ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊՈՒՏԻՆԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՅՑԸ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ՞ ԱՐՑԱԽԻ ՎՐԱ

30.09.2017 18:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՊՈՒՏԻՆԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՅՑԸ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ՞ ԱՐՑԱԽԻ ՎՐԱ

Մեկնարկեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա: Փորձագետները վստահ են, որ այս այցից ռուս-թուրքական հետագա հարաբերությունների հետ կապված շատ բան է կախված: Եվ ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլ նաեւ տարածաշրջանային մի շարք էական հարցերի:
ՔՐԴԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ

Ինչու էր Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնվել հայ-թուրքական սահմանին (Տեսանյութ)

Պուտինն ու Էրդողանը, ըստ պաշտոնական աղբյուրների, քննարկելու են քրդերի հանրաքվեի թեման, դրան զուգահեռ՝ սիրիական պատերազմի ընթացքն ու հատկապես Թուրքիային սահմանակից, դեռ տարբեր գրոհային խմբավորումների ձեռքին գտնվող եւ դեռ Դամասկոսի վերահսկողության տակ չվերադարձված ներկայիս ամենամեծ սիրիական տարածաշրջանի՝ Իդլիբի թեման: Բայց կան նաեւ ոչ պաշտոնական որոշ աղբյուրներ, որոնք պնդում են, որ թվարկված թեմաներին կավելանան նաեւ հարավկովկասյան տարածաշրջանի, ԵՏՄ-ի հետ Թուրքիայի առնչությունների հարցերը: 
Սկսենք պաշտոնական աղբյուրների ներկայացրած թեմաներից: Թե Ռուսաստանն ու հատկապես Թուրքիան ի՞նչ վերաբերմունք ունեն քրդերի հանրաքվեի հետ կապված, շատ է խոսվել, չկրկնենք: Ընդգծենք միայն, որ եթե Անկարան կտրուկ դեմ է եւ մինչեւ իսկ կպատերազմի քրդերի անկախությունը բացառելու նպատակով, ապա Մոսկվայի վերաբերմունքը մի փոքր ավելի լոյալ է: Բայց նաեւ ռուսներն էլ են պաշտոնապես ընդգծել, որ դեմ են Մերձավոր Արեւելքում պետական սահմանների փոփոխություններում: Բայց փոխարենը՝ այս օրերին քրդերից մի գլուխ ազդակներ են գալիս, որ իրենք իրենց բացառապես պրոամերիկյան դաշտում չեն տեսնում, այլ պատրաստ են նաեւ սերտորեն համագործակցել ՌԴ-ի հետ, այդ թվում՝ զենքի մեծ գնումներ իրականացնել այնտեղից: Եվ մինչ այս էլ Մոսկվան քրդերի հետ բավարար քաղաքական կապեր ուներ, կային հաճախակի շփումներ: Իսկ դա հուշում է, որ եթե Թուրքիան, ասենք նաեւ՝ Իրանը պատրաստ են մինչեւ իսկ ռազմական քայլերի դիմել քրդերի դեմ, ապա Մոսկվան ավելի շուտ կենտրոնացած է դիվանագիտական լուծման վրա, ու, թերեւս, հենց դա էլ կդրվի Պուտին-Էրդողան քննարկումների հիմքում: Ընդ որում, կարծես թե քրդերը նույնպես հանրաքվեից հետո հասկացան, որ պետք է առայժմ դրանով բավարարվել: Այսինքն՝ անկախության գործնական հաստատման ուղղությամբ եւս մեկ քայլը շատ հնարավոր է, որ իրենց ներքաշի խոշոր եւ հաջողության քիչ հույսեր տվող պատերազմի մեջ: Ամեն դեպքում, քրդերը արդեն սկսել են ներկայացնել պայմաններ, որոնց իրականացման դեպքում իրենք կհամաձայնվեն մնալ Իրաքի կազմում: Ճիշտ է, այդ պահանջները հիմա բավականին կտրուկ են, բայց դե լեզու գտնելու հարթակ այլ կերպ բացվում է: Իրանը նույնպես մի փոքր մեղմեց իր դիրքորոշումը` թե քրդերը իրենց համար եղել եւ մնալու են եղբայր ժողովուրդ: Բայց անկախության գաղափարին Թեհրանը շարունակում է կտրուկ դեմ արտահայտվել, այսինքն՝ Իրանից կարծես թե նույնպես գալիս են իրավիճակը դիվանագիտորեն հարթելու կոչեր: Նման հեռանկարը, թերեւս Անկարայի համար էլ պետք է որ ընդունելի լինի: Ի վերջո, քրդերի հետ խոշոր պատերազմի մեջ մտնելը այս պահին Թուրքիայի համար եթե ոչ անհնարին, ապա առնվազն բավականին բարդ է լինելու: Այսինքն՝ եթե Վ. Պուտինին հաջողվի խնդրի դիվանագիտական լուծման ճանապարհներ մատնանշել, ապա Էրդողանը, թերեւս դա կողջունի:
ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Հաջորդը Իդլիբի թեման է: Սիրիական այս տարածաշրջանում դեռ բավականին լուրջ դիրքեր ունի սիրիական «Ալ-Քայիդան»՝ «Ջեբհաթ ան-Նուսրան», որն, ի դեպ, վերջերս հարձակման էր դիմել նաեւ ռուս զինվորականների դեմ, սակայն ծանր պարտություն կրեց: Բայց նաեւ Իդլիբում են մի շարք այլ տեղային խմբավորումներ, որոնցից շատերը մինչեւ թշնամանալու աստիճան դեմ արտահայտվեցին նուսրայականների այդ հարձակմանը: Վերջապես, Իդլիբ-Թուրքիա սահմանային գոտում բնակվում են որոշ թուրքական ցեղախմբեր, որոնք, ի դեպ, հստակորեն կառավարվում են Անկարայի կողմից: Այս օրերին մեկ բան է հաստատ. սիրիական բանակի ամենամարտական ստորաբաժանումները կենտրոնացվում են Իդլիբի հարավային եւ արեւելյան գոտում՝ Հալեպի ճակատում: Հատկապես վերջին օրերի ընթացքում ռուսները պարբերաբար  ինքնաթիռա-հրթիռային հարվածներ են հասցնում Իդլիբի տարբեր հատվածներում: Մի խոսքով, իրավիճակը հուշում է, որ ամենամոտ ժամանակներս կսկսվի Իդլիբի ազատագրման մասշտաբային օպերացիան: Ընդ որում՝ նկատենք նաեւ, որ Իդլիբի ազատագրմամբ գործնականում հնարավոր կլինի խոսել նաեւ սիրիական պատերազմի ավարտի մասին: Ճիշտ է, Սիրիայի շատ տարածքներ քրդերի վերահսկողության տակ են, սակայն սիրիական քրդերը անկախության հայտ դեռ չեն ներկայացրել ու հազիվ թե ներկայացնեն: Այսինքն՝ նրանց հետ Դամասկոսի հետագա հարաբերությունների հարցը դիվանագիտական հարթությունում է:
Այսպիսով՝ ձեւավորվել է մի իրավիճակ, երբ Թուրքիան պետք է վերջնական վճիռ կայացնի նախ Սիրիայի, ապա՝ սիրիական, իրաքյան պատերազմների ու քրդական հանրաքվեի արդյունքների հիման վրա Մերձավոր Արեւելքում ձեւավորված իրավիճակի վերաբերյալ: Եվ որպես դետալային հարց, Անկարան պետք է փորձի լուծել նաեւ Իդլիբում իրեն հավատարիմ ցեղային միավորումների անվտանգության խնդիրը: Իհարկե, Մերձավոր Արեւելքի ընդհանուր իրավիճակի վրա ազդելու Անկարայի հնարավորությունները սահմանափակ են, իսկ քրդական խնդրի հետ կապված լուծումներ կարծես թե սպասում են Մոսկվայից: Կարճ ասած, այս ուղղություններով Պուտինի այցի ժամանակ Էրդողանը ավելի շատ լսողի կարգավիճակում է լինելու: Թերեւս, նաեւ Իդլիբի հարցով. Թուրքիան՝ ճիշտ է, այս շրջանի հարեւանությամբ փորձում է որոշ ուժեր կենտրոնացնել, բայց նաեւ հասկանում է, որ ռուսներին լրջորեն զայրացրել է իրենց մարտիկների դեմ նուսրայականների հարձակումը: Այսինքն՝ Իդլիբի մեծ գրոհը Անկարան կանխելու հնարավորություն չունի: Թերեւս, նաեւ ցանկություն, քանի որ բոլորն են հասկանում՝ Իդլիբի խնդիրն, այնուամենայնիվ, պետք է լուծվի: Ուստիեւ, Էրդողանը նաեւ հրապարակավ մեկ բան է առաջարկում ռուսներին՝ գրոհային ուժերին տարանջատել մյուսներից: Այսինքն, որ «Ջեբհաթ ան-Նուսրային» ոչնչացնելուց հետո Անկարային ենթակա ուժերն ու ցեղախմբերը անմիջապես կմտնեն կայուն զինադադարի եւ Դամասկոսի հետ պայմանավորվածությունների դաշտ: Ընդ որում, սա, թերեւս, Պուտինի համար էլ է ընդունելի տարբերակ, եւ այն տպավորությունն է, որ ընդհանուր Մերձավոր Արեւելքի հարցերի շուրջ, եթե ոչ դետալային, ապա գլոբալ մակարդակով պայմանավորվածություններ կլինեն:
ԱՐՑԱԽ
Այսքանից հետո կա նաեւ այն էական հարցը, թե ավարտական փուլ մտած Մերձավոր Արեւելքի այդ մեծ հակամարտության արդյունքում ինչ աշխարհաքաղաքական դիրքում կհայտնվի Թուրքիան: Այն, որ ներտարածաշրջանային թիվ մեկ դերակատարի է վերածվում Իրանը, Թուրքիան կարծես թե այդպես էլ չի կարողանում կանխել: Մյուս կողմից՝ Անկարան հազիվ թե «կուլ տա» այն փաստը, որ հենց ԱՄՆ-ի ձեռքով քրդերը հասան ներկայիս ուժային մակարդակին: Միաժամանակ ԱՄՆ-ն Իսրայելի հետ միասին շարունակում է հիմնական շեշտադրումները կատարել քրդերի վրա, ինչը հուշում է, որ Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ առկա սառույցը հազիվ թե մոտ ժամանակներս հալվի: Իսկ եթե ավարտին հասնի ռուսներից  C-400 համակարգեր ձեռք բերելու պատմությունը, ապա ամերիկացիների հետ հակասությունները շատ ավելի կերկարեն: Գերմանիայում էլ իշխանության գլխին մնաց Մերկելը, ընդ որում` նկատելիորեն թուլացած ներքին դիրքերով: Իսկ դա մի իրավիճակ է, որի պարագայում Եվրոպայի հետ Թուրքիայի հարաբերությունները նույնպես ներկայիս գերճգնաժամային իրավիճակից հազիվ թե շուտ դուրս գան:
Արդյունքում՝ իհարկե, տարբեր խաղերի հեռանկարներով հանդերձ Թուրքիայի համար ռուսական, այսինքն՝ նաեւ ԵՏՄ-ի ուղղությունը, ինչպես եւ սպասվում էր, կարծես թե մնում է առաջնային: Թե այս հանգամանքը ինչ կերպ կֆիքսվի Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ, դեռ կտեսնենք: Հաշվի առնելով, որ մինչ ԵՏՄ-ին հասնելը Ռուսաստանն ու Թուրքիան դեռ հարավկովկասյան հայնտի խնդիրների շուրջ պետք է կարողանան ընդհանուր հայտարարի գալ: Նշանակում է սա, որ պետք է սպասել ղարաբաղյան գործընթացի ակտիվացման: Ինչպես նախօրեին նշեց Էդվարդ Նալբանդյանը, հոկտեմբերի կեսերին կայցելեն Մինսկի խմբի համանախագահները՝ Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումը կազմակերպելու համար: Այսինքն՝ հնարավոր է, որ արդեն գալիք ամսվա վերջերին այդ հանդիպումը կայանա: Բայց, եթե համանախագահները, ավելի կոնկրետ՝ հիմնական արտաքին շահագրգիռ ուժերը հակամարտության առնչությամբ լուծումներ կամ գոնե տեղաշարժեր են ակնկալում, ապա նախ եւս մեկ անգամ պետք է ֆիքսել, որ բանակցային սեղանին եղած միակ փաստաթուղթը «Մադրիդյան սկզբունքներն» են՝ դրա ինչ-որ տարատեսակային տարբերակով: Նախօրեին Նալբանդյանը եւս մեկ անգամ ընդգծեց. «Մենք հանգիստ վարում ենք այն քաղաքականությունը, որը վարել ենք մինչեւ հիմա եւ որի արդյունքում մենք ասում ենք, որ մեր մոտեցումները համահունչ են եռանախագահողների կողմից արված հայտարարաությունների մեջ պարունակվող առաջարկություններին, որոնք մենք ընդունել ենք որպես բանակցությունների հիմք՝ ճանապարհ դեպի հիմնախնդրի կարգավորում»: Փոխարենը. «Դրանցից Ադրբեջանը մշտապես հրաժարվում է եւ անգամ չի ցանկանում որեւէ հղում կատարել դրանց...»: Կարճ ասած, եթե ՌԴ-ին, Թուրրքիային կամ ցանկացած այլ արտաքին ուժի ղարաբաղյան գործընթացի ակտիվացում եւ լուծումներ են պետք, ապա պետք է Ալիեւից պահանջել: 
Իսկ թե ՌԴ-ի եւ Թուրքիայի համար առաջնային կդառնա՞ ղարաբաղյան գործընթացի ակտիվացման հարցը, թերեւս շատ բանով կախվոծ է ՌԴ նախագահի թուրքական այս այցի արդյունքներից:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հարավային Օսիայի նախագահը բարի նախանձով նախանձում է Արցախի ժողովրդին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА