ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԱՏԱԼՈՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՆՈՐԻՑ ԱՌԱՋ ԲԵՐԵՑ ԵՄ-Ի ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ

03.10.2017 19:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱԼՈՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՆՈՐԻՑ ԱՌԱՋ ԲԵՐԵՑ ԵՄ-Ի ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ

Անսպասելի չէր, որ այս կիրակի Կատալոնիայում տեղի ունեցած հանրաքվեն նման ահռելի ուշադրություն հրավիրեց իր վրա: Պատճառները մի քանիսն են, եւ դրանք բոլորն էլ բավականին սուր փակագծեր բացեցին:

ՇՈՏԼԱՆԴԻԱՅԻՆ ԿԱՐԵԼԻ ԷՐ, ԿԱՏԱԼՈՆԻԱՅԻՆ՝ Ո՞Չ

Դատարանն Ասանժին ԱՄՆ արտահանձնելու հարցը կքննի 2020 թվականի փետրվարին


Նախ ֆիքսենք, թե գլոբալ առումով ինչ տեղի ունեցավ: Նման հանրաքվե, երբ եվրոպական պետություններից մեկը՝ Շոտլանդիան, ցանկանում էր անջատվել մայր պետությունից՝ Մեծ Բրիտանիայից, վերջերս տեսանք: Սակայն Շոտլանդիայի դեպքն էականորեն տարբեր էր Կատալոնիայից. ի սկզբանե էլ հայտնի էր, որ շոտլանդական հանրաքվեն կունենա բացասական արդյունք, այսինքն՝ եվրոպական ներքին տրոհումների նախադեպ չի առաջանա: Բայց ահա Կատալոնիայում բոլոր նախնական հաշվարկներն այլ պատկեր էին ֆիքսում, որ հանրաքվեն կունենա առնվազն 60-65 տոկոսանոց դրական ելք: Այսինքն՝ ռեալ վտանգ կար, որ առաջ կգար եվրոպական պետության տրոհման անհրաժեշտություն: Եվ ոչ միայն. Կատալոնիան բավականին բարդ տնտեսական իրավիճակում գտնվող Իսպանիայի կազմում ընդգծված առանձնանում է իր տնտեսական ցուցանիշներով: Օրինակ, եթե տարածքով հավասար է Իսպանիայի մոտ 6 տոկոսին, ապա բնակչության թվով՝ մոտ 18-ին եւ ՀՆԱ-ով՝ ավելի քան 20-ին: Այսինքն, այս տարածաշրջանի անկախության դեպքում եվրոպական առանցքային երկրներից մեկը՝ Իսպանիան, ներկայիս տնտեսական բարդ վիճակի փոխարեն կհայտնվի իսկական կատաստրոֆիկ վիճակում: Մինչդեռ՝ առանց այդ էլ Իսպանիայի ներկայիս տնտեսական վիճակը պարբերաբար օրակարգ է բերում ԵՄ-ի կազմում այդ պետության մնալ-չմնալու, դրանով էլ՝ ԵՄ-ի հետագա տրոհման հարցը: Եվ ի՞նչ տեղի կունենա, եթե Կատալոնիան պոկվի Իսպանիայից:


Բայց եթե Իսպանիան Բրիտանիայի օրինակով ընդուներ Կատալոնիայի հանրաքվեի հարցը, այսինքն՝ արտոնել այն, ինչպես նշեցինք, դրական արդյունքը կգերազանցեր 60-65 տոկոսը: Ընդ որում, այդ ցուցանիշն ապացուցում է նաեւ այն, որ Մադրիդի ծայրահեղ ճնշումներից հետո անգամ կայացած հանրաքվեին մասնակցեցին կատալոնացիների կեսից մի պակաս մասը՝ 90 տոկոսով «այո» ասելով»: Եվ հենց այդ ցուցանիշն է, որ մյուս կողմից է հարվածում ոչ միայն Իսպանիային, այլ՝ ողջ ԵՄ-ին: Այսինքն` ի՞նչ, շոտլանդացիները կարող են միագամայն օրենքի շրջանակներում ինքնորոշման հանրաքվե անցկացնել ¥այն ժամանակ դեռ չկար ԵՄ-ից Բրիտանիայի անջատվելու հանրաքվեն), իսկ Կատալոնիան՝ ո՞չ: Երկակի ստանդարտի փաստն անհերքելի է: Ընդ որում, երկակի ստանդարտ կիրառվում է եվրոպական տարածաշրջաններից մեկում, այն էլ՝ ոչ թե եվրոպական ինչ-որ նորեկի, այլ այնպիսի հնաբնակի նկատմամբ, ինչպիսին է Կատալոնիան: Սա հիմնական ազդակներից մեկն էր, որն ունեցավ այս հանրաքվեն, եւ այդ ազդակը հաստատ եվրոպացիներն անուշադրության չի մատնի: Էլ չասած, որ առաջ է գալիս այս մյուս հարցադրումը՝ սա՞ է եվրոպական փառաբանված դեմոկրատիան: Այսինքն՝ մեկին մի բան կարելի է, եւ հազարավոր գլուխներ կջարդեն, եթե մյուսը նույնը ցանկանա: Ու ողջ խնդիրն այն է,որ այս ու նույն կարգի մի շարք այլ հարցադրումներին պետք է պատասխանի ոչ միայն Մադրիդը, այլ նաեւ՝ Բրյուսելը, որը չցանկացավ կամ չկարողացավ ոչ մի բան  անել՝ աչքի առաջ հասունացող այս հակամարտությունը հաղթահարելու համար: Էլ չասած, որ հանրաքվեի օրվա իրադարձություններն էլ ավելի սրեցին այդ բոլոր հարցադրումները: Իսպանական ոստիկանությունը մի հազար կատալոնացու, այսինքն՝ ԵՄ քաղաքացու գլուխ ջարդեց ողջ աշխարհի աչքի առաջ: Բա այդ ինչպե՞ս էր նույն Եվրոպան մյուս բոլոր երկրներին մշտապես հորդորում անհամարժեք ուժ չկիրառել: Այն էլ, ոչ թե իրենց սահմանադրական իրավունքը՝ խաղաղ հանրաքվե անցկացնողների, այլ՝ մինչեւ իսկ  այս կամայն  երկրի ներսում զինված շարժումներ սկսողների հանդեպ: Կարելի է այլ ձեւով էլ ասել՝ եվրոպացի ոստիկաններն իրավունք ունեն մի հազար մարդու գլուխ ջարդել,  ապա դա դեմոկրատական է, իսկ մյուսների դեպքում՝բռնապետակա՞ն...


ՀԱՐՎԱԾՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐ ԵՄ-Ի ՀԻՄՔԵՐԻՆ


Այս բոլոր հարցադրումները, իհարկե, խորքային էֆեկտ կունենան ու դեռ երկար կցնցեն Եվրոպան: Բայց կա նաեւ խնդրի ավելի սուր կողմը՝ ո՞րն է լինելու սրա վերջը: Իրավական տեսանկյունից 50 տոկոսից պակաս մասնակցությամբ, բայց ավելի քան 90 տոկոսանոց դրական ձայներով հանրաքվեն վիճահարույց է, թեեւ շատ մասնագետներ վստահեցնում են, որ կատալոնացիներն ունեն առավելություն: Առավել եւս ակնհայտ է նաեւ այն, որ եթե Իսպանիան ուժի չդիմեր, մասնակիցների թիվը հաստատ 50 տոկոսից շատ ավելի բարձր կլիներ: Մի խոսքով, խնդիրը իրավական առումով դեռ շատ կծեծվի:
Բայց քաղաքական առումով նույն թվերը բոլորովին այլ ուղղությամբ են տանում: Այսպիսով, արդեն միանշանակ է, որ կատալոնացիների բացարձակ մեծամասնությունը չի ցանկանում Իսպանիայի կազմում մնալ, եւ որ այդ ձգտումները գնալով միայն սրվում են: Եվ այդ միտումներն էլ ավելի շեշտակի կդառնան, հաշվի առնելով իսպանական ոստիկանության այդ կոշտ քայլերը: Ընդ որում, նաեւ հետեւյալ հանգամանքը պետք է հաշվի առնել: Այն, որ կատալոնական հանրաքվեն ակտիվորեն առաջ տանող գլոբալ ուժեր կան, կասկածից դուրս է: Եվ հաշվի առնելով, որ այս գործընթացն ուղղակիորեն հարվածում է ԵՄ-ի հիմքերին, դժվար չէ կռահելը, թե այդ արտաքին միջամտություն ասվածը որտեղից է գալիս: Ավելին, որ Կատալոնիայի անկախությանը նպաստող այդ քիչ տեսանելի, բայց միանգամայն զորեղ ուղղորդումը դեռ կշարունակվի, այդ թվում նաեւ՝ Իսպանիային ֆինանսատնտեսական ճնշումների  միջոցով:

Զուրաբիշվիլին արևմտյան երկրներին կոչ է արել ՌԴ-ի հետ բանակցություններում արծարծել Վրաստանի հարցը


Այսպիսով, խնդիրն այն է, թե ԵՄ-ն, ավելի կոնկրետ՝ Գերմանիան ինչ հակաքայլերի է դիմելու:
Թերեւս պատահական  չէր, որ հանրաքվեի համար հենց այս ժամանակահատվածն էր ընտրվել: Դեռ նոր են կայացել գերմանական ընտրությունները, որոնցից կանցլեր Մերկելը դուրս եկավ նկատելիորեն ավելի թուլացած: Իսկ դա նշանակում է, որ որոշակիորեն ավելի կթուլանա նաեւ համաեվրոպական գործերին նրա միջամտությունը: Օրինակ, պատահական չէր, որ կատալոնական հանրաքվեից արդեն ժամեր անց առաջ քաշվեց ԵՄ-ում Մերկելի առանցքային ներկայացուցիչներից մեկի համարումն ունեցող Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հրաժարականի պահանջը: Մինչդեռ պաշտոնական Բրյուսելը դեռ իր գնահատականները պետք է տա նախ՝ իսպանական ոստիկանության ջարդերի, ապա՝ բուն հանրաքվեի՝ դրա անցկացման օրինական լինել-չլինելու եւ արդյունքների մասին: Իսկ դա նշանակում է, որ եվրաչինովնիկության՝ Բեռլինի կողմից հովանավորվող հատվածը եւ վերջնարդյունքում նաեւ կանցլեր Մերկելը պետք է փորձեն կատալոնական իրավիճակը եթե ոչ հանգուցալուծել, այլ գոնե հետագա ուժային զարգացումներից զերծ պահել նման սուր ճնշումների պարագայում: Ու միաժամանակ աչքի առաջ ունենալով հաջորդ մեծ վտանգը:


Կատալոնական հանրաքվեն շատ փորձագետների կարծիքով կդառնա ռեզոնանսային: Այսինքն, Եվրոպայում քիչ չեն նման կատալոնիաները, որոնք թեկուզեւ մի փոքր արտաքին ուղղորդման դեպքում պատրաստ են  հետեւել Բարսելոնայի օրինակին: Ավելին, աշխարհի մասշտաբով նման խնդիրների պակաս չկա: Ամենաթարմ օրինակը. իսկ ինչո՞ւ քրդերը չեն կարող նույն օրինակով անկախության հանրաքվե անել: Ու բոլորն էլ այս պահին նայում են Բրյուսելին, թե ի՞նչ վերաբերմունք կցուցաբերի ԵՄ-ն՝ ինքնորոշման իրավունքի հետ կապված: Հրաժարվել դրանից Եվրոպան ի զորու չէ. ի վերջո, այդ իրավունքը ՄԱԿ-ի մակարդակով է հաստատված: Եվ Եվրահանձնաժողովն էլ խոսնակի  մակարդակով ¥ինչը վերջնական որոշում չէ¤ ապօրինի հայտարարելով նահրաքվեն, հղում է արել միայն իսպանական Սահմանադրության  վրա: Իսկ պաշտոնապես ինքնորոշման իրավունքից չհրաժարվելու դեպքում՝ ԵՄ-ն պետք է շոտլանդականի օրինակով ընդունի կատալոնական հանրաքվեի օրինականությունը, որից հետո նորից առաջ է գալիս քրդերի, Ղրիմի հանրաքվեի, ի վերջո՝ Աբխազիայի  ու Ղարաբաղի հարցերը: Չընդունելու դեպքում, ինչպես նշեցինք, Շոտլանդիան ու կատալոնիան  են երկակի ստանդարտների գոտում հայտնվում, ինչը մարսելը Բրյուսելի համար շատ դժվար կլինի: Այս բոլոր հարցերին ԵՄ-ն պետք է մինչ Կատալոնական  հանրաքվեն պատասխաներ, բայց կարողացավ լռել: Մինչդեռ դա արդեն չի ստացվի: Քանի որ, այդ որոշումից շատ բան է կախված, մինչեւ իսկ՝ ԵՄ-ի լինել-չլինելու հարցը:


ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА