ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՐԴԵՆ ՀԱՄԸ ՀԱՆՈՒՄ ԵՆ

30.09.2017 18:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՐԴԵՆ ՀԱՄԸ ՀԱՆՈՒՄ ԵՆ

Նման է, որ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին վարժապետ դառնալու մանկական երազանք ուներ, բայց, ավաղ, դրա փոխարեն դարձավ դիվանագետ: Բայց, միեւնույնն է, իրեն զգացնել է տալիս այդ եվրաբյուրոկրատի հակումը` դասեր տալու եւ «տնային առաջադրանքներ» բաժանելու: Եվ ահա սեպտեմբերի 26-ին «Կոնգրես» հյուրանոցի սրահում նա լիուլի բավարարում տվեց իր այդ հակումներին: 

Վիտալի Բալասանյանին արդեն մեկ ժամ է, ինչ չեն թույլ տալիս մտնել Երեւան

ՍԱՔՈՒՆՑՆԵՐԻ «ՏԵՐ ԹՈԴԻԿԸ»

Երկար եւ խուճուճ անուն ունեցող խորհրդաժողովի ընթացքում պարոն դեսպանը հարազատ տարերքի մեջ էր: Ճիշտ է, ունկնդիրները հիմնականում տարատեսակ սաքունցներ եւ սաքունցազգիներ էին, եւ ներկաներից թերեւս միակ լուրջ մարդը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էր, սակայն դա ավելի շուտ նպաստեց, քան խանգարեց պարոն Սվիտալսկու ճարտասանությանը: 

Խոսելով Եվրամիության եւ հայաստանի վիզային  ռեժիմի ազատականացման մասին` նա մասնավորապես ասաց. «Այսօրվանից սկսեք ձեր ներքին նախապատրաստությունները, որովհետեւ Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր երկիր բազմաթիվ օրենսդրական եւ վարչարարական փոփոխություններ պետք է կատարի` անհրաժեշտ պահանջներին համապատասխանելու համար: Այնպես որ, ժամանակ մի կորցրեք եւ կատարեք ձեր տնային աշխատանքը, ու ես հուսով եմ` այդ պահը կգա»: Ահա, հենց այդպես` տնային առաջադրանքներ է տալիս: Դե, գրանտների վրա նստած` խալխին այդպիսի առաջադրանքներ կարող է տալ, քանզի ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը: Բայց եթե ուշադիր նայենք, ապա կտեսնենք, որ խոսում է «օրենսդրական եւ վարչարարական փոփոխությունների» մասին, իսկ դա, ինչպես հայտնի է, ոչ թե տարատեսակ սաքունցների, այլ իշխանության պաշտոնական ներկայացուցիչների հնարավորության սահմաններում է: 

Փաստորեն, դեսպանը իշխանության ներկայացուցիչների բացակայությամբ ասում է, թե նրանք ինչ պետք է անեն: Նրանց ներկայությամբ, երեւի թե, լեզուն կքաշեր, քանզի չի մոռացել, թե ինչպես ամիսներ առաջ ավել-պակաս խոսելու համար իրեն պորտատեղադրում էին կատարել նախարար Դավիթ Հարությունյանը եւ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Բայց, միեւնույնն է, թերեւս արժե այդ պաշտոնյաներին խնդրել, որպեսզի այդ գործողությունը կրկնեն: Քանզի անթույլատրելի է ինչ-որ օտարերկրացու կողմից ՀՀ քաղաքացիներին «տնային առաջադրանք» տալը, անգամ, եթե դա ամենաանարժան քաղաքացիներն են, որոնց մասին է արդեն շուրջ կես դար հայտնի «շպիոն Օնիկի» մասին հռչակավոր անեկդոտը: 

Իսկ «եվրաարժեքներով» առաջնորդվողների համար էլ իդեա-ֆիքս է դարձել Հայաստան-ԵՄ այն համաձայնագիրը, որը պետք է ստորագրվի նոյեմբերի վերջին: Թեեւ իշխանության բարձր մակարդակով քանիցս ասվել է ստորագրման մասին, սակայն էլի ժամանակ առ ժամանակ հնչում են վախեր, թե` բա որ չստորագրվի, բա որ ռուսները ստիպեն հետ կանգնել: Դա արդեն լրիվ պաթոլոգիկ վախեր են, քանզի, ինչպես մատնանշել են մի շարք ծանրակշիռ ռուս փորձագետներ` ԵԱՏՄ մարմինները տեքստին ծանոթ են, իսկ նախարար Վալովայան հրապարակավ կարծիք է հայտնել, որ այդ համաձայնագրի ստորագրումը օգուտ կբերի ոչ միայն  Հայաստանին, այլեւ ամբողջ ԵԱՏՄ-ին: Բայց այդ փորձագիտական դաշտում էլ կան նաեւ դավադրության տեսության սիրահարներ, որ ասում են, իբր գաղտնի ինչ-որ բան է նախատեսված ստորագրել, որով իբր սկիզբ է դրվելու նույն ԵԱՏՄ-ն քանդելու գործընթացին: Ի դեպ, նույն շրջանակները նաեւ վաշ-վուշ էին կապել «Ելքի» նախաձեռնության շուրջ, մինչդեռ պարզվեց, որ ԱԺ այդ խմբակցությունը իրեն ամենեւին էլ ծանրակշիռ չի պահում: 

«ԵԼՔԸ» ՏԵՐ ՉԻ ԿԱՆԳՆՈՒՄ ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ԱԺ այդ ընդդիմադիր խմբակցությունը ոգեւորված ձեւով հանդես եկավ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությամբ, դրա պոչից կպցնելով նաեւ երկուսուկես փողոց վերանվանելու նախաձեռնությունը, այն բանից հետո, որ նրանց այցելել էր մեկ այլ դեսպան` Ռիչարդ Միլսը եւ ԱՄՆ կառավարության անունից խոստացել ամենայն աջակցություն: 

Բայց արի ու տես, որ Երեւանի ավագանու գլխադասային հանձնաժողովի նիստում «Ելքի»` փողոցների անվանափոխության առաջարկության մասին բացասական եզրակացությունից հետո պահանջվեց երեք օր, որպեսզի «Ելքը» այդ մերժման մասին պաշտոնական լրատվություն տարածի: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից դուրս գալու խորհրդարանական նախագծին, ապա տպավորություն էր, որ դա գլխառադ արած տեքստ է, որի առանձին կտորները «Գուգլի» տարբեր անկյուններում գտել ու իրար են կցմցել: 

Իսկ երբ սեպտեմբերի 27-ին, այսինքն այն օրը, երբ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում պետք է քննարկվեր «Ելքի» առաջարկությունը, տեսանք ուղիղ հեռարձակմամբ, թե ինչպես է Էդմոն Մարուքյանը հանդիսավորապես կատարում լիբերալ քաղաքական դպրոցի բացումը, միանգամից մտքներովս անցավ, որ ՀՀ «գլխավոր էլեկտրիկը» մի բան տապալելու է: Ի դեպ, այդ բացման հանդիսավոր արարողությանը դեսպան Սվիտալսկին ներկա էր եւ հանդես էր եկել ողջույնի խոսքով, ԱՄՆ դեսպանատունն էլ ամենեւին չէր անտեսել այդ իրադարձությունը: 

ԻՆՉ ԿԱՐ, ԱՐԴԵՆ ԶԻՋԵԼ-ՊՐԾԵԼ ԵՔ. ՔԱՄԻ ՄԻ ԱՐԵՔ

Եվ արի ու տես, որ Էդմոն Մարուքյանը չի բարեհաճում գալ հանձնաժողովի նիստին, ուր որպես հիմնական զեկուցող պետք է ներկայացներ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծը: Արդյունքում քննարկումը  հետաձգվում է երկու ամսով: Այսինքն` «Ելքը» սեփական ձեռքով տապալում է սեփական օրենսդրական նախաձեռնությունը: Ի դեպ, նույն ձեռագիրը կրկնվում է արդեն հաջորդ օրը այլ հանձնաժողովում, ուր հիմնական զեկուցողն էր Արտակ Զեյնալյանը, որ պետք է ներկայացներ «Ելքի» նախագիծը: Ստացվում է, որ ունենք անլրջության դասական օրինակ: Մի կողմ թողնենք այն հանգամանքը` «Ելքի» նախաձեռնությունները լավն են, թե` վատը, ուղղակի դա որեւէ խորհրդարանական խմբակցության վայել բան չէ` մի բան նախաձեռնել ու այդքան թեթեւսոլիկ սեփական նախաձեռնածին տեր չկանգնելը: 

Ժամանակին ծիծաղում էինք ՀԱԿ խմբակցության ղեկավար Լյովիկ Զուրաբյանի վրա, բայց պարզվում է, որ «Ելքի» համեմատ այդ քաղաքական անհաջողակը փառք էր: Քանզի գոնե բարեհաճում էր կատարել իր ընդդիմադիր պարտականությունը եւ անձամբ ներկայացնել ու պաշտպանել իր կուսակցության առաջարկությունները` լինի դա ԱԺ հանձնաժողովներում, թե խորհրդարանի լիագումար նիստերի դահլիճում: 

Իհարկե, եթե «Ելքը» տեր կանգներ ԵԱՏՄ-ից դուրս գալու իր նախաձեռնությանը, էլի ձայների հարաբերակցության տեսակետից զրո շանս ուներ` դառնալու գործող օրենք, քանզի հայտնի է ե՛ւ ՀՀԿ-ի, ե՛ւ ՀՅԴ-ի, ե՛ւ Ծառուկյան դաշինքի դիրքորոշումն այդ հարցում: Բայց գոնե այդ դեպքում «Ելքը» իրեն կդրսեւորեր որպես ինքն իրեն հարգող ընդդիմադիր ուժ: Իսկ այսպես ստացվում է, որ այդ խմբակցությունը նաեւ անհարգալից վերաբերմունք է դրսեւորում իր օգտին քվեարկած քաղաքացիների հանդեպ: Չէ՞ որ ընտրողները նրանց գործուղել էին խորհրդարան` աշխատելու, այլ ոչ թե ծիպլիծատուրություն անելու: 

ԻՍԿ Ի՞ՆՉ ՊԱՏԱՀԵՑ ԾԱՌՈՒԿՅԱՆ ԴԱՇԻՆՔԻՆ

ԱԺ աշնանային նստաշրջանի բացման պահից ի վեր Ծառուկյան դաշինքը իրեն դիրքավորեց որպես իշխանությանը լոյալ միավոր: Մի կողմից` դաշինքի առաջնորդը դրական արտահայտվեց ԵԱՏՄ-ի մասին, մյուս կողմից` լավ արտահայտվեց վարչապետ Կարեն Կարապետյանի մասին` մատնանշելով, որ իրենք ընկերներ են եւ անձամբ կարող է վարչապետին ասել ցանկացած թերության մասին, եւ վարչապետը այդ ասելիքը կընդունի: 

Բայց հանկարծ հիմա Կարեն Կարապետյանին Ծառուկյան դաշինքը սկսեց հրապարակավ քննադատել, եւ եթե մինչ այդ նրան որակում էին լավ վարչապետ, հիմա սկսել են պնդել, թե Տիգրան Սարգսյանից ու Հովիկ Աբրահամյանից ոչնչով չի տարբերվում: Լավ, այդ ի՞նչ պատահեց, որ կուսակցապետի մակարդակով ոչ հրապարակային «ընկերական քննադատությունների» փոխարեն հանկարծ անցան հրապարակային քննադատությունների: Իսկ լրատվական դաշտում արդեն շշուկներ են պտտվում, որ Ծառուկյան դաշինքը պատրաստվում է անգամ պահանջել Կարեն Կարապետյանի հրաժարականը: 

Ինչեւէ, ինչքան մոտենում է 2018-ի սահմանադրական անցման պահը, այնքան շատանում են նաեւ այդպիսի «սյուրպրիզները»: Այդպիսի կտրուկ փոփոխությունները ԱԺ երկրորդ ուժի դիրքորոշման մեջ նույնպես այնքան էլ հասկանալի չէ, քանզի տրամաբանական է, որ քաղաքական առումով խոշոր քաղաքական ուժը պետք է, որ որոշակի իներցիա ունենա: Բայց տեսնում ենք մոտեցումների արագ տեղաշարժեր: Դա էլ ինչ-որ տեղ այնքան էլ հարգալից վերաբերմունք չէ ընտրողների հանդեպ: Բայց եթե հիշենք, որ դեռ նախընտրական շրջանում այդ դաշինքին ԿԸՀ-ն զգուշացրել էր ապօրինի նախընտրական «բարերարությունների» անթույլատրելիության մասին, ապա էլ ինչո՞ւ պետք է հարգեն նյութական բարիքի դիմաց ստացած քվեն եւ այդ քվեի տիրոջը` ընտրողին: 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА