o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԼԻԵՎՆ «ԱՆՀԱՄԲԵՐ» ՄԽ-ԻՆ Է ՍՊԱՍՈՒՄ

06.10.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱԼԻԵՎՆ «ԱՆՀԱՄԲԵՐ» ՄԽ-ԻՆ Է ՍՊԱՍՈՒՄ

Ինչպես հաստատել էր նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, սկսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ¥ՄԽ¤ համանախագահների հերթական տարածաշրջանային այցը: Համանախագահներն ուրբաթ կայցելեն Երեւան, մեկ օրից՝ Բաքու:

Հյուսիսային Կորեայից չնախատեսված ինքնաթիռ է ժամանել Վլադիվոստոկ, որտեղ սպասում են Կիմ Չեն Ընին

ԵՄ-ԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԱԼԻԵՎԻ ՇԱՆՏԱԺԸ ԶՎԱՐՃԱԼԻ ԷՐ
Հիշեցնենք, որ էլ ավելի վաղ այս այցի մասին խոսել էր նաեւ Էդվարդ Նալբանդյանը: Հայաստանի արտգործնախարարն ակնարկել էր, որ այցի հիմնական նպատակը նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելն է: Եվ մեկ հետաքրքիր հանգամանք. Նալբանդյանը ՄԽ-ի այցի ժամկետ էր նշել մինչեւ հոկտեմբերի կեսերը: Բայց ահա՝ այդ վերջնաժամկետին դեռ 10 օր կա, սակայն համանախագահներն արդեն իսկ գալիս են: Իհարկե, կարող է եւ հենց այս օրերն է նրանց հարմար եւ իմաստ չկա սպասվածից շուտ այցի մեջ: Բայց կարող է նաեւ շուտ գալը գործընթացի արագացման նշան է: 
Նկատենք, որ այս երկրորդ տարբերակի օգտին  է խոսում նաեւ նախօրեին Ալիեւի հնչեցրած բազմիմաստ հայտարարությունը: Նախ նկատենք, որ Ալիեւը Ղարաբաղի մասին սկսեց խոսել ԵՄ խորհրդի քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Ընդ  որում,  նախ անդրադառնալով «Արեւելյան գործընկերության» շրջանակներում ԵՄ-Ադրբեջան հնարավոր փաստաթղթի ստորագրմանը, Ալիեւը փորձեց այն կապել Ղարաբաղի հետ. «Շատ կարեւոր է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հետ կապված  եզրափակիչ հռչակագրի տեքստում տարածքային ամբողջականության պահպանմանը վերաբերող հարցը հստակ շարադրվի»: Բայց Ալիեւն էլ քաջ գիտակցում է, որ ղարաբաղյան թեման այդ փաստաթուղթ չի մտնելու: Եվ ավելին, եվրոպական հարթակում այս փուլում Ադրբեջանը ծանր քննադատության թիրախում է: Մի կողմից՝ շարունակում է օրակարգում մնալ եվրոպական դիվանագետներին կաշառելու սկանդալը: Մյուս կողմից՝ քաղբանտարկյալների եւ ՄԻԵԴ-ի որոշումները չկատարելու ոչ պակաս ծանր մեղադրանքներն են: Կարճ ասած, Բաքուն հայտնվել է ընդհուպ մինչեւ ԵԽ-ից վտարման շեմին: Ընդ որում, հարվածները գալիս են միաժամանակ եվրոպական տարբեր թեւերից:  Նախ՝ ավանդական Եվրոպայի հետ լուրջ խնդիրներ կան, քանի որ Ադրբեջանն այնտեղ ընկալվում  է որպես Թուրքիայի «փոքր եղբայր», իսկ Անկարայի հետ հարաբերությունները գնալով միայն ծանրանում են: Ու միաժամանակ, կարծես թե լուրջ խնդիրներ կան նաեւ Եվրոպայի ամերիկամետ թեւի հետ: Իսկ ազդակները, որոնք գալիս են ԱՄՆ-ից, ամենեւին էլ Բաքվի օգտին չեն: Օրինակ, օրերս ամերիկյան հերթական նահանգը՝ Միչիգանը, ճանաչեց Արցախի անկախությունը: Դրանից զատ՝ մարդու իրավունքների թեմայով Պետդեպարտամենտը եւս մեկ անգամ ծանր քննադատության ենթարկեց Բաքվին: Ապա՝ ՄԽ-ի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերն իր գործընկերներից էլ առաջ ընկած այցելեց  Արցախ, հանդիպեց ոչ միայն Բակո Սահակյանի, այլ նաեւ` Պաշտպանության բանակի հրամանատարի հետ եւ այլն: Իսկ նման ազդակները ոչ միայն չեն նպաստի, որ եվրոպական ամերիկամետ շրջանակները թուլացնեն Բաքվի նկատմամբ ճնշումները, այլ՝ հակառակը:
Ճիշտ է, նույն հանդիպման ժամանակ Ալիեւը հերթական անգամ փորձեց եվրոպացիներին շահագրգռել գազով, թե Ադրբեջանը կարող է դառնալ Եվրոպայի միակ նոր գազամատակարարը: Բայց դա արդեն լուրջ չի ընկալվում: Դեպի Եվրոպա կառուցվում է միանգամից ռուսական երկու մեծածավալ խողովակաշարեր: Միաժամանակ՝ ԱՄՆ-ն է փորձում եվրոպական շուկա ներխուժել իր խտացրած գազով: Մինչդեռ Ադրբեջանն առավելագույնը կարող  է տարեկան առաջարկել մինչեւ 10 միլիարդ խմ գազ, որը եվրոպական չափանիշներով այն ծավալը չէ, որ գլոբալ քաղաքական գործընթացների վրա ազդի, եւ որի  համար պետք է մի քանի հազար կիլոմետրանոց խողովակաշար կառուցել:
Արդյունքում, Եվրոպայի հետ հարաբերությունների  ինչ-որ չափով բարելավման մի վերջին հնարավորություն է «Արեւելյան գործընկերության» շրջանակներում փաստաթղթի ստորագրումը, որը մերժելու պարագայում ենթադրելի է, որ առնվազն Եվրախորհրդից Ադրբեջանին հեռացնելու հարցը կմտնի թիվ 12 օրակարգ: Ճիշտ է, Ալիեւը  պնդում է, թե դրանից Ադրբեջանը «ո՛չ կաղքատանա եւ ո՛չ էլ՝ կհարստանա»: Բայց եթե Եվրոպան Ադրբեջանի համար այդքան անհետաքրքիր է, էլ ինչո՞ւ էր Բաքուն «խավիարային դիվանագիտության» վրա միլիարդներ ծախսում:

ԲԱՔՎՈՒՄ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԵՆ ԵՏՄ-Ի ՀԱՐՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Մի խոսքով, ակնհայտ է, որ ղարաբաղյան հարցը ԵՄ-Ադրբեջան փաստաթուղթ մտցնելու փորձն էս գլխից է ձախողված: 
Եվ մյուս կողմից, ինչպես մեր տեղական արեւմտամետները, այնպես էլ Ադրբեջանում եւս ծայրահեղ անհանգստությամբ ընդունեցին հայաստանյան խորհրդարանի կողմից հայ-ռուսական միասնական զորախմբի մասին պայմանագրի վավերացման փաստը: Մինչ այդ՝ ադրբեջանական լրատվական դաշտում որոշակի հույսեր էին նկատվում, թե հայաստանյան խորհրդարանում ԵՏՄ-ի թեմայով վերջին աղմկոտ քննարկումները կարող են տանել հայ-ռուսական հարաբերությունների փչացման, որը կազդի շատ հարցերի, այդ թվում՝ միասնական զորախմբի վրա: Սակայն այդ առաջարկի՝ չնչին կողմ ձայներով ձախողումից հետո, առավել եւս, երբ դրա հենց հաջորդ օրը վավերացվեց միասնական զորախմբի պայմանագիրը, տրամադրությունների կտրուկ փոփոխություն կար: Ադրբեջանական որոշ աղբյուրներ արդեն սկսեցին խոսել, որ Հայաստանը շատ լավ խաղարկեց ԵՄ-ԵՏՄ թվացյալ հակասության թեման, արդյունքում՝ պահպանելով ՌԴ-ի հետ հարաբերությունների բարձր մակարդակը, բայց նաեւ կարողանալով պահել ԵՄ-ի հետ առկա դրականը: Այն դեպքում, երբ երկու ուղղություններով էլ ոչ թե միայն զրոյական, այլ՝ որոշակի բացասական դինամիկայի մեջ է, հաշվի առնելով նախ՝ Արեւմուտքից եկող ճնշումները: Եվ, ամենակարեւորը՝ Ադրբեջանում շրջանառվող այն համոզմունքը, որ հայ-ռուսական միասնական զորախմբի հիմնական ֆունկցիան թեեւ երկու երկրների ագրեսիայի պարագայում միջամտելն է, բայց փաստացի այդ ֆունկցիան կգործի Հայաստանի դեմ ագրեսիայի պարագայում: Այսինքն, որ այդ զորախումբը ռուսական ռազմաբազայի հետ էս գլխից է վերջնականապես չեզոքացնում Թուրքիայից եկող ցանկացած ագրեսիվ տրամադրություն: Եվ ապա, որ եթե ռուսական ռազմաբազան ՀՀ-ի արեւելյան սահմանների հարցում աշխատում էր չմիջամտել, ապա այս նոր միասնական ստորաբաժանումը ՀՀ հյուսիս-արեւելյան սահմաններին ուղղված ցանկացած կրակոց կարող է ընդունել որպես երկրի դեմ ագրեսիա ու պատասխանել: Ավելին. զորախումբը նաեւ հակաօդային պաշտպանության բաղադրիչ ունի, այսինքն՝ Հայաստանի դեմ  ուղղված ագրեսիա կարող է ընկալել անգամ  արցախյան հատվածում իրականացվող երրորդ կողմի ինքնաթիռահրթիռային բնույթի գործունեությունը: Վերջապես, ադրբեջանական աղբյուրներում  նաեւ կարծիքներ են ի հայտ գալիս, որ իրենց զինված ուժերը ստիպված են այդ զորախմբի նկատմամբ առնվազն ծայրահեղ զգույշ լինել, հաշվի առնելով, որ ցանկացած գործունեություն, այսպես ասած՝ անհրաժեշտության դեպքում կարող է ընկալվեն նաեւ որպես ՌԴ-ին ուղղված:

Լավրովն ԱՄՆ-ից ոչ ադեկվատ քայլեր է սպասում

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ
Մի խոսքով, ստեղծվել է մի իրավիճակ, երբ Բաքուն նախկին ռազմատենչությունը շարունակելու հարցում, եթե չասենք՝ փակուղում, ապա առնվազն նկատելիորեն բարդացած իրավիճակում է հայտնվել: Առավել եւս, որ կա նաեւ Թուրքիայի՝ որպես օգնող կողմի գործոնի տեսանելի սահմանափակում: Գումարած դրան, ՌԴ նախագահի Թուրքիա կատարած վերջին այցն էլ իր հերթին ցույց տվեց, որ Անկարան գլոբալ հարթակում, ինչպես եւ ավելի վաղ ենթադրել էինք, գնալով միայն ռուսական ուղղությամբ ավելի է խորացնում իր աշխարհաքաղաքական վեկտորը: Ընդ որում, հայաստանյան արեւմտամետների այն վերջին հրճվանքը, թե թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է ԵՏՄ-ի ուղղությամբ շարժվել պայմանով, որ Հայաստանն այնտեղից դուրս թողնվի, իր հերթին է զավեշտի հասնող աբսուրդ: Պատկերացրեք միայն՝ ՌԴ-ն պետք է հայաստանյան իր ռազմաբազայից հրաժարվի, որ ՆԱՏՕ-ի անդամ ու խիստ կամակոր Թուրքիան ԵՏՄ-ի անդամակցության դիմո՞ւմ գրի: Դա էլ մի կողմ: Չէ՞ որ այդ դեպքում էապես կամրապնդվի Թուրքիայի դերը տարածաշրջանում, որը նաեւ Իրանի համար է լուրջ պարտություն:
Եվ մյուս կողմից. նախօրեին պատմության մեջ առաջին անգամ Մոսկվա այցելեց Սաուդյան Արաբիայի թագավորը: Իսկ դա նշանակում է, որ պետք է սպասել նաեւ ՌԴ-ի եւ Մերձավոր Արեւելքի մյուս հիմնական ուժային այդ կենտրոնի հետ հարաբերությունների նկատելի բարելավման, որով էլ Մոսկվան կկարողանա հավասարակշռված վիճակում պահել Անկարայի, ասենք՝ նաեւ Թեհրանի հավելյալ ախորժակը: Վերջապես, կա նաեւ Սիրիայում ռուսական  զինուժի ներկայության գործոնը, եւ այս ամենը նշանակում է, որ տարածաշրջանային ուժերի հետ հարաբերություններում Մոսկվան որեւէ բան, առավել եւս՝ Հայաստանում իր ներկայությունը զիջելու եւ ոչ մի անհրաժեշտություն չունի:
Մի խոսքով այն, որ այս իրավիճակում Ադրբեջանի համար էապես նվազում են ռազմական, ասենք նաեւ՝ քաղաքական միջոցով արցախյան խնդիրն իր օգտին լուծելու հնարավորությունը, դժվար չէ տեսնել: Ու, արդյունքում, պատահակա՞ն է ՄԽ-ի այս նոր ակտիվացումը: Կամ պատահակա՞ն է Ալիեւի այն հայտարարությունը, թե. «Ես կարծում եմ, որ բանակցային ձեւաչափը պետք է վերսկսվի: Մի քանի օրից ես կհանդիպեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների դեսպանների հետ, եւ մենք կքննարկենք հետագա բանակցությունները, ինչպես նաեւ՝ նախագահների մակարդակով հնարավոր հանդիպումը»:
Չնայած՝ սպասենք ՄԽ-ի այցին, որն ավելի հստակ պատկերացումներ կտա ղարաբաղյան ուղղությամբ սպասվող զարգացումների կամ դրանց բացակայության մասին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА