o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍՈՉԻԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿՈՒԼՈՒԱՐԱՅԻՆ ՄԵՍԻՋՆԵՐԸ

13.10.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՍՈՉԻԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿՈՒԼՈՒԱՐԱՅԻՆ ՄԵՍԻՋՆԵՐԸ

Նախօրեին Սոչիում կայացան ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերը, որոնց, բնականաբար, մասնակցեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս երկու նիստերից էլ  սենսացիոն սպասելիքներ չկային, եւ անակնկալներ չեղան: Սակայն կուլուարային բավականին ուշագրավ անցուդարձերի մասին ազդակներ կան:

Հրապարակվել է Սոչիի օդանավակայանի հայ աշխատակցուհու և ղեկավարության զրույցի ձայնագրությունը

ԵՏՄ-ԻՐԱՆ-ՉԻՆԱՍՏԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԸ

Որոշ հետաքրքիր ազդակներ էր պարունակում նաեւ երկու միջոցառումներում ՀՀ նախագահի ելույթը: Բայց նախ նկատենք, որ ԱՊՀ  ղեկավարների հանդիպմանը ներկա էր նաեւ Իլհամ Ալիեւը, եւ նույնիսկ որոշ աղբյուրներ կարծում էին, որ կարող է հենց Սոչիում էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ տեղի ունենա Արցախի հետ կապված Սարգսյան-Ալիեւ սպասվող հանդիպումը: Բայց ահա ԱՊՀ ղեկավարների  նիստում ունեցած ելույթում որեւէ խոսք  ղարաբաղյան հակամարտության մասին չհնչեց, ինչն արդեն իսկ մեկնաբանության կարիք ունի: Փոխարենը՝  ՀՀ նախագահը նման միտք հնչեցրեց. «Մենք աջակցում ենք ռուսական կողմի ներկայացրած «Ընտանիքի ինստիտուտին եւ ավանդական ընտանեկան արժեքներին աջակցության մասին» հայտարարությանը` հրաշալի գիտակցելով, որ ընտանիքի ինստիտուտը հասարակության հիմքն է, ինչպես նաեւ ժողովուրդներին միավորող գործոն»: Ասվածը, թերեւս, առավել քան ուշագրավ է այս օրերին Հայաստանում հերթական անգամ ակնհայտորեն արեւմտյան շնչով թեժացված գենդերային քննարկումների ֆոնին:

Ղարաբաղին դեռ կվերադառնանք: Մինչ այդ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ՀՀ նախագահի ունեցած ելույթից այս մտքերն ընդգծենք. «Գոհունակությամբ ենք նշում ԵՏՄ-Չինաստան առեւտրատնտեսական համաձայնագրի շուրջ բանակցությունների սկզբունքային ավարտը... Կարծում ենք, որ միասնական եվրասիական առեւտրատնտեսական տարածքի եւ տրանսպորտային միջանցքի ստեղծումը հնարավոր է խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման միջոցով՝ միավորելով ԵՏՄ-ն «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության հետ՝ Միության բոլոր երկրների ներգրավմամբ: Դա թույլ կտա նվազագույնի հասցնել ինտեգրացիայի համար առկա ենթակառուցվածքային բոլոր սահմանափակումները, եւ, որպես հետեւանք, ձեւավորել տրանսպորտային ուղիների փոխկապակցված ցանց:

Կցանկանայի նաեւ հաստատել Իրանի հետ առաջիկայում համաձայնագրի ստորագրման տրամադրվածությունը, եւ ես վստահ եմ, որ դա մեր ընդհանուր մոտեցումն է: Հայաստանի վարչապետի կողմից՝ երեկ Իրան կատարած այցի ընթացքում, այս հարցին անդրադարձ է կատարվել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության հետ: Ես կարծում եմ, որ նրանք պատրաստ են շարունակել եւ ավարտել բանակցությունները առաջիկայում»:

Այսպիսով՝ ունենք ԵՏՄ-Չինաստան փոխգործակցության գործնականում ձեռք բերված պայմանավորվածություններ, որն ակնարկ է, որ դրա պայմանագրային տեսքը եւս շատ չի ուշանա: Կա նաեւ Իրանի հետ առաջիկայում նման պայմանագիր ունենալու մեծ հավանականություն: Եվ, վերջապես, ԵՏՄ-ի համար առանցքային այդ երկու ծրագրերն ամբողջանում են տրանսպորտային միջանցքի գաղափարով: Նման է նրան, որ խոսքը ԵՏՄ-Չինաստան-Իրան ու դեպի Եվրոպա տանող մեծ ծրագրի մասին է, որ ՀՀ նախագահը դրանում ընդգծում է նաեւ իրանական ուղղությամբ Հայաստանի դերը: Եվ ավելին, որ այդ գլոբալ ծրագրի որոշ հիմնական ուղղություններ, այդ թվում՝ պայմանավորվածություններ ձեռք բերելու բարդ գործընթացը արդեն սկսել են տեղափոխվել եզրափակիչ փուլ:

ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ

Ի դեպ, այդ պայմանավորվածությունների հարցում միշտ  էլ որոշակի խնդիրներ են եղել Իրանի հետ: Թեհրանը, թերեւս հաշվի առնելով դիրքային այն առավելությունները, որոնք սկսել է ձեռք բերել Մերձավոր Արեւելքում, վերջին ժամանակներս ակնհայտորեն փորձում էր իր համար առավելագույնս շահեկան հարաբերություններ ձեւավորել նախ՝ ՌԴ-ի հետ երկկողմ, դրանից ելնելով էլ՝ նաեւ ԵՏՄ-ի հետ հարաբերություններում: Սակայն երեք էական  խնդիրներ Թեհրանին ավելի զիջող են դարձնում: Նախ՝ իրաքյան քրդերի անկախության հանրաքվեն պարզ ցույց տվեց, որ եթե Մոսկվան չմիջամտի այդ գործընթացին, ապա Վաշինգտոնի համար որեւէ արգելք չի մնա Իրանի եւ Թուրքիայի հարեւանությամբ Քուրդիստան  պետության ստեղծման հարցում: Երկրորդը. հասկանալի է, նույն խնդրի առաջ է կանգնած նաեւ Անկարան: Այսինքն՝ նաեւ քրդական խնդրի հետ կապված թուրք-ամերիկյան հարաբերությունները հասել են այնպիսի լարվածության, երբ նույնիսկ սկսել են երկուստեք վիզաների տրամադրումը չեղարկել, իսկ թուրքերն էլ նույնիսկ ամերիկյան դիվանագետների են կալանավորում: Բայց նաեւ ակնհայտ է, որ իր այդ կտրուկ տրամադրություններով հանդերձ, Անկարան հազիվ թե կարողանա առանց Մոսկվայի միջամտության կասեցնել Քուրդիստանի ստեղծումը՝ անգամ ռազմական միջամտության դեպքում: Իսկ երբ այս տարածաշրջանային գործընթացները Անկարային պարզապես ստիպում են ուժեղացնել ռուսական վեկտորը, ապա դա նաեւ մեխանիկորեն  է ԵՏՄ-ի հետ համագործակցության հարցում սրում Թուրքիայի եւ Իրանի մրցակցությունը՝ երկուսին էլ դարձնելով ավելի զիջող: Նաեւ հաշվի առնելով, որ Մոսկվան այլընտրանք ունի. Սաուդյան Արաբիայի թագավորի վերջերս ՌԴ կատարած այցի եւ ձեռք բերված մի շարք պայմանավորվածությունների արդյունքում դա բոլորին էլ պարզ դարձավ: 

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը մեկնաբանել է Սոչիի օդանավակայանի հայ աշխատակիցների շուրջ ստեղծված իրավիճակը

Եվ, վերջապես, Իրանի առաջ նաեւ երրորդ առանցքային խնդիրն առաջացավ՝ Թրամփը սպառնում է դուրս գալ 6+1 ձեւաչափով հայտնի միջուկային պայմանագրից: Իհարկե, կարելի է կռահել, որ ոչ միայն այս,  այլ նաեւ՝ Քուրդիստանի հարցով Թրամփը գործում է իսրայելյան եւ, մեծ հավանականությամբ, նաեւ սեփական հրեա փեսայի եւ հրեացած դստեր լոբբիստական գործունեության արդյունքում: Իսկ այդ դեպքում, հաշվի առնելով Իրան-Իսրայել թշնամության փաստը, կարելի է ենթադրել, որ Թեհրանի համար նմանատիպ ճնշումները գնալով միայն խորանալու են: Եվ այդ պարագայում Իսլամական պետության համար ոչ միայն նորից  առաջին պլան է մղվում ՌԴ-ի եւ, որպես բաղադրիչ, նաեւ ԵՏՄ-ի հետ հարաբերությունների հարցը, այլ նաեւ՝ հարեւան երկրների դիրքորոշումը Իրան-ԱՄՆ հակամարտության սպասվող նոր եւ միգուցե՝ շատ ավելի սուր փուլում:

Հենց հարեւանների հետ հարաբերությունների հարցում է, որ շատ բանի մասին ակնարկեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` օրերս Իրան կատարած այցը: Դրա տակ, իհարկե, առաջին պլանում էր տնտեսական գործոնը: Բայց միայն այն փաստը, որ Իրանի շուրջ ձեւավորվող այս նոր իրավիճակում հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյան այցելելու է այդ երկիր՝ քննարկելով խոշոր տնտեսական ծրագրեր, արդեն իսկ այցը տեղափոխում է քաղաքական հարթություն: Առավել եւս, երբ ԵՏՄ կառավարման բարձրագույն օրգանում ՀՀ նախագահը Միության եւ Իրանի հետ պայմանավորվածությունների թեման կապում է նաեւ ՀՀ վարչապետի այցի հետ: Իսկ դա, ըստ էության, Հայաստանին, բացի ԵՏՄ կազմում այդ գործընթացի բուն մասնակից լինելուց, ներկայացնում է նաեւ ԵՏՄ-ի եւ Իրանի մեջ միջնորդի որոշակի ֆունկցիաներով: Ընդ որում՝ հաջող միջնորդի, քանի որ Իրանը «պատրաստ է շարունակել եւ ավարտել բանակցությունները առաջիկայում»:

ԲԱՔՈՒՆ ԴԵՌ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ

Բայց մյուս կողմից զարգացում կարող է ունենալ նաեւ ՌԴ-Ադրբեջան-Իրան ուղղությունը, հաշվի առնելով, որ նախատեսված է նախագահական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել Թեհրանում: Սակայն այստեղ մի մեծ բայց կա: Բանն այն է, որ թեեւ ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները,  մեղմ ասած, ամենեւին էլ լավագույն օրերը չեն ապրում, սակայն Բաքվից շարունակում են դեպի Վաշինգտոն մեսիջներ գնալ, որ իրենք դեմ չէին լինի որակական այլ հարաբերությունների: Օրինակ՝ վերջերս տեղի ունեցավ արդեն գրեթե մոռացված ամերիկյան հին նախագծերից մեկի՝ ՎՈՒԱՄ-ի ¥Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան եւ Մոլդովա¤ շրջանակներում հերթական հավաքը,  որի եզրափակիչ արձանագրությունում ¥բնական է, նաեւ Ադրբեջանի ստորագրությամբ¤ ԱՄՆ-ի հետ ամենասերտ հարաբերությունների կոչ է հնչեցվում: Ասենք միայն այն, որ շաբաթներ առաջ «Բրիթիշ Պետրոլիումը» Ադրբեջանի հետ կնքեց նոր նավթային «դարի պայմանագիր», արդեն իսկ ակնարկ էր, որ հրեական լոբբին Ադրբեջանի հետ կապված դեռ հեռուն տանող հաշվարկներ ունի: Այսինքն, Բաքուն դեռ շարունակում է մնալ դեպի Իսրայել-ԱՄՆ կամ՝ ՌԴ-Իրան առանցքների նկատմամբ կողմնորոշման առաջ, ընդ  որում, առանց այդ երկու ուղղությունները մեկտեղելու հնարավորության. Թեհրանն այն միամիտներից չէ, որ Ադրբեջանի՝ իսրայելյան պլացդարմ լինելու դեպքում գնա Բաքվի հետ խորը ռազմավարական կապերի:

Այլ բան, որ թեեւ այս ընթացիկ սրացումներին, այդպես էլ անտեսանելի է մնում այն  ռեալ մեխանիզմը, որով Վաշինգտոնը կկարողանա հասնել մեր տարածաշրջանային իրավիճակի խորքային փոփոխության: Բայց նաեւ՝ Ադրբեջանի՝ Հյուսիս-Հարավ ուղղությամբ հավանական կենտրոնացման եւ այդ ուղղությանը նաեւ Իրան-ԵՏՄ-ի միջոցով կառուցելու պարագայում առաջ է գալիս նաեւ ղարաբաղյան թեման: Մի խոսքով, մինչ Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումը դեռ որոշ հարցեր իրենց պատասխանին են  սպասում, թեեւ այդ մասին էր ակնարկում նաեւ Սոչիում Արցախի հետ կապված լռությունը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА