով կատարում եմ իմ համերգային շրջագայությունների ժամանակ: Իսկ Արամ Խաչատրյանը 60-ական թվականներին էր, Մոսկվայում համերգներից մեկի ժամանակ եկել էր ունկնդրելու իմ կատարումները: Համերգից հետո մոտեցավ ու ասաց, որ հիացել է իմ կատարումներով եւ այդ ժամանակ ինձ նվիրեց «Գարուն Երեւան» երգը, որը նույնպես իմ երգացանկի անբաժան մի մասնիկն է: 
- Բաբաջանյանի որդու` Արա Բաբաջաանյանի հետ է՞լ եք պահում ընկերական հարաբերություններ:
- Այո, հիշում եմ, անուշիկ Արային` փոքրիկ ժամանակ: Նա 13 տարեկան էր, երբ  գնում էի Առնոյի տուն, ճաշում էինք, հետո վերջում` մինչեւ գիշերվա 3-ը երաժշտության վրա էինք աշխատում: Այդ ժամանակ Առնոն ասում էր` Արայիկ, գնա պառկի քնելու, Արան փախչում էր սենյակը, հետո դուռը կամաց բացում էր ու դռան արանքից մեզի մտիկ էր անում... Այո, անշուշտ, կապը կա Արայիկի հետ, նա ինձ մի քանի անգամ հրավիրեց Մոսկվա` Առնոյի տարեդարձներին մասնակցելու: Այստեղ Երեւանում կրկին հանդիպեցինք, զրուցեցինք, չորս երգ ընտրեցի Բաբաջանյանից եւ խնդրեցի նրան, որպեսզի ուղարկի այդ երգերի տեքստերը, որ թարգմանեմ ֆրանսերեն եւ ընդգրկեմ իմ երգացանկում ու ողջ աշխարհով մեկ շրջագայության ծրագրում: Ինչպես նաեւ ձայնասկավառակ եմ պատրաստում, որտեղ ցանկանում եմ այդ 4 երգերն ընդգրկել, բայց` ռուսերենից թարգմանեմ ֆրանսերեն:
- Որո՞նք են այդ 4 երգերը:
- Արդեն 20 տարի է սիրում եմ «Նոկտյուրնը», իմացա, որ այն արդեն ռուսերեն բառեր ունի, եւ առաջինը որոշեցի, որ հենց դա լինի: Հետո «Հարսանիք» երգն եմ ընտրել, այն ռիթմիկ ու հաճելի երգ է: Նաեւ որոշեցի այդ ցանկում ընդգրկել «Արեգակին պետք է հեռվից նայել» եւ «Ձմեռային գիշեր» երգերը:

Արշակ սրբազանը՝ Ռ. Քոչարյանի բացառիկ հումորի եւ եկեղեցու նկատմամբ վերաբերմունքի մասին (Տեսանյութ)

«ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ ՔԱՅԼԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ»

- Այդ տարիներին, ասում են, երբ Երեւան էիք գալիս Ձեզ հենց Բաբաջանյան ու Խաչատրյան մեծություններն էին ուղեկցում, իսկ այսօր ո՞վ է ուղեկցում:
- Իմ քառասուն տարվա անդավաճան ընկերուհին` Մարիետա Մակարյանը, երբ գալիս եմ Երեւան նա ամենուր ինձ հետ է լինում: Շատ եմ սիրում քայլել Երեւանի փողոցներով, բայց ոտքերս ցավում են, շատ չեմ կարողանում քայլել:
- Տիկին Ռոզի, այսօրվա հայաստանյան իրականության մեջ արտիստները կարեւորություն են տալիս տարբեր տեսակի կոչումներին, Դո՞ւք ինչպես եք վերաբերվում այդ կոչումներին:
- Իսկ ի՞նչ ասել է կոչումներ, ի՞նչ է դա իրենից ներկայացնում, բան մը չհասկցա...
- Խոսքը պետական պարգեւների մասին է:
- Ես «Լեգենդար երգչուհի» մի քանի մրցանակ ունեմ, դա ոչինչ չի տալիս քեզ, բայց ուրախանում ես, որ դու ժողովրդի կողմից գնահատված ես: Օրինակ` մինչեւ Արամ Խաչատրյան համերգասրահ քայլելով եկա, ճանապարհին տարբեր սերունդների ներկայացուցիչներ մոտեցան, ասացին, որ հիշում են ինձ, սիրում են, լսում են իմ կատարումները... Այսինքն` ճանաչում են, սրանից էլ լավ պարգե՞ւ:

«ԱՅՍ ՓՈՔՐԻԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆԵՆՔ ԱԴԱՄԱՆԴԻ ՊԵՍ»

- Իսկ հետեւո՞ւմ եք հայ երիտասարդ կատարողների գործունեությանը, ի՞նչ կասեք նրանց մասին:
- Այո, այս օրերի ընթացքում մի քանի համերգների մասնակցեցի, բոլոր երիտասարդ կատարողներն էլ լավն են, շատ հավանեցի: Աղջիկ թե տղա շատ լավ ձայն ունեն, պրոֆեսիոնալ են, բայց մի քիչ զգացմունքայինն էր պակասում, պետք է աշխատեն այդ ուղղությամբ: Իսկ ընդհանրապես ուզում եմ, որ բոլոր հայերը լավ լինեն, երկրից չհեռանան, մանավանդ` երիտասարդները չթողնեն Հայաստանն ու ապաստան փնտրեն օտար ափերում: Հայ ժողովուրդը պետք է կենա իր հողի վրա եւ զարգացնի երկիրը: Անշուշտ գիտեմ, դժվար ժամանակներ են, բայց պետք է գիտենալ, որ միայն Հայաստանը չէ դժվարին իրավիճակում,  նույնիսկ մեծ պետություններն են կանգնած այդ դժվարության առաջ: Դրա համար, եթե հայ երիտասարդները գնան Հայաստանից, ապա, էլ ո՞վ պիտի գա Հայաստան, օտարնե՞րը: Այս փոքրիկ Հայաստանը պետք է պահպանենք ադամանդի պես: Կուզեմ, որ հայ ժողովուրդը համբերություն ունենա եւ հավատա իր ապագային, ամենակարեւորը` ուրախ կենան, որովհետեւ ուրախությունով միշտ առաջ կգնանք:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА